Մաղաքիա արք. Օրմանյան (†1918)
26-60. Յիսուս պատասխանեց նրանց եւ ասաց. «Ճշմարիտ, ճշմարիտ եմ ասում ձեզ, դուք ինձ փնտռում էք ոչ թէ նրա համար, որ նշաններ տեսաք, այլ որովհետեւ կերաք այն հացից եւ կշտացաք: Գնացէք աշխատեցէ՛ք ոչ թէ կորստեան ենթակայ կերակրի համար, այլ այն կերակրի, որը մնում է յաւիտենական կեանքի համար, եւ որը մարդու Որդին կը տայ ձեզ, քանի որ նրան իր կնիքով հաստատել է Հայրը՝ Աստուած»: Նրան ասացին. «Ի՞նչ անենք, որ Աստծու ուզած գործերը գործենք»: Յիսուս պատասխանեց եւ ասաց նրանց. «Աստծու ուզած գործը ա՛յս է. որ հաւատաք նրան, ում նա ուղարկեց»: Նրան ասացին. «Ի՞նչ նշան կ՚անես, որ տեսնենք եւ հաւատանք, ի՞նչ գործ կը գործես: Մեր հայրերը անապատում մանանան կերան, ինչպէս որ գրուած է. «Երկնքից նրանց հաց տուեց ուտելու»»: Յիսուս նրանց ասաց. «Ճշմարիտ, ճշմարիտ եմ ասում ձեզ, Մովսէսը չէ, որ ձեզ երկնքից հաց տուեց, այլ իմ Հայրն է, որ տալիս է ձեզ ճշմարիտ հացը երկնքից. որովհետեւ Աստծուց է այն հացը, որ իջնում է երկնքից եւ կեանք է տալիս աշխարհին»: Նրան ասացին. «Տէ՛ր, ամէն ժամ տո՛ւր մեզ այդ հացը»: Յիսուս նրանց ասաց. «Ես եմ կենաց հացը. ով դէպի ինձ գայ, քաղց չի զգայ, եւ ով ինձ հաւատայ, երբեք չի ծարաւի: Բայց ես ձեզ ասել եմ, թէ ինձ տեսաք եւ չէք հաւատում: Բոլոր նրանք, ում Հայրն ինձ տալիս է, կը գան ինձ մօտ, եւ ով որ ինձ մօտ կը գայ, դուրս չեմ անի. որովհետեւ ես երկնքից իջայ ոչ թէ իմ կամքը կատարելու համար, այլ՝ կամքը նրա, ով ինձ ուղարկեց: Այս է կամքը իմ Հօր, որ ինձ ուղարկեց. բոլոր նրանք, ում Հայրն ինձ տուել է, նրանցից ոչ մէկին չկորցնեմ, այլ վերջին օրը յարութիւն առնել տամ նրանց: Այս է իմ Հօր կամքը. ամէն ոք, ով տեսնի Որդուն եւ հաւատայ նրան, ունենայ յաւիտենական կեանք. եւ ես նրան վերջին օրը յարութիւն առնել տամ»: Հրեաները տրտնջում էին նրանից, որովհետեւ ասել էր՝ ե՛ս եմ երկնքից իջած հացը: Եւ ասում էին. «Սա Յիսուսը չէ՞՝ Յովսէփի որդին, որի հօրն ու մօրը մենք ճանաչում ենք: Իսկ արդ, ինչպէ՞ս է ասում՝ ես երկնքից իջայ»: Յիսուս պատասխանեց եւ ասաց նրանց. «Մի՛ քրթմնջէք իրար մէջ. ոչ ոք չի կարող գալ դէպի ինձ, եթէ նրան չձգի Հայրը, որ ինձ ուղարկեց, եւ ես նրան վերջին օրը յարութիւն առնել կը տամ: Մարգարէների գրքերում գրուած է. «Եւ ամէնքը Աստծուց ուսած կը լինեն»: Ամէն ոք, որ լսում է Հօրից եւ ուսանում է, գալիս է դէպի ինձ: Սակայն ոչ ոք Հօրը չի տեսել, այլ միայն նա, որ Աստծուց է, նա՛ է տեսել Հօրը: Ճշմարիտ, ճշմարիտ եմ ասում ձեզ, որ, ով հաւատում է, ունենում է յաւիտենական կեանքը: Ես եմ կենաց հացը: Ձեր հայրերը անապատում մանանան կերան, սակայն մեռան: Այս է երկնքից իջած հացը, որպէսզի, ով որ սրանից ուտի, չմեռնի: Ես եմ կենդանի հացը, որ երկնքից է իջած. թէ մէկն այս հացից ուտի, յաւիտենապէս կ՚ապրի. եւ այն հացը, որ ես կը տամ, իմ մարմինն է, որը ես կը տամ, որպէսզի աշխարհը կեանք ունենայ»: Հրեաները իրար հետ բուռն կերպով վիճում էին եւ ասում. «Սա ինչպէ՞ս կարող է իր մարմինը մեզ տալ՝ ուտելու»: Յիսուս նրանց ասաց. «Ճշմարիտ, ճշմարիտ եմ ասում ձեզ, եթէ չուտէք մարդու Որդու մարմինը եւ չըմպէք նրա արիւնը, ձեր մէջ կեանք չէք ունենայ: Ով ուտում է իմ մարմինը եւ ըմպում իմ արիւնը, յաւիտենական կեանք ունի. եւ ես նրան վերջին օրը յարութիւն առնել պիտի տամ, քանի որ իմ մարմինը ճշմարիտ կերակուր է, եւ իմ արիւնը՝ ճշմարիտ ըմպելիք: Ով ուտում է իմ մարմինը եւ ըմպում իմ արիւնը, կը բնակուի իմ մէջ, եւ ես՝ նրա մէջ: Ինչպէս Հայրը, որ ինձ ուղարկեց, ապրում է, ես էլ ապրում եմ Հօր միջոցով. եւ ով ուտում է ինձ, նա էլ կ՚ապրի իմ միջոցով: Այս է հացը, որ երկնքից է իջած. ոչ այնպէս, ինչպէս մանանան, որը ձեր հայրերը կերան եւ մեռան. ով այս հացն ուտում է, կ՚ապրի յաւիտեան»: Նա այս բաներն ասաց Կափառնայումի մէջ ժողովարանում ուսուցանելիս:
Ավետարաններում վարդապետական քարոզչությունները մաս-մաս սփռված են բոլոր իրադարձությունների և հրաշագործությունների հետ. սակայն տեղ-տեղ այդ վարդապետությունները ավելի ընդարձկված են, որոնք, որպես քարոզ ենք ընդունում և այդ բոլորի ամփոփումն ենք տալիս: Այդպես արեցինք Պրոբատիկեի (Հովհ. 5:19-47) և Լեռան քարոզության համար (Մատթ. 5:1-2 ,Մատթ. 7:1-27), և հիմա՝ Կափառնայումի քարոզչությունը երրորդը կլինի այս շարքում: Այս քարոզչությունն էր, որ Հիսուս խոսեց Կափառնայումի ժողովարանում «յուսուցանելն», այսինքն, երբ շաբաթ օրերին հատուկ սովորությամբ, պաշտոնապես զբաղվում էր Ս. Գրոց մեկնությամբ և ժողովրդին խրատելով: Այդ շաբաթ օրն էլ պետք է լիներ Բեթսայիդայից վերադառնալու առաջին շաբաթ օրը, ինչպես ցույց են տալիս նախընթաց հոդվածով բացատրված հանգամանքներն ու քարոզի ամփոփման մեջ եղած խոսքերը: Այս քարոզչության հատկանշական հանգամանքներից մեկն էլ այն է, որ կազմված է ժողովրդի ընդմիջումներով և Հիսուսի բացատրություններով, այնպես որ ավելի շատ դեմ առ դեմ վիճաբանության էր նման, քան՝ արձակ ճառի:
Քարոզչությունը սկսվում է հրեաների կողմից Հիսուսին փնտրելու հանգամանքից «Ձեր փափագը,- ասում է Հիսուս,- ամենևին անկեղծ սրտրց և բարձր զգացումից չի առաջացել. Ինձ փնտրում եք ոչ թե նրա համար, որ աստվածային նշաններ եմ կատարում և ճշմարիտ քարոզչություններ եմ անում, այլ միայն նրա համար, որ ձեզ համար հաց ճարեցի և ձեր փորը կշտացրի: Բոլորդ այդ նյութական կերակուրի մասին եք մտածում, որը, սակայն հաստատուն կյանք չի տա, դա էլ կանցնի, կկորչի. հետևապես իսկական օգուտ չկա, և չարժե, որ գնայիք նրա հետևից: Եթե կերակուր եք փնտրում, ապա փնտրեք հաստատուն և հավիտենական կյանք տվող կերակուրը, որը՝ ճշմարիտ վարդապետությունն է և այն կարող է տալ միայն Մարդու Որդին, որովհետև Հայր Աստված է Իրեն սահմանել այդ պաշտոնին, կնքել, օծել և աշխարհ ուղարկել: Մարդկային բաների հետևից մի ընկեք, այլ Աստծո գործերը կատարեք»:
Հրեաները մի պահ ազդվեցին Հիսուսի այդ խոսքերից, իրենք էլ հասկացան, որ մի փոր հացի համար այդքան իրար անցնել չարժէ, և պետք է հացի ոչ թե նյութը՝ այլ հրաշքը նկատի ունենալ, ուշադրություն դարձնել նրանով հայտնված աստվածային վարդապետությանն ու Աստծո գործերին. «Ի՞նչ անենք ուրեմն, - հարցնում էին Հիսուսին, - որ Աստծո գործերը կատարած լինենք»:
«Շատ պարզ և դյուրին է,- պատասխանում է Հիսուս,- Աստծո գործ ասածս արդեն բացատրեցի. Աստծուց ձեզ ուղարկածին ճանաչել և ընդունել, նրան հավատալ, այսինքն՝ նրա վարդապետությանը հետևել և նրա խրատները գործադրել»: Հիսուսի այդ խոսքերն իր մասին էին, և ոչ թե ուրիշի, թեպետ ինքը երրորդ դեմքով էր խոսում: Հրեաները լավ հասկանալով Հիսուսի ասածների նպատակը, խոսքն ուղղում են Իրեն և ասում. «Ի՞նչ փաստ, ի՞նչ նշան, ի՞նչ հրաշք կարող ես ցույց տալ, որ մենք վստահորեն հավատանք քեզ. ի՞նչ նոր բան պիտի անես, որովհետև Բեթսայիդայի հացերի նշանը մեծ բան չէ: Մովսեսը անապատում երկնքից մանանա իջեցրեց և մեր նախահայրերին կերակրեց, ինչպես Ս. Գիրքն է ասում. «Հաց յերկնից ետ նոցա ուտել»: Այդ հրաշքի հետ քո արածը համեամատելով՝ մեծ բան չէ, որ Մովսեսին թողնենք և քեզ հետևենք»: Հրեաները ակնարկում էին սաղմոսի մեջ գրվածը. «Տեղեաց ի նոսա մանանայ ի կերակուր, զհաց երկնից ետ նոցա. զհաց հրեշտակաց կերան մարդիկ» Սաղմ. 77:24-25:
Երբ հրեաները խոսեցին Մովսեսի մասին, մանանայի իջնելը վերագրեցին նրան և համեմատեցին Հիսուսի հետ, Հիսուս պարտավորվեց խոսքն ուղղել, և աստվածային գործերի պատճառը և հեղինակին ճշտել. «Լավ իմացեք,- ասաց Հիսուս, - մանանա իջեցնողը Մովսեսը չի եղել, այլ Երկնավոր Հայրն է, որ այն ժամանակ նյութական հաց ու կերակուր իջեցրեց, իսկ այս անգամ ճշմարիտ հացն ու կերակուրն է իջեցրել, և այս՝ երկնքից իջած և աշխարհին կյանք տվող հացն է, որը ես ձեզ առաջարկում եմ, որ փնտրեք և նրանով ճշմարիտ կյանքը ստանաք»: Բեթսայիդայի հացի օրնակից բացի՝ մանանայի օրինակն էլ այս կերպով սկսեց խառնվել Հիսուսի խոսքերին:
Հիսուս ի զուր փորձում էր լուսաբանել իր խոսքը և իր միտքը ժողովրդին հասկացնել: Հրեաները կարծում էին, որ կա միայն փորը կշտացնող հաց, բայց լսելով, որ մի տեսակ հաց կա, որ հաստատուն և մնայուն կերպով սնուցում է մարդուն, այդ հացը ունենալու փափագը զգացին. «Տեր.- ասում են, - մեզ միշտ այն հացից տուր»: Սամարուհին էլ կենդանի ջրի մասին լսելով և իմանալով, որ այն խմողը նորից չպիտի ծարավի, Հիսուսից այդ ջուրն էր խնդրում (Հովհ. 4:4-43): Ճիշտ նույն խելքով էլ կափառնայումցիները ուտելուց հետո, այդ չանոթեցնող հացից են ուզում:
Հիսուս տեսնելով, որ հրեաները իրենց նյութական գաղափարներից չեն հեռանում և Իր խոսքերի ներքին իմաստի մեջ չեն թափանցում, ստիպված էր իր ասածը կրկին պարզաբանել և ասում է նրանց. «Այն հացը, որ կյանք է տալիս և որի մասին ձեզ հետ խոսում եմ, Ես իսկ եմ. ով որ այն ուզում է, ինձ թող հետևի. և ով ինձ հետևի, իր հոգու սովածությունը կանցնի և այլևս չի քաղցի և չի ծարավի: Քիչ առաջ ես ձեզ ասում էի, որ ինձ փնտրում եք միայն ձեր փորը կշտացնելու համար և ոչ թե Իմ վարդապետություններով ձեր հոգին սնելու համար: Նորից եմ ասում, որ եթե իմ գործերն իմանաք, հրաշքներ տեսնեք, ճշմարտությունը լսեք, բայց և այնպես չեք հավատա: Ով որ կառաջնորդվի երկնային Հոր կողմից, նա կգա դեպի ինձ, և ով որ ինձ կգա, ես նրան Ինձանից չեմ հեռացնի, որովհետև իմ կամքը կատարելու համար չեմ երկնքից եկել, այլ միայն ինձ ուղարկող Երկնային Հոր կամքը կատարելու համար: Իսկ Երկնային Հոր կամքը այլ բան չէ, եթե ոչ բոլոր նրանց, ովքեր ինձ են հանձնված՝ դուրս չանեմ և չկորցնեմ, այլ աշխարհի վերջում վերակենդանացնեմ և դեպի հավիտենական կյանք առաջնորդեմ: Իմ Երկնավոր Հայրը բացարձակապես ուզում է, որ բոլոր նրանք, ովքեր ճանաչում են իր Որդուն և հավատում՝ հավիտենական կյանք ընդունեն են և վերջում կենաց հարության արժանանան»:
Հիսուսի այդ խոսքերը միանգամայն նման էին Պրոբատիկեի քարոզին (Հովհ. 5:19-47), ուր նույնպես դատաստանի, հարության և հավիտենական կյանքի մասին էր ասել, հետևաբար նույն կետերին անդառնալու հարկ չենք տեսնում: Հարությունն ու կյանքը հոգևոր վերակենդանությունն է, որ է վարդապետություն, այսինքն մեղքերի մեջ ընկնելուց հետո նորից վերադառնալ արդարության: Հիսուսի խոսքերը այլաբանական իմաստ ունեն. Բեթսայիդայի նյութական հացը առիթ է հանդիսանում ճշմարիտ վարդապետությունը հոգևոր հաց անվանելու, և այդ վարդապետությունն էլ լինելով իր քարոզածը՝ ինքն էլ երկնային հաց տվողն էր լինելու, ինչպես որ նյութական հաց տվողն էր եղել: Հիսուսի անձի, պաշտոնի և վարդապետության միջև եղած անձուկ և սերտ կապը, իրավունք էր տալիս Հիսուսի այլաբանությունը ընդարձակելու և, ինչպես ասում էր, թե իր հոգևոր հացը՝ իր վարդապետությունն է, նույն կերպով էլ ավելացնում ՝ «Ես եմ կենաց հացը»:
Բացատրության արժանի մի կետն էլ մյուս խոսքն է. «Զամենայն զոր տայ ինձ Հայր՝ առ իս եկեսցէ»: Այս խոսքերն այնպես են հնչում, կարծես թե Հիսուսի մոտ եկողներին Հայր Աստված է որոշում և սահմանում, և այս պարագայում Հիսուսի՝ հրեաներին ուղված հանդիմանությունները տկարանում են, որ իր մոտ չեն գալիս և չեն հետևում: Մեր նպատակը չէ Աստվածային ձրիատուր շնորհների և աստվածային նախասահմանության աստվածաբանական ծանր խնդիրների մեջ մտնելը: Մեզ համար բավական կլինի նշել, որ կրոնապես բարոյական և հոգևոր արդյունավետ գործերի մեջ երկու պայմանները համըհթաց և անբաժան քայլեն: Տվչությունն Աստծուց է և ձրի, ընդունելը մարդուց է և կամավոր: Աստծուց տրվածը շնորհ է, մարդու կատարածը՝ գործ: Աստվածային շնորհը և մարդու գործը իրար հետ համաձայնեցված պատրաստում են մեր հոգևոր փրկությունը: Եթե ոչ լրիվ, ապա շատ պայմաններով լավ օրինակ է անձրևը: Անձրևը ձրիաբար, առանց մարդու աշխատանքի հողը չի արգասավորի և մարդու կյանքին անհրաժեշտ արտերն ու այգիները, պարտեզները չեն պտղաբերի:
Շարունակենք Հիսուսի քարոզչության պարզաբանումը: Հրեաները սկսեցին իրար հետ խորհրդակցել, և գայթակղվելով Հիսուսի ասածներից՝ իրար հետ վիճաբանել ու լսած խոսքերի վրա տրտնջալ, թե ինչպես կլինի, որ Հիսուս իր մասին ասում է «Ես եմ հացն իջեալ յերկնից»: Վերն ասվածը ավետարանչի մեջ բերված խոսքերն էր. առաջ «Ես եմ հացն կենաց» և հետո «Իջի ես յերկնից». այստեղ երկու կարևոր կտորները կցված են իրար և վերջին մասն է հրեաներին գայթակղեցնողը: Հիսուս էլ իր բացատրության մեջ այդ պարզաբանումը չի հերքում, այլ հաստատում է: Այդ բառերը բնական կերպով էլ պետք է հայտնվեին, քանի որ բացատրությունը մանանայի մասին էր, որ երկնքից իջած հաց էր, իսկ Հիսուս մինչև այս էլ իր վարդապետությունը, հետո իր պաշտոնը և վերջապես իր անձը համեմատել էր մանանայի հետ: Հրեաների համար անհասկանալի էր մնում ոչ թե հաց լինելը, այլ երկնքից իջած լինելու խոսքը. «Մի՞թե մենք չգիտենք նրա որտեղից լինելը, մի՞թե հորն էլ չգիտենք, և մի՞թե Հովսեփի զավակը չէ. ապա ինչպե՞ս կարող է ասել, որ ես երկնքից եմ իջել»:
Հիսուսի պատասխանը ավելի ընդլայնված և ավելի պարզաբանված կրկնություն է սրանից առաջ ասածների: Հացի այլաբանությունը և մանանայի նմանությունը շարունակելով, բացատրվում է նաև ներքին և հոգևոր կյանքի էությունը, այսինքն՝ առանց Հիսուսի և առանց նրա վարդապետության ու հետևողության որոշվում է հոգևոր կյանքի բացակայությունը, և շեշտվուն է Հայր Աստծո կողմից այդ նույն կյանքի տրվելը: «Իզուր իրար հետ մի փսփսացեք, -ասում է Հիսուս,- և խոսքերիս իմաստը մի աղավաղեք, ոչ ոք ինձ չի հետևի, եթե Հայր Աստված ինչպես ինձ ուղարկեց, այնպես էլ նրան չկանչի, որպեսզի ես էլ նրան հոգևոր կենդանություն տամ: Նաև մարգարեների բերանով է ասվել. «Եղիցին ամենեքիան ուսեալք յԱստուծոյ»: Այդ վկայությունը Եսայու բնագրի մեջ կարդացվում է. «Եւ եդից... զամենայն որդիս քո ուսեալս յԱստուծոյ», իսկ հունարեն օրինակում ասվում է «Եւ եղիցին ամենեքեան ուսանելիք Աստուծոյ», մինչ մեր թարգմանությունն ունի «Եւ զամենայն որդիս քո խրատեալս յԱստուծոյ» Ես. 54:13: Ըստ այսմ՝ ուսանելն առնվում է Աստծուց, գործելու և այդ ձևով դեպի փրկություն առաջնորդվելու իմաստով: Հիսուս Եսայու վկայությունը հիշելուց հետո շարունակում է. «Ով որ լսում է Հայր Աստծու ձայնը և ուսանում հայտնածը, նա հետևում է ինձ: Այդ ասում եմ ներքնապես իմանալով, թե չէ Աստծուն տեսնող ու լսող չկա, բացի Նրանից, Ով Աստծուց է և Հայր Աստծուն է տեսել»: Այս խոսքով Հիսուս իրեն է ակնարկում և շարունակում է. «Ով հավատում է, նա հավիտենական կյանքի է արժանանում. Ես եմ կյանքի հացը: Ձեր հայրերը անապատի մեջ մանանան կերան և մեռան, իսկ նա, ով իմ ցույց տված երկնային հացը կուտի՝ չի մեռնի: Իսկ երկնքից իջած կենդանի հացը ես եմ, ով նրանից ուտի հավիտյան կապրի»: Մինչև այստեղ արդեն խոսացված կետերը կրկնվում էին, և հրեաները լսում էին:
Հիսուսի մասին խոսքը ունկնդիրներին նոր գայթակղություն և նոր սարսուռ բերեց. «Հացն զօր ես տաց մարմին իմ է, զօր ես տաց վասն կենաց աշխարհի»: Այս խոսքերն այստեղ ավելի դիպուկ է ըստ լատիներեն և հունարեն օրինակների, քանզի մեր թարգմանության մեջ ընդհանուր կերպով մարմին բառի տեղը դրված բառը հստակ նշանակում է միս, որը նվազեցնում է մարմին բառի այլաբանությունը: Դրանից հետո լսող հրեաների կրքերը բորբոքվում են. ով տալիս է Հիսուսի անունը, նա աչքի է ընկնում, թեպետ մյուս կողմից էլ մի խումբ կար, որ հիանում էր Հիսուսով: Գայթակղվողները, իհարկե, սկզբից ևեթ հակառակորդ դպիրներն ու օրենսգետներն են, որոնք էլ բարձրաձայն գոչում էին. «Ինչպե՞ս այս մարդը կարող է մեզ իր միսը կերցնել»:
Որքան այդպիսիների գայթակղությունից ստեղծված շփոթությունը շատանում է, այնքան Հիսուս իր բացատրություններն է ընդլայնում և շեշտում իր խոսքերը: Ահա Հիսուսի քարոզչության վերջին մասը. «Ճշմարիտ եմ ասում ձեզ, եթե Մարդու Որդու միսը չուտեք և արյունը չխմեք, կյանք չեք ստանա. ով որ իմ միսն ուտի և իմ արյունը խմի՝ հավիտենական կյանք կստանա, և ես նրան վերակենդանություն կտամ: Իմ միսը ճշմարիտ կերակուր է, իմ արյունը ճշմարիտ խմելիք է. ով որ դրանից կուտի և կխմի, նա իմ մեջ է, և ես նրա մեջ: Ինչպես որ ինձ կյանքի տեր Աստված ուղարկեց, և ես նրանով կյանքի տեր եմ, այնպես էլ ով ինձ ուտի՝ ինձնով կյանք կստանա: Ահա իմ ասած՝ երկնքից իջած հացը, ոչ թե ձեր հայրերի կերած մանանայի պես, որոնք կերան և մեռան, այլ այս հացը ուտողը հավիտյան կապրի»:
Գրեթե թարգմանաբար մեջբերեցինք Ավետարանի խոսքերը, որպեսզի երևա նրանց շեշտն ու ծանրությունը: Հիսուսի վերջին խոսքերն իբրև քարոզչության առաջին մասի շարունակություն, պետք է բացատրվեն Իր վարդապետության և Իր հետևողությամբ ստացվելիք հոգևոր վերակենդանացման կամ վերարդարացման ուղությամբ: Սակայն քարոզչության վերջին մասի մեջ դրված նոր շեշտը և մսի ու արյան ճշտաբանությունը, վերջին ընթրիքին հաստատված Ս. Հաղորդության խորհրդի հետ համեմատելով, եկեղեցու սուրբ հայրերն ու որոշ մեկնիչներ ձգտում են մի կանխասացություն տեսնել Հիսուսի այդ քարոզչության մեջ՝ կապված Քրիստոսի կերակուրի Մարմին և Արյան խորհրդի և անարյուն պատարագի հետ: Ուրիշներն էլ ելնելով. «Զոր ես տաց վասն կենաց աշխարհի» խոսքերից, Հիսուսի քարոզչության այդ մասը նկատում են իբրև Գողգոթայի այրունազանգ պատարագի կանխաբանություն:
Մյուս կողմից դիտողներ էլ կան, թե Հիսուսի նպատակը ոչ խաչելությունն էր, և ոչ էլ հաղորդությունը, թե հաղորդության պես խորին խորհուրդը անհնար էր այդպես անուղղակի կերպով բացատրել, թե Հովհաննես ավետարանիչը՝ որ այս պատմությունը գրողն է, ոչ մի խոսք և ոչ մի ակնարկ չի արել վերջին ընթրիքին հաղորդության խորհուրդ կատարելու վերաբերյալ, թե Հիսուսի խոսքերը լինելով ուղղակի մսի և արյունի վերաբերյալ, կապ չունեն հացի և գինու ձևով կատարվող խորհրդի հետ:
Իսկ մենք հարկ ենք համարում նշել, թե Ս. Գրքի խոսքերն երկու իմաստ ունեն, մեկը՝ գրական և մյուսը խորհրդական: Գրական իմաստով պատմական իրողությունը կամ նյութական վիճակն է ցույց տրվում, իսկ խորհրդական իմաստով նույն իրողությունների և իրերի տակ իմացվում են օրինակյալ, պատկերացյալ և նշանակյալ բաները: Արդ, եթե Հիսուսի քարոզչության խոսքերը գրական և պատմական իմաստով, Իր վարդապետության վրայով էլ մեկնաբանվեն, այնուամենայնիվ՝ վարդապետությունից հետզհետե Իր պաշտոնին, Իր անձին, Իր կատարվելիք փրկագործությանը, Իր խորհրդավոր ներկայությանը և յուրայինների հետ միավորմանը անցնելով հանդերձ, բավական հստակ և խորհրդական իմաստով Իր Մարմնի և Արյան կենարար խորհուրդն է ակնարկել:
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: