Սրբ. Հովհան Ոսկեբերան (†407)
13-14. «Նեղ դռնո՛վ ներս մտեք, որովհետև լայն է այն դուռը, և ընդարձակ՝ այն ճանապարհը, որ դեպի կործանում է տանում, և շատերն են մտնում դրանով»։ «Որովհետև նեղ է այն դուռը, և դժվարանցանելի՝ ճանապարհը, որ դեպի կյանք է տանում, և քչերն են այն գտնում»։
Եվ ավելի ուշ էլ Հիսուս ասելու. «Իմ լուծը քաղցր է և Իմ բեռը՝ թեթև» (Մատթ. 11:30):
Եվ ոչ շատ առաջ Նա այս նույն միտքն էր ներշնչում: Ինչպե՞ս է, ուրեմն, որ այստեղ դեպի կյանք տանող ճանապարհը կոչում է «նեղ» և «դժվարանցանելի»: Եթե ամբողջ ուշադրությունդ սևեռես, կտեսնես, որ Փրկիչն այստեղ էլ այդ ճանապարհը կոչում է շատ դյուրին, հարմարավետ և հաղթահարելի: Գուցե դու ասես՝ ինչպե՞ս կարող է «նեղ» և «դժվարանցանելի» ճանապարհը միաժամանակ նաև հարմարավետ լինել: Այդ ճանապարհը հարմարավետ է նրանով, որ այն մի ճանապարհ է, որը դուռ (դարպասներ) ունի, ինչպես որ մյուս ճանապարհը, որը թեև լայն է և ընդարձակ, սակայն, այնուամենայնիվ, դարձյալ մի ճանապարհ է, որը նույնպես դուռ (դարպասներ) ունի: Այս ճանապարհներից որևէ մեկի վրա ոչինչ կանգ չի առնում, այլ ամեն ինչ անցնում-գնում է՝ թե՛ վիշտը, թե՛ կյանքի ուրախությունները: Եվ ոչ միայն ա´յս պատճառով է առաքինությունն առավել հարմարավետ, այլ նաև այն իր վերջաբանո´վ է էլ ավելի հարմար դառնում: Որովհետև առաքինության «նեղ» և «դժվարանցանելի» ճանապարհն իրենով ընթացող սխրագործներին կարող է մխիթարել ոչ միայն այս բարեհույս խոստումով, որ բոլոր չարչարանքներն ու սխրանքները մի օր ավարտվելու են, այլ ավելի շատ նրանո´վ, որ առաքինության «ճանապարհորդների» վախճանը բարի է, քանի որ ճանապարհի ավարտին նրանց է սպասում Կյանքը: Այդ պատճառով էլ չարչարանքների կարճատևությունը, պսակների հավերժությունը, ինչպես նաև այն, որ չարչարանքները նախորդում են պսակներին, իսկ պսակները հետևում են դրանց, այս ամենը կազմում են այն մեծագույն մխիթարությունը, որը ոգեշնչում է առաքինության ճանապարհի վրա բոլոր տեսակի չարչարանքներ կրող տառապյալներին:
Ահա թե ինչու Պողոսը նույնպես նեղությունը կոչում է «թեթև»` ոչ թե տառապանքի բնույթի պատճառով, այլ սխրագործների կամքի և ապագայի հույսի շնորհիվ. «Որովհետև մեր թեթև նեղության առժամանակյա հաճախանքը մեր մեջ առաջ է բերում հավիտենական փառք, որ գերազանցում է ամեն ինչ, քանզի չենք նայում տեսանելի բաներին, այլ՝ անտեսանելիներին» (Բ Կոր. 4:17–18): Եթե ծովագնացների համար ալիքներն ու ծովի խորխորատները, զինվորների համար` հարվածներն ու վերքերը, հողագործների համար` վատ եղանակն ու սառնամանիքները, մարտիկների համար` ուժգին հարվածները, այս բոլորը դյուրակիր և հաղթահարելի է ժամանակավոր ու փչացող պարգևների արժանանալու նրանց հույսի պատճառով, ապա առավել ևս ներկայի´ս տառապանքները կարող են անզգացական լինել, երբ մեզ է խոստացվում երկինքը, անսահման բարիքներն ու անմահ պարգևները:
Եթե, այնուամենայնիվ, սրա հետ մեկտեղ ոմանք դեպի կյանք տանող ճանապարհը համարում են դժվարանցանելի, ապա այդ կարծիքը ծագում է միայն նրանց սեփական ծուլությունից: Տե՛ս, թե ինչպես է Փրկիչը նաև այլ տեսանկյունից այս ճանապարհը հարմարավետ դարձնում, երբ արգելում է շփվել «շների» հետ ու մարգարիտները նետել «խոզերի» առջև և հրամայում է զգուշանալ սուտ մարգարեներից՝ ամեն կերպ զգուշավորություն ներշնչելով: Նույնիսկ «նեղ ճանապարհ» անվանումը մեծապես նպաստում է այն տեսակետին, որ այս ճանապարհն իրականում շատ հարմար է, քանի որ այս անվանումն իսկ ստիպում է մեզ մշտարթուն լինել: Ինչպես Պողոսն իր «որովհետև մեր պատերազմը մարմնի և արյան հետ չէ» (Եփես. 6:12) խոսքը չի ասում, որպեսզի հուսահատեցնի իր ունկնդիրներին, այլ որպեսզի զորացնի մարտնչողների սրտերը, այդպես էլ Տերը կյանքի ճանապարհը դժվարին («նեղ» և «դժվարանցանելի») է կոչում, որպեսզի, այսպես ասած, քնից արթնացնի այդ ուղով ընթացող «ճանապարհորդներին»:
Ավելին, Փրկիչն արթնության կոչ է անում նաև Իր հետագա մատնանշմամբ, ըստ որի` այդ ճանապարհին կան բազմաթիվ խոչընդոտներ և, որ առավել վտանգավոր է, այդ խոչընդոտները որպես թշնամիներ հարձակվում են ո´չ թե բացահայտ, այլ գաղտնաբար: Այդպիսին է սուտ մարգարեների խմբակը: Սակայն հարցին մի՛ նայիր այն դիտանկյունից, - ասում է Քրիստոս, - որ այդ ճանապարհը դժվարանցանելի է և նեղ, այլ ա´յն տեսանկյունից, թե որտեղ է ավարտվում այս ճանապարհը: Եվ դարձյալ, այն հակառակ ճանապարհին մի՛ նայիր որպես մի լայն և ընդարձակ ուղու, այլ նայի´ր, թե այն դեպի ուր է տանում»: Այս ամենը Հիսուս ասում է, որպեսզի մեր մեջ արթնացնի արթնության ոգին: Նույն նպատակով Նա մեկ այլ տեղում ասում է, որ «հզորներն են հափշտակում այն» (Մատթ. 11:12): Սխրագործության ճանապարհով ընթացող քաջամարտիկն առավել ջերմեռանդ է դառնում, երբ հստակորեն տեսնում է, որ այդ սխրանքը Հաստատողը (Աստված) բարձր է գնահատում իր գործած այդ դժվարին սխրանքները: Ուստի չվշտանա´նք, եթե դեպի կյանք տանող ճանապարհին մեզ հետ շատ դժբախտություններ պատահեն: Թող որ ճանապարհը վշտալի լինի, և դարպասները՝ նեղ, բայց այն քաղաքը, դեպի ուր տանում է այս ճանապարհը, այդպիսին չէ: Ահա թե ինչու այս ճանապարհին («նեղ» և «դժվարանցանելի») չպետք է հանգստություն ակնկալել, իսկ մյուս ուղու («լայն և ընդարձակ») վրա էլ որևէ վշտալի բան չպետք է սպասել: Երբ Փրկիչն ասում է, որ «քչերն են այն գտնում», Իր այս բառերով նույնպես Նա բացահայտում է շատերի ծուլությունը և Իր ունկնդիրներին ներշնչում է ուշադրություն դարձնել ոչ թե մեծ թվով մարդկանց բարեկեցությանը, այլ քչերի գործադրած ջանքերին: «Շատ ավելի շատ են, - ասում է Հիսուս, - այնպիսի մարդիկ, որոնք ոչ միայն չեն ընթանում վշտերով լեցուն ճանապարհով, այլ նույնիսկ չեն էլ ընտրում այն, ինչը ցույց է տալիս նրանց ծայրահեղ անմտությունը»: Սակայն չպետք է նայել մեծամասնություն կազմող անմիտներին և նրանց պատճառով վրդովվել: Պետք է նախանձահույզ լինենք քչաթիվ սխրագործների´ն նմանվելու համար և, ամեն կերպ ինքներս մեզ զորացնելով, այդկերպ ընթանալ այս «նեղ» և «դժվարանցանելի» ճանապարհով: Բացի այն, որ այս ճանապարհը նեղ է, դեռ մի բան էլ` շատ մարդիկ իրենք են մեզ խոչընդոտում ընթանալ այս ճանապարհով:
Հովհաննես Ծործորեցի (†1338)
13-14. «Մտէ՛ք նեղ դռնով. ինչքա՜ն լայն է դուռը եւ ընդարձակ՝ ճանապարհը, որ դէպի կորուստ է տանում, եւ բազմաթիւ են նրանք, որ մտնում են դրանով: Ինչքա՜ն անձուկ է դուռը եւ նեղ՝ ճանապարհը, որ տանում է դէպի կեանք, եւ սակաւաթիւ են նրանք, որ գտնում են այն»:
Մտեք նե՛ղ դռնով. որքա՜ն ընդարձակ է այն դուռը և լայն՝ այն ճանապարհը, որ դեպի կորուստ է տանում, և շատերն են մտնում նրանով: Որքա՜ն անձուկ է այն դուռը և նեղ՝ այն ճանապարհը, որ դեպի կյանք է տանում, և քչերն են այն գտնում:
Արդ՝ եթե դուռը նեղ է, ինչո՞ւ մի ուրիշ տեղ [Տերն] ասաց. «Լուծս քաղցր է, և բեռս՝ թեթև» (Մատթ. 11։30): Ուշադրությո՛ւն դարձրու. այստեղ էլ է նույնը ցույց տալիս. այն, որ միայն դուռն է նեղ, իսկ կյանքը՝ ընդարձակ վայր, ինչպես որ մյուսն էլ միայն դուռն ունի ընդարձակ, իսկ տեղը կորուստն է և գեհենը: Նաև այնտեղ «թեթև» ասաց հույսի պատճառով, ինչպես երգում է Դավիթը. «Մեծ խաղաղություն են ինձ համար [Քո] պատվիրանները» (Սաղմ. 118։96), Հովհաննես [առաքյալն] էլ [ասում է]. «Նրա պատվիրանները ծանր չեն» (Ա Հովհ. 5։3), իսկ այստեղ՝ «նեղ»՝ նեղությունների պատճառով՝ ըստ առաքյալի. «Բազում նեղություններով մենք պետք է մտնենք այն հանգիստը» (հմմտ. Գործք 14։21), և թե՝ «Այս առժամանակյա նեղությունը մեծ փառք Է առաջ բերում մեզ համար» (հմմտ. Բ Կոր. 4։17): Ուստի նայիր [դռան] ոչ թե նեղ լինելուն, այլ թե ո՛ւր է տանում, և ոչ թե լայնությանը, այլ թե որտեղ է վախճան գտնելու:
«Նեղ» է ասվում այն, ինչն ամեն կողմից ճնշվում է, կամրջի նմանությամբ ճանապարհով գնալիս վտանգի է ենթակա և աջ ու ձախ չի խոտորվում: Իսկ «լայն» [է ասվում այն], որ մեկը ճանապարհից դուրս գալով՝ ընդարձակ տարածքում է շրջում՝ շեղված լինելով ուղիղ փողոցից: Եվ արդարացիորեն Է «դուռ» ասում, որովհետև ասես դռնից՝ այս կյանքից դուրս ենք գալիս՝ թողնելով այս աշխարհի տան մեջ մթերված մեծ ունեցվածքը, նաև վշտերն ու նեղությունները: Ոմանք նրանում սակավ վշտեր կրելուց հետո դռնից ելնելիս կյանքին են պատահում, իսկ ոմանք էլ ընդարձակ կյանք վայելելուց հետո դռան մոտ կորստյան են արժանանում: Իմացիր նաև այն, որ ընդարձակով շատերն են ընթանում, ասում է [Տերը], խաբված լինելով հաճույքներից և ճանապարհի առաջնորդի պատճառով գահավիժելով այնտեղ, որի վերջում կորուստն է բազմած՝ սատանան՝ ըստ այսմ. «Կան ճանապարհներ, որոնք ուղիղ են թվում, բայց նրանց ելքը դեպի դժոխքի հատակն է նայում» (հմմտ. Առակ. 16։25): Իսկ նեղով քչերն [են ընթանում] նուրբ ընթացքի դժվարության պատճառով, քանի որ խաչ ու չարչարանքներ են սպասում, նահատակություններ ու նեղություններ, և [այս ճանապարհի] առաջնորդը՝ վերևում բազմած, Տերն է՝ անմահ կյանքը բաշխող և երկնքի արքայությունը պարգևող:
Արդ՝ թեպետ սա պարզ մեկնությամբ քննվեց, բայց խոր իմաստ ունի, որն արժե ապացուցել, որպեսզի չվրիպենք իրերն ընտրելիս, թե ո՛րն է նեղ դուռը, որով քչերն են անցնում, կամ ընդարձակը, որով շատերն են մտնում: Որովհետև նեղը միայն այն չէ, որի դեպքում լինում են ցավագին ապրումներ, տրտմալից վտանգներ, հիվանդություններ, աղքատություն, չարչարանք ու անփառունակություն, քանի որ շատերն են այսպիսի նեղություններ կրում, բայց կյանք չեն մտնելու: Ինչո՞ւ. որովհետև դրանք չեն ընդունում հոժարությամբ և քննությամբ միշտ Աստծո փառքին չեն նվիրում իրենց վրա եկած բազում վշտերը, նեղությանը համբերություն չեն լծակցում, ինչպես իմաստունները, ովքեր վշտերի շատանալու ժամանակ ուրախ են լինում բարիքների ակնկալությամբ և միշտ գոհություն առաքում առ Աստված՝ մեծ շնորհ համարելով հանուն Քրիստոսի չարչարանքները՝ ըստ առաքյալի (Ա Պետ. 4։13-14): Այդպիսիները, թեպետ գործնականորեն անբանաբար ընթանում են նեղ [ճանապարհով], սակայն կամքով փափագում են լայնը, և եթե այն պատահում է նրանց, հոժարությամբ ընդունում են, ուստի «նրանց վախճանը կորուստն է» (Փիլպ. 3։19), որովհետև առաքինություն է ոչ թե հարկադրաբար [կատարվող բարին], այլ կամովին: Եվ ընդհակառակը՝ եթե մեկն այս աշխարհի փառքով ճոխացած է, մարմնի անվթար առողջություն ունի և արտաքին նեղիչներից վտանգ չի կրում, սակայն հոժար կամքով ոչինչ է համարում այս ամենը և սրտի բերկրանքով եռում Աստծո սիրով, վառվում հոգևոր կյանքի փափագով՝ անչափության մեջ չափավորելով իրեն և մտածելով այն մասին, որ փափկակեցության արդյունքում չմոռացվի Աստված և չանտեսվի Սիրելին, այսպիսինի ընթացքը նեղ ու անձուկ [ճանապարհով] է: Որովհետև եթե սա ևս պատահում է, [այսպիսի մարդն այն] հոժարությամբ ընդունում է և նրանով համբերությամբ ընթանում, և Աստված օգնում է նրան, ով նեղությունների մեջ հայտնվելիս ապավինում է [Աստծուն]: Այսպիսիների վախճանը կյանքն է և անեզր փառքը: Ուրեմն ճիշտ ասվեց, որ «քչերն են այն գտնում», որովհետև առաքինության շավիղը խիստ նուրբ է և շատ խոհեմության կարիք ունի, ինչպես ցույց տրվեց:
Ստեփանոս Սյունեցի (†735)
13-14․ «Մտէ՛ք նեղ դռնով. ինչքա՜ն լայն է դուռը եւ ընդարձակ՝ ճանապարհը, որ դէպի կորուստ է տանում, եւ բազմաթիւ են նրանք, որ մտնում են դրանով: Ինչքա՜ն անձուկ է դուռը եւ նեղ՝ ճանապարհը, որ տանում է դէպի կեանք, եւ սակաւաթիւ են նրանք, որ գտնում են այն»:
«Մտե՛ք նեղ դռներով. ինչքա՜ն լայն է դուռը և ընդարձակ՝ ճանապարհը, որ դեպի կորուստ է տանում, և բազմաթիվ են նրանք, որ մտնում են դրանով: Ինչքա՜ն անձուկ է դուռը, և նեղ՝ ճանապարհը, որ տանում է դեպի կյանք, և սակավաթիվ են նրանք, որ գտնում են այն»:
«Նեղ դուռը» առաքինության և ամենայն բարեգործության է կոչում, որովհետև մարդ դժվարությամբ է առաքինություն ստանում, և մարդկանցից քչերն են այն [ստանում]: Մինչդեռ «ընդարձակ դուռը» դրան հակառակ անառակության և ամեն տեսակ չարության է [կոչ անում], որոնք դյուրին են ստանալու և գործելու համար, ուստի և մարդկանցից շատերը անառակներ, չարեր և անիրավներ են:
Արդ, տերունական Խոսքը պատվիրում է գնալ նեղ ճանապարհով, որովհետև առաքինությունն ու բարեգործությունն են, որ տանում են դեպի հավիտենական կյանք, իսկ ընդարձակ ճանապարհը՝ անառակությունը, անիրավությունը և սրա նմանները հրավիրվում են դեպի հավիտենական կորուստ:
Մաղաքիա արք. Օրմանյան (†1918)
«Մտէ՛ք նեղ դռնով. ինչքա՜ն լայն է դուռը եւ ընդարձակ՝ ճանապարհը, որ դէպի կորուստ է տանում, եւ բազմաթիւ են նրանք, որ մտնում են դրանով:
Տե՛ս Մեկնություն Ավետարան ըստ Մատթեոսի գլուխ 7:1
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: