Եսայի անունը եբրայերէն նշանակում է «Տէրը փրկում է»։ Այս անունն ինքնին ամփոփում է գրքի բովանդակութիւնը եւ ծառայում իբրեւ վերնագիր։
Գրքի 66 գլուխները կցուած են իրենց երեք գլխաւոր մասերով, որոնք համապատասխանում են իսրայէլացի ժողովրդի պատմութեան երեք տարբեր ժամանակաշրջաներին։
Առաջին մասը վերաբերում է (ն․ Ք․) 740-ից մինչեւ շուրջ 700 թուականների մարդկանց եւ այդ տարիների իրադարձութիւններին։ Եսային Երուսաղէմում դառնում է Աստծու խօսքի տարածողը միջազգային լարուածութեան վտանգաւոր մի ժամանակաշրջանում․ Եգիպտոսը՝ հարաւի այդ հզօր պետութիւնը, իր լիակատար անկումն էր ապրում, մինչդեռ հիւսիսում Ասորեստանի հզօրացումը օրէցօր աւելի սպառնալից էր դառնում։
Ահա այս ժամանակաշրջանում է․ որ հանդէս է գալիս Եսային որպէս Աստծու անհաշտ առաջամարտիկ, որի պատգամները ներգործում էին միշտ հոսանքի հակառակ ուղղութեամբ։ Նա ասորեստանեան սպառնալիքը ներկայացնում է որպէս Աստծու միջամտութիւնը իրեն անհավատարիմ ժողովրդի դէմ, բողոքում է Երուսաղէմի ղեկավարների քաղաքական մութ հաշիւների, մարդկային իրաւունքի եւ ընկերային արդարութեան մշտական խախտումների, փառքի տիրանալու ցանկութեան դրսեւորումների, ինչպէս նաեւ կրօնական պարտականութիւնների ձեւական կատարման դէմ, որոնց յետեւում են պատսպարւում խեղճերին եւ աղքատներին շահագործողները։ Աակայն երբ ժողովուրդը իրական մի վտանգի առաջ է գտնւում, նոյն մարգարէի պատգամը որպէս պատուար ցցւում է խուճապի եւ յուսահատութեան դէմ։ Բոլոր հանգամանքներում Եսային կոչ է անում հաւատալ, չկորցնել վստահութիւնը Աստծու խոստումների նկատմամբ։ Հաւատը պէտք է միշտ ի յայտ գայ գործերով ինչպէս ընկերային ու քաղաքական ասպարէզում, այնպէս էլ անհատական յարաբերութիւններում։
Գրքի առաջին մասը բաղկացած է բազմաթիւ պատգամներից, որոնք խմբաւորուած են աւելի շուտ ըստ թեմաների, քան ըստ ժամանակագրական կարգի։
Գրքի երկրորդ մասը յաճախ կոչուել է Իսրայէլի մխիթարութեան գիրք։
Այս մասում հանդես են գալիս բաբելոնցիները, որոնք փոխարինել էին ասորեստանցիներին որպէս այդ ամբողջ շրջանին տիրապետող ուժ, գրաւել էին Երուսաղէմը 587 թուականին (ն․ Ք․) եւ տեղահանել նրա բնակիչներին։ Հեռու գտնուելով այն երկրից, որ Տէրն էր տուել նրանց, զրկուած լինելով իրենց տաճարից, որտեղ հանդիպում էին Աստծուն, աքսորեալներն ընկնում են յուսահատութեան մէջ՝ համոզուած լինելով, որ Աստուած իրենց լքել է կամովին կամ անկարողութեան պատճառով։
Մի նոր ազատագրութիւն, որ յիշեցնում է Եգիպտոսից ելքը, թոյլ է տալիս նրանց վերադառնալ Աւետեաց երկիր։
Յուսադրող այս պատգամների միջեւ զետեղուած են չորս բանաստեղծութիւններ, որոնք ներկայցնում են խորհրդաւոր մի անձնաւորութեան՝ Տիրոջ ծառային, ի դէմս որի Նոր Կտակարանը տեսնում է Յիսուսի նախնական մէկ դիմանկարը (տես՝ Գործք 8։30-35)։
Գրքի երրորդ մասը վերաբերում է այն ժամանակաշրջանին, որը յաջորդում է գերութիւնից վերադարձին։ 538 թուականին (ն․ Ք․) պարսից Կիւրոս թագաւորը ստորագրում է մի հրամանագիր, որով աքսորիալներին թոյլատրւում է վերադառնալ իրենց երկիրը եւ վերաշինել կործանուած տաճարը։ Այն աքսորեալները, որոնք ընտրել էին վերադարձի ճանապարհը, հասնելով իրենց երկիրը, այնտեղ գտնում են միայն թշուառութիւն եւ ծանր ու անհնարին կեանք․ փլատակների վերածուած մի քաղաք, տեղում մնացած բնակիչների կողմից թալանուած մի երկիր, խլեակների վերածուած հաւատացեալների մի խումբ, անկայուն նիւթական դրութիւն, ընկերային անարդարութեան վերածնունդ, բռնի վերադարձ կռապաշտութեան եւ այլն։
Սակայն Եսային ներկայանում է որպէս Տիրոջ Հոգուց ուղարկուած մի մարգարէ՝ «աւետելու բարի լուրը աղքատներին եւ հոգ տանելու յուսահատուածներին»։ Յետագայում մարգարէի այս առաքելութեան մէջ Յիսուս պիտի տեսնէր այն ծրագիրը, որ ինքն իսկ եկաւ իրականացնելու այս աշխարհում (Ղուկ․ 4։16-21)։
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: