Գիրք` 32. Օսէէ

Գլուխ 5

   
1. Լսեցէ՛ք սա, ո՛վ քահանաներ, մտի՛կ արէք, ո՛վ Իսրայէլի տուն, թագաւորի՛ տուն, ակա՛նջ դրէք, քանի որ ձերն է դատաստանը.
2. կը լինէք ինչպէս թակարդ դիտանոցում եւ ինչպէս մի ցանց՝ ձգուած բարձրադիր վայրում, որ որսորդները դրեցին որսի համար:
3. «Ես եմ ձեր ուղղիչը. ես ճանաչեցի Եփրեմին, եւ Իսրայէլը հեռու չէ ինձնից, քանի որ այժմ Եփրեմը պոռնկացաւ, եւ Իսրայէլը պղծուեց»:
4. Նրանք չմտածեցին վերադառնալ իրենց Աստծուն, որովհետեւ պոռնկութեան չար ոգին նրանց մէջ է, եւ Տիրոջը չճանաչեցին:
5. Իսրայէլի հպարտութիւնը կը խոնարհուի նրա առաջ. ե՛ւ Իսրայէլը, ե՛ւ Եփրեմը կը տկարանան իրենց անօրէնութեան մէջ, կը տկարանայ եւ Յուդան նրանց հետ:
6. Նրանք ոչխարներով եւ զոհերով կը գնան Տիրոջը որոնելու եւ չեն գտնի նրան, որովհետեւ նա խուսափեց նրանցից:
7. Նրանք Տիրոջը թողեցին, քանի որ օտար որդիներ ծնուեցին նրանց: Ահա այժմ թրթուրը կ՚ուտի նրանց, նրանց եւ նրանց երկիրը:
   
ՊԱՏԵՐԱԶՄ ՅՈՒԴԱՅԻ ԵՐԿՐԻ ԵՒ ԻՍՐԱՅԷԼԻ ՄԻՋԵՒ
   
8. Փո՛ղ հնչեցրէք բլուրների վրայ, գոռացէ՛ք բարձունքների վրայ, յայտարարեցէ՛ք Ովնի տանը, թէ յիմարացաւ Բենիամինը,
9. եւ Եփրեմը կործանուեց յանդիմանութեան օրերին. «Իսրայէլի ցեղերին հաւատարմութիւն ցոյց տուեցի:
10. Յուդայի երկրի իշխանները նմանուեցին սահմանները փոփոխողների. նրանց վրայ ջրի պէս կը թափեմ իմ կատաղութիւնը:
11. Եփրեմը զրկեց իր թշնամուն եւ ոտնակոխ արեց արդարադատութիւնը, քանի որ սկսեց սնոտի բաների յետեւից գնալ 684:
12. Ես Եփրեմի համար սարսափ կը լինեմ եւ Յուդայի տան համար՝ ինչպէս խայթոց:
13. Եփրեմը տեսաւ իր ախտը, եւ Յուդան՝ իր ցաւերը. Եփրեմը գնաց ասորեստանցիների մօտ եւ պատգամաւորներ ուղարկեց Յարիմի արքային, բայց նա չկարողացաւ փրկել ձեզ եւ ոչ էլ հանգստացնել ձեզ ցաւերից:
14. Քանզի ես Եփրեմի համար յովազի պէս եմ եւ Յուդայի տան համար՝ առիւծի նման. կը յարձակուեմ, կը յափշտակեմ,
15. կ՚առնեմ նրանց, ու ոչ ոք չի լինի, որ փրկի. կը գնամ եւ կը վերադառնամ իմ տեղը, մինչեւ որ նրանք կործանուեն եւ փնտռեն ինձ»: