ԵՂԻԱ ՄԱՐԳԱՐԷՆ ԵՒ ԵՐԱՇՏԸ
1. Գաղաադի Թեզբէ գիւղից սերած Եղիա մարգարէն ասաց Աքաաբին. «Կենդանի է երկնային զօրութիւնների Տէր Աստուածը, Իսրայէլի Աստուածը, որի առջեւ կանգնում եմ. եթէ այս տարիներին ցօղ իջնի կամ անձրեւ գայ, ապա այդ կը լինի միայն իմ խօսքով»:
2. Տէրը խօսեց Եղիայի հետ եւ ասաց.
3. «Գնա՛ այստեղից դէպի արեւելք ու թաքնուի՛ր Քոռաթի հեղեղատի մօտ, որը Յորդանան գետի դիմացն է:
4. Այնտեղ հեղեղատի ջրից կը խմես, իսկ ես հրամայել եմ ագռաւներին, որ քեզ այնտեղ կերակրեն»:
5. Եղիան գնաց եւ արեց Տիրոջ ասածի համաձայն. նա գնաց ու նստեց Քոռաթի հեղեղատի մօտ, Յորդանան գետի դիմաց:
6. Ամէն առաւօտ ագռաւները հաց ու միս էին բերում նրան, ինչպէս նաեւ հաց ու միս՝ երեկոները, իսկ ջուրը նա հեղեղատից էր խմում:
7. Որոշ ժամանակ անց հեղեղատը ցամաքեց, որովհետեւ անձրեւ չէր տեղում երկրի վրայ:
ԵՂԻԱՆ ԱՅՐԻ ԿՆՈՋ ՄՕՏ ՍԱՐԵՓԹԱՅՈՒՄ
8. Տէրն իր խօսքն ուղղեց Եղիային՝ ասելով.
9. «Վե՛ր կաց եւ գնա՛ սիդոնացիների Սարեփթա քաղաքը եւ այնտե՛ղ մնա: Ես մի այրի կնոջ պատուիրել եմ, որ քեզ այնտեղ կերակրի»:
10. Եղիան գնաց Սարեփթա ու հասաւ քաղաքի դարպասը: Մի կին այնտեղ փայտ էր հաւաքում: Եղիան ձայն տալով նրան՝ ասաց. «Ինձ համար ամանով մի քիչ ջուր բե՛ր, որ խմեմ»:
11. Կինը գնաց բերելու: Եղիան նրա յետեւից ձայն տալով՝ ասաց. «Ինձ համար մի պատառ հաց բե՛ր»:
12. Կինն ասաց. «Կենդանի է քո Տէր Աստուածը. ես մի նկանակ էլ չունեմ, բացի սափորում եղած մի բուռ ալիւրից եւ կուժի մէջ եղած մի քիչ իւղից: Ահա մի երկու փայտի կտոր եմ հաւաքում, որ գնամ ու հաց պատրաստեմ ինձ եւ երեխայիս համար. այն կ՚ուտենք ու յետոյ կը մեռնենք»:
13. Եղիան ասաց նրան. «Քաջալերուի՛ր, գնա՛ եւ արա՛ այնպէս, ինչպէս ասացիր, սակայն նախ ինձ համար մի փոքրիկ նկանակ պատրաստի՛ր ու բե՛ր եւ ապա պատրաստի՛ր քեզ ու երեխայիդ համար:
14. Այսպէս է ասում Իսրայէլի Տէր Աստուածը. «Ալիւրը չի պակասելու սափորում, եւ կուժի իւղը չի նուազելու մինչեւ այն օրը, երբ Տէրն անձրեւ կը տեղացնի երկրի վրայ»»:
15. Կինը գնաց եւ արեց այնպէս, ինչպէս ասել էր Եղիան: Եղիան, կինն ու նրա որդին կերան:
16. Այդ օրուանից սափորում ալիւր չպակասեց, եւ կուժի մէջ իւղ չնուազեց, ինչպէս որ Եղիայի միջոցով ասել էր Տէրը:
ԵՂԻԱՆ ՎԵՐԱԿԵՆԴԱՆԱՑՆՈՒՄ Է ԱՅՐԻ ԿՆՈՋ ՈՐԴՈՒՆ
17. Այս դէպքերից յետոյ այնպէս պատահեց, որ տանտիկնոջ որդին հիւանդացաւ: Հիւանդութիւնն այնքան ծանր էր, որ տղայի մէջ շունչ չմնաց:
18. Այրին ասաց Եղիային. «Ի՞նչ գործ ունես ինձ հետ, ո՜վ Աստծու մարդ, եկել ես ինձ մօտ, որ մեղքե՞րս յիշեցնես ու որդո՞ւս սպանես»:
19. Եղիան ասաց կնոջը. «Տո՛ւր ինձ քո որդուն»: Նա երեխային վերցրեց նրա գրկից, տարաւ վերնատուն, ուր ինքն էր բնակւում, եւ պառկեցրեց նրան իր անկողնի վրայ:
20. Եղիան աղաղակելով ասաց. «Ո՜վ Տէր, ահա տեսնում ես այս այրի կնոջը, որի մօտ ես բնակւում եմ: Դու չարչարեցիր նրա որդուն եւ մահ պատճառեցիր»:
21. Նա երեք անգամ փչեց մանկան վրայ եւ աղաղակեց Տիրոջն՝ ասելով. «Տէ՜ր իմ Աստուած, այս երեխայի շունչը իրե՛ն վերադարձրու»:
22. Այդպէս էլ եղաւ. նա աղաղակեց, Տէրը լսեց Եղիայի ձայնը, երեխայի շունչը վերադարձաւ նրա մարմնի մէջ, ու նա կենդանացաւ:
23. Եղիան առաւ մանկանը, վերնատնից տուն իջեցրեց նրան, տուեց իր մօրը՝ ասելով. «Տես, որ կենդանի է քո որդին»:
24. Կինն ասաց Եղիային. «Հիմա համոզուեցի, որ դու Աստծու մարդն ես, եւ Տիրոջ ճշմարիտ խօսքն է քո բերանում»:

Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: