Գիրք` 32. Օսէէ

Գլուխ 14

ՕՍԷԷԻ ԱՂԵՐՍԸ ԻՍՐԱՅԷԼԻՆ
   
1. Կը կործանուի Սամարիան, որովհետեւ նա իր Աստծու դէմ դուրս եկաւ. նրանք սրով կ՚ընկնեն, նրանց ծծկեր երեխաները քարի կը զարնուեն, եւ նրանց յղի կանայք կը պատռուեն:
2. Դարձի՛ր, Իսրայէ՛լ, դէպի քո Տէր Աստուածը, քանի որ տկարացար քո անօրէնութիւնների մէջ:
3. Առէ՛ք այս խօսքերը ձեզ հետ, դարձէ՛ք ձեր Տէր Աստծուն եւ ասացէ՛ք նրան. «Դու կարո՛ղ ես ներել մեր մեղքերը, որ անիրաւութիւն չանենք, այլ բարին ընդունենք եւ հատուցենք քեզ մեր շրթունքների պտուղը. - եւ ձեր սրտերը բարութեան մէջ կը գտնեն:
4. Ասորեստանը չի փրկի մեզ, եւ մենք ձի չենք հեծնի ու այլեւս մեր ձեռակերտներին «աստուած մեր» չենք ասի, որովհետեւ նա, որ քո մէջ է, կը գթայ որբերին»:
   
ՏԷՐԸ ՆՈՐ ԿԵԱՆՔ Է ԽՈՍՏԱՆՈՒՄ
   
5. «Կը վերականգնեմ նրանց բնակարանները եւ ամբողջ սրտով կը սիրեմ նրանց, որովհետեւ անցաւ նրանց դէմ ունեցած իմ բարկութիւնը:
6. Ես ցօղ կը դառնամ Իսրայէլի համար, նա կը ծաղկի ինչպէս շուշան եւ իր արմատները կը տարածի ինչպէս լիբանոսը: Կ՚ընդարձակուեն նրա ճիւղերը,
7. նա կը դառնայ ինչպէս պտղալից ձիթենի, եւ նրա հոտը կը բուրի ինչպէս կնդրուկի բոյր:
8. Կը դառնան եւ կը նստեն նրա յարկի տակ, կ՚ապրեն եւ ապահով կը լինեն ցորենով, նա կը բողբոջի ինչպէս որթատունկ,
9. եւ նրա յիշատակը կը լինի ինչպէս Լիբանանի գինի Եփրեմի համար: Այլեւս ի՞նչ գործ ունի նա կուռքերի հետ. ե՛ս խոնարհեցրի նրան, ես էլ կը զօրացնեմ նրան. ես նման եմ պտղառատ այգու, ինձանից է քո պտուղը»:
10. Ով իմաստուն է, կը հասկանայ այս բաները, ով հանճարեղ է, կ՚իմանայ սրանք, քանի որ ուղիղ են Տիրոջ ճանապարհները. արդարները դրանցով կ՚անցնեն, իսկ ամբարիշտները կը սայթաքեն դրանց մէջ: