Գիրք` 37. Յովնան

Գլուխ 4

ՅՈՎՆԱՆԸ ՀԱՍԿԱՆՈՒՄ Է, ԹԷ ԻՆՉՈՒ ՏԷՐԸ ԽՂՃԱՑ ՆԻՆՈՒԷԻՆ
   
1. Յովնանը մեծապէս տխրեց եւ ջղայնացաւ:
2. Աղօթեց Տէր Աստծուն եւ ասաց. «Ո՛վ Տէր, ես այդ նոյն բանը չասացի՞, երբ տակաւին իմ երկրում էի: Այդ պատճառով էլ շտապեցի փախչել Թարսիս, քանի որ գիտէի, որ դու գթասիրտ ես ու ողորմած, համբերող ես ու բազումողորմ եւ զղջում ես չարիքների համար:
3. Արդ, Տէ՛ր, Տէ՛ր, ա՛ռ իմ հոգին ինձնից, որովհետեւ ինձ համար աւելի լաւ է մեռնել, քան կենդանի լինել»:
4. Եւ Տէրն ասաց Յովնանին. «Իսկապէս շա՞տ ես տխրել»:
5. Յովնանը դուրս ելաւ այդ քաղաքից, նստեց քաղաքի դիմաց, իր համար ամպհովանի պատրաստեց եւ նստեց դրա տակ, մինչեւ որ տեսնի, թէ ինչ պիտի պատահի քաղաքին:
6. Եւ Աստուած հրամայեց դդմենուն, որը բարձրացաւ Յովնանի գլխի վրայ՝ նրան հովանի դառնալու, զովացնելու նրան եւ ազատելու իր տանջանքներից: Յովնանը չափից շատ ուրախացաւ դդմենու համար:
7. Եւ յաջորդ օրը վաղ առաւօտեան Աստուած հրամայեց որդին, որը կերաւ դդմենին, եւ այն չորացաւ:
8. Իսկ երբ արեւը ծագեց, Աստուած հրամայեց տապախառն խորշակ քամուն, եւ արեւն ընկաւ Յովնանի գլխին: Սա տանջւում, սրտնեղում էր եւ ասում. «Ինձ համար աւելի լաւ է մահը, քան իմ այս կեանքը»:
9. Եւ Աստուած ասաց Յովնանին. «Իսկապէ՞ս խիստ ես տխրել դդմենու համար»: Յովնանն ասաց. «Մահու չափ տխրել եմ»:
10. Տէրն ասաց. «Դու ափսոսացիր դդմենուն, որի համար ոչ մի ջանք չթափեցիր, չսնեցիր այն. նա գիշերը բուսնեց եւ միւս գիշեր կորաւ:
11. Իսկ ես չխնայե՞մ Նինուէ մեծ քաղաքին, որտեղ ապրում են աւելի քան հարիւր քսան հազար մարդ, որոնք իրենց լաւն ու վատը չիմացան, ինչպէս նաեւ շատ կենդանիներ»: