Ա. Լոպուխին
«Այսպիսով, Տերը կմխիթարի Սիոնին, կմխիթարի նրա բոլոր ավերակները, և նրա անապատները դրախտի կվերածի, և նրա տափաստանը՝ Տիրոջ պարտեզի նման․ ուրախություն և ցնծություն կտիրի այնտեղ, փառաբանություն և երգեցողություն»։ [3] (Սինոդական թարգ․)
«Այսպիսով, Տերը կմխիթարի Սիոնին․․․» - Այստեղ առկա եբրայեցերեն «նօահամ» բայը կիրառված է անցյալ ժամանակաձևով։ Դա մարգարեների համար սովորական եղող մարգարեական անցյալ ժամանակաձևն է․ այս բայն առավել հաճախակի միևնույն ձևով հանդիպում է հենց Եսայի մարգարեի գրքում (Ես․ 40։1-ում, 49։3-ում, 51։12-ում, 52։9-ում և այլ տեղիներում)։
«Եվ նրա անապատները դրախտի կվերածի, և նրա տափաստանը՝ Տիրոջ պարտեզի նման․ ուրախություն և ցնծություն կտիրի այնտեղ, փառաբանություն և երգեցողություն»։ Չնայած Նաբուգոդոնոսորը Երուսաղեմը գրավելու ժամանակ աղքատների համար թողեց խաղողի այգիները և դաշտերը (Դ Թագ․ 25։12 և Երեմ․ 52։16), սակայն այնքան քիչ բնակչություն էր մնացել, որ ի վիճակի չէր մշակելու հողը, այնպես որ Երուսաղեմը և նրա շրջակա տարածքները, իսկապես որ, ժամանակի ընթացքում սկսեցին նմանվել «վայրի անապատի» (Եզեկ․ 36։34)։
Ինչ վերաբերում է այն երանգներին, որոնցով պատկերվում է Սիոնի վերածնունդը, ապա այդ բոլոր պատկերները՝ «պարտեզի վերածված անապատները», «սրբազան տոնակատարության գիշերը հնչող երգերը» և այլք, խիստ բնորոշ են Եսայի մարգարեին ու հավասարապես բնութագրական են նրա մարգարեության երկու մասերի համար էլ (Ես․ 29:17, 30:25–29, 32:15–19, 33:17, 20–22, 35:1–10, 40-րդ գլուխ և այլ տեղիներ)։ Հարկ է նշել նաև մարգարեի հիշատակումը «դրախտի» կամ «Աստծո պարտեզի» մասին: Սիոնի գալիք երանությունը մարգարեն համեմատում է այդ դրախտային այգու հետ՝ մի բան, որը վաղուց արդեն հայտնի էր բոլորին։ Հետևաբար, եթե անգամ, համաձայն ռացիոնալիստների ընկալման, ընդունենք Եսայի մարգարեի գրքի՝ համեմատաբար ուշ շրջանում, այսինքն՝ բաբելոնական գերության շրջանում գրի առնված լինելու տեսակետը, այդ դեպքում նույնպես մենք չէինք կարողանա արդարացնել Դելիչայի վարկածն այն մասին, որ իբրև թե դրախտի մասին առասպելը հրեաները փոխառել են բաբելոնացիներից։ Եթե անգամ այդպիսի մի բան իրականում տեղի ունեցած էլ լիներ, ապա Եսայի մարգարեն ոչ մի դեպքում դեռևս չէր կարող դրախտի մասին պատմությունը հիշատակել որպես վաղուց ևեթ բոլորին հայտնի մի իրողություն։ Այստեղից պարզ է դառնում, որ դրախտի մասին պատմությունը շատ ավելի հին է ինչպես հենց Եսայի մարգարեից, այնպես էլ բաբելոնական գերության ժամանակաշրջանից։
--------------------------------
[3](Էջմիածին թարգ․) Արդ, ես մխիթարելու եմ քեզ, Սիո՛ն, մխիթարելու եմ քո բոլոր աւերակները. քո բոլոր աւերակները դրախտի եմ վերածելու, արեւմտեան կողմն էլ՝ Տիրոջ դրախտի. ուրախութիւն ու ցնծութիւն են նրա մէջ տեղ գտնելու, փառաբանութիւն ու օրհնութեան ձայն:
(Արարատ թարգ․) Որովհետև Տերը մխիթարեց Սիոնին, մխիթարեց նրա բոլոր ավերակներին, նրա անապատը դրախտի նման դարձրեց և նրա ամայի վայրը՝ Տիրոջ պարտեզի։ Ցնծություն և բերկրություն են տեղ գտնելու նրա մեջ, գոհաբանություն և օրհներգության ձայն։
(Գրաբար) Եւարդ մխիթարեցից զքեզ Սիովն, եւ մխիթարեցից զամենայն զաւերակս նորա. եւ արարից զամենայն աւերակս նորա իբրեւ զդրախտ, եւ զկողմն արեւմտից իբրեւ զդրախտ Տեառն. ուրախութիւն եւ ցնծութիւն գտցեն ի նմա, խոստովանութիւն եւ ձայն աւրհնութեան:

Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: