Ա. Պ. Լոպուխին (†1904)
«Դուք կրում էիք Մողոքի խորանն ու ձեր Ռեմփա աստծու աստղը, այն պատկերները, որոնք դուք պատրաստեցիք ձեզ համար»: (Սինոդական թարգ․)[26]
Մեր տեքստում (ռուսերեն) 26−րդ համարը թարգմանվել է ուղղակի ենթադրաբար: Այս համարը Հին Կտակարանի գրքերում եղած ամենամութ և ամենավիճելի հատվածներից մեկն է: Մեկնիչները տարբեր կերպ են հասկանում այս համարի թե՛ առանձին արտահայտությունները, թե՛ ամբողջական իմաստը և թե՛ նրա կապը նախորդ համարի հետ: Համարի սկզբում դրված «unesathem» արտահայտությունը՝ «դուք կրում էիք» (ռուսերեն), «արդյոք դուք կրում էիք» (Յունգերով), «դուք կրելու եք» (Նովակ, Գոոնակեր) տարբերակներով է թարգմանվում։ 26−րդ համարի հաջորդ «el sikkuth malkohem» բառերը մեր տեքստում, Յոթանասնիցի թարգմանության համաձայն (σκηνὴν τοῦ Μολόχ), «Մողոքի խորանը» տարբերակով են փոխանցվել (այսինքն՝ «sikkuth» արտահայտությունը ընկալվել է որպես հասարակ, իսկ «melech»−ը` որպես հատուկ անուն): Նորագույն շրջանի մեկնիչները, սակայն, «sikkuth» կամ «sakkuth» արտահայտությունը ընկալում են որպես հատուկ անուն (ենթադրվում է, որ սա ասորական Ադար աստծու անունն է), իսկ «malkchem» արտահայտությունն ըմբռնում են որպես հասարակ անուն, ինչի պատճառով էլ ամբողջ արտահայտությունը «Սակկուտին (Ադար), ձեր թագավորին» (Նովակ, Միտչել, Գոոնակեր) տարբերակով են թարգմանում։ 26−րդ համարի հաջորդ «Veet kijun zaimechem kochav elogechem» բառերը Յոթանասնիցը «καὶ τὸ ἄστρον τοῦ θεοῦ ὑμῶν ᾿Ραιφαν, τους τύπους» տարբերակով է թարգմանել։ Սրան համապատասխանող ռուսերեն տեքստում «․․․ու ձեր Ռեմփա աստծու աստղը, պատկերները (որոնք դուք պատրաստեցիք ձեզ համար)» տարբերակով է ընթերցվում: Յոթանասնիցի թարգմանությունը, ինչպես նաև սլավոներեն և ռուսերեն տեքստերը, բնագրում եղած բառերի դասավորությունից տարբերվող դասավորություն են ենթադրում: Յոթանասնիցում «Ραιφαν» բառով փոխանցված եբրայերեն «kijjun» արտահայտությունը ներկայացնում է «ἅπαξ λεγόμ », ու դրա իմաստը վիճելի է: Սովորական ընկալմամբ արաբերեն «kaivan (Ραιφαν–Καιναn) և ասորական «kaavanu» բառերին համապատասխանող «kijjun» արտահայտությունը Սատուրն մոլորակի, ինչպես նաև Ադար աստծու անվանումն է։ Ադար աստծու խորհրդանիշն է համարվում հենց Սատուրն մոլորակը: Այսպիսով` «sikkuth» և «kijjun» արտահայտությունները միևնույն աստվածության երկու անվանումներ են, որոնք հանդիպում են նաև ասորական օրհներգերի մեջ (Գոոնակեր): Նորագույն շրջանի մեկնիչների կարծիքով` ամբողջ համարը պետք է «Դուք կրելու եք ձեր թագավորի Սակկուտին ու ձեր Կևան աստծու աստղը (ձեր աստղային աստծուն), և ձեր կուռքերը, որոնք դուք պատրաստել եք ձեզ համար» (Նովակ, Գոոնակեր) տարբերակով թարգմանել: Այսպիսի թարգմանության պարագայում ստացվում է, որ մարգարեն իր ժամանակակիցներին ասորական կուռքերին պաշտելու համար է նախատում և այդ կուռքերի գերությամբ է սպառնում, քանզի դրանք իրենց երկրպագողներին փրկելու զորություն չունեն: Մարգարեն ցանկանում է ասել, որ ինչպես նախկինում անապատում կատարված զոհաբերությունները ժողովրդին չփրկեցին պատիժներից, այնպես էլ այժմ ասորական կուռքերին մատուցված զոհերը ժողովրդին չեն փրկելու գերությունից: Սակայն 26−րդ համարի վերը շարադրված մեկնությունը հանդիպում է որոշակի դժվարությունների`
1) Ամոս մարգարեն ոչ մի տեղ չի նախատում իր ունկնդիրներին օտար հեթանոսական աստվածություններին պաշտելու համար,
2) աստվածներ կրելու պարագան հինկտակարանյան հեղինակների մոտ սովորաբար վերագրվում է հաղթողներին, այլ ոչ թե պարտվողներին (Ովս. 10։5, Ես. 46։1, Երեմ. 48։7, 49։3)։ Հետևաբար, գերությամբ սպառնալով, մարգարեն չէր կարող իսրայելացիներին ասել «դուք կրելու եք Սակկուտին և այլն»,
 3) Յոթանասնիցում և Գործք. 7։42-43 համարներում` Ստեփանոս նախասարկավագի ճառի մեջ, մարգարեի խոսքերը մեկնաբանվում են որպես անապատում եղած ժամանակ հեթանոսական աստվածություններին երկրպագելու համար հրեաներին ուղղված մեղադրանք: 26−րդ համարը վերջին իմաստով են ընկալում նաև Ամոսի մարգարեությունը մեկնող Պալադիոս եպիսկոպոսն ու պրոֆեսոր Պ. Ա. Յունգերովը: «Մողոքի խորանը» հատուկ վրան էր, որով տեղափոխում էին Մողոքի պատկերը: «Ձեր աստծու աստղը» (kochav), այսինքն՝ ձեր աստղային աստվածը կամ էլ աստղի տեսքով երկրպագվող աստվածը: «Ռեմփա»−ն աստղային աստծու անվանում է, միգուցե նաև Սատուրնի անունն է, որը եգիպտական հուշարձանների վրա եղած հիերոգլիֆներում պատկերվում էր իբրև repanneteru (Յունգերով): Անապատում եղած տարիներին Մողոքին երկրպագելու մասին հիշատակվում է Հնգամատյանում (Ղևտ. 18։21, 20:2-3): Այդ ժամանակաշրջանում աստղային աստված Ռեմփային երկրպագելու մասին առաջինը խոսվում է Ամոսի մարգարեության մեջ: Սակայն արդեն իսկ Տասնաբանյայի երկրորդ պատվիրանը ենթադրել է տալիս, որ հրեաները ծանոթ են եղել երկնային լուսատուների երկրպագությանը ու հակում են ունեցել դեպի այդ պաշտամունքը (Ելք․ 20։4, Բ Օր. 4։19): Աստղերի պաշտամունքին հրեաները կարող էին ծանոթանալ Եգիպտոսում, քանի որ Հերոդոտոսի (Հերոդոտոս II, 42, 145) և Դիոնիսոս Սիցիլիացու (Պատմական գրադարան I, 11, 25) մոտ կարդում ենք, որ եգիպտացիները երկրպագում էին արևին, լուսնին ու աստղերին: Շարադրված մեկնության պարագայում 26−րդ համարի կապը նախորդի հետ լինելու է ոչ անմիջական:
--------------------------------
[26](Էջմիածին թարգ․) Սակայն դուք վերցրիք Մողոքի խորանը, ձեր Ռեմփա աստծու աստղը եւ նրանց պատկերները, որ պատրաստեցիք ձեզ համար:
(Արարատ թարգ․) Դուք կրեցիք Սիքքութի՝ ձեր թագավորի, և Քիյյունի՝ ձեր Աստծու կուռքերը, որ շինել էիք ձեզ համար,
(Գրաբար) և առէք զվրանն Մողոքայ՝ և զաստղ աստուածոյն ձերոյ զՀռեմփայ, զպատկերս նոցա զոր արարէք ձեզ։
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: