Եզեկիելի մարգարեության մեկնություն 27։16

Ա. Լոպուխին

«Քո մեծ ապրանքափոխանակության պատճառով արամեացիները առևտուր էին անում քեզ հետ. քո ապրանքների դիմաց նրանք վճարում էին կարկեհաններով, մանուշակագույն, ասեղնագործ գործվածքներով և բեհեզներով ու բուստերով և հակինթներով»։ [16] (Սինոդական թարգ․)
   

   «Քո մեծ ապրանքափոխանակության պատճառով» - բառացիորեն՝ «քո գործերի բազմության պատճառով» (Վուլգաթայում՝ «propter multitudinem operum tuorum»), այսինքն՝ Տյուրոսի տարատեսակ ապրանքների ձեռքբերման համար։ Յոթանասնից թարգմանության համաձայն՝ «քո խառնուրդների («ςυμμικτου») բազմությունից»՝ «մաասէ» բառի փոխարեն տարընթերցելով «մաարաբ»՝ «մասնակից» ըստ 9-րդ համարի։

   «Արամեացիները» - այստեղ խոսքը Սիրիայի մասին է՝ այդ տարածաշրջանի ամենալայն իմաստով, քանի որ թվարկված իրերից շատերը ձեռք էին բերվում հեռավոր արևելքից և քանի որ Դամասկոսի մասին խոսվում է 18-րդ համարում։ Ինչի պատճառով և, հավանաբար, Յոթանասնից թարգմանությունն «արամ»-ի փոխարեն տարընթերցել է «ադամ»՝ «մարդ»՝ այստեղ ակնարկ տեսնելով առևտրի առարկայի վերաբերյալ՝ որպես Հռոդոսի առևտրի նկարագրության շարունակություն։ Հետևելով Յոթանասնից թարգմանությանը՝ նորագույն շրջանի մեկնիչներն առաջարկում են տարընթերցել «Եդոմ», որի պարագայում, ինչպես պնդում են նրանք, անցում տեղի կունենա նկարագրության աշխարհագրական կարգին։

   «Կարկեհաններով» (նռնաքարերով) - սա ենթադրյալ թարգմանությունն է եբրայեցերեն «նոֆեկ» բառի, որը թանկարժեք քարերի թվում հիշատակվում է դեռևս Եզեկիելի մարգարեության 28:13-րդ, Ելից 28:18-րդ և 39:11-րդ համարներում (քահանայապետի զգեստների վրա՝ երկրորդ շարքի առաջին տեղում՝ շափյուղայի հետ): Յոթանասնից թարգմանության մեջ՝ «ստկտի» (առաջին իմաստով՝ «կաթիլ», այստեղ՝ «անուշահոտ խեժ»․ հմմտ․ Թեոդորետոս Երանելի՝ «բալասան», իսկ ահա Յոթանասնից թարգմանության այլ հատվածներում՝ «աներաքս», Վուլգաթայում՝ «gemma» - «մարգարիտ»)։ Հատկանշական է, որ այս քարից հետո որպես արամեական շուկայից ներմուծվող ապրանքներ հիշատակվում են գործվածքները և դարձյալ երկու տեսակի համեմատաբար ավելի էժան քարեր (մարջաններ և սուտակներ)։ Մարգարեն, ինչպես երևում է, իր նկարագրության մեջ շատ ճշգրիտ է և ապրանքները թվարկում է ըստ իրենց թանկության, բայց Յոթանասնից թարգմանությունը, թերևս, դա հաշվի չառնելով, չի համարձակվում այստեղ թանկարժեք քարերի մասին հիշատակություն տեսնել։

   «Մանուշակագույն գործվածքներով» - եբրայեցերենում՝ «արգաման»․ տե՛ս 7-րդ համարի բացատրությունը, որի սլավոներեն տարբերակում առկա է «կապույտ» բառը, որն այստեղ դրված է ոչ ճիշտ տեղում. «Երփներանգ (տե՛ս ստորև՝ «ասեղնագործ գործվածքներով») և կապույտ», քանի որ պետք է լիներ հակառակը։ Հունարենում բաց է թողնված։

«Ասեղնագործ» (գործվածքներով)» - եբրայեցերենում՝ «ռիկմա»։ Յոթանասնից թարգմանության մեջ՝ «երփներանգ»․ տե՛ս 16։10-րդ համարի բացատրությունը։

   «Բեհեզներով» - եբրայեցերենում՝ «բուց»։ 7-րդ և 16։10-րդ համարներում այսպես է թարգմանվում եբրայեցերեն «շեշ» բառը։ Կա տեսակետ, որ վերջինս եգիպտական ​​բեհեզի անվանումն է (որն, ի դեպ, ավելի մեծ վաղեմություն ունի), իսկ ահա «բուցը», հիմնվելով ներկայիս հատվածի վրա, որտեղ այն առաջին անգամ է օգտագործվում, համարվում է սիրիական բեհեզի անվանումը, քանի որ «բուցը» փյունիկյան բառ է՝ «բամբակ» նշանակությամբ։ Այդ բամբակից էլ փյունիկեցիները հյուսում էին իրենց բեհեզը, այն դեպքու, երբ եգիպտացիները բեհեզ էին հյուսում կտավից։ Հետագայում «բուցը» սկսեց գործածվել բոլոր տեսակի բեհեզյա գործվածքների համար (Բ Մնաց․ 3։14 հմմտ․ Ելք 26։31)՝ այդպիսով ներմուծվելով նաև այլ լեզուների մեջ։ Յոթանասնից թարգմանության մեջ՝ «Թարսիլից», մի արտահայտություն, որը եբրայեցերեն տեքստի սույն հատվածում իսպառ բացակայում է (Հերոնիմոս Երանելի):

   «Բուստերով» (մարջաններով) - եբրայեցերեն «ռամոֆ» բառն է, որն անհասկանալի է Յոթանասնից թարգմանության համար, որն այստեղ տրանսկրիպցիա է կիրառում (սլավոներենում՝ «ռամֆ»), իսկ րաբբիների կողմից թարգմանվում է հետևյալ կերպ. «Պարսից ծոցը առատ էր մարջաններով (ինչպես նաև՝ մարգարիտներով․ տե՛ս «կարկեհաններ» եզրույթի բացատրությունը), որոնց արդյունահանում տեղի էր ունենում նաև Հնդկական օվկիանոսից և որոնք Արևմուտքի հետ առևտրի բնորոշ առարկա էին (Plin. XXXII, 11):

   «Հակինթներով» (սուտակներով) - եբրայեցերեն «կադխոդ» բառն անհասկանալի էր Յոթանասնից թարգմանության համար, որն այստեղ ունի տառադարձություն՝ «դալեթ» տառը փոխարինելով «ռեշ» տառով՝ «խորխոր», բայց Եսայու մարգարեության 64:12-րդ համարում գործածվում է «հասպիս» եզրույթը, որն իրականում մեծ քանակությամբ հայտնաբերվել է Սիրիայում (Plin. ib.; «ռուբին» բառի թարգմանությունը հիմնված է արաբական արմատի վրա)։
   
Տե՛ս Եզեկիելի մարգարեության մեկնություն գլուխ 27:12
--------------------------------
[16](Էջմիածին թարգ․) Շուկաներդ ճոխացել են քո հակերով. Ափեկից է եկել անուշ խունկը, Թարսիսից՝ երփներանգ նարօտը: Ռամոթն ու Կարքովն են լցրել քո շուկաները:
(Արարատ թարգ․) Արամի տունը քեզ հետ վաճառականություն էր անում քո ապրանքների առատության պատճառով. կարկեհանով, ծիրանագույնով, ասեղնագործ կերպասով, բեհեզով, բուստերով և կարմիր հակինթով էին անում քո առևտուրը։
(Գրաբար) Եւ վաճառք քո բազմացեալք յաղխամաղխէ քումմէ. յԱփեկայ զտաշխն, և երփն երփն նարօտուց 'ի Թարշշայ. և Հռամովթ և Կարքովդ լցին զվաճառս քո: