Գիրք` 5. Գործք Առաքելոց

Ներածութիւն

   
   «Գործք Առաքելոց»-ը համարւում է Ղուկասի գրքի երկրորդ հատորը: Առաջին գրքում՝ իր աւետարանում, Ղուկասը սահմանափակւում է Յիսուսի երկրային կեանքի ժամանակի մեջ: Յիսուսի համբարձումից յետոյ Քրիստոսի ներկայութիւնը իր աշակերտների մէջ փոխում է իր բնոյթը. նրանք այլեւս նրան չեն տեսնում մարմնաւոր աչքերով: Այսպէս է, որ «Գործք»-ը սկզբնաւորում է Եկեղեցու ժամանակաշրջանը: Յիսուս այնտեղ ներկայ է լինում իր Հոգով, որը եւ ոգեշնչում է իր աշակերտներին:
    Այս պատմութիւնը լեցուն է կեանքով: Գրքում մենք հանդիսատես ենք լինում քրիստոնէական համայնքների ծննդին հրէական միջավայրում, ինչպիսին է Երուսաղէմը, կամ ոչ հրէական միջավայրում, ինչպիսին են Անտիոքը, Կորնթոսը կամ Փիլիպպէն: Այստեղ մենք հետեւում ենք Պօղոս առաքեալի առաքելական երկար ճանապարհորդութիւններին: Տեսնում ենք վերջապէս այն բազում դժուարութիւնները, որոնց հանդիպում է երիտասարդ Եկեղեցին, եւ թէ ինչպէս կարողանում է յաղթահարել դրանք Տիրոջ Հոգու շնորհիւ:
    Գրքի աղբիւուրների թւում առաջին հերթին նշենք այն, ինչ կարող ենք կոչել «Ղուկասի օրագիրը»: Այստեղ Ղուկասը առաջին դէմքով պատմում ու նկարագրում է իրենց ճանապարհորդութիւնը Տրովադայից Փիլիպպէ, ապա մինչեւ Երուսաղէմ, որտեղ ձերբակալւում է Պօղոսը եւ, վերջապէս, Կեսարիայից դեպի Հռոմ, որտեղ Պօղոսը երկու տարի սպասում է մինչեւ իր դատուելը:
   Հենց սկզբից հեղինակը յստակօրէն յայտնում է, թէ ինչ ծրագրով է կազմել իր գիրքը.
    -Սկզբնական Եկեղեցու առաջին քայլերը Երուսաղէմում Յիսուսի համբարձումից յետոյ.
    -Աւետարանի տարածումը երկրի մնացած մասում.
    -Աւետարանի տարածումը Միջերկրականեան աշխարհում մինչեւ Հռոմ՝ կայսրութեան մայրաքաղաքը:
   «Գործք Առաքելոց»-ում յիշատակուած դէպքերը ճանապարհ են բացում այն ծրագրին, որ բոլոր ժամանակների Եկեղեցին պարտաւոր է իրականացնել. դա Յիսուս Քրիստոսի Աւետարանի քարոզութիւնն է ամբողջ մարդկութեանը, երկրի մէկ ծայրից միւսը: