Եզեկիելի մարգարեության մեկնություն 37։9

Ա. Լոպուխին

«Այդ ժամանակ Նա ասաց ինձ. «Մարգարեացի՛ր շնչին, մարգարեացի՛ր, ո՛վ մարդու որդի, և ասա՛ շնչին. «Այսպես է ասում Տեր Աստված. «Աշխարհի չորս հովերից ե՛կ, ո՛վ շունչ, և փչի՛ր այս սպանվածների վրա, և նրանք կկենդանանան»»։ [9] (Սինոդական թարգ․)
   
   Սույն գործողությունը նկարագրվում է իր բոլոր առանձին դրվագներով, ինչի շնորհիվ էլ ավելի է ուժեղանում հրաշքի թողած տպավորությունը։ Մարգարեն ևս մեկ անգամ պիտի մարգարեանա, որպեսզի շունչը ներթափանցի մարմնի մեջ, չնայած որ դա արդեն իսկ տեղի էր ունեցել 7-րդ համարում (հմմտ․ 5-րդ և 6-րդ համարներ): Այսպիսով լավագույնս մատնանշվում է այն ամբողջ անդունդը, որն ընկած էր կենդանի ստեղծագործության և անշունչ իրերի միջև: Այն, որ համաձայն 6-րդ համարի՝ ​​շունչը տրվում էր Աստծո կողմից, իսկ այստեղ այդ շունչն ինքն է մտնում մարմինների մեջ, ապա դրանում որևէ տեսակի հակասություն չկա, քանի որ այստեղ նույնպես այդ շունչը ենթարկվում է Աստծո կամքին: Սակայն, այդուամենայնիվ, Հոգին (կամ «շունչը»), որն այստեղ դիտարկվում է Ծննդոց գրքի 2:7-րդ համարի հետ համեմատությամբ՝ անկասկած հենց այդ նույն մատնանշումը պարունակելով իր մեջ, այդ նույն Հոգին այստեղ հանդես է գալիս որպես ավելի անկախ գործունեություն ծավալող մի օբյեկտ. այն ներկայանում է որպես ամբողջ աշխարհը լցնող մի զորություն, որն ասես այդ աշխարհի շունչն է, այսպես ասած, անհատականացված միայն մարդու մեջ։ Այս շունչը, անշուշտ, պետք է առնչություն ունենա Սուրբ Հոգու հետ՝ հենց Նրա կողմից «արտադրված» լինելով: Այստեղից էլ հետևում է, որ այդ շունչը ներթափանցում է նաև մարգարեի մարմնի մեջ, երբ նա մարգարեանում է․ չէ՞ որ մարգարեն նույնպես Սուրբ Հոգով էր խոսում։ Ահա այսպիսին է Աստծո խոսքի զորությունը նույնիսկ մարդու բերանում, ուրեմն այն ինչպիսի՜ն պետք է լիներ Որդու բերանում, Նրա՛, Ով Ինքը Աստծո Խոսքն իսկ էր: (Տրոշոն): Այդ շունչը (կամ «Հոգին») փչում է «չորս քամիներից», այսինքն՝ երկրի բոլոր ծայրերից, ինչն անհրաժեշտություն էր՝ նկատի ունենալով սպանվածների մեծաքանակ բազմությունը։ Այստեղ, իմիջիայլոց, ակնարկվում է նաև բոլոր «չորս քամիներով մեկ ցրված» (Եզեկ․ 5։10, 12:14, 17։21) Իսրայելի՝ ի մի հավաքման մասին։ Եբրայեցերենում ստացվում է «ռուախ» բառի կրկնակի կիրառություն («քամիներ» և «հոգի»-«շունչ»), որից կարելի էր նաև խուսափել, սակայն արտահայտության նմանօրինակ կիրառությունը պետք է որ միտումնավոր լինի, քանի որ կենդանության շունչը քամու ուժի զորությամբ տարածվելով՝ ավելի որոշակի պատկերացում է առաջացնում (այդ շունչն ասես ընծայվում է ամենքին՝ շուրջբոլորը)։

   «Սպանվածների» - առաջին անգամ է, որ մենք ոսկորների մասին իմանում ենք, որ դրանք սպանվածների՛ ոսկորներ են եղել, և ոչ թե պարզապես՝ մահացածների ոսկորներ։ Սակայն դա նախկինում ինքնին (առանց մատնանշվելու էլ) հասկանալի էր․ երկրի երեսին այդքա՜ն շատ ոսկորներով լցված դաշտը միայն մարտադաշտ կարող էր լինել:
--------------------------------
[9](Էջմիածին թարգ․) Նա ասաց ինձ. «Մարգարէացի՛ր, մարդո՛ւ որդի, մարգարէացի՛ր շնչի վրայ եւ ասա՛ շնչին. «Այսպէս է ասում Տէր Աստուած. «Ե՛կ, ո՛վ շունչ, չորս հողմերից, ու փչի՛ր մեռելների վրայ, եւ նրանք կը կենդանանան»»»:
(Արարատ թարգ․) Եվ ինձ ասաց. «Մարգարեացի՛ր շնչին, մարգարեացի՛ր, ո՛վ մարդու որդի, և ասա՛ շնչին. Այսպես է ասում Տեր Աստված. "Աշխարհի չորս հովերից ե՛կ, ո՛վ շունչ, և փչի՛ր այս սպանվածների վրա, որ կենդանանան"»։
(Գրաբար) Եւ ասէ ցիս. Մարգարեա՛ց որդի մարդոյ, մարգարեա՛ց ‘ի վերայ շնչոյն, և ասասցես ցշունչն. Ա՛յսպէս ասէ Տէր Տէր. Ե՛կ շունչ ‘ի չորից հողմոց, և փչեա՛ ‘ի մեռեալս յայսոսիկ՝ և կեցցեն: