Եզեկիելի մարգարեության մեկնություն 34։28

Ա. Լոպուխին

28-29. «Նրանք այլևս ավար չեն լինելու ազգերի համար, և դաշտի գազանները նրանց չեն խճռելու. նրանք ապահով են բնակվելու, և ոչ ոք նրանց չի վախեցնելու»։ [28] «Եվ նրանց համար փառավոր տնկադաշտ եմ կանգնեցնելու, և այլևս սովից չեն անհետանալու այդ երկրում ու նախատինք չեն կրելու ազգերից»։ (Սինոդական թարգ․)
   
   «Դաշտի գազանները» - հնարավոր է, որ այստեղ կիրառված է որպես «ժողովուրդներ» հասկացության հոմանիշ։

   «Փառավոր տնկադաշտ» - սա կարող է նշանակել երկրի ամբողջ բուսականությունը, ա՛յն երկրի, որը համաձայն 36:35-րդ համարի վկայության, վերածվելու է իսկական դրախտի: Բայց սույն արտահայտությունը հիշեցնում է նաև մարգարեների կողմից հաճախակիորեն կիրառվող օրինակը, որով նրանք Մեսիային ներկայացնում էին ճյուղի պատկերի ներքո (Ես. 11:1, Երեմ. 23:5 հմմտ․ Եզեկ. 17:22)։ Այսպիսի ընկալման օգտին է խոսում այստեղ կիրառված բայը, որն ավելի ճիշտ կլինի թարգմանել ոչ թե «կանգնեցնելու եմ», այլ՝ ինչպես որ Յոթանասնից թարգմանության մեջ է՝ «վերականգնելու եմ»։ Յոթանասնից թարգմանության տարընթերցումը, ի դեպ, հետևյալն է․ «Այգին խաղաղ է» («լեշեմ» - «փառավոր» բառի փոխարեն տարընթերցել են «շալոմ» - «խաղաղություն»)․․․

   «Եվ այլևս սովից չեն անհետանալու այդ երկրում» - մի բան, որը հատկապես հաճախակիորեն էր տեղի ունենում հրեաների և նրանց հարևանների միջև ընթացող մշտական ​​ավերիչ պատերազմների ժամանակ (այս հանգամանքը ևս մեկ անգամ հաստատում է Յոթանասնից թարգմանության «խաղաղ» տարընթերցումը)։ Քանանը, առհասարակ, աչքի էր ընկնում իր պտղաբերությամբ։

   «Նախատինք» - ա՛յն աղքատության համար, որը նրանց հասցրել էր սովի եզրին:
--------------------------------
[28](Էջմիածին թարգ․) ու այլեւս նրանք աւար չեն դառնալու ժողովուրդների մէջ, այլեւս երկրի գազանները նրանց չեն ուտելու: Ապրելու են ապահով: Ոչ ոք նրանց չի սարսափեցնելու:
(Արարատ թարգ․) Եվ այլևս ազգերին ավար չեն լինելու, երկրի գազանները նրանց չեն ուտելու. ապահով կբնակվեն, նրանց վախեցնող չի լինի։
(Գրաբար) Եւ ո՛չ ևս եղիցին յաւա՛ր ‘ի մէջ ազգաց. և գազանք երկրի մի՛ ևս կերիցեն զնոսա. և բնակեսցեն յուսով, և ո՛չ ոք իցէ որ զարհուրեցուցանիցէ զնոսա։