Սրբ. Հովհան Ոսկեբերան (†407)
«Երանի՜ ձեզ, երբ ձեզ նախատեն ու հալածեն և զրպարտությամբ ամեն տեսակի չար բան ասեն ձեր մասին Իմ պատճառով»։
 
 Իր այս խոսքով Քրիստոս կարծես կամենում էր ասել. «Եթե նույնիսկ ձեզ խաբեբաներ, շողոքորթներ, չարագործներ կամ այլ անուններով կոչեն, դուք, այնուամենայնիվ, երանելի եք»: Գուցե ձեզ թվա, թե ի՞նչը կարող է ավելի տարօրինակ լինել, քան այսպիսի հրահանգը, որը մարդու համար նախընտրելի է համարում այն, ինչից, ուրիշների կարծիքով, պետք է խուսափել, այսինքն՝ աղքատությունը, արցունքները, հալածանքները, նախատինքները: Եվ, այնուամենայնիվ, Հիսուս ոչ միայն հնչեցնում է այս պատվիրանները, այլ նաև դրանց հանդեպ հավատ է ներշնչում ու Իր այդ հրահանգի ճշմարտացիության մեջ վստահեցնում է ոչ թե երկու, ոչ տասը, ոչ քսան, ոչ հարյուր կամ հազար մարդու, այլ համայն աշխարհին: Եվ ժողովրդի բազմությունները, լսելով այսպիսի ծանր, դժվարըմբռնելի և համընդհանուր ընկալումներին հակառակ հրահանգները, զարմանում էին: Ահա այսպիսին էր երկնային Վարդապետի խոսքերի զորությունը:
 Սակայն, որպեսզի դու չմտածես, թե ցանկացած նախատինք` անկախ նրանից, թե այն ինչպիսի բնույթ ունի, մարդկանց կարող է երանելի դարձնել, ուստի Քրիստոս սահմանում է այդ նախատինքները` դրանց համար երկու տիպի նախապայմաններ առաջադրելով. առաջինն այն է, երբ մենք նախատինքներ ենք կրում Հիսուսի համար, և երկրորդ` հարկ է, որ դրանք հիմնավորված չլինեն (այսինքն` մենք մեր սխալ վարմունքով իսկապես արժանացած չլինենք նախատվելուն): Իսկ ահա եթե այդ երկու նախապայմաններից ոչ մեկն է առկա, ոչ էլ մյուսը, ապա նախատվողը ոչ միայն երանելի չէ, այլև դժբախտ է:
Համաձայն Ղուկաս Ավետարանչի վկայության` Քրիստոս այս երանին ավելի զորեղ, բայց և մխիթարական շեշտադրումով արտաբերեց: Ղուկասի Ավետարանում Հիսուս ոչ միայն երանելի է անվանում նրանց, ովքեր նախատինք են կրում Տիրոջ համար, այլ նաև` դժբախտ է անվանում նրանց, որոնց մասին բոլորը լավն են խոսում: Քրիստոս ասում է. «Վա՜յ ձեզ, երբ որ բոլոր մարդիկ լավ խոսեն ձեր մասին»(Ղուկ. 6:26): Այո´, առաքյալների մասին նույնպես լավ խոսքեր էին ասում, բայց ոչ բոլորը: Այդ պատճառով էլ Հիսուս չի ասում՝ երբ մարդիկ ձեր մասին լավ խոսեն, այլ ավելացնում է «բոլոր» բառը: Իրոք, անհնար է, որ առաքինի մարդն ամենքի կողմից գովվի:
 Եվ դարձյալ` Հիսուս ասում է. «…Երբ ձեր անունը անպատվեն Մարդու Որդու պատճառով…ուրախացե´ք այդ օրը և ցնծացեք» (հմմտ. Ղուկ. 6:22–23): Հիսուս վարձատրություն է սահմանում ոչ միայն վտանգների ենթարկվելու, այլ նաև` նախատինքներ կրելու համար: Այս իսկ պատճառով էլ Նա չասաց՝ երբ ձեզ վտարեն և սպանեն, այլ՝ երբ ձեզ նախատեն… զրպարտությամբ ամեն տեսակի չար բան ասեն: Իսկապես որ, չարախոսությունն ինքնին ավելի խորն է խոցում, քան գործերը: Վտանգների մեջ գտնվող մարդու վիշտը բազմաթիվ միջոցներով կարող է թեթևացվել, օրինակ՝ երբ բոլորը խրախուսեն, շատերը հավանություն տան, գովաբանեն և փառաբանեն: Սակայն ի մասնավորի այստեղ՝ չարախոսության մեջ, մխիթարություն գտնելու հնարավորությունն իսպառ չքանում է: Չարախոսության ենթարկվելը մեծ սխրանք չի համարվում, թեև իրականում չարախոսությունն ավելի շատ է խոցում պայքարի մեջ գտնվողին, քան վտանգները: Շատերն իրենք իրենց վրա ձեռք են բարձրացնում՝ չկարողանալով դիմանալ իրենց մասին ասված վատ խոսքերին: Եվ ինչ զարմանալի բան կա նրանում, որ նույնիսկ անամոթ և նողկալի դավաճան եղող մարդիկ, որոնք բոլորովին կորցրած են լինում իրենց ամոթը, երբեմն հենց ա´յդ (չարախոսության ենթարկվելու) պատճառով են կախվում (ինքնասպան լինում): Եվ Հոբը՝ այդ ադամանդը, որ քարից էլ ավելի ամուր էր, երբ կորցրեց իր ունեցվածքը, դիմացավ անտանելի տառապանքներին, հանկարծակիորեն զրկվեց իր բոլոր երեխաներից, նրա մարմինը պատվեց որդերով, նրա կինը սկսեց նախատել իրեն, այդ բոլորը նա հեշտությամբ տարավ: Բայց ահա երբ Հոբի ընկերները, որոնք նախատում, ծաղրում էին իրեն և չարախոսելով` ասում էին, թե նա այդ ամենը կրում է իր մեղքերի համար ու պատժի է ենթարկվում իր արատների պատճառով, այդ ժամանակ այս խիզախ և հզոր պայքարողը երերաց և խռովվեց:
 
Սրբ. Ներսես Շնորհալի (†1173)
Երանի՜ է ձեզ, երբ ձեզ նախատեն ու հալածեն եւ իմ պատճառով ձեր մասին ամէն տեսակ չար խօսք՝ սուտ ասեն:
 
 Երանի՜ ձեզ, երբ ձեզ նախատում ու հալածում են [և Իմ պատճառով ձեր մասին ամեն տեսակ չար խոսք ասում ստելով]:
 Ուրիշ ի՞նչ նորընծա վարդապետություն կա, սրանից բացի, որ [Տերը] հրամայում է տենչալ այն, ինչ մարդկանց համար զարհուրելի է՝ աղքատանալը, սուգ մտնելը, հալածվելը, ի հավելումն՝ նաև նախատինք կրելն ու բամբասվելը: Եվ փոքր չէր [առաքյալներին ուղղված] նախատինքը. որովհետև [նրանց] անվանում էին կախարդներ, մոլորեցուցիչներ և չարագործներ: Եվ սա՝ այն դեպքում, որ առաքյալները հրաշքներ էին գործում, նաև նրանցից հետո՝ սրբերը, որովհետև [Տերը] խոսում է բոլո՛ր նրանց մասին, ովքեր չարերի կողմից բամբասվում են ճշմարտության խոսքի համար: Ասելով «ամեն տեսակ չար խոսք»՝ նկատի ունի բոլոր տեսակի հայհոյանքները, որոնցով անդուռ բերանով բամբասում են աստվածային մարդկանց: Բայց որպեսզի չկարծվի, թե երանի է տալիս վայրապար 1 բամբասանքի դիմաց, ավելացնում է նաև՝ «Իմ պատճառով»–ն ու «ստելով»–ը: Երկու բանի մասին է խոսում. մեկն այն է, որ [Տիրոջ] պատճառով է բամբասանքը լինում, մյուսը՝ որ սուտ է լինում: Հիրավի թշվառ է այն բամբասվածը, ով տկարների համար գայթակղության պատճառ է դարձել, և վայն է բաժինը նրա, ում ձեռքով գայթակղություն է գալիս (Մատթ. 18:7): Այդ պատճառով էլ [Տերը] չասաց. «Երանելի եք, եթե ձեզ չարախոսեն ցանկացած պատճառով», այլ՝ երանության արժանի կլինեք, երբ առաքինի լինելով՝ արդարությա՛ն պատճառով հալածվեք: Ուստի ասաց.
 
Ստեփանոս Սյունեցի (†735)
Երանի՜ է ձեզ, երբ ձեզ նախատեն և հալածեն և իմ պատճառով ձեզ ամեն տեսակ չար խոսքեր սուտ ասեն։
 
Տե՛ս Մեկնություն Ավետարան ըստ Մատթեոսի գլուխ 5:1
 
Մաղաքիա արք. Օրմանյան (†1918)
Երանի՜ է ձեզ, երբ ձեզ նախատեն ու հալածեն եւ իմ պատճառով ձեր մասին ամէն տեսակ չար խօսք՝ սուտ ասեն:
 
Տե՛ս Մեկնություն Ավետարան ըստ Մատթեոսի գլուխ 5:3

Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: