Եսայու մարգարեության մեկնություն 42:16

Ա. Լոպուխին

«Եվ կույրերին առաջնորդելու եմ այնպիսի մի ճանապարհով, որը նրանք չգիտեն, անհայտ ճանապարհներով եմ ուղղորդելու նրանց: Խավարը լույս եմ դարձնելու նրանց առջև, իսկ դարուփոսերը՝ հարթավայր: Ահա թե ինչ եմ անելու նրանց համար ու չեմ լքելու նրանց»: [16] (Սինոդական թարգ․)
   
   «Եվ կույրերին առաջնորդելու եմ այնպիսի մի ճանապարհով, որը նրանք չգիտեն … խավարը լույս եմ դարձնելու…դարուփոսերը՝ հարթավայր․․․» - «Թշնամիներ» անվան տակ, որոնց նախորդ համարներում Աստված սպառնում էր պատերազմական անխնա ոչնչացումով, ակնհայտորեն, նկատի են առնվում հեթանոսության կառավարիչներն ու առաջնորդները, որոնք ժողովրդին պահում էին անգիտության ու նախապաշարմունքների խավարի մեջ: Սակայն նրանց կողմից շահագործվող ժողովրդին Աստված ոչ միայն չի սպառնում, այլ, ընդհակառակը, նույնիսկ խոստանում է նրանց Իր ամենազոր օժանդակությունը: Նա պարզ, անգրագետ և խաբված ժողովրդի զանգվածներին համեմատում է դժբախտ կույրերի հետ, որոնք շեղվել են ուղիղ ճանապարհից ու առաջնորդվել են դեպի անթափանցելի խավարը: Եվ ահա Տերն այդ ժողովրդին խոստանում է, որ Ինքը բացելու է նրանց հոգևոր աչքերը, նրանց դուրս է բերելու ուղիղ ճանապարհի վրա ու թույլ է տալու վայելել լույսը: Սույն մարգարեությունն ինչպես իր բովանդակությամբ, այնպես էլ իր ձևաչափով անմիջականորեն հիշեցնում է Եսայի մարգարեի գրքի մյուս՝ զուգահեռ գլուխները, որի շնորհիվ և ապացուցվում է այդ գլուխների վավերականությունն ու միասնականությունը, ասել է թե՝ ողջ բնագրի մի անբաժանելի մասը կազմելու հանգամանքը (Ես․ 13:21, 9:2, 35:6-8, 40:3, 41:17 և այլ հատվածներ):
--------------------------------
[16](Էջմիածին թարգ․) Կոյրերին պիտի առաջնորդեմ մի ճանապարհով, որ նրանք չգիտեն, պիտի քայլել տամ այնպիսի շաւիղներով, որոնք ծանօթ չեն նրանց. խաւարը լոյս պիտի դարձնեմ նրանց համար եւ դժուարանցանելին՝ դիւրին: Այս բաները պիտի անեմ նրանց համար եւ չեմ լքելու նրանց:
(Արարատ թարգ․) Կույրերին պիտի առաջնորդեմ իրենց չիմացած ճանապարհով, նրանց պիտի առաջնորդեմ իրենց անծանոթ շավիղներով։ Նրանց առջև խավարը լույս պիտի դարձնեմ, իսկ դարուփոսերը՝ հարթավայր։ Այս բաներն եմ անելու և նրանց բնավ չեմ լքելու։
(Գրաբար) Առաջնորդեցից կուրաց ընդ ճանապարհ զոր ոչ գիտիցեն. եւ ընդ շաւիղս` զոր ոչ ճանաչէին` գնացուցից զնոսա: արարից նոցա զխաւարն ի լոյս, եւ զդժուարինն` ի դիւրինս: Զայս բանս արարից առ նոսա, եւ ոչ թողից զնոսա: