Գիրք` 5. Գործք Առաքելոց

Գլուխ 25

ՊՕՂՈՍԻ ԴԻՄՈՒՄԸ ԿԱՅՍՐԻՆ
   

1. Երբ Փեստոսը իշխանութեան գլուխ անցաւ, երեք օր յետոյ Կեսարիայից Երուսաղէմ բարձրացաւ:
2. Քահանայապետներն ու հրեաների գլխաւորները նրան զեկոյց տուին Պօղոսի մասին եւ,
3. նրանից շնորհ խնդրելով, աղաչում էին, որ նրան Երուսաղէմ կանչի, մինչ իրենք ծուղակ էին պատրաստել՝ ճանապարհին նրան սպանելու համար:
4. Իսկ Փեստոսը պատասխանեց, թէ նա Կեսարիայում կը պահուի, եւ թէ ինքն էլ շուտով այնտեղ է գնալու. ապա ասաց.
5. «Ձեզնից ովքեր կը կարողանան, ինձ հետ թող իջնեն, եւ եթէ այդ մարդու վրայ որեւէ յանցանք կայ, նրան թող ամբաստանեն»:
6. Եւ ոչ աւելի քան ութ կամ տասը օր այդտեղ մնալուց յետոյ եկաւ իջաւ Կեսարիա. եւ յաջորդ օրը, ատեան նստելով, հրամայեց, որ Պօղոսին բերեն:
7. Երբ նա եկաւ, նրա շուրջը բոլորուեցին Երուսաղէմից իջած հրեաները. եւ նրա վրայ բարդում էին բազում եւ ծանր յանցանքներ, որ չէին կարողանում ապացուցել,
8. քանի որ Պօղոսը պատասխանում էր. «Ոչնչով յանցաւոր չեմ ո՛չ հրեաների օրէնքի, ո՛չ տաճարի, ո՛չ էլ կայսեր դէմ»:
9. Բայց Փեստոսը, կամենալով հրեաներին շնորհ անել, Պօղոսին ասաց. «Ուզո՞ւմ ես Երուսաղէմ բարձրանալ եւ այդ խնդիրների համար այդտեղ դատուել իմ առաջ»:
10. Պօղոսն ասաց. «Կանգնած եմ կայսեր ատեանի առաջ, ուր եւ պէտք է դատուեմ: Հրեաներին ոչ մի անիրաւութիւն չեմ արել, ինչպէս ինքդ էլ քաջ գիտես.
11. ուրեմն եթէ յանցաւոր եմ եւ մահուան արժանի գործ եմ արել, մեռնելուց չեմ վախենայ: Իսկ եթէ ոչինչ չկայ այն մեղադրանքների մէջ, որոնցով սրանք ինձ ամբաստանում են, ոչ ոք չի կարող ինձ որպէս շնորհ յանձնել դրանց:
12. Կայսրի՛ն եմ բողոքում»: Այն ժամանակ Փեստոսը իր խորհրդականների հետ խօսելուց յետոյ պատասխանեց. «Կայսրին բողոքեցիր, կայսեր մօտ պիտի գնաս»:

   
ՊՕՂՈՍԸ ԱԳՐԻՊՊԱՍ ԱՐՔԱՅԻ ԱՌԱՋ
   

13. Մի քանի օր անցնելուց յետոյ Ագրիպպաս արքան եւ Բերենիկէն Կեսարիա եկան՝ Փեստոսին ողջունելու:
14. Եւ երբ այնտեղ շատ օրեր էին անցկացրել, Փեստոսը արքային տեղեկացրեց Պօղոսի մասին ու ասաց. «Այստեղ Ֆելիքսի կողմից կալանքի տակ առնուած մի մարդ կայ մնացած,
15. որի մասին, երբ Երուսաղէմ գնացի, քահանայապետները եւ հրեաների գլխաւորներն ինձ տեղեկացրին: Ինձնից խնդրում էին, որ նրան մահուան վճիռ տամ:
16. Նրանց պատասխանեցի. «Հռոմէացիների սովորութիւնը չէ որեւէ մէկին որպէս շնորհ յանձնել ուրիշ մէկի, մինչեւ որ ամբաստանեալը իր դիմացը չունենայ մեղադրողներին եւ ամբաստանութեան դէմ պատասխան տալու պատեհութիւնը չստանայ»:
17. Եւ երբ այստեղ եկան, ոչնչով չուշացրի, այլ յաջորդ օրն իսկ ատեան նստելով՝ հրամայեցի, որ մարդուն բերեն:
18. Նրա դէմ ներկայացող ամբաստանողները մէջտեղ չէին բերում չարագործութեան ոչ մի յանցանք, որոնց մասին ես կասկած ունէի.
19. այլ ինչ-ինչ խնդիրներ ունէին նրա հետ իրենց պաշտամունքին վերաբերող, ինչպէս նաեւ մի ոմն մեռած Յիսուսի վերաբերեալ, որի մասին Պօղոսն ասում էր, թէ կենդանի է:
20. Երբ այսպիսի խնդիրների քննութեան համար տարակուսանքի մէջ ընկայ, նրան ասացի, թէ կը կամենա՞ր Երուսաղէմ գնալ եւ այդ խնդիրների համար այնտեղ դատուել:
21. Բայց երբ Պօղոսը բողոքեց, որ ինքը պէտք է պահուի Նորին Գերազանցութեան վճռին ներկայանալու համար, հրամայեցի պահել նրան, մինչեւ որ կայսեր մօտ ուղարկեմ»:
22. Ագրիպպասը Փեստոսին ասաց. «Ես էլ կը կամենայի այդ մարդուն լսել»: Փեստոսն ասաց. «Վաղը կը լսես»:
23. Եւ յաջորդ օրը, երբ Ագրիպպասը եւ Բերենիկէն փառաւոր հանդէսով եկան եւ հազարապետների ու քաղաքի պատուաւոր մարդկանց հետ ատեան մտան, Փեստոսը հրամայեց, որ Պօղոսին բերեն:
24. Փեստոսն ասաց. «Ագրիպպա՛ս արքայ եւ բոլոր մարդիկդ, որ մեզ հետ էք, սրան տեսնում էք. հրեաների ամբողջ ժողովուրդը թէ՛ Երուսաղէմում եւ թէ՛ այստեղ սրա մասին ամբաստանութիւն էին անում ինձ մօտ եւ աղաղակում, թէ՝ չպէտք է կենդանի մնայ:
25. Բայց ես վերահասու եղայ, թէ դա մահուան արժանի ոչինչ չի արել. ինքն էլ բողոքած լինելով մարդկանցից Գերազանցին՝ խորհեցի, որ ուղարկեմ նրան:
26. Դրա մասին իմ տիրոջը՝ կայսրին ստոյգ բան չունեմ գրելու. այդ պատճառով նրան ձեր առաջ բերեցի եւ, մանաւանդ, քո՛ առաջ, Ագրիպպա՛ս արքայ, որպէսզի վերստին քննութիւն կատարելով՝ կարողանամ մի բան գրել,
27. քանի որ ինձ անպատեհ բան է թւում ուղարկել մի բանտարկեալի եւ նրա մասին որեւէ յանցանք չնշել»: