Գիրք` 25. Առակներ

Գլուխ 12

   
1․ Ով խրատ է սիրում, նա իմաստութիւն է սիրում. ով ատում է յանդիմանութիւնը, նա անմիտ է:
2․ լաւ է, որ մարդ Տիրոջից շնորհ է գտնում, իսկ անօրէն մարդու բերանը պիտի կարկամի:
3․ Մարդ անօրէնութեամբ յաջողութեան չի հասնի. արդարների արմատները չպիտի կտրուեն: 
4․ Ժրաջան կինն իր ամուսնու պսակն է. ինչպէս փայտի համար վնասակար է որդը, այնպէս էլ չարագործ
կինը կորստի կը մատնի ամուսնուն:
5․ Արդարների խորհուրդները իրաւացի են, իսկ ամբարիշտները նենգութիւնների առաջնորդներ են: 
6․ Ամբարիշտների բերանները նենգաւոր են. ուղղամիտների բերանը կը փրկի իրենց:
7․ Ամբարիշտը որ կողմ էլ դառնայ, պիտի բնաջնջուի, բայց արդարների տները պիտի յարատեւեն:
8․ Իմաստունի բերանը պիտի գովաբանուի մարդկանցից, բայց ծուռ սիրտ ունեցողը պիտի արհամարհուի: 
9․ Լաւ է խոնարհ ծառայ լինել իր անձի համար, քան իր անձը մեծարել եւ հաց մուրալ: 
10․ Արդարը խղճում է իր անասունին, բայց ամբարիշտները անողորմ են: 
11․ Ով մշակում է իր հողը, պիտի կշտանայ հացով, իսկ ով դատարկ բաների յետեւից է գնում, նա պակասամիտ է:
Ով ժամանակը վատնում է գինարբուքի մէջ, նա անարգանք է թողնելու իր շրջապատի վրայ:
12․ Ամբարիշտների ցանկութիւնները չար են, իսկ բարեպաշտների արմատները՝ հաստատուն: 
13․ Մեղաւորն իր լեզուի պատճառով որոգայթի մէջ կ՚ընկնի, բայց արդարը զերծ կը մնայ դրանից: Քաղցրահայեաց մարդը գթութիւն է գտնում, բայց ով դռների արանքում է պատահում մարդկանց, նեղութիւն է պատճառում հոգուն: 
14․ Մարդ պիտի լցուի բարիքներով իր բերանի պտղից, եւ իր շուրթերի տուածի համեմատ՝ ստանայ հատուցում: 
15․ Անմիտներին իրենց ճանապարհները թւում են ուղիղ:
16․ Իմաստունն ունկնդիր է լինում խրատին, իսկ անմիտն իսկոյն յայտնի է դարձնում իր բարկութիւնը: 
17․ Խորագէտ մարդը թաքցնում է իր անարգանքը. արդարը հաւատարմօրէն յայտնում է ճշմարտութիւնը.
նենգամիտ է անօրէնի վկայութիւնը: 
18․ Մարդիկ կան, որ իրենց խօսքով խոցում են թրի պէս, բայց իմաստունների լեզուները բուժում են: 
19․ Ճշմարտախօս շուրթերը հաստատում են վկայութիւնը, բայց շտապող վկան անիրաւ լեզու ունի:
20․ Չարամիտների սրտում նենգութիւն կայ, բայց ովքեր խաղաղութիւն են ուզում, ուրախ պիտի լինեն: 
21․ Անիրաւացի ոչ մի բան հաճելի չէ արդարին, բայց ամբարիշտները լցուած են չարութեամբ:
22․ Ստախօս շուրթերը պիղծ են Տիրոջ առջեւ, ճշմարտութեան հաւատարիմ բերանը հաճելի է նրան:
23․ Հանճարի աթոռը իմաստուն մարդն է, բայց անզգամների սիրտը պիտի ենթարկուի նզովքի: 
24․ Ընտրեալների ձեռքը պիտի հեշտ յաղթի, բայց նենգաւորները պիտի գերութեան մատնուեն: 
25․ Ահեղ խօսքը խռովում է արդարի սիրտը, բարի խօսքը ուրախացնում է նրան: Արդարը սիրում է իրաւադատ անձը,
բայց ամբարիշտների մտքերը կեղծ են: 
26․ Չարիքները հալածում են յանցաւորներին, բայց բարիքները պիտի հասնեն արդարներին:
27․ Ամբարիշտների ճանապարհները մոլորեցնում են նրանց. որսը չի հանդիպում նենգաւորին:
28․ Անարատ մարդու ունեցուածքը պատուական է եւ առատ: Արդարութեան ճանապարհը տանում է դէպի կեանք, ոխակալների ճանապարհը՝ դէպի մահ: