Մեկնություն Ավետարան ըստ Մատթեոսի 5:4

Սրբ. Հովհան Ոսկեբերան (†407)

«Երանի՜ սգավորներին, որովհետև նրանք կմխիթարվեն»։
   
   Սկսելով նրանից, ինչից որ, գլխավորապես, անհրաժեշտ էր սկսել, Քրիստոս անցնում է մեկ այլ պատվիրանի, որը, կարծես, հակասում էր ամբողջ աշխարհում ընդունված տեսակետին։ Իսկապես որ, մինչ բոլորը երանելի էին համարում ուրախացողներին, իսկ ահա տրտմողներին, աղքատներին և սգավորներին՝ դժբախտ, Հիսուս առաջինների (ուրախացողների) փոխարեն երանելի է համարում վերջիններին (սգավորներին)՝ ասելով հետևյալը. «Երանելի են սգավորները» (բնագրում` «Երանի՜ սգավորներին»)` չնայած վերոնշյալ այն հանգամանքին, որ սգավորներին բոլոր էլ դժբախտ են համարում։ Քրիստոս, սակայն, հենց այս իսկ պատճառով էլ ամենասկզբից ևեթ նշաններ էր գործում, որպեսզի նմանօրինակ «կանոններ» սահմանելիս առավել մեծ վստահություն առաջացներ Իր նկատմամբ։
   Այստեղ նույնպես Հիսուս նկատի չունի պարզապես սգացողներին, այլ նրա´նց, ովքեր լաց են լինում իրենց մեղքերի´ համար, քանի որ գոյություն ունի լացի մեկ այլ տեսակ ևս, որը բոլորովին անթույլատրելի է. դա աշխարհի (կենցաղային) արժեքների համար լացն է, որի մասին է ակնարկում նաև Պողոսը՝ ասելով. «Հանուն Աստծու ուզածի տրտմությունը առաջ է բերում ապաշխարություն՝ փրկության համար, իսկ աշխարհի տրտմությունը մահ է ծնում» (հմմտ. Բ Կորնթ. 7:10
Հենց այսօրինակ տրտմողներին է Քրիստոս այստեղ «երանելի» անվանում: Եվ ո´չ թե պարզապես տրտմողներին, այլ նրա´նց, ովքեր խորապես են տրտմում իրենց մեղքերի համար։ Այդ պատճառով էլ Քրիստոս չասաց՝ «տրտմողներ», այլ՝ «սգավորներ»։ Իսկապես որ, այս պատվիրանը նույնպես ուսուցանում է ամեն տեսակի բարեպաշտության կրողը լինելու ճանապարհը։
   Բոլոր դեպքերու, եթե նա, ով ողբում է երեխաների, կնոջ կամ հարազատներից մեկի մահը, վշտի մեջ եղած այդ ժամանակամիջոցում այս սգավորն անձնատուր չի լինում ո´չ հարստության հանդեպ սիրուն, ո´չ մարմնական ցանկությանը, ո´չ էլ փառասիրությանը, չի բարկանում վիրավորանքներից, չի համակվում նախանձով կամ որևէ այլ կրքով, այլ ամբողջությամբ ընկղմված է մնում վշտի մեջ: Այս դեպքում, ուրեմն, հիշյալ մոլություններից հանդեպ որչա՜փ առավել անմասն պետք է մնան նրա´նք, ովքեր պատշաճ կերպով սգում են իրենց գործած մեղքերի համար։
Իսկ ո՞րն է լինելու նրանց վարձատրությունը։ «Որովհետև նրանք կմխիթարվեն», - ասում է Քրիստոս։ Սակայն ասա՛ ինձ, որտե՞ղ կմխիթարվեն։ Ե՛վ այստեղ, և՛ այնտեղ։ Քանի որ այս պատվիրանը չափազանց ծանր և դժվարըմբռնելի էր, Հիսուս խոստանում է ա´յն, ինչը կարող էր առավելապես թեթևացնել այս վիճակում գտնվող մարդկանց կացությունը։ Այսպիսով, եթե ցանկանում ես մխիթարություն գտնել՝ լաց եղիր քո մեղքերի համար։ Եվ այս խոսքերը փոխաբերական իմաստով ասված մի՛ համարիր։
   Իսկապես որ, երբ Աստված է մխիթարում, այդժամ եթե անգամ հազարավոր վշտեր պատահեն քեզ, դու բոլորը կհաղթահարես, որովհետև Աստված մշտապես լիառատ վարձատրությամբ է պարգևատրում քո գործադրած ջանքերի համար։ Տերը ճիշտ նույն կերպ է վարվում նաև այստեղ, երբ ասում է, որ «սգավորները երանելի են»՝ ոչ թե որովհետև սուգն ինքնին երանության է արժանի, այլ Աստծու մարդասիրությա´ն շնորհիվ է դա այդպես (այսինքն՝ հիշյալ պարգևը խոստացվում է ոչ թե տվյալ գործողության (արտասվելու, սգալու) կարևորության պատճառով, այլ մարդկանց հանդեպ Աստծու տածած սիրո շնորհիվ)։
Ամեն դեպքում, սգավորները ողբում են իրենց սեփական մեղքերի համար, և նման մարդկանց համար բավական է միայն ներման և արդարացման արժանանալը։ Բայց քանի որ Քրիստոս չափազանց մարդասեր է, Նա պարգևը չի սահմանափակում գեթ պատժի վերացմամբ և մեղքերի թողությամբ, այլ այդպիսի մարդկանց դարձնում է երանելի և մեծ մխիթարություն է շնորհում։ Իսկ ահա մեզ էլ պատգամում է լաց լինել ոչ միայն մեր սեփական մեղքերի, այլ նաև այլո´ց մեղքերի համար։ Այդ կերպ էին վարվում սրբերը, ինչպես օրինակ՝ Մովսեսը, Պողոսը և Դավիթը: Նրանք բոլորն էլ հաճախ ողբում էին նաև ուրիշների´ գործած մեղքերի համար։
   

Սրբ. Ներսես Շնորհալի (†1173)

Երանի՜ սգաւորներին, որովհետեւ նրանք պիտի մխիթարուեն:
   
   Երանի՜ սգավորներին, քանզի նրանք կմխիթարվեն:
   
   Գեղեցկապե՛ս է Տերն այս [երանին դնում՝ երկրորդ տեղում]: Որովհետև նախ [երանի տվեց] [հոգևոր] ախտերից աղքատացած հոգիներին և այժմ էլ՝ գործված մեղքերի համար սգացողներին: Սրանով սովորեցնում է, որ մեկը նախ պիտի մերկանա ախտերից և ապա՛ կարող է սգալ մեղքերի պատճառած չարչարանքների համար, որովհետև քանի դեռ մեկը մեղքի մեջ է, հեշտությամբ չի սգում իր վնասի համար:

   Սուգը երկու տեսակ է: [Մեկը], որ մարմնականն է, տրտմության առատությունից մահ է առաջ բերում՝ ըստ առաքյալի  (Բ Կորնթ. 7:10), իսկ [մյուսը]՝ հոգևորը՝ կյանք և խաղաղություն: [Վերջին սուգն ունեցողների՛ն] է երանի տալիս [Տիրոջ] այս խոսքը, ո՛չ նրանց, ովքեր ըստ աշխարհի են տրտմում, այլ ովքեր մեղքերի պատճառով են սգում, այսինքն՝ երբ զգում են անցյալ ժամանակում [իրենց կատարած] վատ գործերը և ողբում իրենց չար վարքը, ինչպես որ «սուգ» բառն է հայտնում ասածներիս իմաստը: «Սուգ» է ասվում պատահած բաները [«զգալը»], որոնք [մարդը], ինչ-որ ժամանակ անզգայության մեջ լինելով, չէր զգում: Ինչպես որ [մարմնի] անդամներից ինչ–որ մեկը, որևէ հիվանդությունից ընդարմանալով, ցավ չի զգում, եթե նույնիսկ սրով խոցեն, բայց երբ բժշկական դեղամիջոցներով կենդանանում է, դրանից հետո ցավը զգում է և արագ [գնում] դեպի առողջացում, այդպես էլ, քանի դեռ [մարդը] մեղքերի մեջ է, հոգով մեռած է և առաքինության վարքի հանդեպ անզգա, բայց երբ կամովին հրաժարվում է դրանցից և հոգևոր կծվադեղեր ընդունում, այսինքն՝ յիշում [հավիտենական] տանջանքներն ու անշեջ գեհենը, հաճելի ախտերից ընդարմացած հոգին վերստանում է զգացողությունը և դեպի լավը [փոխվելով] երանելի է դառնում:

   Սակայն նա, ով անասունի պես է նայում այս աշխարհին և չի հավատում գալիք [հատուցումներին], ծաղրում է տերունական այս խոսքը: Եթե, ասում է, երանելի են նրանք, ովքեր զանազան թշվառությունների պատճառով սգում են, ըստ ամենայնի ողբի են արժանի նրանք, որոնց կյանքն անտրտում ու առանց նեղությունների է: Իսկ մենք կասենք այդ կուրացած մտքերին, որ Տերը, [երանի տալով] սգավորներին, երազի է նմանեցնում այս կյանքը, ո՛չ միայն երազի պես դյուրափոփոխ ու սնոտի լինելու պատճառով, այլև հակառակադեպ լինելու: Որովհետև ինչպես որ երազի սուգը, ասվում է, թե արթուն ժամանակ ուրախություն է նշանակում, և ուրախությունը՝ տրտմություն, այդպես էլ ովքեր այս երազային կյանքում սգում են մեղքերի համար, անքուն արթնության կյանքում լինելու են ուրախության ու ցնծության մեջ՝ ըստ Տիրոջ հրամանի, [որն ասում է], թե ովքեր այժմ լալիս են, ծիծաղելու են  (Ղուկ. 6:21): Իսկ ովքեր այս երազային կյանքում ուրախության մեջ են, ինչպես [Տիրոջ պատմած առակի] հարուստը  (Ղուկ. 16:19–31), երբ արթնանան գերեզմանի քնից, կտրտմեն ու կսգան:

   Բայց ինձ թվում է՝ այս խոսքը երանի է տալիս ոչ միայն մեղքերի համար սգացողներին, այլև անմեղներին ու արդարներին, հատկապես նրանց, ովքեր միշտ սգի մեջ են ոչ թե սեփական հանցանքների համար, այլ մեր [մարդկային] ընդհանուր բնության, ինչպես Եղիան ու Հովհաննես [Մկրտիչը], ովքեր սգո զգեստ էին կրում, և բոլոր սրբերը, ինչպես նաև Դավիթը, ով թեպետ մարդկային գերագույն [պատիվն] ուներ՝ թագավորություն, սակայն հառաչում էր՝ ասելով. «Վա՛յ ինձ, որովհետև պանդխտությունս երկարեց» (Սաղմ. 119:5): Իսկ թե ինչի համար է անմեղների սուգը, արժե ցույց տալ հետևյալ օրինակով:

   Սակայն նախ քննենք այս աշխարհի սուգը, թե ինչից է առաջ գալիս, և հոգևոր [սուգը] նույնպես պարզ կդառնա: Սուգ է հոգու՝ տրտմությամբ համակվելը ցանկալի բաների պակասի հետևանքով: Որովհետև բոլոր նրանք, ովքեր հաճելի ցանկություններից [բխող] ուրախության մեջ են՝ [կապված] իրենց անձի, սիրելիների և [նյութական] առարկաների հետ, սգո պատճառ չունեն: Բայց երբ իրենց անձի կամ յուրայինների այս բարիքներից զրկվում են, ուրախությունը փոխվում է տրտմության, որն էլ «սուգ» ենք կոչում: Այսպես ենք հասկանում նաև հոգևորը, որն էլ ցույց տանք այս օրինակով: Երբ երկու մարդ՝ մեկը՝ ի ծնե կույր, մյուսը՝ աչյա, արգելափակված են խավար բանտում, նույն կերպ չեն սգում եղածի համար: Ի ծնե կույրն անտրտում է բանտում՝ խավարին սովոր լինելով, և անհոգ ծերանում է այդ [վիճակում]՝ եղածն իր համար բարիք համարելով: Իսկ նա, ով տեսել է այս լույսի գեղեցկությունը և գիտի ինչից է զրկվել, չափազանց սգում է խավար արգելարանում բնակվելու համար և շարունակ ցանկանում ու հնար է փնտրում՝ դարձյալ հասնելու այն լույսի վայելմանը, որից զրկվել է: Նույն կերպ էլ, ով ճշմարիտ բարին, որից մեր բնությունը զրկվել է, կարողանում է տեսնել և ապա մտածում է [մեր բնության] այժմյան թշվառության մասին, շարունակ սգո և տրտմության մեջ է լինում: Ուստի այս խոսքը ոչ միայն [հոգևոր] տրտմության կիրքն է երանության արժանացնում, այլև մեր կորցրած բարու գիտության [փափագը]: Իսկ այդ բարին ո՛չ մտքին է հասանելի և ո՛չ խոսքով՝ ճառելի: Եվ որքան ավելի ենք հասկանում մեր կորցրած բարու մեծությունը, այնքան ավելի ենք սգում, որովհետև [մարդկային] այժմյան [բնության] բազմածնունդ չարիքներից՝ բազմադիմի [հոգևոր] ախտերից ու մարմնի հիվանդություններից, ոչ մեկին մեր մարդկային բնությունը ծանոթ չէր սկզբում:

   Ուրեմն՝ ով մտքի աչքերով տեսնում է այդ անզղջական ուրախությունը, նայում նաև տրտմություններով լի մեր այժմյան կյանքին և սգում իր և մեր ընդհանուր բնության՝ աստվածային կյանքից զրկված լինելու համար, նա՛ է արդարև երանելի սգի մեջ, որի պտուղը Սուրբ Հոգու մխիթարությունն է: Իսկ ովքեր անզգա են այս ամենի հանդեպ՝ ոչ անցյալն են քննում, թե ինչ էինք, ոչ այժմյան տառապանքները և ոչ էլ ապագան, թե ինչ ենք լինելու, նման են ի ծնե կույրին՝ ըստ նախասացյալ օրինակի, և չեն տարբերվում անբան անասուններից, որոնք երբ [կերակրով] հագենում են, ուրախանում են, իսկ երբ կերակուրը պակասում է՝ թախծում: Ուստիև [Տերն] այստեղ հրամայում է տրտմել և այնտեղ ուրախ լինել, այստեղ սգալ ոչ միայն սեփական հանցանքների համար, այլև այլոց, ինչպես սրբերի հոգիները՝ Մովսեսի, Դավթի, Պողոսի և մնացած բոլորի: Այս մտքով էր նաև Մովսեսն Իսրայելին հրամայում Զատկի տոնին բաղարջը եղրդակի  1  հետ ուտել (Ելք 12:8), ինչից սովորում ենք, որ հնարավոր չէ մասնակցել երկնային տոներին այլ կերպ, եթե ոչ՝ մարմնի՝ դառնությամբ [ձեռք բերվող] առաքինությամբ և մաքուր ու անախտ վարքով: Այս մասին հստակորեն սովորեցնում է մեզ նաև հարուստի և Ղազարոսի պատմությունը. «Հիշի՛ր,– ասում է Աբրահամը հարուստին,– որ քո կյանքում դու բարիքը ստացար, իսկ Ղազարոսը՝ չարչարանքը: Ուստի հիմա նա այստեղ մխիթարվում է, և դու այդտեղ՝ պապակվում» (Ղուկ. 16:25): Իսկ մխիթարությունը Սուրբ Հոգուց է, և թող մենք էլ արժանանանք հասնելու դրան:
   

Ստեփանոս Սյունեցի (†735)

Երանի՜ սգավորներին, որովհետև նրանք պիտի մխիթարվեն:
   

Տե՛ս Մեկնություն Ավետարան ըստ Մատթեոսի գլուխ 5:1

 

Մաղաքիա արք. Օրմանյան (†1918)

Երանի՜ սգավորներին, որովհետև նրանք պիտի մխիթարվեն:
   
Տե՛ս Մեկնություն Ավետարան ըստ Մատթեոսի գլուխ 5:3