Ա․ Լոպուխին
10-11․ Դու կբնակվես Գեսեմ երկրում և մոտ կլինես ինձ, դու, քո որդիները, քո որդիների որդիները՝ քո ոչխարներով և արջառներով, ամբողջ ունեցվածքով, [10] քեզ կկերակրեմ այստեղ, որովհետև դեռ հինգ տարի ևս սով է լինելու, որպեսզի չքավորություն չքաշեք դուք՝ քո տունն ու քո ունեցվածքը: (Սինոդական թարգ․)
Երկու հիմնավորում է առաջ քաշում Հովսեփը, որոնք պետք է ստիպեին Հակոբին տեղափոխվել Եգիպտոս և բնակություն հաստատել Գեսեմի երկրում՝
1) այստեղ նա մոտ կլինի Հովսեփին և նրա հետ կկիսի նրա ուրախությունը և
2) Հովսեփը նրան իր ընտանիքի հետ կպահի առաջիկա հինգ սովի տարիների ընթացքում:
Գեսեմ երկրի վերաբերյալ Աստվածաշնչյան տեղեկությունների հատվածական և դիպվածային լինելու պատճառով (Գեսեմի դիրքի վերաբերյալ հանգամանալից և հիմնավոր ուսումնասիրություն ներկայացված է Պրոֆ. Փ. Գ. Ելեոնսկու «Հրեա ժողովրդի պատմությունը Եգիպտոսում» գրքում, Սանկտ Պատերբուրգ 1884, էջ 1−33) դրա աշխարհագրական դիրքի ճշգրտումը նշանակալի բարդություններ է ներկայացնում: Գեսեմի Նեղոսից դեպի արևելք ընկած լինելը (հակառակ Յաբլոնսկու, Բրիանտի և ուրիշների կարծիքների) երևում է Ծննդոց և Ելից գրքերում հրեաների՝ Նեղոսի վրայով անցնելու վերաբերյալ հիշատակության բացակայությունից: Այստեղից (Ծննդ. 45:10) ենթադրվում է, որ Գեսեմը Մեմֆիսի և Տանիսի (Ցոան) սահմանների հարևանությամբ է, իսկ մի քանի այլ տեղերից (Ծննդ. 46:28, 47:6, Ելք․ 12:37, 13:20) ենթադրվում է, որ այն հյուսիսարևելյան սահմանի հարևանությամբ է: Ինչ վերաբերում է Գեսեմ երկրի հողի որակներին, ապա այնտեղ ջրի և ոռոգման առկայությունը ապացուցվում է սուրբգրային հետևյալ տեղիներով՝ Բ Օրինաց. 11:10, Թվեր. 11:5, իսկ բերքատվության մասին վկայվում է Ծննդ. 47:4-6 համարներում: Ելից գրքում (13:17) ցույց է տրվում Գեսեմի փղշտացիների երկրին մերձ լինելը:
Ըստ Յոթանասնից և Ղպտական թարգմանությունների, որոնք Ծննդ. 45:10 և 46։34 համարներում Գեսեմն անվանում են արաբական (gh Gesem Arabiaj), այս երկիրը, այսպես ասած, եգիպտական Արաբիայում է կամ էլ արաբական նոմում (հիշատակվում է Հերոդոտոսի, Ստրաբոնի և Պտղոմեոսի մոտ)՝ Ստորին Եգիպտոսի արևելյան հատվածում՝ Կարմիր ծովի և Նեղոսի միջակայքում։ Սա ընդունվում է նաև ժամանակակից աստվածաշնչագիտության կողմից, որը Գեսեմը նույնացնում է բերքառատ դաշտավայրի հետ, որը նեղ գծով ձգվում է արևելքից արևմուտք` Նեղոս գետի և Դառը լճերի միջև:
--------------------------------
[10](Էջմիածին թարգ․) Դու կը բնակուես Գեսեմ երկրում՝ Արաբիայում եւ մօտ կը լինես ինձ, դու, քո որդիները, քո որդիների որդիները քո ոչխարներով ու արջառներով, ամբողջ ունեցուածքով: Ես քեզ կը կերակրեմ այստեղ,
(Արարատ թարգ․) Դու կբնակվես Գեսեմի երկրում, որպեսզի ինձ մոտիկ լինես, դու, քո որդիները, քո որդիների որդիները, քո հոտերը, արջառները և քո ամբողջ ունեցվածքը:
(Գրաբար) Եւ բնակեսցես յերկրիս Գեսեմ, յԱրաբիա. եւ եղիցես մաւտ առ իս. դու եւ որդիք քո` եւ որդիք որդւոց քոց, եւ ոչխար քո, եւ արջառ քո, եւ որ ինչ քո իցէ:
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: