Մեկնություն Ավետարան ըստ Հովհաննու 8:12

Մաղաքիա արք. Օրմանյան

12-30. Յիսուս դարձեալ խօսեց ժողովրդի հետ ու ասաց. «Ես եմ աշխարհի լոյսը. ով իմ յետեւից է գալիս, խաւարի միջով չի քայլի, այլ կ՚ընդունի կենաց լոյսը»: Փարիսեցիները նրան ասացին. «Դու քո անձի մասին ես վկայում, եւ քո վկայութիւնը հաւաստի չէ»: Յիսուս պատասխանեց եւ ասաց նրանց. «Թէպէտ ես վկայում եմ իմ անձի մասին, իմ վկայութիւնը ճշմարիտ է, որովհետեւ գիտեմ, թէ որտեղից եկայ եւ ուր եմ գնում: Բայց դուք չգիտէք՝ որտեղից եմ գալիս կամ ուր եմ գնում: Դուք ըստ մարմնի էք դատում, ես ոչ ոքի չեմ դատում. թէկուզ եւ մէկին դատեմ էլ, իմ դատաստանը ճշմարիտ է, որովհետեւ մենակ չեմ, այլ՝ ես եմ եւ ինձ հետ է նաեւ իմ Հայրը, որ ինձ ուղարկեց: Եւ ձեր օրէնքում իսկ գրուած է, թէ երկու մարդու վկայութիւնը ճշմարիտ է: Ես նա եմ, որ վկայում եմ իմ մասին, եւ վկայում է իմ մասին Հայրը, որ ինձ ուղարկեց»: Նրան ասացին. «Ո՞ւր է քո Հայրը»: Յիսուս պատասխան տուեց եւ ասաց նրանց. «Ո՛չ ինձ էք ճանաչում եւ ո՛չ էլ իմ Հօրը. եթէ ինձ ճանաչէիք, թերեւս իմ Հօրն էլ կը ճանաչէիք»: Յիսուս այս խօսքերը խօսեց գանձատանը, երբ ուսուցանում էր տաճարում. սակայն ոչ ոք նրան չբռնեց, որովհետեւ նրա ժամը դեռ չէր հասել: Յիսուս դարձեալ նրանց ասաց. «Ես գնում եմ, եւ դուք ինձ կը փնտռէք եւ ձեր մեղքերի մէջ կը մեռնէք, քանի որ, ուր ես եմ գնում, դուք չէք կարող գալ»: Հրեաները ասացին. «Միթէ անձնասպանութեա՞ն կը դիմի, քանի որ ասում է, թէ՝ ուր ես եմ գնում, դուք չէք կարող գալ»: Եւ նրանց ասաց. «Դուք այս ներքեւից էք, իսկ ես՝ այն վերեւից. դուք այս աշխարհից էք, ես այս աշխարհից չեմ: Բայց ասացի ձեզ, որ ձեր մեղքերի մէջ կը մեռնէք. արդարեւ, եթէ չհաւատաք, որ ես եմ, կը մեռնէք ձեր մեղքերի մէջ»: Նրան ասացին՝ ո՞վ ես դու: Յիսուս նրանց ասաց. «Նա, որ սկզբից եւեթ խօսում էր ձեզ հետ: Շատ բաներ ունեմ ձեր մասին խօսելու եւ դատելու: Բայց նա, ով ինձ ուղարկեց, ճշմարիտ է. եւ ես, ինչ որ լսել եմ նրանից, ա՛յն եմ խօսում աշխարհում»: Եւ նրանք չիմացան, թէ Հօր մասին էր ասում իրենց: Յիսուս նրանց ասաց. «Երբ մարդու Որդուն բարձրացնէք, այն ժամանակ պիտի իմանաք, թէ ես եմ. եւ ես ինքս ինձնից ոչինչ չեմ անում, այլ՝ ինչպէս իմ Հայրն ինձ սովորեցրեց, ա՛յն եմ խօսում: Եւ ով ինձ ուղարկեց, ինձ հետ է. ինձ միայնակ չթողեց, որովհետեւ ես միշտ անում եմ, ինչ որ նրան է հաճելի»: Երբ այս բաները խօսեց, շատերը հաւատացին նրան:
   
    Սովորաբար Հովհաննու Ավետարանի Ը գլուխը մեկնիչների և ներածության գրողների կողմից հիշվում է Գանձատան քարոզ անվամբ, որովհետև Հիսուսի բոլոր խոսքերը ավետարանական քարոզներ են: Մենք նախընտրում ենք հիշել վիճաբանություն անունով, որովհետև ավետարանչի ներկայացրածը միանվագ Հիսուսի խոսքը չէ, ինչպես Լեռան քարոզը, (Մատթ. 5:1-2, 3-16, 17-48, 6:1-18, 19-34, 7:1-27) այլ ունկնդիրների հետ փոխանակած խոսակցություն, հրեաների կողմից առարկություն և Հիսուսից տրված բացատրություններն են, ինչպես որ պետք՝ առաջիկայում տեսնվի: Իսկ Գանձատուն անունը ավետարանչից ենք վերցնում, որ ասում է. «Զայս բանս խոսեցավ Յիսուս ընդ նոսա ի տան գանձին, յորժամ ուսուցաներ ի տաճարի անդ»:Իսկ գանձի տուն ասվածը պահեստի և անմերձենալի այն ներքին սենյակը չէ,որտեղ հարուստ և արժեքավոր իրեր են պահվում և կորստից ու գողությունից ապահովվում,այլ այն սրահն է,ուր դրված էր տաճարի գանձանակը,ինչպես այժմ էլ եկեղեցու դռների մոտ հաստատուն գանձանակներ են զետեղվում և մեր նոր բացատրությամբ կարող ենք կոչել տաճարի բակը:
    Ըստ այսմ գանձատուն ասվածը ամենքի անցուդարձի տեղն է, որպեսզի ամեն ոք դյուրությամբ կարողանար իր նվերը թողնել: Այստեղ խռնվում էր նաև ժողովուրդը, խոսակցում, լսում, նորություններ էր իմանում և այդ վայրը նույնպես սույն նպատակին էր ծառայում,ինչը որ Սողոմոնի Սրահի համար հիշեցինք: Տաճարի շրջապատում մեկից ավելի այսպիսի բաներ կային և ծառայում էին ժողովրդական համախմբությունների համար: Հիսուսի քարոզելու և խոսելու համար էլ շատ հարմար էին: Հիսուսին ուրիշ անգամ էլ պիտի տեսնենք այդ գանձատան մեջ կանգնած.ժողովրդին դիտելու և քարոզելու համար Մարկ. 12:41:
    Ավելի դժվար է ճշտել, թե Հիսուս երբ և ինչ առիթով խոսեց այն բոլոր վարդապետությունները, որ ներկայացված են այս նույն (Հովհ. 8 գլխում): Հատվածն սկսվում է «դարձեալ խօսեցաւ» բառերով,որ հավասարապես կարող է հասկացվել, թե Մարկ. 12:41«աւելացրեց եւ ասաց» և թե «ուրիշ անգամ էլ ասաց»: Եթե շնացյալ կնոջ միջանկյալ պատմությունն այստեղից դուրս բերվի, կարող է Տաղավարահարաց վերջին օրվա քարոզության շարունակությւոն ասվել, իսկ եթե շնացյալ կնոջ պատմությունը ճիշտ այստեղ ընդունենք, հարմար չի լինում բոլորի հեռանալուց հետո քարոզության շարունակություն ենթադրել: Նույնպես պետք՝ դիտել, որ այս գլխի շարադրանքում հաճախ ընդհատումներ կան, և խոսքը մեկ թեմայից մյուսին է փոխվում՝ առանց փոփոխության անցումը բացահայտ երևալու, այնպես որ շատ ավելի հավանական է ասել, թե առանձին խոսակցություններ են, զանազան առիթներով ասված, որոնք Տաղավարահարաց տոնի օրերին և տոնի հաջորդ օրերին, Երուսաղեմի տաճարում խոսվեցին Հիսուսի կողմից: Եվ այդ բոլորն էլ միևնույն նպատակն էին հետապնդում, այսինքն՝ Հիսուսի Մեսիական կերպարին և աստվածային առաքման պատկանելուն, ավետարանիչը քաղել և իրար շարահարելով ամփոփ մի հատված է կազմել:
    Հիսուսի կողմից արտահայտված առաջին խոսքն էլ կատարյալ բնաբանի կամ առավել ևս, ապացուցող նախադասության ձև ունի, որի շուրջն են պտտվում հրեաների առարկությունները և Հիսուսի պաշտպանողական խոսքերը: Հիսուս ասում է. «Ես աշխարհի լույսն եմ, իմ ետևից եկողը լույս պիտի տեսնի, իմ ետևից չեկողը խավար կմնա»: Լույսը որպես Մեսիայության փոխաբերություն, թե ընդհանուր ըմբռման մեջ կար և թե Հովհաննեսի ոճի տիրող ձևն է: Ավետարանի սկզբում էլ ասում էր. «Էր լոյսն ճշմարիտ, որ լուսավոր առնէ զամենայն մարդ, որ գալոց է յաշխարհ» Հովհ.1:9: Այլ խոսքով և ավելի պարզ բաղատրությամբ Հիսուս ուզում էր ասել «Ձեր սպասած Մեսիան ձեզ երջանկացնողն ու լուսավորողը պիտի լինի, ահա այդ Մեսիան ես եմ, ինձնից բարի Մեսիա մի փնտրեք»:
    Փարիսեցիներն են, որ առաջ են անցնում և վիճաբանությամբ ու փաստաբանությամբ աշխատում են Հիսուսին նվաստացնել, որպեսզի Տաղավարահարաց միջին և վերջին օրերում ժողովրդի մեջ բորբոքված խանդավառությունը մարեն և հետո դյուրին լինի Հիսուսի վրա ձեռք բարձրացնել, առանց հուզման առիթ տալու: Իրենց առաջին և գլխավոր առարկությունն է «Դու ես միայն, որ վկայում ես քո անձի մասին, ուրեմն քո ասածն էլ ճշմարիտ չէ»:
    Հիսուս պատասխանում է. «Ես իմ մասին վկայելով,որպես ճշմարիտ վկա պետք է ընդունվեմ: Իր մասին վկայողն ընդունելի չի լինում, որովհետև ենթադրվում է, թե առանց խղճի և առանց ուղղության, անձնական շահի և անձնական կրքի ազդեցության ներքո է վկայում, կամ, այսպես ասած, ըստ մարմնի է մտածում և խոսում: Մինչդեռ ես այսպես չեմ խոսում: Ուղղամին, խղճամիտ և արդար մի մարդու խոսքը որպես ճշմարտություն է ընդունվում ամեն առիթներով, անգամ երբ խնդիրն իր անձի վերաբերյալ լինի, այդպիսին է նաև իմ խոսքը: Բացի սրանից, եթե դուք էլ իմանայիք, ինչ որ ինձ հայտնի է, թե ես ով եմ, որտեղից եմ եկել, ինչու եմ ուղարկվել,ինչ նպատակ եմ հետապնդում և ինչ վախճանի են սահմանված, դուք էլ կհամոզվեք, որ ես իմ մասին վկայելու դեպքում էլ իրավունք ունեմ ասելու, որ հավատան դրան»: Այս առաջին պատասխանով Հիսուս մեկնաբանում է փարիսեցիների առաջ քաշած սկզբունքը, թե ոչ ոք չի կարող իր վկան լինել, որ այդ սկզբունքն ընդհանրապես վերցվում է այն պատճառով, երբ խոսողը կասկածի տակ է նկատվում, բայց չի տարածվում նրանց վրա, ովքեր կասկածից վեր են: Հիսուս մի երկրորդ բացատրություն էլ է տալիս՝ ընդունելով հանդերձ փարիսեցիների առաջ քաշած սկզբունքը: «Իմ հայտարարության համար, - ասում է Հիսուս,- թեպետ ձեզ այնպես է թվում, թե միայն ես եմ, որ վկայում եմ, սակայն միայն ես չեմ, ինձ հետ վկայում է նաև իմ երկնավոր Հայրը: Այդ ձեր իսկ ընդունած օրենքն էլ ասում է, թե երկու վկաների վկայությունը ճշմարիտ է: Ահա ուրեմն այդ հայտարարությունն էլ երկու վկաներ ունի, մեկ վկան ես եմ, իսկ մյուս վկան՝ Երկնավոր Հայրը, որ ինձ ուղարկեց»: Երկու վկաների մասին ասվածն ակնարկում է Մովսեսի օրենքում եղած խոսքը. «Ոչ հաստատեցի մի վկայ վկայել մարդոյ ըստ ամենայն ապիրատութեան: Երկուք եւ երիւք վկայիւք մեռցի, որ մեռանիցին, եվ մի մեռցի միով վկայիւ»: Բայց մովսեսի օրենքը պատժական դատարանի վկայությունների համար էր և ոչ թե վարդապետական որևէ ճշմարտություն հաստատելու համար, մահապարտության վճիռ տալու վկայություն և ոչ որևէ ճշմարտության հաստատում: Հիսուս այդ տարբերությունը ինչ որ ձևով զգացնել է տալիս փարիսեցիներին, որովհետև գիտական ճշմարտության մեջ մեկ մեկ գիտնականի տված վկայությունն էլ օրինավոր փաստ է: Երբ Հիսուս ինքն իրեն որպես վկա է ներկայացնում և երկնավոր Հոր հետ երկու վկա հաշվում, ուրեմն Իրեն որպես մի ամբաստանյալ չի նկատում, ում համար վկայողները ամբաստանյալից տարբեր անձեր պետք է լինեն, այլ որպես վկայվելիք կետ է դնում վարդապետական ճշմարտությունը, որտեղից դուրս են լինում երկու վկաները՝ Հիսուս և Երկնավոր Հայրը: Իսկ թե Երկնավոր Հայրն ինչպես է վկայում, Հիսուս չի բացատրում կամ եթե անգամ բացատրել է՝ ավետարանիչը չի հիշում, որովհետև Պրոբատիկեի ավազանի քարոզի մեջ արդեն խոսել էր Երկնավոր Հոր վկայության մասին: (Հովհ. 5:19-47)
    Այս պարագաները զգւմ են նաև փարիսեցիները, այդ պատճառով Հիսուսի դեմ չեն առարկում, թե ինչպես է վկայում Երկնավոր Հայրը և ոչ էլ ասում են, որ եթե Երկնավոր Երկնավոր Հոր Վկայությունը ևս ընդունենք՝ միայն մեկ վկա ունեցած կլինենք, քանի որ դու ամբաստանյալ ես և արպես վկա չես կարող համարվել: Ուրեմն, ընդունում են, որ խնդիրը ոչ թե մի անձի, այլ մի վարդապետության շուրջ է, և թե Հիսուս ե թե Երկնավոր Հայրը որպես վկա ընդունում են:
Փարսեցիների առարկությունների կրկնությունը մեկ այլ կողմից է վերցված «Իմ հայրը ասաց վկայիդ - ասում են - պետք է մեն էլ ճանաչենք և գա մեր առջև վկայի: Ուր է ուրեմն այդ քո Հայրը»:
    Հիսուս արգահատելով պատասխանում է «Դեռևս ինձ չեք ուզում ճանաչել, ինչպես պիտի Հորս ճանաչեք: Ես ձեզ երկրավոր և բնական ծնողի մասին չասացի, Աստծուց առաքված լինելը պատմեցի և այդ առաքման իմաստով Հորս էլ հիշեցի: Եթե իմ ասածներս հասկանայիք, Հորս մասին ասածներս էլ կհասկանայիք: Երբ համոզվեք, թե ես ով եմ, նույնով կճանաչեք, թե Հայրս էլ ով է և Հորս ճանաչելու հարցեր չեք տա»:
    Ավետարանիչն այստեղ անցողիկ հիշում է, թե որքան էլ Հիսուս այսպես հստակ կերպով հայտնում էր Իր աստվածությունը և հայտարարում Աստվածորդի լինելը,ինչը որ կարող էր իրեն որպես հայհոյիչ ընբռնել տալ և իբրև հայհոյիչ բռնել ու սպանել, սակայն ոչ ոք այդ մտածումը չունեցավ և վրան ձեռք չբարձրացրեց, որովհետև Հիսուսի փրկագործ մահվան համար սահմանված ժամանակը դեռ չէր լրացել և Հիսուս դեռ քարոզելու և գործելու ժամանակ ուներ:
    Ավետարանիչը մի նոր խնդիր,գուցե և մի այլ օրվա մեջ մի վիճաբանություն է ներկայացնում «Ասէ դարձեալ» սկսվածքով, որ շատ լավ կարող է հասկացվել որպես «մեկ ուրիշ անգամ էլ ասաց»: Հիսուս ասում է. «Ես շուտով պիտի հեռանամ այս աշխարհից, բայց այն ժամանակ պիտի սկսեք ինձ փնտրել, որ փրկություն գտնեք, բայց ինձ ու փրկություն պիտի չգտնեք և ձեր մեղքերի մեջ պիտի կորչեք, որովհետև ձեզ համար պիտի անհնար լինի իմ գնացած տեղը գալ»: Հիսուսի հեռանալը իր մահից հետո Երկնավոր Հոր մոտ վերադառնալն է: Այդ հեռացումը պիտի կատարվի Հիսուսի սպանության համար ծրագրված մտադրության գործադրությամբ, և նրանք, որ Հիսուսի մահը պատրաստեցին, իրենց գործածը հավանելով, պիտի չկարողանան մտքերն ու սրտերը փոխելլ և արժանի պիտի չլինեն դարձյալ Հիսուսին և Երկնավոր Հոր մոտ լինել: Ով մերժում է Հիսուսին,երկնավոր Հոր մոտ չի կարող գնալ:
    Փարիսեցիներն սկսում են ծիծաղելով իրար ասել. «Ուր է այդ տեղը, ուր ինքը պիտի գնա, և մենք պիտի չկարողանանք գնալ: Արդյոք կամովին այն աշխարհ պիտի գնա: Անձնասպանության ակնարկը գեղեցիկ բառախաղով բացատրված է գրաբարում. «Ուր եսն երթամ, Զիւրովին երթայցե» ինչը որ Հիսուսի օգտագործած լեզվի և ավետարանի բնագրի համեմատ առավելության մասին է խոսում: Հրեաներն ուրիշ անգամ նույն խոսքերը հեթանոսների երկրներ գնալու մասին էին մեկնել  (Հովհ. 7:32-44), բայց այն ժամանակ ժողովուրդն էր խոսում զարմանքով,իսկ այստեղ փարիսեցիները՝ հեգնելով:
    Հիսուս լսում է այդ հեգնական առարկությունը և պատասխանում «Դուք երկրային հոգով եք խոսում, մինչ ես ձեզ երկնային հոգով եմ խոսում: Դուք երկրաքարշ և ստորին նպատակով եք գործում, ես վերնային և երկնավոր նպատակ եմ հետապնդում: Դուք ամբողջությամբ մարդկային եք այս աշխարհի մեջ պարփակված, ես աստվածային եմ և այս աշխարհից վեր եմ բարձրանում, ինչ զարմանք, ուրեմն, որ իմ խոսքերը ձեզ խաղրելի թվան: Ես ձեզ ասացի, թե ձեր մեղքի մեջ պիտի կործանվեք և իմ խոսքը հաստատում եք ձեր կյանքով, որովհետև եթե չեք ուզում ինձ հավատալ և իմ Աստծուց ուղարկված լինելն ընդունել, ձեր մեղքից չեք ազատվի և ձեր մեղքերում պիտի կործանվեք: Իմ խոսքը ձեր մասին կամայական վճիռ չէր, այլ ձեր ընթացքի նախատեսությունն էր և ահա հաստատում եք իմ նախատեսությունը»:
    Փարիսեցիները կրկնում են «Դու ո՞վ ես,որ քեզ հավատանք»: Բոլորովին ավելորդ մի առարկություն, քանի որ Հիսուս իր ով լինելը մինչև վերջ բացատրել էր, հետևաբար, փարիսեցիների խոսքը, եթե հետին տգիտության հետևանք չէր, ապա բացահայտ հեգնանք էր: Հիսուս էլ այսպես է ըմբռնում և խիստ կերպով պատասխանում «Ես նա եմ, որ մինչև հիմա իմ ով լինելը բացատրում եմ ձեզ. նախ զի եւ խօսիմս իսկ ընդ ձեզ»: Այս ասելուց հետո փարիսեցիները մի պահ շփոթվում են, տեսնելով, որ դեռ շարունակում է. «Դեռևս շատ ու շատ բաներ ունեմ ձեզ ասելու և ձեզ հանդիմանելու, որովհետև պետ է ասեմ այն ամենը, որոնք երկնավոր Հորիցս լսել և ընդունել եմ: Նա ճշմարիտ է և նրա պատգամները ճշմարտություն են, պետք է հայտնվեն աշխարհին: Դուք էլ մի օր այդ բանում պիտի համոզվեք, բայց իմ մահից հետո, երբ ինձ խաչի վրա բարձրացած տեսնեք և այդ խաչի հրաշքներն ու զորությունն էլ տեսնեք, այն ժամանակ պիտի իմանաք,թե ով եմ եղել և թե ես ինքս ինձ ընծայող և ինձնից բան հնարող չեմ եղել և թե ինչ որ ընդունել եմ Երկնավոր Հորիցս,այն եմ միայն քարոզել և վարդապետել: Ինձ պիտի սպանեք, բայց ոչ իմ գործը, որովհետև Երկնավորի զորությունն ինձ հետ է, և Նա ինձ երբեք չի թողել և պիտի չթողնի, որովհետև ես էլ իր հրամայածից և ուզածից ավելի ոչինչ չեմ անում»: Հրեա ունկնդիրները, ովքեր լսում էին փարիսեցիների և Հիսուսի վիճաբանությունը, թեպետև հստակ չէին թափանցում Իր Երկնավոր Հոր մասին ասված Հիսուսի խոսքերի մեջ,սակայն զգում էին Հիսուսի խոսքերի հեղինակությունն ու զորությունը և այդ ազդեցության տակ շատերը հավատացին Հիսուսին, ինչպես վկայում է Ավետարանիչը: Այստեղ պետք չէ հավատալը որպես կատարյալ հավատք և որպես Հիսուսի վարդապետության պաշտոնական հետևող լինելը, այլ բավարար է հասկանալ թրպես լոկ համակրական վերաբերմունք և Հիսուսի խոսքերը լսելու սիրահորդոր հոժարություն: