1. Այլ վասն հոգեւորացն եղբարք՝ ո՛չ կամիմ եթէ տգէտք իցէք:
2. Գիտէ՛ք իսկ, զի մինչ հեթանոսքն էիք, առ կուռս անմռունչս որպէս երթայիք եւ գայիք:
3. Վասն որոյ ցուցանե՛մ զի ո՛չոք հոգւով Աստուծոյ խաւսի, եւ ասիցէ թէ նզովեալ Յիսուս. եւ ո՛չ ոք կարէ ասել՝ Տէր զՅիսուս, եթէ ոչ հոգւո՛վն սրբով:
4. Թէպէտ եւ բաժինք շնորհաց են՝ այլ հոգի նո՛յն է:
5. Եթէ բաժինք պաշտամանց են, այլ Տէր նո՛յն է:
6. Եթէ բաժինք յաջողութեանց են, այլ Աստուած նո՛յն է՝ որ աջողէ զամենայն յամենայնի:
7. Բայց իւրաքանչիւր ումեք տուեա՛լ է յայտնութիւն հոգւոյն՝ առ իւրաքանչի՛ւր աւգո՛ւտ:
8. Ումեմն ի հոգւոյն տուեալ է բա՛ն իմաստութեան. այլում բա՛ն գիտութեան ըստ նմին հոգւոյ.
9. միւսումն հաւա՛տք՝ նովին հոգւով. այլում շնո՛րհս բժշկութեանց նովին հոգւով.
10. այլում աջողութիւնք զաւրութեանց. այլում մարգարէութի՛ւն. այլում ընտրութի՛ւն հոգւոյ. այլում ա՛զգք լեզուաց. այլում թարգմանութիւնք լեզուաց:
11. Այլ զայս ամենայն աջողէ մի եւ նո՛յն հոգի, եւ բաժանէ՛ իւրաքանչիւր որպէս եւ կամի:
12. Որպէս մարմին մի՛ է, եւ անդամս բազումս ունի. եւ ամենայն բազում անդամք մարմնոյն՝ մի մարմին նոյնպէս եւ Քրիստոս:
13. Քանզի միով հոգով մեք ամենեքեան ի մի՛ մարմին մկրտեցաք. եթէ հրեա՛յք, եթէ հեթանո՛սք, եթէ ծառա՛յք, եթէ ազատք, ամենեքին զմի՛ հոգի արբաք:
14. Քանզի մարմին ո՛չ մի անդամ է, այլ բազո՛ւմ:
15. Եթէ ասիցէ ոտն, զի չեմ ձեռն՝ չե՛մ ի մարմնոյ անտի, ոչ այնու չիցէ ի մարմնոյ անտի:
16. Եւ եթէ ասիցէ ունկն, վասն զի չեմ ակն՝ չե՛մ ի մարմնոյ անտի, ոչ այնու չիցէ ի մարմնոյ անտի:
17. Եթէ ամենայն մարմինն ա՛կն էր. ո՞ւր էր ունկն: Եւ եթէ ամենայն լսելիք էին, ո՞ւր էին հոտոտելիք:
18. Բայց արդ՝ Աստուած եդ զանդամսն՝ զմի՛ մի՛ իւրաքանչի՛ւր ի նոցանէն ի մարմին՝ որպէս եւ կամեցաւ:
19. Ապա թէ էր ամենայն մի անդամ, ո՞ւր էր մարմին:
20. Բայց արդ՝ անդամք բազումք են, եւ մարմին մի՛:
21. Ոչ կարէ ակն ասել ցձեռն, թէ չե՛ս ինձ պիտոյ, եւ կամ դարձեալ գլուխն ցոտսն՝ թէ չէ՛ք ինձ պիտոյ:
22. Այլ առաւել որ թուին անդամք մարմնոյն՝ թէ տկարագոյնք իցեն, կարեւո՛րք են.
23. Եւ որ թուինն թէ անարգագոյնք իցեն մարմնոյն, այնց առաւելագո՛յն պատիւ առնեմք. եւ ամաւթոյքն մեր առաւե՛լ եւս պարկեշտութիւն ունին:
24. Եւ պարկեշտիցն մերոց չէ՛ ինչ պիտոյ. քանզի Աստուած խառնեաց զմարմինն, եւ նուազին առաւել եւս պատիւ ետ.
25. զի մի իցեն հերձուածք ի մարմնի անդ, այլ զի նո՛յնք զմիմեանց հոգայցեն անդամքն:
26. Եւ եթէ վշտանայ ինչ մի անդամն, վշտանա՛ն ամենայն անդամքն ընդ նմա. եւ եթէ փառաւորի մի անդամն, խնդա՛ն ամենայն անդամքն ընդ նմա:
27. Այլ դուք մարմինք Քրիստոսի էք, եւ անդամք յանդամոց նորա:
28. Եւ զորս եդն Աստուած յեկեղեցւոջ՝ ա՛յս են. նախ զառաքեա՛լս, երկրորդ զմարգարէ՛ս, երրորդ զվարդապե՛տս, ապա զաւրութիւնս, ապա շնորհս բժշկութեանց, աւգնութիւնս, վարի՛չս, ա՛զգս լեզուաց, թարգմանութիւնս լեզուաց:
29. Միթէ ամենեքի՞ն առաքեալք իցեն. միթէ ամենեքի՞ն մարգարէք իցեն. Միթէ ամենեքի՞ն վարդապետք իցեն. միթէ ամենեքի՞ն զաւրութիւնք իցեն.
30. միթէ՞ ամենեքի՞ն շնորհս բժշկութեան ունիցին. միթէ ամենեքի՞ն ի լեզուս խաւսիցին. միթէ ամենեքի՞ն թարգմանիցեն:
31. Բայց նախանձաւո՛րք լերուք շնորհացն, որ լա՛ւն են: Այլ ես՝ առաւե՛լ եւս ճանապարհ ցուցանեմ ձեզ:
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: