Ա. Լոպուխին
«Բասանի կաղնիներից շինեցին քո թիերը. քո տախտակամածները պատրաստեցին հաճարենու փայտից՝ դրվագազարդված Կիտտիմյան կղզիների փղոսկրով»։ [6] (Սինոդական թարգ․)
Բասանը, հետագայում՝ Բատանեա, գտնվում էր Հորդանանից դեպի արևելք և բացի իր ամուր կաղնուց (Ես․ 2:13, Զաք․ 11:2) հայտնի էր նաև իր խոշոր եղջերավոր անասուններով (Բ Օրին․ 32:14, Ամ․ 4:1, Եզեկ․ 39:18):
«Քո տախտակամածները» - սա Վուլգաթայից բխող («transtra») ենթադրյալ թարգմանությունն է եբրայեցերեն «քերեշ» բառի, որով Ելից գրքի 26-րդ գլխում անվանվում են խորանի պատերի սյուները։ Յոթանասնից թարգմանության մեջ տարընթերցվում է՝ «սրբավայրեր», ինչը, ակնհայտորեն, հետևանք է «կոդեշ» ընթերցման։ Այդ պարագայում արդեն խոսքը նավի վրա գտնվող տաճարային կառույցների մասին է։
«Հաճարենու փայտից» - եբրայեցերենում՝ «բաթ աշուրիմ», որ նույնն է թե՝ «ասորեստանցիների դուստրը»։ Սակայն «Աշուր» էր կոչվում նաև Անդրհորդանանյան Պաղեստինում գտնվող մի տարածաշրջան (գուցե թե՝ արաբական ինչ-որ անհայտ ցեղի անունով․ Բ Թագ․ 2:9): Քանի որ այս բառերը եբրայեցերենում «փղոսկր» բառի բացահայտիչն են, հետևաբար սույն արտահայտությունը պետք է որ փոխանցի այն միտքը, ըստ որի՝ նավի նստարանները պատրաստված են եղել փղոսկրից, որն ասորեստանցիների արտադրանքն («դուստրը») էր կամ բերված էր Աշուրի շրջանից (այստեղից էլ հետևում է Վուլգաթայի թարգմանությունը՝ «ex ebore Indico»): Բայց նկատի ունենալով այսօրինակ արտահայտության տարօրինակությունը՝ մեկնիչներն առաջարկում են տարընթերցել «բի-տաշուրիմ» բառը, ինչը թույլ կտա հանգել այն մտքին, ըստ որի՝ նստարանները պատրաստված են հաճարենու փայտից, որի մեջ ներկցված է եղել փղոսկրը։ Եսայու մարգարեության 41:18-րդ և 60:13-րդ համարներում «թեաշուրի» անվամբ հիշատակվում է այնպիսի մի ծառտեսակ, ինչպիսին է հաճարենին կամ կուենին (որ նման է մայրու ծառին, միայն թե տարբերվում է իր ուղիղ ճյուղերով)։ Հաճարենու մասին մենք իմանում ենք նաև Էնեիդայից (10,135-137)։ Ըստ այդ տեղեկությունների՝ հաճարենին հաճախ կցվել է փղոսկրին: Վուլգաթայում՝ «praeteriola», ինչից էլ հետևեցնելով՝ Հերոնիմոս Երանելին իր սեփական մեկնաբանությամբ մատնանշում է թանկարժեք իրեր պահելու համար նախատեսված պահարանները։
«Փղոսկրով» - եբրայեցերենում՝ «շեն», ասել է թե՝ «ատամ»՝ «փղոսկր» բառի նշանակությամբ (քանի որ այն ստացվում էր փղի ժանիքներից)։ Այդ բառը գործածում է Գ Թագավորաց 10:18-րդ և Երգ Երգոցի 5:14-րդ համարներում։ Հունարենում՝ «εξ ελεφαντος», սլավոներենում՝ «փղի (ոսկորներ)»:
«Կիտտիմյան կղզիների» - «Kition»-ը Կիպրոսում գտնվող փյունիկյան մի գաղութ էր, որի անունով և կոչվել է ամբողջ կղզին, իսկ ապա նաև՝ շրջակա մյուս կղզիները (Եզեկ. 2:9) և Միջերկրական ծովի առափնյա տարածքները՝ Հունաստանը, Իտալիան (Ա Մակ․ 1:1, 8:5): Ահա թե ինչու Վուլգաթայում ասվում է՝ «de insulis Italiae» (ակնհայտորեն, միտում ունենալով իրենց հայրենիքը ներառելու աստվածաշնչյան տեքստում): Կիպրոսը նավերի համար բարձր որակ ունեցող սոճիներ էր մատակարարում։
--------------------------------
[6](Էջմիածին թարգ․) Բասանից բերուած կաղնուց են շինել նաւերիդ ղեկերը եւ փղոսկրից՝ քո մեհեանները, քետիմացիների կղզիներից բերուած նիւթերից՝ հովանաւոր ծառերով շրջապատուած ապարանքներդ,
(Արարատ թարգ․) Քո թիերը Բասանի կաղնիներից շինեցին. քո տախտակամածները փղոսկրով դրվագազարդեցին, Կիպրոսի ծովեզրի տոսախով շինեցին։
(Գրաբար) 'Ի Բասանէ արարին զղեկս նաւաց քոց. և զմեհեանս քո շինեցին 'ի փղոսկրէից. ապարանս անտառախիտս 'ի կղզեաց Քետիմացւոց։
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: