Սրբ. Հովհան Ոսկեբերան (†407)
«Դուք եք աշխարհի լույսը։ Չի կարող թաքնվել այն քաղաքը, որը կանգնած է լեռան գագաթին»։
Այնուհետև Քրիստոս անցում է կատարում մեկ այլ, առավել բարձրահունչ համեմատության. «Դուք եք», - ասում է Նա, - «աշխարհի լույսը»: Եվ դարձյալ՝ «աշխարհի´». ո´չ թե մեկ ժողովրդի, ո´չ թե քսան քաղաքների, այլ ամբողջ աշխարհի: Խոսքը «հոգևոր լույս»-ի մասին է, ինչպես հոգևոր աղի պարագայում էր: Եվ այս հոգևոր լույսը գերազանցում է տեսանելի արևի ճառագայթներին: Սկզբում Հիսուս նրանց (Իր աշակերտներին) անվանեց «աղ», իսկ այնուհետև՝ «լույս», որպեսզի դու իմանաս, թե որքան օգուտ կա խիստ խոսքերից և որքան օգուտ՝ մաքրամաքուր ուսուցումից: Այն զսպում է և չի թույլատրում ցրվել, այլ, ուղղորդելով դեպի առաքինություն, առավել զգոն է դարձնում:
«Չի կարող թաքնվել այն քաղաքը, որը կանգնած է լեռան գագաթին»: Եվ՝ «ճրագը վառելով՝ այն չեն դնում գրվանի տակ, այլ աշտանակի վրա» (Մատթ. 5:15): Այս խոսքերով Քրիստոս Իր աշակերտներին կրկին հորդորում է խստակենցաղ կյանք վարել՝ սովորեցնելով նրանց լինել զգույշ, քանի որ նրանք պետք է ներկայանային բոլորի առջև և պայքարեին ամբողջ աշխարհի մրցասպարեզում: «Մի նայեք այն հանգամանքին, - ասում է Նա, - որ այժմ մենք նստած ենք այստեղ, որ գտնվում ենք աշխարհի ամենափոքր մի հատվածում: Ո´չ և ո´չ, դուք նույնքան նկատելի կլինեք բոլորի համար, որքան քաղաքը, որ կանգնած է լեռան գագաթին, և ինչպես ճրագը, որ դրված է աշտանակի վրա և լուսավորում է բոլոր նրանց, ովքեր տան մեջ են»:
Այժմ որտե՞ղ են նրանք, ովքեր չեն հավատում Քրիստոսի զորությանը: Թող լսեն սա և, զարմանալով մարգարեության զորության վրա, երկյուղածությամբ երկրպագեն Նրա զորության առջև: Մտածի´ր, իսկապես, որքան շատ բան էր խոստացված նրա´նց, ովքեր նույնիսկ իրենց սեփական քաղաքում անհայտ մարդիկ էին: Երկիրն ու ծովը պիտի ճանաչեն նրանց, և նրանց անվան փառքը պիտի տարածվի մինչև տիեզերքի եզրերը: Ավելի ճիշտ` պիտի ճանաչվի ոչ թե նրանց փառքը, այլ` նրանց բարի գործերը, քանի որ ոչ թե Փրկչի աշակերտների բարձրագոչ փառքն էր նրանց ամենուր հայտնի դարձնում, այլ հենց նրանց մեծասքանչ գործերը: Նրանք, թռչունների նման, արևի ճառագայթներից էլ ավելի արագ սլացան ամբողջ տիեզերքով մեկ՝ ամենուր տարածելով աստվածպաշտության լույսը:
Այստեղ, իմ կարծիքով, Քրիստոս ջանում է Իր աշակերտների մեջ ավելի շատ խիզախություն սերմանել, քանի որ Իր «չի կարող թաքնվել այն քաղաքը, որը կանգնած է լեռան գագաթին» խոսքերով Նա հստակորեն արտահայտում է Իր զորությունը: Ինչպես նման քաղաքը չի կարող թաքնվել, այնպես էլ Ավետարանը չի կարող գաղտնի մնալ և անհայտության մեջ լինել: Քանի որ նախկինում Քրիստոս արդեն իսկ խոսել էր հալածանքների, զրպարտությունների, չարախոսությունների և թշնամանքի մասին, ուստի որպեսզի աշակերտները չմտածեին, թե այդ ամենը կարող էր խոչընդոտել իրենց քարոզչությանը, Նա, Իր աշակերտներին ոգեշնչելով, ասում է, որ Ավետարանը ոչ միայն անհայտ չի մնալու, այլև լուսավորելու է համայն տիեզերքը, և դրա միջոցով իրենք` աշակերտներն էլ են փառավոր ու հռչակավոր դառնալու: Այսպիսով, Քրիստոս այստեղ ցույց է տալիս Իր զորությունը, իսկ հետագա խոսքերում արդեն խիզախություն է պահանջում Իր աշակերտներից:
Տե՛ս Մեկնություն Ավետարան ըստ Մատթեոսի գլուխ 5:13
Սրբ. Ներսես Շնորհալի (†1173)
14-15. Դո՛ւք էք աշխարհի լոյսը. մի քաղաք, որ լերան վրայ է կանգնած, չի կարող թաքնուել:Եւ ճրագ վառելով կաթսայի տակ չեն դնում, այլ՝ աշտանակի վրայ, եւ նա լոյս է տալիս բոլոր նրանց, որ տան մէջ են:
Դուք եք աշխարհի լույսը:
Տե՛ս այս մեծ պատիվը. ըստ բնության Իր անունով կոչում է հողեղեն մարդկանց, որովհետև Նա, Ով Իր մասին ասում էր. «Ես եմ աշխարհի լույսը» (Հովհ. 8:12) և «Ես իբրև լույս եկա աշխարհ» (Հովհ. 12:46), այժմ աշակերտներին է ասում. «Դուք եք աշխարհի լույսը»: Ինչպես որ Լույս Հոր Որդին իբրև լույս ծագեց աշխարհին, այդպես էլ սրանք, Լույս Որդու կողմից լույս դառնալով և կոչվելով, ուղարկվեցին աշխարհի լուսատուները լինելու: Լույս՝ ո՛չ զգալի, այլ իմանալի՛ և արեգակի ճառագայթներից էլ պայծառ: Եվ ոչ թե մեկ ազգի համար, այլ ամբողջ աշխարհի: Ինչպես որ աղն է հոգևոր, այդպես էլ՝ լույսը: Բայց նախ աղը, ապա՛ լույսը, որովհետև նախ պետք է կսկծեցնել և ապա՛ առողջացնել ու լուսավորել. որովհետև եթե աչքերի հիվանդությունը կսկծեցնող դեղերով չբուժվի, [աչքերը] չեն լուսավորվի: Եվ ինչպես որ մարմնի աչքը, երբ հաղորդակցվում է արևի լույսին, բոլոր երևացող բաները տեսնում է, այդպես էլ երբ հոգու աչքը՝ միտքը, մաքուր կյանքով ու ճշմարտությամբ հաղորդակցվում է Աստվածության իմանալի լույսին, [վերջինս] նրան հանում է բարձունքներ և ցույց տալիս Աստծո ծածկված իմաստությունը, իջեցնում նրան խորքերը և հայտնում Քրիստոսի աստվածային տնօրենության գաղտնիքները: Այս պատճառով էլ [Տերն] ասում է. «Դուք եք աշխարհի լույսը»՝ Ադամի փոխարեն, ով հաղորդակցվեց հպարտացած խավարին, և [վերջինս] խավարեցրեց նրան: Եվ «դուք եք երկրի աղը»՝ նախաստեղծի փոխարեն, ով հող ու կերակուր դարձավ իրեն խաբողի համար: Ուստի դուք օձին կուրացնող ա՛ղ դարձեք և լո՛ւյս՝ լուսավորելու նրանից խավարածներին:
[Աշակերտներին] «լույս» անվամբ պատվելուց հետո [Տերը] խրատում է տեսանելի օրինակներով հայտնի և անշեջ պահել լույսը սեփական անձերում: Ասում է.
Չի կարող թաքնվել այն քաղաքը, որը կանգնած է լեռան վրա: Եվ ճրագը չեն վառում ու դնում ամանի տակ, [այլ աշտանակի վրա, և լույս է տալիս տանը բոլոր գտնվողներին]:
Քանի որ [Տերը] նեղությունից ու հալածանքից էր խոսել, որպեսզի չկարծեին, թե այդ պատճառով իրենք ստիպված են լինելու միշտ թաքնվել, քաջալերում է նրանց: Ոչ միայն չեք թաքնվելու, ասում է, այլև դրանով լուսավոր ու նշանավոր եք դառնալու ամբողջ աշխարհով. որովհետև ինչպես որ հնարավոր չէ, որ քաղաքը թաքնվի, այդպես էլ անկարելի է, որ ձեր քարոզությունը լռի: Սրանով խրատում է նրանց նաև միշտ զգոն լինել, ասես ամենքի աչքի առաջ են: Մի՛ նայեք նրան, ասում է, որ այժմ մի անկյունում ենք նստած, որովհետև այնպես տեսանելի եք դառնալու, ինչպես լեռան վրա կառուցված քաղաքը և աշտանակի վրա դրված ճրագը: Տես ի՛նչ է խոստանում նրանց: Ովքեր իրենց երկրում [իսկ] ճանաչված չէին ամենքի կողմից, ճանաչվեցին ծովում ու ցամաքում. ըստ Դավթի՝ «Նրանց ձայնն ամբողջ երկրով տարածվեց» (Սաղմ. 18:5), քանի որ արևի ճառագայթներից էլ առավել տարածեցին աստվածպաշտության լույսը աշխարհում:
Արդ՝ նրանով, որ ասում է, թե չի կարող քաղաքը թաքնվել, [Տերն] Իր զորությունն է ցույց տալիս, որ շինեց Իր Եկեղեցին երկնային լեռան՝ հավատքի հիմքի վրա: Իսկ հաջորդ [խոսքով] հայտնում է [Իր աշակերտների] համարձակությունը և հոգևոր զգաստությունը: Ասում է. «Եվ ճրագը չեն վառում ու դնում ամանի տակ»: Լույսը, ասում է, Ես եմ վառում որպես ճրագ ձեր մեջ, բայց այն անշեջ պահելը ձե՛ր գործն է՝ ոչ միայն ձեզ համար, այլև ուրիշների, ովքեր վայելում են դրա լուսավորությունը: Դրանով նաև կարողություն եք ստանում այս աշխարհը ճշմարիտ հավատքին բերելու և Աստծո անվան փառավորման պատճառ եք դառնում: Իսկ եթե սրա հակառակը գործեք, մարդկանց կորստյան կմատնեք և Աստծո անունը հայհոյել կտաք:
Ասում է, որ ճրագն աշտանակի վրա դրվի: Ինչպես որ բարձր տեղում դրված ճրագը լուսավորում է բոլոր մերձակա առարկաները, և ամենքի աչքերը տեսնում են այն, այդպես էլ, երբդուք ուղիղ առաջնորդեք, բարի օրինակ կդառնաք:
Ուստիև ասում է.
Ստեփանոս Սյունեցի (†735)
Դո՛ւք էք աշխարհի լոյսը. մի քաղաք, որ լերան վրայ է կանգնած, չի կարող թաքնուել:
«Դուք եք աշխարհի լույսը. մի քաղաք, որ լեռան վրա է կանգնած, չի կարող թաքնվել»:
Լույսը, ինչպես բոլորին հայտնի է, խավարի հակառակը, հալածիչը և կորուսիչն է: Լուսատուների ծագելուց խավարը հալածվելով կորչում է, և ծավալվում է լույսը: Նույն օրինակով և իմանալի լույսի՝ սուրբ առաքյալների վարդապետության ծագելով, մարդկանց խավարված հոգիները, որ մթին վարդապետությամբ անդունդների վրա էին, խավարից դուրս հանեց և Քրիստոսի ճշմարիտ լույսը ծավալեց:
«Մի քաղաք, որ լեռան վրա է կանգնած, չի կարող թաքնվել»:
Քաղաք անվանեց առաքյալներին, սակայն ոչ այս տեսանելի քաղաքների [նմանությամբ], որոնք պարիսպներից և այլ հողեղեն նյութերից շինություններ են, որովհետև այդպիսի քաղաքը, որ լեռան վրա է շինված, թեպետև մեծ է, բայց դիտողի հեռավորության և կամ լեռան բարձրության պատճառով թաքնվում է աչքի տեսողությունից:
Նաև Իրեն «լեռ» անվանեց, ինչպես ասվեց սաղմոսում. «Աչքերս դեպի լեռները բարձրացրի, որտեղից ինձ օգնություն պիտի գա» (Սաղմ. 120:1): Իսկ առաքյալներին, Երուսաղեմի՝ Վերին Քաղաքի որդիներին քաղաք [անվանեց]. այսպիսի քաղաքը, որ շինված է Ի՛մ լեռան և Ի՛մ վեմի վրա, չի կարող թաքնվել, ուստի առաքյալները՝ լեռան վրայի քաղաքները, և նրանց վարդապետությունը չթաքնվեցին մարդկանցից, որի համար սաղմոսերգուն վկայում է՝ ասելով. «Ողջ երկիրն է բռնել նրանց ձայնը, և մինչև աշխարհի ծայրն են հասել նրանց խոսքերը» (Սաղմ. 18:5):
Այն երանելի լույսը չծածկվեց «կաթսայի» և այս աշխարհի մեծության տակ, որ այս խավար աշխարհի իշխան անվանվեց: Քանի որ Նա, Ով վառեց ճրագը, կաթսային իշխանություն չտվեց նրան ծածկելու, այլ աշտանակի վրա դրեց՝ Իր իշխանական ենթակայության տակ, որպեսզի լույս տա ամբողջ աշխարհին:
«Կաթսա» է ասվում սատանան այն իմաստով, որ Քրիստոսի վարդապետությունը՝ գիտությունն ու առաքինությունը, սովորողներից ոմանց իր պատրանքների մեջ գցելով՝ հարկադրում է այլոց չվարդապետել, այլ թաքցնել: Ինչպես և ասվում է, հրապուրվելով նրա ուսուցումից՝ տրված տաղանդները թաքցնում են գետնի, այսինքն՝ իրենց մարմնական ախտերի տակ: Ուստի և անիծվելով ելնում են արտաքին խավար, ուր աչքերի լաց և ատամների կրճտում [կա] (Մատթ. 22:13):
Իսկ ով հինգ քանքար վերցրեց և [նորերը] շահեց, նա չթաքցրեց այն կաթսայի՝ խավարային խարդախության տակ, այլ լուսավորեց նաև ուրիշներին ու [Տիրոջից] լսեց. «Բարի՛ և հավատարի՛մ ծառա, մտի՛ր քո Տիրոջ ուրախության մեջ» (Մատթ. 25։ 21): Նույնպես և նա, ով երկու [քանքար ստացավ]: Եվ ի՞նչ է խորհրդանշում հինգը կամ երկուսը: Աստծու կամքով յուրաքանչյուրի մասին իր տեղում կպատմենք ըստ կարողության:
«Մի՛ կարծեք, թե օրենքը կամ մարգարեներին ջնջելու եկա, չեկա ջնջելու, այլ լրացնելու» (Մատթ. 5։ 13):
Այսուամենայնիվ, ինչո՞ւ պարզամիտներից ոմանց կողմից օրենքների ջնջում չպիտի կարծվի: Աստծուց Մովսեսին հրամայվեց օրենք սահմանել, որպեսզի յոթերորդ օրը հանգիստ լինի բոլոր գործերից (Ելք 34:21), ուստի և [այն մարդը], ով շաբաթ օրով փայտ է հավաքում, քարկոծվելով պիտի մահանա (տե՛ս Թվեր 15:32): [Սահմանվեց] նաև յոթերորդ տարում ծառաներին ազատություն և պարտքերի ներում շնորհել (Բ Օր. 15:1-3, 12): Եվ հիսուներորդ [տարում], որը կոչվում էր հոբելյանական [տարի], հրամայվեց նույնը կատարել` համաձայն սրանց (Ղևտ. 25:8-10): Եվ որոշ չորքոտանիների, թռչունների և ջրային կենդանիների մովսիսական օրենքը առանձնացրեց՝ կերակուրի համար (Ղևտ. 11): Նաև քահանայական աստիճանին անհնարին է մոտենալ միականուն, կաղին, գոսացած ձեռք ունեցողին կամ ախտացած մարմնով մեկին:
Արդ, քանի որ այժմ այդ ամենը անխտրությամբ չի կատարվում քրիստոնյաներիս մեջ. [այսինքն]՝ շաբաթ օրը չի դադարեցվում գործ անելը, որոշ կենդանիների մեջ խտրականություն չի դրվում կերակուրի համար օգտագործելիս և քահանայական ձեռնադրության համար արատավորներին չի արգելվում, ծառաներին ազատություն և պարտքերի ներում շի շնորհվում՝ համաձայն սահմանված ժամանակի, և այլ շատ կարգեր, որ մովսիսական օրենքով չի հրամայված լուծարել, որոնք սակայն այժմ չեն կատարվում, ապա ինչո՞ւ է ասում. «Չեկա օրենքը կամ մարգարեներին ջնջելու, այլ լրացնելու» (Մատթ. 5:17):
Արդ, լուծենք բոլոր այս խնդիրները: Նախ՝ յոթերորդ օրվա մասին հայտնի է, որ այն գալիք յոթերորդ [դարի] օրինակն է, որը ստուգապես օրհնվեց և սրբվեց, որում չի լինում երեկո, և այն չի փոխվելու խավար գիշերով՝ ակնարկելով այն յոթերորդ օրը, որում աշխարհը դադարում է վեցօրյա զբաղմունքներից: Յոթերորդ օրը՝ հանդերձյալի ստվերն ու օրինակը, օրհնված է ասվում, որի մեջ մովսիսական օրենքը հրամայվեց դադարեցնել, ո՛չ ճշմարտապես, այլ ստվերապես: Եվ որ այս սուտ չէ, այլ ճշմարիտ, հայտնի է դառնում Մովսեսի պաշտոնյա Հեսուի[գործերից], որ հրամայեց յոթ օր պտտվել Երիքովի պարսպի շուրջը (Հեսու. 6:14-15)՝ առանց օր բաց թողնելու, և պարզ է, որ այդ յոթ օրերից մեկը համապատասխանում է [շաբաթվա] յոթերորդ օրվան: Ապա, ուրեմն, որպես օրինակ և ստվեր՝ Հեսուի կողմից նախկին [օրենքը] լուծարվեց: Երբ ասում ենք [օրենքը] լուծարել, [հասկանում ենք] շաբաթ օրով տեսանելի գործեր գործել:
Իսկ քահանայական աստիճանի վերաբերյալ, որ քրիստոնյաների կողմից կարգորոշվեց, նաև մարմնով արատավորվածներին վիճակել ք ահանայության, թող հայտնի լինի. առաջին՝ որ նաև քրիստոնյաների մոտ այդպիսի քահանաներին արգելվեց քահանայագործության մոտենալ: Երկրորդ՝ նոր կարգով այդպիսիներին չզրկել քահանայական կարգից, [որովհետև] Մովսեսի թվարկած մարմնավոր ախտերը, որոնք արգելք էին [հանդիսանում] քահանայագործության համար, [լոկ] հոգևոր ախտերի օրինակներն են (Ղևտ. 21:13):
Նույնպես և պատարագները և զոհերը, որոնք հրամայվեցին [կատարել], ապագայում կատարվելիքի ստվերներն էին, և ճշմարտապես չէին մատուցվում Աստծուն: Ուստի և սաղմոսերգուն հայտարարում է. «Եթե կամենայիր, պատարագ կմատուցեի, բայց Դու ողջակեզներ չես ուզում» մեղքերի համար (Սաղմ. 50:18): Եվ արդ ի՞նչն է հաճո Աստծուն. «Խոնարհ հոգին է պատարագն Աստծու. մաքուր սիրտն ու խոնարհ հոգին Աստված չի արհամարհում» (Սաղմ. 50:19): Այդ պատարագների վերաբերյալ էր:
Իսկ չորքոտանիների և թռչունների վերաբերյալ, որոնցով Մովսես հրամայեց չկերակրվել, քրիստոնյաները չեն արգելում այն պատճառով, որ գիտենալով մովսիսական գրի միտքը և չմնալով գրին [ենթակա], որ սպանում է (Բ Կորնթ. 3:6), չարգելեցին և չպարտադրեցին կերակրվել. որովհետև ի՞նչ պատճառով արդյոք կարգադրվեց ուտել [միայն] որոճացող կճղակաբաշխներին, ինչպիսիք են արջառը, ոչխարը և եղջերուն, որոնք սողուններ են ուտում, քան ձիերն ու նապաստակները, որոնք այդպիսիներին չեն էլ մոտենում: Կամ ի՞նչ [տարբերություն] գիշակեր թռչունների, կաքավի ու ընտանի հավի միջև (Բ Օր․ 14:12-18), որ դրանցով հրամայվեց կերակրվել, մինչդեռ դրանցից շատ այլ մաքրակեր կենդանիներով չհրամայվեց:
Ապա, ուրեմն, այլ բան են խորհրդանշում որոճացող և կճղակաբաշխ կենդանիները, որը չիմացան հրեաները, որոնք ըստ մարմնի ունեին իրենց թլփատությունը, քանի որ [մինչև այսօր] Մովսես են կարդում, [բայց] նույն վարագույրը մնում է նրանց սրտերի վրա (Բ Կորնթ. 3:13), ովքեր միայն գիրն են իմանում, և գրի զորությունը չեն տեսնում: Ապա եթե ոչ, թող պատասխան տան ինձ՝ ինչո՞ւ է բորոտություն և պիսակություն (բորբոս) լինում պատերի կամ հանդերձների վրա, որոնք անշունչ են, ինչպես թվարկվում է Մովսեսի կողմից (Ղևտ. 14:55): Արդ, ինչպես հանդերձի վրա բորոտությունը և պատի վրայի պիստակությունը այլ բան են խորհրդանշում, այնպես էլ [կենդանիների] որոճելը և կճղակաբաշխությունը: Ինչպես որ քրիստոնյա վարդապետները ընթերցելով Մովսեսի Ղևտականը ճշմարտապես մեկնաբանեցին:
Նաև ծառաների ազատության և պարտքերի թողության մասին առավել ևս ուսանեցին Քրիստոսից Նրան աշակերտածները՝ տալ ազատություն ծառաներին և [շնորհել] պարտքերը՝ և՛ մարմնավորներին, և՛ հոգևորներին: Սակայն բռնությամբ չէ, որ հրամայվեց, այլ յուրաքանչյուր ոք՝ ըստ իր հոժար կամքի, որը բարեպաշտագույն է: Այդ իսկ պատճառով կատարողները գովաբանվում են, իսկ չկատարողները՝ պախարակվում, թեպետև չեն բռնադատվում կատարել:
Արդ, Քրիստոս չեկավ օրենքը կամ մարգարեությունները ջնջելու, այլ լրացնելու, քանի որ հրամայեց քննել հին օրենքի և մարգարեությունների զորությունները, և ոչ միայն [ծառի] տերևով (Մրակ. 11:13), այսինքն՝ գրով բավարարվել և կերակրվել, այլ առավելապես [ծառի] պտղով, [այսինքն]՝ մտքով կերակրվել ու զարդարվել: Արդ, Նա, Ով հրամայեց ոչ միայն տերևով, այլև օրենքների և մարգարեությունների պտղով կերակրվել և հոգեպես հագենալ, ինչո՞վ չլրացրեց օրենքը կամ մարգարեությունները:
Մաղաքիա արք. Օրմանյան (†1918)
«Դո՛ւք էք աշխարհի լոյսը. մի քաղաք, որ լերան վրայ է կանգնած, չի կարող թաքնուել:
Տե՛ս Մեկնություն Ավետարան ըստ Մատթեոսի գլուխ 5:3

Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: