Ա. Լոպուխին
3-4․ «Այն ժամանակ, երբ Դու սոսկալի գործեր էիր կատարում, որոնց մենք չէինք սպասում, լեռները հալչում էին Քո տեսքից»: [3] «Քանի որ դարերից ի վեր չենք լսել, ականջ չենք դրել, ու ոչ մի աչք չի տեսել ուրիշ աստված՝ Քեզանից բացի, որն այդքան բան արած կլինի նրանց համար, ովքեր իրենց հույսը դրել են նրա վրա»: (Սինոդական թարգ․)
« Այն ժամանակ, երբ Դու սոսկալի գործեր էիր կատարում․․․լեռները հալչում էին Քո տեսքից․․․» - Այն, ինչը նախորդ երկու համարներում արտահայտվում էր պարզապես ենթադրաբար, այստեղ արդեն հաստատվում է փաստացիորեն: Տիրոջ մեծ և ահավոր գործերի մասին Աստվածաշունչը, իսկապես, խոսում է բազմաթիվ անգամներ (Բ Օրին. 10:21, Սաղմ. 105:22 և այլ տեղիներ): Այս տողերը հաստատում են նաև այն իրողությունը, որ Տերը «լափող կրակ է» (Բ Օրին. 4:24, Եբր. 7:29):
«Քանի որ դարերից ի վեր չենք լսել, ականջ չենք դրել, ու ոչ մի աչք չի տեսել ուրիշ աստված՝ Քեզանից բացի, որն այդքան բան արած կլինի․․․» - Այս միտքը ամբողջությամբ համապատասխանում է ա՛յն հատվածի ոգուն, որի մասին խոսվում է Եսայու մարգարեության 40-45-րդ գլուխներում ( օրինակ, Ես․ 40:12–13, 17, 22–23, 28, 41:22–24, 43:9, 44:11, 25, 45:21 և այլ տեղիներ): Առանձնահատուկ ուշադրության է արժանի այն հանգամանքը, որ Պողոս առաքյալը, մեջբերելով Եսայի մարգարեի հեղինակած այս հատվածը, այն վերագրում է մարմնառության անճառելի խորհրդին, որը, միաժամանակ, վեր է մարդկային ցանկացած գիտակցությունից և համարվում է Աստծո՝ մարդկանց հանդեպ ունեցած բարձրագույն սիրո հայտնությունը (Ա Կորնթ. 2:9):
--------------------------------
[3](Էջմիածին թարգ․) Երբ հրաշալի գործեր կատարես, քո ահից լեռները կը սասանուեն:
(Արարատ թարգ․) Երբ դու կատարեցիր այն սոսկալի բաները, որ մենք չէինք սպասում, և ցած իջար, քո առաջ սարսեցին լեռները։
(Գրաբար) յորժամ առնիցես փառաւորութիւնս, դողումն կալցի ի քէն զլերինս:

Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: