Եսայու մարգարեության մեկնություն 53:1

Սրբ․ Գրիգոր Տաթևացի

Ո՞վ հաւատաց Տիրոջ մասին մեր տուած լուրին, եւ ո՞ւմ յայտնի դարձաւ Տիրոջ բազուկը:
   
   Ո՞վ հավատաց Տիրոջ մասին մեր տված լուրին, և ո՞ւմ հայտնի դարձավ Տիրոջ բազուկը

   Այս խոսքը չորս իմաստ ունի. նախ՝ այն Աստծո մեղադրանքն է՝ ուղղված Իսրայելին, որովհետև Իսրայելը չհավատաց մեծասքանչ զորությանն ու մարգարեների խոսքերին և նրանց պատմություններին:

    Երկրորդ՝ ոչ թե մեր խոսքն ասացինք, այլ Քեզնից ստացած լուրը լսեցինք, ինչպես Ամբակումն է ասում. «Տե՛ր, Քո լուրը լսեցի» (Ամբ. 3։2): Դավիթն էլ ասում է. «Ահա լսեցինք Նրա մասին» (Սաղմ. 131։6)՝ ոչ թե այս ականջով, այլ՝ մարգարեական, ինչպես ասում է մարգարեն. «Սրեց իմ լսելիքը, որ ունկնդիր լինեմ» (Ես․ 50։4):

    Երրորդ՝ ինչ լսեցինք, դա քարոզեցինք ուրիշներին:

    Չորրորդ՝ ցույց է տալիս, որ ոչ թե քննություն, այլ հավատք է պետք աստվածային հարցերում:

    Եվ ո՞ւմ հայտնի դարձավ Տիրոջ բազուկը. Հոր բազուկը, աջը և զորությունը Միածին Որդին է, Որով արարեց ամենայն ինչ և դարձյալ Նրանով նորոգեց: Եվ այդ երկրորդ արարչությունն ավելի հրաշափառագույն է, քան առաջինը 1՝ հետևյալ երկու պատճառներով. նախ՝ որովհետև այն առաջինը կամքով ու միայն խոսքով եղավ, իսկ այս մեկը՝ մարդեղությամբ ու չարչարանքով: Երկրորդ՝ Աստծուն հատուկ է արարած ստեղծելը, սակայն Նրան խորթ էր արարած լինելը, ինչն էլ առավել զարմանալի է:

    Ո՞ւմ հայտնի դարձավ. նախ՝ մինչ մարդ լինելն Աստված որևէ մարդու չհայտնվեց: Երկրորդ՝ մարդիկ անգամ հայտնությամբ չճանաչեցին Նրան. քանզի այլ է հայտնությամբ ճանաչելը, և այլ՝ ճանաչելը հրաշքների միջոցով: Ուստի հայտնի է, որ բոլորը տեսնում էին հրաշքները, սակայն Հիսուս միայն աշակերտներին էր ասում. «Երանի ձեր աչքերին, որ տեսնում են» (Մատթ. 13։16): Իսկ հայտնության վերաբերյալ ասում է. «Երանի քեզ, Սիմո՛ն, որովհետև մարմինն ու արյունը չհայտնեց քեզ, այլ՝ Իմ Հայրը, որ երկնքում է» (Մատթ. 16։17): Եվ սրանով փարատվում է տարակույսը:

    Հարց. Երբ Նաթանայելը (Հովհ. 1։45-51) և Ղազարոսի քույրը նմանապես Նրան Աստծո Որդի դավանեցին, ինչո՞ւ Պետրոսի նման նրանց ևս երանի չտվեց:

    Պատասխան. Որովհետև նրանք հրաշքներից հետո ասացին, իսկ Պետրոսն ըստ հայտնության, որի պատճառով էլ երանի տրվեց առաքյալին: Եվ ինչպես Պողոսն է ասում. «Մեզ ամեն ինչ հայտնեց Իր Հոգով» (Ա Կորնթ. 2։10), ուստի հարկ է երկյուղ ունենալ, որովհետև «Տերը զորություն է տալիս երկյուղածներին» (Սաղմ. 24։14):
   

Ա. Լոպուխին

«Ո՞վ հավատաց մեզանից լսածներին, և Տիրոջ բազուկը ո՞ւմ հայտնվեց»։ [1] (Սինոդական թարգ․)
   
   «[Տե՜ր], ո՞վ հավատաց մեզանից լսածներին, և Տիրոջ բազուկը ո՞ւմ հայտնվեց»։

   Այս համարն իրենից ներկայացնում է 53-րդ գլխում հնչող խոսքերի ընդհանուր ներածությունը, որում զանազանվում են խոսող անձը, խոսքի թեման և դրա հասցեատերերը։ Հաշվի առնելով այն հանգամանքը, որ այս ամենի հաստատումը չափազանց կարևոր է տվյալ գլուխը ճիշտ հասկանալու համար, և քանի որ, դրա հետ մեկտեղ, մեկնաբանների միջև այս հարցի վերաբերյալ տարակարծություններ կան, ուստի մենք այստեղ կանգ կառնենք՝ այն որոշակի մանրամասնությամբ պարզաբանելու համար։ Միջնադարյան րաբբինական և նորագույն շրջանի ռացիոնալիստական մեկնաբանների մեծամասնությունը, չցանկանալով ընդունել այս գլխի մեսիականության գաղափարը, կառչած է մնում այն կարծիքից, որ այստեղ որպես խոսող անձ հանդես է գալիս Եսայի մարգարեն, սակայն նրա խոսակցության առարկան ոչ թե Մեսիան է, այլ առհասարակ հրեա ժողովուրդը կամ, ավելի ճիշտ, նրա քաղաքական, դժվարին իրապայմաններով ուղեկցվող գոյության ժամանակաշրջանը («Մեսիայի օրերի վիշտը»), իսկ ահա մարգարեի կողմից նախատվող ունկնդրի դերում էլ հեթանոսական ամբողջ անհավատ աշխարհն է, որը ճնշում էր Աստծո ընտրյալ ժողովրդին։ Սակայն եթե «Մեսիայի մասին» Եսայի մարգարեի խոսքերին հավաքական նշանակություն հաղորդելու նմանատիպ փորձը նախկինում հաջողություն չէր ունեցել (Ես. 49։3, 5-7), ապա այստեղ դրա կրկնությունն էլ ավելի քիչ արդարացում ունի իր համար, քանի որ 53-րդ գլխի ամբողջական վերլուծությունից հետո պարզ է դառնում, որ այնտեղ խոսքը վերաբերում է առանձին անհատականությանը, այլ ոչ թե փորձ է արվում համայնքի անձնավորմանը (մասնավորապես տե՛ս «վշտերի մարդ» (3-րդ համար), «Մենք բոլորս մոլորվեցինք․․․», «Տերը Նրա վրա դրեց մեր բոլորի մեղքերը» (6-րդ համար), «Նա կամավորաբար տառապեց» (7-րդ համար), «Իմ ժողովրդի հանցանքների համար մահապատիժ կրեց» (8-րդ համար), «մեղք չգործեց և Նրա բերանում խաբեություն չկար» (9-րդ համար) և այլ տեղիներ)։ Իզուր չէ, որ նույնիսկ այնպիսի ազատամիտ մեկնաբանը, ինչպիսին Դումն է, այս քննարկվող հարցի վերաբերյալ ասում է հետևյալը․ «Մեսիան այստեղ որքան հնարավոր է առավել անհատական կերպով է ներկայացվում, քան մնացած երգերում, և Նրա անձը որպես իսրայելական իրական կամ «ճշմարիտ» ժողովուրդ մեկնաբանելն այստեղ բոլորովին անհնար է (vollends unmögich; Duhm В. Das Buch Jesaia. Göttingen, 1892. S. 365)։ Իսկ այս վարկածի հետ մեկտեղ ի չիք է դառնում նաև սրա հետ կապված մեկ ուրիշ վարկած, ըստ որի մարգարեի այս մեղադրական խոսքը բացառապես ուղղված էր հեթանոսական աշխարհի այն ներկայացուցիչներին, որոնք ճնշում էին իսրայելական ժողովրդին։ Կեղծ տեսակետների քննադատությունից անցում կատարենք ճշմարիտ ու, թեկուզև լիովին համոզիչ կերպով, սակայն, ցավոք սրտի, առանց բավարար ապացույցների արտահայտված մտքի պարզաբանմանն ու հիմնավորմանը։

   Կասկած չկա, որ այստեղ խոսող անձը հենց Եսայի մարգարեն է, անհավատները կամ կասկածամիտները հրեաներն են, իսկ ունկնդիրները՝ հրեաներն ու հեթանոսները (Ի. Գրիգորիև, էջ 207):

   Արտահայտված սույն տեսակետի ճշմարտացիությունը հաստատվում է, առաջին հերթին, խոսքի համատեքստի վերլուծությամբ։ Եսայի մարգարեի նախորդող խոսքերի ամբողջ շարքը (48-50-րդ գլուխներ) բովանդակում էր իրենում Տիրոջ խոնարհ Ծառայի, այսինքն՝ Մեսիայի հանդեպ «անհավատության» համար հրեա ժողովրդին հասցեագրված ահարկու նախատինքներ։ Դրանցում կային կոչեր՝ ուղղված Իսրայելի ամբողջ բանակին և առանձնաբար նաև նրա վատագույն հատվածին։ Մասնավորապես վերջին՝ 52-րդ գլուխն իրենում բովանդակում էր պատգամ՝ ուղղված լավագույն հատվածին՝ հոգևոր Սիոնին, որին ազդարարվեց մեծ Ավետաբերի գալուստը և գալիք փրկության ու խաղաղության  առթիվ պահապանների ուրախ բացականչությունը (7-8-րդ համարներ)։ Սակայն, ակներևաբար, այդ բոլոր ուրախալի լուրերը բոլորովին չէին հասնում նրանց ականջներին, որոնց համար որ դրանք, առաջին հերթին, նախատեսված էին: Եվ Ավետաբերի ու նրա պատգամաբերների ձայնն իսրայելական ժողովրդի  մեծամասնության համար «անապատում կանչողի ձայնի» պես էր (Ես․ 40։3), ուստի այն չէր կարող բարեբեր պտուղ տալ այդ կարծրացած ու քարքարոտ հողի վրա: Ահա Իսրայելի անհավատների հենց այս մեծամասնությանն է Եսայի մարգարեն այժմ դիմում իր մարգարեական ձայնով՝ մի կողմից ցանկանալով կոտրել հրեաների կեղծ մեսիական պատկերացումները և նրանց պատրաստել հեզ ու փրկող Մեսիայի խոնարհ տեսքին, և մյուս կողմից էլ՝ մի վերջին անգամ ևս պատգամ հղել այս երբեմնի ընտրյալ ժողովրդի անհավատ զանգվածին և նրանից խլել բոլոր տեսակի պատրվակներն ինքնաարդարացման համար։

   Այս տեսակետի պարզորոշ հաստատումը մենք նախևառաջ գտնում ենք հենց նույն Եսայի մարգարեի խոսքերում, ով ոչ մեկ անգամ և ոչ պակաս զորավոր արտահայտություններով (որոնք նմանություններ ունեն 53-րդ գլխում կիրառված արտահայտությունների հետ) նախատում էր իրեն ժամանակակից հրեաներին։ Այսպես, դեռևս 6-րդ գլխում Տիրոջ կողմից Եսայի մարգարեի պատգամաբերության մասին պատմության մեջ, ի թիվս այլ բաների, մենք ընթերցում ենք հետևյալը․ «Գնա՛ և ասա՛ այդ ժողովրդին. «Ինչքան էլ լսեք, չեք հասկանա, ինչքան էլ տեսնեք, չեք ընկալի»: Քանի որ այդ ժողովրդի սիրտը կարծրացել է, ծանր են լսում իրենց ականջներով, իրենց աչքերն էլ փակել են. որպեսզի չլինի թե երբևէ աչքերով տեսնեն ու ականջներով լսեն, սրտով իմանան ու դարձի գան, և Ես էլ բժշկեմ նրանց» (Ես. 6։9-10

Կամ ավելին՝ «Դու շատ բան տեսար, սակայն չնկատեցիր, ականջներդ բաց էին, սակայն չլսեցիր» (Ես. 42։20, հմմտ․ Ես. 28։9-15, Ես. 29։10-15, Ես. 30։9-11, Ես. 43։23)։ Եվ վերջապես, տարակուսանքի վերջին ստվերը պետք է անհետանա սույն գլխի վերաբերյալ նորկտակարանյան մեկնաբանությունների լույսի ներքո։ Այսպես, Հովհաննեսի Ավետարանում Եսայու մարգարեությանը պատկանող՝ մեր կողմից հենց նոր հիշատակված հատվածները, ինչպես նաև 53-րդ գլխի սկզբնահատվածն ուղղակիորեն  մեջբերվում են հրեաների անհավատությունը պախարակելու համար․ «Որքա՜ն հրաշքներ Նա (Հիսուս Քրիստոս) կատարեց նրանց առջև, և նրանք չհավատացին Նրան, որպեսզի իրականանար Եսայի մարգարեի խոսքը «Տե՜ր, ո՞վ հավատաց մեզանից լսածներին, և Տիրոջ բազուկը ո՞ւմ հայտնվեց» (հմմտ. Հովհ․ 12։37-38)։ Ճիշտ նույն կերպ նաև Պողոս առաքյալը Հռոմեացիներին ուղղված իր նամակում, 53-րդ գլխի սկզբնահատվածն ուղղակիորեն առնչակցելով Իսրայելում Ավետաբերի քարոզչության մասին ասված նախորդ խոսքի հետ (Ես․ 52։7), այնուհետև ասում է․ «Սակայն ոչ բոլորը հնազանդվեցին ավետիսին։ Քանզի Եսային ասում է «Տե՛ր, ո՞վ մեզանից լսածներին հավատաց» (Հռոմ․ 10։16)։

   Առկախ են մնում մի շարք երկրորդական հարցեր։ Ինչո՞ւ է, օրինակ, մարգարեն իր մասին հոգնակի թվով խոսում։ Ակնհայտ է, որ նա այստեղ միայն անձնապես իր անունից չի խոսում, այլ նաև Մեսիայի մասին մարգարեացած հինկտակարանյան մարգարեների ամբողջ զորքի անունից։ Սրան որպես զուգահեռ է համարվում 40-րդ գլխի սկզբնահատվածը, որում իսրայելական ժողովրդին մխիթարելու Աստվածային հրամանը չի տրվում միմիայն Եսայի մարգարեին, այլև շատ մարգարեների (Ես. 40։1)։ «Մեզանից լսածներին» արտահայտության փոխարեն այստեղ ավելի ճիշտ կլինի նկատի ունենալ Մեսիայի և Նրա թագավորության մասին մարգարեական առանձնահատուկ հայտնությունը (Ես․ 21։10, Ես. 28։9, Երեմ․ 49։14, Աբդ․ 1։1 և այլ տեղիներ)։ Հետևաբար այդ խոսքի ներքո, ընդհանուր առմամբ, կարելի է հասկանալ ամբողջ Աստվածությունը, նշանները և հրաշքները, որոնք տեղի էին ունեցել Իսրայելին դարձի բերելու համար:

   Մասնավորապես «Տիրոջ բազուկի հայտնվել» արտահայտության ներքո, համատեքստից դատելով (Ես. 52:10) պետք է հասկանալ Քրիստոսի եկեղեցում Աստծո զորության և փառքի հրաշասքանչ հայտնությունը։ Եթե ​​մարգարեն ասում է, որ այդ բազուկը ոմանց համար արդեն «հայտնվել է», ապա, իհարկե, դա չպետք է ըմբռնել որպես այս դարաշրջանում տեղի ունեցած մի իրապատում իրադարձություն, այլ այն պետք է հասկանալ դրա հանդեպ հավատքի իմաստով՝ որպես սուբյեկտիվ, ներքին համոզմունք այդ իրադարձության՝ ապագայում տեղի ունենալու վերաբերյալ։
--------------------------------
[1](Էջմիածին թարգ․) Ո՞վ հաւատաց Տիրոջ մասին մեր տուած լուրին, եւ ո՞ւմ յայտնի դարձաւ Տիրոջ բազուկը:
(Արարատ թարգ․) Ո՞վ հավատաց մեր լուրին, և ո՞ւմ հայտնվեց Տիրոջ բազուկը։
(Գրաբար) Տէր ո՞ հաւատաց լրոյ մերում, եւ բազուկ Տեառն ում յայտնեցաւ: