Սրբ․ Գրիգոր Տաթևացի
Նրա առաջ մենք յայտնուեցինք որպէս մանուկ, որպէս արմատ՝ ելած անջրդի հողից. ո՛չ տեսք ունէր նա եւ ո՛չ էլ վեհութիւն: Նայեցինք մենք նրան, բայց նա ո՛չ տեսք ունէր եւ ո՛չ էլ գեղեցկութիւն:
Նրա առջև պատմվեցինք իբրև մանուկ ։
Որպեսզի չասեն, թե չպատմվեց մեզ, որի պատճառով չհավատացինք, ուստի մարգարեն ասում է՝ ձեզ պատմեցինք, և պատմվեց ո՛չ թե հետո, այլ՝ մարդեղությունից էլ առաջ: Եվ օրինակն է առաջադրում՝ իբրև մանուկ: Այն նույն մարգարեն, որ ասում էր՝ Խելահաս է լինելու իմ մանուկը (52։13) և թե՝ Մատաղատի մանուկն իր ձեռքը մտցնելու է իժերի բույնը (11։8), և այլն, այժմ էլ ասում է՝ իբրև մանուկ, և ոչ թե՝ տղա, որովհետև Քրիստոս ոչ թե սոսկ մարդ էր և ոչ էլ սոսկ Աստված, այլ՝մարդացած Աստված էր Նա:
Իբրև արմատ՝ ելած անջրդի հողից։
Անջրդի հող ասելով՝ նկատի ունի կույս Մարիամին, որին մեկ ուրիշ տեղում էլ թեթև ամպ (19։1) է կոչում: Նա անջրդի հող էր, որովհետև անհաղորդ էր աշխարհի մեղկ խոնավությանը ու սերմ աճեցնող անձրևներին: Այլ իր կուսությամբ Մարիամը մայր եղավ կյանքի արմատի համար, համաձայն այն խոսքի, թե՝ Կույսը պիտի հղանա և որդի ծնի (7։14): Մանուկ ասելով՝ մարգարեն ցույց է տալիս մեզ հավասար լինելը, իսկ արմատ ասելով՝ կույսի ազնվականությունն է մատնանշում: Դարձյալ, իբրև-ը արմատին նման և միաժամանակ ոչ նման լինելն է նշանակում: Արմատին նման չլինելը խոստովանվում է շատերի կողմից, ու այդ հարցում տարակույս չկա: Իսկ այժմ քննե՛նք, թե ո՞րն է սուրբ Կույսի և արմատի նմանությունը. նախ՝ արմատ ասելով ակնարկում է Որդուն առանց սերմի ծնունդ տալը և այն, որ Քրիստոս արմատի նման երևացել է հողից՝ կուսական արգանդից:
Երկրորդ՝ նախ որովհետև արմատը բնույթով նույնն է ամեն բույսի համար էլ, քանի որ բոլոր պարագաներում նույն դերակատարությունն ունի, սակայն և յուրաքանչյուր բույսի արմատն իր ներգործությամբ տարբեր է մյուսից: Այս նույն կերպ և մեր Տերն է նույնը՝ ըստ մարդկային բնության, սակայն մարդուն նման չէ Իր աստվածահրաշ ներգործությամբ և էությամբ:
Երրորդ՝ ինչպես արմատն է նախ խոնարհվում հողին, և ապա միայն բարձրանում, այդպես և մեր Տերը նախ խոնարհվեց երկնքից, և ապա մարմնով երևաց երկրի վրա, իսկ հետո էլ համբարձվեց Հոր մոտ:
Չորրորդ՝ ինչպես հողում տնկված մեկ արմատից է բարձրանում բույսն ու տերևը, ծաղիկն ու պտուղը, նույնպես և մեր Տերը միայնակ իջավ երկիր ու դժոխքի, սակայն բազմությամբ բարձրացավ Հոր մոտ, ինչպես ասում է. «Ես եմ ցորենի հատիկը» (հմմտ. Հովհ. 12։24):
Հինգերորդ՝ նախ արմատն է, և հետո՝ բույսը. նույնպես և նախ մեր Տերն է՝ իբրև արմատ ու մեր սկիզբ, համաձայն արարչության և նորոգության, իսկ ապա միայն մենք ենք, որ Նրա ճյուղն ենք դառնում իբրև բույս, համաձայն այն խոսքի, թե. «Ես եմ որթը, և դուք՝ ճյուղը» (Հովհ. 15։5):
Վեցերորդ՝ ինչպես արմատը, վերցնելով հյութը, իր միջոցով այն տալիս է բույսին, այդպես էլ մեր Տերը Հոգու շնորհների բոլոր պարգևներն Իրենով սփռում է Իր Եկեղեցու անդամների վրա՝ լինելով մեր Գլուխը:
Յոթներորդ՝ արմատը, անտեսանելի լինելով, ազդում է բույսի վրա, որ դրսևորվում է ամեն բույսին հատուկ տերևների ձևի, պտուղների և այլ բաների մեջ: Այդ նույն կերպ էլ մեր Տերը, մարդկային զգայարաների համար անտեսանելի լինելով, կատարում է Եկեղեցու բոլոր խորհուրդները և յուրաքանչյուրին առաջնորդում է առաքինի գործերի, ըստ այն խոսքի, թե՝ «Առանց Ինձ ոչինչ չեք կարող անել»:
Ութերորդ՝ որովհետև ինչպես արմատի վրա հաստատված բույսերն է, որ կենդանի են, իսկ նրանից հատվելու դեպքում չորանում են, նույնպես և մենք հաստատուն ենք հավատքով ու գործով և հոգևոր կենդանություն ունենք, բայց երբ մեկն անհավատությամբ ու չար գործերով «հատվում» է, հեռանում է Տիրոջ շնորհներից, ըստ այն խոսքի, թե՝ «Ով հաստատված չէ Ինձ վրա, նա ճյուղի նման դուրս կնետվի և կչորանա» (Հովհ. 15։6):
Իններորդ՝ թեկուզև ճյուղերը ջարդվեն կամ քամիներից տարուբերվեն, բայց արմատը հաստատուն մնա, ճյուղը չի հատվի: Եվ Պողոսը մեր Տիրոջ համար ասում է. «Եթե Նրան ուրանանք՝ Նա չի ուրանա մեզ, ու թե չհավատանք՝ Նա հավատարիմ կմնա մեզ» (հմմտ. Բ Տիմ. 2։12), քանի որ Նա չի կարող Իր անձն ուրանալ:
Տասներորդ՝ որովհետև ինչպես ձմռանը չորացած բույսերը գարնանը դարձյալ արմատից կենդանանում են, նույնպես և մեռյալներն են կենդանանում 2: Քրիստոսի միջոցով, ըստ այն խոսքի, որն ասում է. «Կլսեն Աստծո Որդու ձայնը ու դուրս կգան» (Հովհ. 5։25):
Ոչ տեսք ուներ Նա և ոչ վեհություն։
Ոչ տեսք ուներ՝ հրեշտակի նման, և ոչ էլ՝ վեհություն, ինչպես Մովսեսը: Դարձյալ, ոչ այն բանի համար է ասում, թե դեմքով տգեղ էր, որովհետև «տեսքով գեղեցիկ էր մարդկանց բոլոր որդիներից առավել»: Այլ տարբեր էր աշխարհի բռնակալների ու իշխանների տեսքից և խոնարհ ու աղքատ կերպարանք ուներ:
Մենք Նրան նայեցինք, բայց Նա տեսք չուներ։
Նրան տեսան մարգարեները՝ մարգարեական աչքերով, ինչը մեզ համար անիմանալի էր, ուստի մենք նայեցինք և չտեսանք: Այսինքն՝ չտեսան անճառելին և անհասանելին, ըստ այն խոսքի, թե. «Ոչ ոք չի տեսնի Իմ երեսը և չի փրկվի» (Ելք 33։20): Այլ Նրա կերպարանքը տեսան օդի, լույսի, կամ կրակի և այլ բաների միջոցով: Դարձյալ, տեսան աղոտ ու մասնակի կերպով, այլ ոչ թե ամբողջականորեն, այնպես, ինչպես երդիկից երկնքի միայն մի մասն ենք տեսնում, և ոչ թե՝ ամբողջ երկինքը, նաև, տեսնում ենք ծովի մի մասը, ու ոչ թե ողջ ծովը:
Ա. Լոպուխին
«Որովհետև Նա բարձրացավ Նրա առջև՝ որպես շիվ, և որպես արմատ՝ չոր հողից. Նա ո՛չ տեսք ուներ, ո՛չ էլ վայելչություն, և մենք տեսանք Նրան, ու Նա մի այնպիսի կերպարանք չուներ, որը մեզ կգրավեր դեպի Նա»։ [2] (Սինոդական թարգ․)
2-3-րդ համարներում նկարագրվում է Մեսիայի չափազանց խոնարհ, հեզ ու նույնիսկ նվաստացած արտաքին տեսքը և դրան համապատասխանող հասարակական կարգավիճակը։ Այս ամենի միջոցով մարգարեն, ակներևաբար, ուղղակիորեն դեմ է գնում հրեաների ամենագլխավոր և ամենից վնասակար նախապաշարմունքին, ըստ որի՝ նրանց կողմից սպասվող Մեսիան պետք է ունենար սարսափելի-զորավոր տեսք և պետք է հանդես գար որպես երկրավոր, հաղթական նվաճող-թագավոր։
«Որովհետև Նա բարձրացավ Նրա առջև...» - Խոսքի ուղղակի, քերականական իմաստը, ամենայն հավանականությամբ, խոսում է այն բանի մասին, որ այստեղ բացահայտվում են Մեսիայի և Տիրոջ, այսինքն՝ Հայր Աստծու և Որդի Աստծու միջև հարաբերությունները։ Տվյալ հատվածը հենց այդպես են հասկանում հին և նոր շրջանի մեկնաբաններից շատերը (Վիտրին, Շմիդտ, Հոֆմանն, Դելիչ, Դում, Պետրոս եպս․, Վլաստով, Rawlinson և շատ ուրիշներ)։ Սակայն այսպիսի ընկալման դեպքում մտքերի տրամաբանական կապը դառնում է բավականին անբնական․ բարձրանում է Հայր Աստծու առջև, այն էլ՝ ամենաողորմելի և խոնարհ կերպարանքով, այն դեպքում, երբ Նա հավիտենությունից ի վեր «Հոր ծոցում է» (Հովհ․ 1։18) և Նրան, միանշանակ, բացարձակապես չէին կարող «բնորոշել» Մեսիայի արտաքին տեսքի վերաբերյալ մարգարեական կանխագուշակումները։ Սակայն այս վերջին բնութագրությունը չափազանց կարևոր և անհրաժեշտ էր մարդկա՛նց, հատկապես մոլորված հրեաների՛ համար, որոնք այդ հարցի շուրջ ծայրահեղ սխալ պատկերացում էին ձևավորել։
«Այդ պատճառով վերջում դրված բառերը («Նրա առջև») ավելի լավ է վերաբերել առաջին համարի հարցական նախադասության ենթակային, այսինքն՝ մարգարեի անհատական անձնավորությանը և իսրայելական ժողովրդի հավաքական կերպարին» (Գրիգորև, էջ 209, տե՛ս նաև Комм. СПб. проф. 813 с.)։
«Որպես շիվ, և որպես արմատ՝ չոր հողից...» - Այս առաջին՝ «շիվ» արտահայտության փախարեն Սեպտուգինտայում և սլավոնական թարգմանության մեջ այսպես է գրված՝ «որպես մանուկ»։ Եբրայեցերեն «յոնահ» բառն այս երկու թարգմանությունների հնարավորությունն էլ տալիս է․ մարդու առնչությամբ այն նշանակում է «կաթնակեր երեխա», իսկ բույսերի վերաբերյալ կիրառվում է «երիտասարդ, հյութեղ շյուղ» իմաստով։ Անհնար է չնկատել, որ այս երկու համեմատությունները բավականին հաճախ հանդիպում են տարբեր մարգարեների խոսքերում, այդ թվում նաև՝ հենց Եսայի մարգարեի գրքում, չնայած որ այդ վերջին արտահայտությունը («շյուղ»), ինչպես երևում է, գերակշռում է (Ես․ 7։14-16, 9։6, 11։1, Հոբ․ 14։7, 15։30, Երեմ․ 23։5, Եզեկ․ 17։4, 22, Զաք․ 6։12 և այլ տեղիներ)։
«Որպես արմատ՝ չոր հողից...» - [Յոթանասնից թարգմանությունից կատարված սլավոներեն թարգմանության մեջ հետևյալ տարընթերցումն է առկա՝ «Որպես արմատ՝ չոր հողից...»] ««Ծարաված» բառի փոխարեն Ակիլլան թարգմանել է «անանցանելի»,- նկատում է Հերոնիմոս Երանելին, - որպեսզի այդպիսով ցույց տա կուսության առավելությունը, ա՛յն, որ Նա ծնվեց նախկինում «անանցանելի» հողից՝ առանց մարդկային սերմի (նույն կերպ է մեկնաբանում նաև սուրբ Հովհան Ոսկեբերանը)։ Առաջաբերված այս բոլոր համեմատությունների և հատկապես վերջին համեմատության միջոցով մարգարեն բավականաչափ պատրաստեց իր ունկնդիրների մտքերն ա՛յն ամենի համար, ինչի մասին նա հետագայում խոսում է արդեն ուղղակիորեն՝ առանց այլևայլությունների ու նմանությունների կիրառության։ Սրա համեմատությամբ լավագույն զուգահեռը հանդիպում է Եզեկիել մարգարեի խոսքերում (Եզեկ. 17։23)։
«Նա ո՛չ տեսք ուներ, ո՛չ էլ վայելչություն...որը մեզ կգրավեր դեպի Նա» - Ահավասիկ, այս պարզ և հստակ բառերի միջոցով արտահայտվում է Ծառայի կերպարանքով հայտնված Աստծու Որդու հեզ և խոնարհ արտաքին տեսքի վերաբերյալ մարգարեական պատկերի ողջ էությունը։ Ակիլլան այսպես է թարգմանել սույն հատվածը․ «Նա ո՛չ տեսք ուներ, ո՛չ էլ շքեղություն»։ Իսկ Սիմմաքոսն էլ առավել մանրամասնորեն է նկարագրում․ «Նա ո՛չ տեսք ուներ, ո՛չ արժանիքներ, որպեսզի մենք ընդունեինք Նրան, ո՛չ էլ վայելչություն (υεωρια), որպեսզի մենք ցանկանայինք Նրան։ «Տիրոջ ծառան» մարդկանց առջև ներկայանալիս ո՛չ տեսք ուներ, ո՛չ էլ արտաքին դիրք, որը ցանկալի կլիներ նրանց համար և որը նրանք ակնկալում էին Նրա հայտնվելու ժամանակ՝ ըստ իրենց բնական դատողության: «Քանի որ, - ասում է Կյուրեղ Ալեքսանդրացին, - Նա Աստծուն վայել կերպարանք և փառք չուներ» (Ելք․ 19։16-20, 20։19), սակայն «Նա Ինքն Իրեն խոնարհեցրեց՝ ընդունելով ծառայի կերպարանք ու մարդու նման դառնալով, և մարդու տեսք ստացավ»» (հմմտ. Փլպ․ 2։7)։ Սակայն չի կարելի այս խոսքերը հասկանալ այն իմաստով, որ իբր Փրկչի արտաքին տեսքն այնքան ողորմելի և թշվառ էր, որ Նա կարծես թե վանում էր Իրենից։ Ընդհակառակը, ամբողջ հնագույն քրիստոնեական շրջանը վկայում է Փրկչի Դեմքի բացառիկ հոգևոր գեղեցկության մասին։ Իսկ վերոնշյալ բնութագրիչները պարզապես նշանակում են, որ երկնային խոնարհ Վարդապետը չուներ այն գոռոզ, ամբարտավան տեսքը, ծնունդից ի վեր այն հայտնիութունը և Իր ապրելակերպի մեջ էլ՝ այն շքեղությունը, որոնցով հրեաներն իրենց սխալ պատկերացումներով ժամանակից շուտ արդեն շրջապատել էին Նրան։
--------------------------------
[2](Էջմիածին թարգ․) Նրա առաջ մենք յայտնուեցինք որպէս մանուկ, որպէս արմատ՝ ելած անջրդի հողից. ո՛չ տեսք ունէր նա եւ ո՛չ էլ վեհութիւն: Նայեցինք մենք նրան, բայց նա ո՛չ տեսք ունէր եւ ո՛չ էլ գեղեցկութիւն:
(Արարատ թարգ․) Ահա նա մատղաշ տունկի նման աճեց նրա առաջ, ծարաված հողից ելած արմատի նման։ Նա ո՛չ տեսք ուներ, ո՛չ էլ վայելչություն, որ նրան նայեինք, ոչ էլ այնպիսի տեսք, որ ցանկայինք։
(Գրաբար) Պատմեցաք առաջի նորա իբրեւ զմանուկ, իբրեւ զարմատ ի ծարաւուտ երկրէ: ոչ գոյր նորա տեսիլ` եւ ոչ փառք. տեսաք մեք զնա` եւ ոչ գոյր նորա տեսիլ` եւ ոչ գեղեցկութիւն:
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: