ԴԱՒԻԹԸ ԳՐԱՒՈՒՄ Է ՌԱԲԱԹԸ
(Բ Թագ. 12.26-31)
1․ Պատահեց, որ յաջորդ տարի, երբ թագաւորները պատերազմի էին ելել միմեանց դէմ, Յովաբը հաւաքեց բոլոր զօրագնդերը եւ ասպատակեց ամոնացիների ամբողջ երկիրը: Նա եկաւ եւ պաշարեց Ռաբաթը, իսկ Դաւիթը մնաց Երուսաղէմում:
2․ Յովաբը գրաւեց Ռաբաթը եւ կործանեց այն: Դաւիթը նրանց Մեղքոմ թագաւորի գլխից առաւ թագը: Պարզուեց, որ դրա ոսկին մի տաղանդ 431 քաշ ունի՝ զարդարուած թանկարժէք քարերով:
3․ Այն դրեցին Դաւթի գլխին: Շատ-շատ աւար վերցրեց նա, այնտեղի ժողովրդին դուրս բերեց, չարաչար աշխատեցրեց՝ սղոցներով սղոցել տալով ու երկաթէ ուրագներով տաժանակիր աշխատանքի լծել տալով նրանց: Այսպէս վարուեց Դաւիթը ամոնացիների հետ բոլոր քաղաքներում եւ իր ամբողջ զօրքով վերադարձաւ Երուսաղէմ:
ՊԱՏԵՐԱԶՄ ԱՅԼԱԶԳԻՆԵՐԻ ԴԷՄ
(Բ Թագ. 21.15-22)
4․ Դրանից յետոյ Գազերում կրկին պատերազմ եղաւ այլազգիների դէմ: Այն ժամանակ ուսթացի Սուբաքէն յարձակուեց հսկաների որդիներից Սեպփիասի վրայ եւ հալածեց նրան:
5․ Դարձեալ պատերազմ եղաւ այլազգիների դէմ, եւ Յայիրի որդի Եղէանան յարձակուեց գէթացի Գողիադի եղբայր Ղէէմիի վրայ, որի նիզակի փայտը ոստայնանկների գլանի չափ էր:
6․ Դարձեալ պատերազմ եղաւ Գէթում: Այնտեղ կար մի շատ հսկայ մարդ, որի մատները վեց-վեց լինելով՝ ընդամէնը քսանչորս մատ ունէր: Նա հսկաների ցեղից էր:
7․ Նա լուտանք էր թափում Իսրայէլի վրայ, ուստի Դաւթի եղբօր որդի Սամաայի որդի Յոնադաբը սպանեց նրան:
8․ Սրանք Գէթի Հռափա քաղաքից էին: Սրանք ամէնքը հսկայ մարդիկ էին եւ ընկան Դաւթի ու նրա զօրականների ձեռքով:
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: