Այս գիրքը իմաստութեան վերաբերեալ բազմաթիւ առակների եւ ուսուցողական խրատների մի ժողովածու է, որի հեղինակը լինելու պատիւը վերագրւում է Սողոմոն թագաւորին, որը Իսրայէլում ճանաչուած է եղել որպէս գերազանցապէս իմաստուն մի մարդ։
Առակների գիրքը պատկանում է գրական այնպիսի մի ժանրի, որը մեծ ծաղկում է ապրել ամբողջ Հին Արեւելքում, որտեղ անհրաժեշտ էր, որ մարդկային կեանքում ձեռք բերուած փորձառութիւնը փոխանցուէր մէկ սերնդից միւսին։ Գրքում պարունակուած առակները գալիս են տարբեր դարաշրջաններից։ Դրանք կարելի է բաժանել երեք մեծ մասի։
Առաջին մասը հէնց առակներին վերաբերող մի երկար ներածութիւն է, կապակցուած մտածումների ձեւի տակ, որով բացատրւում է իմաստութեան դերն ու կարեւորութիւնը մարդու կեանքում։
Երկրորդը գրքի կենտրոնական մասն է կազմում, որից էլ գիրքն ստացել է իր վերնագիրը։ Այստեղ ընդգրկուած են Սողոմոնի առակները, որոնց վրայ աւելացուել են տարբեր իմաստութիւններին պատկանող այլ առակներ։
Երրորդ մասը բաղկացած է չորս անկախ կտորներից, որոնցից երկուսը մեզ փոխանցում են ոչ իսրայէլացի իմաստունների մտածումները կամ խրատները։
Առակների գիրքը չի շօշափում բնաւ իսրայէլացի ժողովրդի պատմութեանն ու ապագային վերաբերող հարցեր, ինչպէս այդ անում են Հին Կտակարանի միւս գրքերը, այլ առակների ուսուցումը ամենից առաջ վերաբերում է անհատների, եւ այն խրատները, որ տրւում են այնտեղ, նպատակ ունի թոյլ տալու իւրաքանչիւր անհատի, Աստծու առաջնորդութեան ներքոյ, ապրել հաւասարակշռուած եւ անբասիր մի կեանք։
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: