Ա. Լոպուխին
«Եվ ասա՛. «Ի՞նչ առյուծ է քո մայրը. նա բնակություն հաստատեց առյուծների մեջ ու երիտասարդ առյուծների մեջ մեծացրեց իր կորյուններին»»։ [2] (Սինոդական թարգ․)
«Ի՞նչ առյուծ է քո մայրը» - եբրայեցերենում բառացիորեն այսպես է․ «Ի՞նչ է քո մայրը, առյո՞ւծ», այսինքն՝ ինչի՞ հետ կարող է համեմատվել քո մայրը, ո՞չ արդյոք առյուծի հետ: Առյուծի հետ համեմատության մեջ դրվող «մայր»-ը, ինչպես որ սովորաբար հասկացվում է, Հուդայի թագավորությունը կամ Երուսաղեմն է, և ի դեպ մարգարեն, մեկնաբանների կարծիքով, նկատի ուներ Հակոբի արած համեմատությունը, երբ վերջինս Հուդային համեմատում է կորյունի հետ (Ծննդ. 49:9 և Ես․ 29:1): Իսկ մեկնաբանների մյուս մասն էլ «առյուծ» արտահայտության ներքո հասկանում են թագուհուն՝ Հովաքազի և Սեդեկիայի մորը՝ Համուտալին։ 3-րդ և 5-րդ համարներում հիշատակված երկու կորյունները, հավանաբար, կարող էին լինել միայն Հուդայի երկու թագավորներ, որոնցից մեկը պետք է լիներ Եզեկիելի ժամանակակիցը, իսկ մյուսն էլ՝ նրա եղբայրը, և ըստ այդմ էլ այդ երկու կորյունները կարող են լինել միայն Հովաքազն ու Սեդեկիան։ «Թագուհի-մայրն արքունիքում չափազանց պատվավոր և ազդեցիկ դիրք էր զբաղեցնում, ինչպես որ վկայում է արդեն նրա կայսրուհու տիտղոսը (Դ Թագ․ 10:13)։ Արքունիքում նրա տեղը թագավորի աջ կողմում էր (Դ Թագ․ 2:19), և այդպես շարունակ: Այս գլուխը ճիշտ հասկանալու դեպքում մենք միգուցե կարող ենք ձեռք բերել մի շատ արժեքավոր նոր բանալի՝ Հուդայի թագավորության վերջին տասնամյակների պատմության մի քանի մութ կետերի բացատրության համար: Ինչպե՞ս եղավ, որ Հոսիայի մահից հետո գահ բարձրացավ ոչ թե նրա ավագ որդի Հովակիմը՝ Զեբուդդայից ծնված արքայորդին, այլ նրանից երկու տարով փոքր Հովաքազը։ Ինչո՞ւ Նաբուգոդոնոսորը Հուդայի իշխաններից որպես Հեքոնիայի իրավահաջորդ ընտրեց հենց Մաթանիա-Սեդեկիային։ Մի՞թե այդ երկուսն էլ ազդեցիկ և պատվախնդիր Համուտալիի ձեռքի գործը չէր, որը գործում էր ճիշտ այնպես, ինչպես որ Սողոմոնի գահակալության ժամանակ գործում էր Բերսաբեն» (Գ Թագ․ 1-ին գլուխ, Կրեչմար):
«Առյուծների մեջ» - նկատի են առնվում շրջապատող զորեղ թագավորությունները, որոնց Հրեաստանը, ինչպես երևում է, իր զորությամբ չէր զիջում։
«Իր կորյուններին» - այսինքն՝ թագավորներին։
--------------------------------
[2](Էջմիածին թարգ․) Ինչպէ՞ս եղաւ, որ մայրդ յայտնուեց առիւծների մէջ, կորիւնդ առիւծների մէջ բազմացրեց իր կորիւններին:
(Արարատ թարգ․) Ի՞նչ է քո մայրը. մի մատակ առյուծ. պառկում է առույգ առյուծների մեջ ու իր կորյուններին մեծացնում։
(Գրաբար) և ասասցես. Զի՞ է զի եղև մայր քո ‘ի մէջ առիւծուց. կորիւնդ ‘ի մէջ առիւծուց բազմացոյց զկորիւնս իւր։
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: