Դանիելի մարգարեության մեկնությու 11(10):2

Սուրբ Հովհան Ոսկեբերան

«Այդ օրերին ես՝ Դանիէլս, երեք շաբաթ սուգի մէջ էի:
   
   Տե՛ս Դանիելի մարգարեության մեկնությու գլուխ 11(10):1
   

Ա․ Լոպուխին

2-3․ «Այն օրերին ես՝ Դանիելս, սգի մեջ էի երեք յոթնյակ օրեր»։ [2] «Համեղ հաց ես չկերա, և միս ու գինի չմտավ բերանս, և ես ինձ յուղով չօծեցի, մինչև որ երեք յոթնյակ օրերը չլրացան»։(Սինոդական թարգ․)
   
   Հայտնության համար որպես պատճառ ծառայում է մարգարեի խոր սուգը, որն արտահայտվում է ծոմով: Նա ձեռնպահ է մնում մսից, գինուց և համեղ հացից, որոնք հրեաների մոտ համարվում էին տոնական կերակուրներ (Ծննդ. 27։25, Ես. 22։13), և իրեն չի օծում անուշահոտ յուղով, ինչն էլ ուրախության նշան էր (Ժող. 9։8, Ես. 61։3, Ամովս․ 6։6): Մարգարեն այսպես է անցկացնում առաջին, այսինքն՝ Նիսան ամսվա երեք շաբաթները (Դան. 10։4) և, հետևաբար,  Զատկի տոնի օրերը: Այս սգի պատճառները, ինչպես կարող ենք գուշակել,  հաջորդ հատվածում են։ Դատելով 10։12 համարից՝ Դանիել մարգարեն նույնիսկ Կյուրոսի գահակալության երրորդ տարում չի թողնում իր ժողովրդի մասին մտքերն ու հոգածությունը, այն մտքերը, որոնք սկսվեցին Դարեհ Մեդացու թագավորության առաջին տարվանից (Դանիել, գլուխ 9): Հրեաների ներկա տխուր վիճակից և ապագայի վերաբերյալ լավ բան չկանխագուշակելուց ծագող ոչ ուրախալի ու ոչ սփոփիչ դրությունն էլ մարգարեին ընկղմում է սգի մեջ: Իրապես, թեև հրեաների հայրենիք վերադառնալուց հետո երկու ամբողջ տարի էր անցել, սակայն վերադարձողները այստեղ երջանկություն չէին գտել։ Վերականգնելով զոհասեղանը (Ա Եզրաս․ 3։1−2)՝ նրանք ձեռնամուխ եղան  տաճարի կառուցմանը: Բայց արդեն հիմնարկեքի ժամանակ ժողովրդի ուրախ աղաղակները խառնվեցին նախկինում փառքի արժանացած տաճարը տեսած ծերերի լացին (Ա Եզրաս․ 3։12, 13)։ Իսկ մի փոքր ուշ ուրախությունը պետք է ամբողջովին վերանար: Այդ ժամանակ սկսվեցին սամարացիների խարդավանքները, որոնք ամբողջ ուժով փորձում էին հրեաների դեմ զինել պարսից կառավարությունը և դադարեցնել տաճարի շինարարությունը (Ա Եզրաս. 4։1−5): Նրանք հասան իրենց նպատակին, որի շնորհիվ էլ ազատ արձակվելուց երկու տարի անց հրեաները չկարողացան պատշաճ կերպով նշել Զատկի տոնը: Ուստի զարմանալի չէ, որ Դանիել մարգարեն այս օրերին կիսեց իր հայրենակիցների վիշտը:
--------------------------------
[2](Էջմիածին թարգ․) «Այդ օրերին ես՝ Դանիէլս, երեք շաբաթ սուգի մէջ էի:
(Արարատ թարգ․ 10։2) Այն օրերին ես՝ Դանիելս, սգի մեջ էի երեք յոթնյակ օրեր։
(Գրաբար) Յաւուրսն յայնոսիկ՝ ես Դանիէլ էի ‘ի սուգ երիս եւթներորդս աւուրց.