Սրբ․ Գրիգոր Տաթևացի (†1411)
Ահա գալու է Տէրը ինչպէս կրակ, եւ նրա կառքը՝ ինչպէս մրրիկ, որպէսզի բարկութեամբ տայ իր հատուցումը եւ կրակի բոցով՝ իր արհամարհանքը,
Ահավասիկ Տերը կրակի նման է գալու, ու նրա կառքը զորավոր մրրիկի նման է։
«Մրրիկ» և «կրակ» ասելով Աստծո արագ և սաստիկ հրամանն է հայտնում, ըստ Մաղաքիայի այն խոսքի, որն ասում է. «Տիրոջ օրը բորբոքված հնոցի նման է» (Մաղ. 4։1), որ նկատի ունի աշխարհի վախճանի ահեղ օրը, և թե՝ «Մեր Աստված ոչնչացող կրակ է» (Եբր. 12։ 29): Այս է ասում նաև Դավիթը. «Մեր Աստված հայտնապես կգա, Նրա առջև կրակ է բորբոքվելու ու Նրա շուրջը՝ հզոր մրրիկ» (հմմտ. Սաղմ. 49։3): Տերն էլ ասում է. «Փայլակի նման է լինելու մարդու Որդու գալուստը» (Մատթ. 24։27):
Բացատրական աստվածաշունչ, Ա. Պ. Լոպուխինի (†1904)
«Քանի որ ահա, գալիս է Տերը կրակով, և Նրա կառքերը՝ մրրիկի նման, որպեսզի Նա Իր զայրույթը հեղի բարկությամբ ու Իր հանդիմանությունը՝ բորբոքված կրակով»: [15] (Սինոդական թարգ․)
15-ից մինչև 18-րդ համարներում խոսվում է չապաշխարող մեղավորների վիճակի մասին, որոնց համար Տիրոջ փառքի հայտնության օրը լինելու է Աստծո արդար, բայց ահարկու դատաստանի հայտնության օր:
«Քանի որ ահա, գալիս է Տերը կրակով, և Նրա կառքերը՝ մրրիկի նման․․․» - Կրակը հինկտակարանյան աստվածահայտնության ամենատարածված Խորհրդանիշներից է: Աստված «կրակի» միջով իջնում է Սինա լեռան վրա (Ելք 19:18), ամպի ու կրակի սյան միջոցով Իսրայելի ժողովրդին առաջնորդում է անապատով (Ելք 13:21-22), զոհը լափող երկնային կրակի միջոցով, Իր կամքն է հայտնում Դավթին (Ա Մնաց. 21:26) և Սողոմոնին (Բ Մնաց. 7:1): Եսայի մարգարեն նույնպես բազմիցս, խոսելով աստվածահայտնությունների մասին, հիշատակել է դրանց ուղեկցող «կրակի» մասին (Ես․ 10:16–18, 27:4, 29:6, 30:27, 30, 33:12–14 և այլ տեղիներ): Կրակի մասնակցությունը՝ որպես Աստծո ահեղ դատաստանի խորհրդանիշ կամ նույնիսկ գործիք, ընդունում են նաև նորկտակարանյան գրվածքները (Բ Պետր. 3:7-10, Բ Թես. 1:8 և այլ տեղիներ):
«Կառքերի» մասին հիշատակությունը ոչ այլ ինչ է, քան մի պատկեր, որը վերցված է արևելյան տիրակալների այն սովորությունից, համաձայն որի՝ նրանք սիրում էին, որ իրենց ուղեկցում են մարտակառքերն ու հեծյալները, ինչը խորհրդանշում է այս Ահեղ դատաստանի վեհությունն ու ոչնչացնող ուժը:
--------------------------------
[15](Էջմիածին թարգ․) Ահա գալու է Տէրը ինչպէս կրակ, եւ նրա կառքը՝ ինչպէս մրրիկ, որպէսզի բարկութեամբ տայ իր հատուցումը եւ կրակի բոցով՝ իր արհամարհանքը,
(Արարատ թարգ․) Ահա գալիս է Տերը կրակով, գալիս են նրա կառքերը մրրիկի նման, որպեսզի նա իր զայրույթն ի գործ դնի բարկությամբ և իր հանդիմանությունը՝ կրակի բոցով.
(Գրաբար) Զի ահաւասիկ Տէր իբրեւ զհուր եկեսցէ, եւ կառք նորա իբրեւ զմրրիկ. հատուցանել սրտմտութեամբ զհատուցումն իւր, եւ բոցով հրոյ զարհամարհանս իւր:
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: