Սրբ. Հովհան Ոսկեբերան (†407)
17-18․ «Այդ ժամանակ իրականացավ Երեմիա մարգարեի միջոցով ասված խոսքը, որն ասում է»: «Ձայն է լսվում Ռամայում, լաց ու ողբ և սաստիկ լացուկոծ. Ռաքելը լալիս է իր երեխաների վրա ու չի ուզում մխիթարվել, որովհետև նրանք չկան» (Երեմ. 31:15)։
Քանի որ ավետարանիչն այս բռնի, անարդար, դաժան ու անօրեն կոտորածի մասին պատմությամբ սարսափով պարուրեց իր ունկնդրին, ուստի նաև մխիթարում է ընթերցողներիս՝ հավելելով, որ դա տեղի չի ունեցել այն պատճառով, որ Աստված անկարող եղավ կանխել այդ ոճրագործությունը կամ Իր նախիմացությամբ կանխատեսլ այն, այլ որովհետև Տերը կանխապես իսկ իմացավ ու այդ մասին նախահռչակեց մարգարեի շուրթերով։ Այնպես որ, շփոթության մի´ մատնվիր և մի´ հուսալքվիր, այլ հայացք գցիր Աստծո անճառելի Նախախնամությանը, որը պարզորոշ տեսանելի է թե՛ Նրա գործողություններում, թե՛ Նրա կողմից թույլատրված իրադարձություններում:
Ահա այդ մասին էր, որ Քրիստոս Իր աշակերտներին ուսուցանեց, երբ մի անգամ նրանց հետ զրույցում, կանխասելով առաքյալներին սպասվող դատավճիռների, կապանքների, ողջ տիեզերքի թշնամությանն արժանանալու և անհաշտ պատերազմների մասին, որպես նրանց ոգեշնչում և մխիթարության հետևյալն ասաց. «Չէ՞ որ երկու ճնճղուկ մեկ դահեկանի է վաճառվում, բայց նրանցից մեկն անգամ առանց ձեր Հոր կամքի գետին չի ընկնում» (հմմտ. Մատթ. 10:29): Իր այս խոսքերով Քրիստոս կամենում էր ցույց տալ, որ առանց Աստծո իմացության ոչինչ տեղի չի ունենում, և Տերն ամեն ինչ գիտի, թեև ամեն ինչ չի անում: Ահա թե ինչու, - ասում է, - մի՛ խռովվեք ու մի՛ վախեցեք։ Եթե Նա, Ով գիտի ձեր տառապանքների մասին ու կարող է կանխել դրանք, բայց այդուամենայնիվ դա չի անում, ապա, անկասկած, դրա պատճառն այն է, որ Նա ձեր նկատմամբ նախախնամություն ունի և հոգ է տանում ձեր մասին:
Մենք այդ նույն կերպ պետք է դատենք նաև մեզ հանդիպող գայթակղություններին առերեսվելիս, և դա մեզ ոչ փոքր մխիթարություն պիտի պարգևի։ «Ռաքելը, - ասվում է, - լալիս է իր երեխաների վրա»: Սակայն, - միգուցե ինչ-որ մեկն ասի, - ի՞նչ ընդհանրություն ունի Ռաքելը Բեթղեհեմի հետ։ Եվ ի՞նչ ընդհանուր բան կա Ռամայի ու Ռաքելի միջև: Ռաքելը Բենիամինի մայրն էր, ում մահից հետո թաղեցին Ռամայի մոտ գտնվող ճամփեզրին (Ծննդ. 35:19): Եվ այսպես, քանի որ Ռաքելի գերեզմանը Ռամայի մոտ էր, իսկ այդ վայրը որպես ժառանգություն տրվեց Բենիամինին` նրա որդուն (Ռաման Բենիամինի ցեղին պատկանող տարածքում էր), ուստի թե՛ ըստ նախահայրերի ժառանգություն լինելու, և թե՛ Ռաքելի թաղման վայրը լինելու հանգամանքով պայմանավորված` Ավետարանիչը կոտորված մանուկներին իրավամբ անվանում է «Ռաքելի երեխաներ»: Այնուհետև, ցույց տալով պատուհասած վշտի ծանրությունն ու անմխիթար կացությունը, հավելում է. «…չի ուզում մխիթարվել, որովհետև նրանք չկան»: Եվ այստեղից մենք դարձյալ ուսանում ենք այն նույն ճշմարտությունը, որի մասին ես ավելի վերևում ասացի, այն է` պետք չէ շփոթության մատնվել, երբ հանգամանքներն անհամատեղելի են թվում Աստծո խոստումների հետ:
Ահա տե´ս, թե ինչպես է սկզբնավորվում Իր ժողովրդին փրկելու համար Տիրոջ ստանձնած առաքելությունը, ավելի ճիշտ՝ համայն տիեզերքի´ն փրկելու գործընթացը: Նրա մայրը փախչում է, հայրը ենթարկվում է անտանելի կտտանքների, տեղի է ունենում սպանություն, որը բոլոր սպանություններից ամենասարսափելին էր: Շուրջբոլորը լացուկոծ, մեծ ողբ ու աղաղակ էր տիրում։ Սակայն մի՛ խռովվիր։ Տերը, որպես Իր զորության ամենավառ վկայություն, սովորաբար Իր մտադրություններն իրագործում է մշտապես հակադարձ-տրամաբանական միջոցներով: Այդպես նաև Իր աշակերտներին Հիսուս ընտրեց, ուսուցանեց և պատրաստեց բոլոր տեսակի սխրագործությունների համար՝ դա կատարելով հանուն ավելի մեծ հրաշքի և գործելով հակադարձ-տրամաբանական թվացող միջոցներով: Ահա թե ինչու Հիսուսի աշակերտները նույնպես, խոշտանգումների, հալածանքների ենթարկվելով ու անհամար արհավիրքներ կրելով, այդուհանդերձ հաղթեցին նրանց, ովքեր խոշտանգում ու հալածում էին իրենց։
Սրբ. Ներսես Շնորհալի (†1173)
17-18․ Այն ժամանակ կատարուեց Երեմիա մարգարէի բերանով ասուածը, թէ՝ Ռամայում մի ձայն գուժեց. ողբ ու լաց ու սաստիկ կոծ. Ռաքէլը լալիս էր իր զաւակների վրայ եւ չէր ուզում մխիթարուել, քանի որ նրանք այլեւս չկային:
Այդ ժամանակ կատարվեց Երեմիա մարգարեի միջոցով ասվածը. «Ձայն գուժեց Ռամայից, ողբ, լաց և մեծ կոծ: Ռաքելը լալիս էր իր որդիների վրա և չէր կամենում մխիթարվել, քանզի չկային» 88: Քանի որ [մանուկների] կոտորածի լուրը շատերին տրտմեցրեց, այժմ [ավետարանիչը] կամենում է մխիթարել՝ [ասելով], որ Աստված Հերովդեսի սրին արգելք չդրեց ոչ թե այն պատճառով, որ չկարողացավ, այլ որ նախապես գիտեր [այս մասին], ինչը նաև մարգարեի միջոցով էր կանխագուշակել, որպեսզի Նրա անճառելի նախախնամությանը նայելով՝ այսպիսի բաներից բնավ չխռովվես: Ինչպես առակավոր խոսքով [Քրիստոսն] ասաց Իր աշակերտներին, «Երկու ճնճղուկը մեկ դանկով է վաճառվում, և նրանցից ոչ մեկը չի կորչում առանց ձեր Հոր [կամքի]: Բայց ձեր գլխի [բոլոր] մազերն իսկ հաշվված են» (Մատթ. 10:29–30), այսինքն՝ մի՛ կարծեք, թե անիրավներից ձեզ հասած չարչարանքը Նա չի տեսնում, որովհետև տեսնում է նույնիսկ մանրուքները և կարող է խափանել, բայց թույլ է տալիս՝ գիտենալով, որ [դրանք] օգտակար են ձեզ:
Սակայն քննության կարիք կա, թե ինչ պատճառով է այստեղ Ռաքելը հիշատակվում: Ռաքելը [Հովսեփի և] Բենիամինի մայրն էր և երբմեռավ, թաղվեց Բեթղեհեմում 89, և քանի որ Բեթղեհեմը Բենիամինին էր բաժին ընկել 90, և [Ռաքելի] գերեզմանն էլ մոտ էր [քաղաքին], [այնտեղ կոտորված] մանուկներն իրավամբ են կոչվում Ռաքելի որդիներ՝ իբրև Բենիամինից սերվածներ: Նաև քանի որ Լիան 91 բազմորդությամբ խորհրդանշում է [Աստծո] առաջին ժողովրդին, իսկ Ռաքելը գեղեցկությամբ՝ Եկեղեցուն, ապա օտարները չէ՛, որ կոտորեցին, այլ Լիայի որդիները, [այսինքն]՝ հրեաների ժողովարանը, Ռաքելի՝ Նոր Սիոնի 92 որդիներին՝ գցելով փողոցներում: Նրանց վրա էր լալիս Ռաքելը, ով [խորհրդանշում է] Եկեղեցին, և չէր կամենում մխիթարվել, որովհետև Դավթի Որդու հետ ծնված մանուկները չապրեցին և չդարձան Նրա ավետարանիչները: Բայց [Դավթի Որդին] կտրեց Ռաքելի լացի ձայնը, որովհետև Իր «այցելության ժամանակ» (Ղուկ. 19:44) լինելո՛ւ էին Իր համար քարոզիչներ, ովքեր և ստանալու են մեր մայր Վերին Երուսաղեմի գլխավոր սահմանները: Նաև այժմ ևս մխիթարելու է [Ռաքելին] նրա որդի Սավուղով, այսինքն՝ Պողոսով 93, ով իբրև նրա արտասուքի վարձ տրվեց, լրացրեց նրա սպանված որդիների բացը՝ աշխարհով մեկ քարոզելով Աստծո Որդու գալստյան ավետիսը, և մեռավ Աստծո Որդու մահվան համար 94՝ իր այն եղբայրների փոխարեն, ովքեր մեռան Նրա ծննդյան համար:
Ստեփանոս Սյունեցի (†735)
17-18․ Այն ժամանակ կատարուեց Երեմիա մարգարէի բերանով ասուածը, թէ՝ Ռամայում մի ձայն գուժեց. ողբ ու լաց ու սաստիկ կոծ. Ռաքէլը լալիս էր իր զաւակների վրայ եւ չէր ուզում մխիթարուել, քանի որ նրանք այլեւս չկային:
«Ռամայում մի ձայն լսելի եղավ, ողբ, լաց ու սաստիկ կոծ. Ռաքելը լալիս էր իր զավակների վրա և չէր ուզում մխիթարվել, քանի որ նրանք այլևս չկային»:
Եբրայերեն [տեքստում] այսպես է. «Բարձունքում մի ձայն լսելի եղավ, լալիս են որդիների [համար], քանի որ [նրանք] չկային» (Երեմ. 31:15): [Լալիս և կոծում] են նրա՛նք, ովքեր հարության խորհուրդը չեն գիտակցում, իսկ ովքեր սովորեցին Քրիստոսից, թե Իրենով պիտի հարություն առնեն, այնպիսիք չեն լալիս ու կոծում:
Ա. Պ. Լոպուխին (†1904)
17-18․ «Այդ ժամանակ իրականացավ Երեմիա մարգարեի միջոցով ասված խոսքը, որն ասում է»: [17] «Ձայն է լսվում Ռամայում, լաց ու ողբ և սաստիկ լացուկոծ. Ռաքելը լալիս է իր երեխաների վրա ու չի ուզում մխիթարվել, որովհետև նրանք չկան» (Երեմ. 31:15)։ (Սինոդական թարգ․)
Մեջբերվում են Երեմիա մարգարեի խոսքերը (եբրայերեն բնագրում` 31:14-րդ համար), որոնք վերաբերում են ավետարանչի կողմից հաղորդվող` Հերովդեսի սարսափելի արարքին: Այստեղ հարց է ծագում այն մասին, թե ինչու է մատնանշվում հենց Ռաքելը` մարմնավորելով Հերովդեսի կողմից սպանված մանուկների վրա լաց եղող կնոջ կերպարը: Տվյալ դեպքում ավետարանիչը կարծես թե անձնավորում է ներկայումս տեղի ունեցող կոտորածների պատճառով մայրերի և, հավանաբար նաև, այլ անձանց կողմից բարձրացվող լացն ու ողբը, և այդ ամենը անձնավորող մեկ անձը Ռաքելն է՝ Հակոբի սիրելի կինը և Հովսեփի ու Բենիամինի ցեղերի նախամայրը:
Չնայած որ Բեթղեհեմը գտնվում էր Հուդայի ցեղի տարածքում, սակայն Ռաքելի անունը սերտորեն առնչվում էր Բեթղեհեմի հետ, քանի որ, ինչպես ասվում է Աստվածաշնչում, Հակոբը Եսավի հետ հաշտվելուց հետո սկզբում բնակություն հաստատեց Սյուքեմում, այնուհետև տեղափոխվեց Բեթել և այնտեղից հասավ Եփրաթա, այսինքն` Բեթղեհեմ, որտեղ Ռաքելը Հակոբի համար ծնեց Բենիամինին, ապա այնտեղ մահացավ և թաղվեց Եփրաթա, այսինքն` Բեթղեհեմ տանող ճանապարհին (Ծննդ. 35:19): Հակոբը նրա գերեզմանի վրա մի հուշարձան կանգնեցրեց, և այն մինչ օրս ցուցադրվում է այդ տեղում։ Այսպիսով, ավետարանչի համար միանգամայն բնական էր Բեթղեհեմի դեպքերի հետ հարաբերակցությամբ Ռաքելի մասին խոսելը:
Երեմիա մարգարեն, սակայն, չի հիշատակում «Բեթղեհեմ» անունը, այլ խոսում է Ռամայի մասին։ Պաղեստինում «Ռամա» անունով առավելագույնը հինգ քաղաք կար (այդ քաղաքի անունները գործածվում էին ինչպես եզակի, այդպես էլ հոգնակի թվով` «Ռամոթ»)։ Ստուգապես հայտնի չէ, թե արդյոք Բենիամինի ցեղի տարածքում գտնվող Ռաման (կամ «Բենիամինյան Ռաման» - Հեսու 18:25, Դատ. 4:5 - այստեղ Ռամայի մասին ասվում է, որ այն գտնվում Եփրեմի լեռան վրա, Դատ. 19:13, Ես. 10:29, Օս. 5:8 – վերհիշյալ այս տեղիներում Ռաման ամենուր հանդես է գալիս Գեբա կամ Գիբա տեղանվան հետ մեկտեղ) նույնական էր այն Ռամա բնակավայրի հետ, որտեղ ծնվել և ապրել է Սամուելը (այս մասին հիշատակվում է Ա Թագ. 1։19, 2։11, 7։17 և այլ տեղիներում)։ Ռաքելի և Ռամա բնակավայրի միջև առկա կապերի հիմնավորումը ոչ թե Մատթեոսի Ավետարանում է, այլ Երեմիայի մարգարեության մեջ։ Ավետարանիչը Բեթղեհեմի իրադարձություններին ավելացնում է Երեմիայից փոխառած մարգարեությունը, որն իրականում վերաբերում էր հրեաների` Բաբելոն գերությանը….(Երեմ. 40:1 հմմտ. Երեմ. 31:15 - ըստ եբրայական բնագրի` 31:14)….
Մարգարեն այստեղ կամենում է ասել, որ ոչ թե Ռաքելն իսկապես լաց է լինում, քանի որ նա այլևս կենդանի չէր, այլ որ եթե Ռաքելը գերեզմանից վեր կենար և հասներ Ռամա, նա կսկսեր լաց լինել իր սերունդների համար և մխիթարություն չէր գտնի, քանի որ նրանք այլևս այնտեղ չէին լինի, այլ գերեվարված ու տարված կլինեին Բաբելոն։ Ճիշտ նույն իմաստով էլ ավետարանիչը Ռաքելի ողբը «վերագրում» է Բեթղեհեմում սպանված մանուկներին։
Մաղաքիա արք. Օրմանյան (†1918)
Այն ժամանակ կատարուեց Երեմիա մարգարէի բերանով ասուածը, թէ՝ Ռամայում մի ձայն գուժեց. ողբ ու լաց ու սաստիկ կոծ.
Տե՛ս Մեկնություն Ավետարան ըստ Մատթեոսի գլուխ 2:16
--------------------------------
[17](Էջմիածին թարգ․) Այն ժամանակ կատարուեց Երեմիա մարգարէի բերանով ասուածը, թէ՝ Ռամայում մի ձայն գուժեց. ողբ ու լաց ու սաստիկ կոծ.
(Արարատ թարգ․) Այդ ժամանակ իրականացավ Երեմիա մարգարեի միջոցով ասվածը.
(Գրաբար) Յայնժամ կատարեցաւ ասացեալն ի ձեռն Երեմիայ մարգարէի՝ որ ասէ.

Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: