Եզեկիելի մարգարեության մեկնություն 47։1

Ա. Լոպուխին 

«Այնուհետև նա ինձ հետ դարձրեց դեպի տաճարի դարպասները, և ահա, տաճարի շեմի տակից ջուրը հոսում էր դեպի արևելք, որովհետև տաճարը նայում էր դեպի արևելք, և ջուրը հոսում էր տաճարի աջ կողմից` զոհասեղանի հարավային կողմից»։ [1] (Սինոդական թարգ․)
   
   Եզեկիել մարգարեի գրքում տաճարի կենսապարգև աղբյուրին վերաբերող մարգարեական գաղափարի փաստական «հիմնաքարը», ինչպես ավելի վաղ՝ Հովելի մարգարեության (Հով. 3:18), իսկ ավելի ուշ՝ Զաքարիայի մարգարեության (Զաք. 14:8) պարագայում էր, իսկապես էլ կարող էր տաճարի լեռան վրա իրականում գոյություն ունեցող մի աղբյուր լինել: Այդ աղբյուրի մասին վկայում  են Արիստեոսի նամակը («ջրի անսպառ կուտակում կար` այնպես, ասես դա առաջացել էր բնականորեն հոսող առատաբուխ աղբյուրից») և Տակիտոսը («ջրի մշտահոս ​​աղբյուր, գետնի տակ ջրի ակունքներ ունեցող լեռներ», Hist. V, 12. Ср. Robinson, Palast. II, 159-163): Դրա վերաբերյալ ցուցում կարելի է գտնել նաև Եսայու 8:6-րդ համարում: Այս գաղափարի համար որպես հիմք կարող էին ծառայել նաև այն սրբազան աղբյուրները, որոնք հին ժամանակներում հայտնի էին հրեաներին (չնայած որ հրեաներին հայտնի այդ աղբյուրներն աչքի էին ընկնում իրենց առավել սակավ քանակությամբ, եթե դրանք համեմատում ենք շրջակայքի հեթանոսների, օրինակ՝ փյունիկեցիների և ասորիների հիշատակած աղբյուրների հետ. հմմտ. Ծննդ. 14:7 «Mishpat»-ի (այսինքն՝ դատաստանի) աղբյուր», Ծննդ. 16:14 «Ինձ տեսնող Կենդանի [Աստծո] աղբյուրը», Գ Թագ. 1:9, 33, Բ Թագ. 5։10 և այլ տեղիներ)։ Արևելքում, առհասարակ, երկրի բերրիությունը մեծապես կախված է ջրի առատությունից (սա դիտարկելի է ա'յն նշանակության հետ համեմատությամբ, որը դրախտի նկարագրության մեջ տրվում է այնտեղ առկա գետերին): Ընդ որում, Պաղեստինը պտղաբերության առումով մշտապես էլ խնդիրներ էր ունենում, և մասնավորապես Հուդան չէր կարող պարծենալ իր արգասավորությամբ. Երուսաղեմից ոչ շատ հեռու գտնվող հարավ-արևելյան շրջաններից սկսվում էր տարածվել հուդայական անապատը, իսկ նրանից այն կողմ էլ սփռվում էր Մեռյալ ծովը, որի մեջ էին թափվում Կեդրոնի և Տաճարի լեռան ջրերը, իսկ Աստված էլ ապրում էր այդ Տաճարի վրա։ Եթե ​​ Աստված այնտեղ բնակվեր առավել էական և մշտնջենական ​​կերպով, քան դա տեղի էր ունենում մինչ այժմ, ապա դա չէր կարող «պատճառ» չդառնալ երկրի առանձնահատուկ բարգավաճման և մասնավորաբար երկրի պտղաբերության խթանման համար: Այդ պտղաբերությունը կարող էր առաջանալ տաճարային լեռից բխող գետակի շնորհիվ, եթե այդ գետակը համապատասխան չափով ընդլայնվեր և ուղղվեր դեպի Հուդայի հարավային ու արևմտյան ամուլ շրջանները: Տաճարում Աստծո բնակվելու իրողությունն անխուսափելիորեն հանգեցնելու էր այնտեղ Աստծուն նվիրված  պաշտամունքի (աստվածապաշտության) հաստատմանը, որին էլ տրամաբանորեն (որպես այդ ամենի վերջնարդյունք) հետևելու էր երկրի պտղաբերությունը։ Այսպիսով, տաճարի աղբյուրը, ապագա Սուրբ Երկիրը դրախտի վերածելով, հանդիսանում է ճշմարիտ աստվածապաշտությունից բխող կյանքի և փրկության խորհրդանիշը միայն (ըստ Հերոնիմոս Երանելու` այդ աղբյուրը «նախապատկերում էր մեր Փրկչի վարդապետությունը») և ծառայում է որպես ևս մեկ արտահայտություն այնպիսի մի գաղափարի, որը բովանդակված էր Ես. 30:25-րդ, 44:3-րդ, Երեմ. 2:18-րդ, Սաղմ. 36:7-րդ, 36:10-րդ,  45:5-րդ, Հովհ. 4:10-րդ, 7:38-րդ և Հայտ. 22:1-ին համարներում:  Մարգարեին սկզբում ցույց տրվեց ջրի հոսքն ու տաճարի տակից սկիզբ առած դրա ուղղությունը (1-2-րդ համարներ), այնուհետև դրա առատացումն ու ընթացքը դեպի գետակը (3-5-րդ համարներ) և, վերջապես, այդ ջրի ունեցած հրաշագործ ազդեցությունը (7-12-րդ համարներ):

   «Այնուհետև նա ինձ հետ դարձրեց դեպի տաճարի դարպասները, և ահա, տաճարի շեմի տակից ջուրը հոսում էր դեպի արևելք, որովհետև տաճարը նայում էր դեպի արևելք, և ջուրը հոսում էր տաճարի աջ կողմից` զոհասեղանի հարավային կողմով» - Աղբյուրը` տաճարի տակից: Արտաքին գավթից, որտեղ մարգարեն գտնվում էր Եզեկ. 46:21-րդ համարից սկսած, նա տարվում է («մարդու կողմից» (Եզեկ. 40:3)` հետ (Եզեկ. 44:4) դեպի դարպասները, այսինքն` դեպի տաճարի մուտքը, այն է՝ դեպի սրբարան և Սրբություն Սրբոց` անշուշտ դեպի տաճարի նախասրահի դարպասները (այդ իսկ պատճառով էլ Յոթանասնից թարգմանության մեջ ասվում է` «դեպի շեմը»): Այդտեղ մարգարեն տեսավ  տաճարի շեմի տակից հոսող (բառացիորեն` «դուրս եկող») ջուրը (գուցե այդ ջուրը բխում էր նաև Սրբություն Սրբոցից), որի հոսքն այնուհետև ուղղվում է դեպի արևելք, քանի որ տաճարը նույնպես նայում էր դեպի արևելք: Ջուրը հոսում էր ոչ թե տաճարի դարպասների տակից, որովհետև այդ դեպքում այն ​​կհոսեր դեպի զոհասեղանը, այլ «տաճարի աջ կողմից» (Յոթանասնից թարգմանության մեջ` «անծածկի», այսինքն՝ տաճարի գավթի «տակից»), որի շնորհիվ ջուրը հոսում էր «զոհասեղանի հարավային կողմով»։ «Մեռյալ ծովը, որի մեջ այն թափվում էր, գտնվում էր տաճարի հենց հարավ-արևելյան կողմում» (Սմենդ):
--------------------------------
[1](Էջմիածին թարգ․) Նա ինձ բերեց տաճարի դռան առաջ: Ահա տաճարի արեւելեան կողմի վարագոյրների տակից ջուր էր դուրս գալիս եւ հոսում դէպի արեւելք, որովհետեւ տաճարի ճակատային մասը դէպի արեւելք էր նայում. իսկ ջուրը գալիս էր տաճարի հիւսիսային կողմից՝ աջից դէպի զոհասեղանի կողմը:
(Արարատ թարգ․) Եվ ինձ հետ դարձրեց տաճարի դարպասը։ Եվ ահա արևելյան կողմից տան շեմի տակից ջրեր էին դուրս գալիս, որովհետև տաճարը դեպի արևելք էր նայում. ջրերը հոսում էին տան աջ կողմի զոհասեղանի հարավային կողմից։
(Գրաբար) Եւ եմոյծ զիս առաջի դրան տաճարին, և ահա ելանէր ջուր ‘ի ներքոյ վարագուրաց տաճարին ընդ արևելս. զի երեսք տաճարին հայէին ընդ արևելս. և ջուրն հոսէր յաջմէ կողմանէ տաճարին հիւսւսոյ՝ ‘ի սեղանն կոյս: