Եսայու մարգարեության մեկնություն 55:4

Ա. Լոպուխին

«Ահա, Ես Նրան վկա եմ կարգել ժողովուրդների համար՝ որպես ժողովուրդների առաջնորդ և հրամանատար»։ [4] (Սինոդական թարգ․)
   
   «Ահա, Ես Նրան վկա եմ կարգել ժողովուրդների համար՝ որպես ժողովուրդների առաջնորդ և հրամանատար․․․» - Հիմնվելով ամենամոտ քերականական կապի վրա՝ ռացիոնալիստական (բանապաշտական) ​​մտածողություն ունեցող մեկնաբաններից շատերը «Նրան» բառի ներքո հասկանում են ո՛չ թե Մեսիային, այլ Դավթին, որի մասին անմիջապես առաջ խոսվում էր (Գեզենիուս, Էվալդ, Կնոբել, Չեին և այլք)։ Սակայն ըստ շատ ուրիշ մեկնաբանների կարծիքի, այստեղ բացարձակապես կարիք չկա ստրկաբար հետևել քերականությանը՝ բացահայտորեն ընդդիմանալով առողջ բանականությանը, քանի որ ավելի քան ռիսկային է Դավթի պատմական անձն ընդունել Եսայի մարգարեի ժամանակակիցների համար որպես վկա, նրանց առաջնորդ և հրամանատար, և ո՛չ միայն Եսայու ժամանակակիցների, այլև նրանց հեռավոր սերունդների համար, քանի որ մարգարեի խոսքը գլխավորապես այդ վերջիններին ի նկատի ունի (Վիտրինգ, Ռոզենմյուլլեր, Ումբրեյտ, Օրելլի, Rawlinson և այլք)։ Մեսիան այստեղ կոչվում է «վկա», և դա միանգամայն համապատասխանում է հենց Նրա՝ Քրիստոսի խոսքերին, Որն ասում էր․ «Ես նրա համար եմ ծնվել և աշխարհ եկել, որպեսզի վկայեմ ճշմարտության մասին (Հովհ․ 18։37)։ Մեսիան՝ Տիրոջ այդ սիրեցյալ Որդին, բազմիցս անվանվում է նաև «տիեզերական Վարդապետ», «ժողովուրդների Առաջնորդ և Տիրակալ», և այդ անվանումները Մեսիային տրվում են ինչպես հենց Եսայի մարգարեի, այնպես էլ ուրիշ մարգարեների կողմից (Ես․ 42։6, 43։9, 12, 44։8, 49։1-2, 51։4, Երեմ․ 30։9, Եզեկ․ 34։23-24 և այլ տեղիներ)։
--------------------------------
[4](Էջմիածին թարգ․) Ահա նրան տուեցի որպէս հեթանոսների վկայ, որպէս ազգերի իշխան եւ հրամանատար:
(Արարատ թարգ․) Ահա ես նրան վկա եմ կարգել ժողովուրդներին՝ որպես ժողովուրդների առաջնորդ և հրամանատար։
(Գրաբար) Ահաւասիկ ի վկայութիւն հեթանոսաց ետու զնա. իշխան եւ հրամանատար ազգաց: