Սրբ. Հովհան Ոսկեբերան (†407)
1-3. «Երբ Հիսուս այս խոսքերն ավարտեց, Գալիլեայից հեռացավ և եկավ Հրեաստանի սահմանները՝ Հորդանանի մյուս կողմը»։ «Նրա հետևից շատ ժողովուրդ էր գնում, և Նա այնտեղ բժշկում էր նրանց»։ «Եվ փարիսեցիները Նրա մոտ եկան և Նրան փորձելու համար ասում էին. «Արդյոք թույլատրվո՞ւմ է, որ մարդն առանց որևէ պատճառի արձակի իր կնոջը»»։
Հիսուս Քրիստոս, հաճախ լքելով Հրեաստանը տեղի բնակիչների՝ Իր հանդեպ ունեցած ատելության պատճառով, այժմ կրկին գնում է այնտեղ, քանի որ մոտենում էր Իր տառապանքի ժամանակը։ Սակայն հենց Երուսաղեմ դեռ չի մտնում, այլ միայն այցելում է Հրեաստանի սահմանամերձ շրջանները։ Նրա հետևից «շատ ժողովուրդ էր գնում, և Նա այնտեղ բժշկում էր նրանց» (Մատթ. 19:2)։ Նա չի զբաղվում բացառապես միայն քարոզությամբ, և ոչ էլ միայն հրաշագործությամբ, այլ նախ՝ մեկով, ապա մյուսով՝ ասես մի հերթափոխով Իր մշտական հետևորդներին փրկության տարբեր միջոցներ ներկայացնելով, որպեսզի նշանների միջոցով Իր հանդեպ վստահություն վաստակի՝ որպես Ուսուցիչ, և հավատ՝ Իր քարոզության հանդեպ, իսկ ուսուցման միջոցով բազմապատկի նշաններից բխող օգուտը։ Իսկ սա Հիսուս արեց՝ նպատակ ունենալով Իր ունկնդիրներին աստվածաճանաչողության բերել։ Նկատի՛ր և այն, որ աշակերտներն ընդհանրապես խոսում են Հիսուսին հետևող մարդկանց մասին՝ բժշկվածներից որևէ մեկին անվանապես չկոչելով։ Նրանք չեն ասում՝ այսինչը կամ մեկ ուրիշը, այլ՝ «շատ ժողովուրդ», որպեսզի խոնարհություն ուսուցանեն։ Քրիստոս բարիք էր գործում նաև շատ ուրիշների․․․. առաջինների տկարության բժշկումը վերջինների համար աստվածաճանաչողության առիթ էր դառնում, բայց դա չէր վերաբերում փարիսեցիներին։ Ընդհակառակը, փարիսեցիները սրանից էլ ավելի են կարծրանում, և գալիս են Հիսուսի մոտ Նրան փորձելու մտադրությամբ։ Քանի որ նրանք չէին կարող Հիսուս Քրիստոսին որսալ Իր գործերում, ուստի Նրան առաջարկում են խնդիրներ՝ լուծելու համար։ Մոտենալով Հիսուսին, ինչպես ասվում է, «Նրան փորձելու համար ասում էին. «Արդյոք թույլատրվո՞ւմ է, որ մարդն առանց որևէ պատճառի արձակի իր կնոջը» (Մատթ. 19:3)։ Ինչպիսի՜ խելագարություն։ Նրանք ցանկանում էին փակել Հիսուսի բերանն իրենց հարցերով, թեև արդեն տեսել էին Նրա զորության մեծամեծ ապացույցները։ Երբ փարիսեցիները Հիսուս Քրիստոսի հետ շատ էին վիճում շաբաթ օրվա մասին (Մատթ. 12), երբ ասում էին, թե Հիսուս հայհոյում է (Մատթ. 9:3), դև ունի (Հովհ. 10:20), երբ հանդիմանում էին Նրա աշակերտներին սերմանված դաշտերով անցնելու առիթով, երբ վիճում էին անլվա ձեռքերով ճաշակելու մասին (Մատթ. 12:2)՝ ամենուր Քրիստոս նրանց բերանը պապանձեցնելով և անամոթ լեզուն կապելով այդպես ձեռնունայն էր թողնում նրանց։ Եվ, այնուամենայնիվ, փարիսեցիները Հիսուսին հանգիստ չեն թողնում։ Այսպիսին է չարությունն ու այսպիսին է նախանձը՝ անամոթ ու հանդուգն. թեկուզ հազար անգամ հետ մղես այն, նույնքան անգամ էլ այն դարձյալ կհարձակվի․․․
Բայց նկատի՛ր նրանց չարությունը հենց այս հարցադրման մեջ։ Նրանք Փրկչին չեն ասում՝ «Դու հրամայեցիր չարձակել կնոջը», որովհետև այդ օրենքի մասին արդեն իսկ խոսվել էր։ Փարիսեցիներն այս խոսքերը չհիշատակեցին, այլ միտումնավորաբար շրջանցեցին դրանք և նենգ մտադրությամբ, ցանկանալով ավելի մեծ ծուղակը գցել Հիսուսին և ստիպել հակասել օրենքին, ոչ թե հարցրին՝ «ինչո՞ւ Դու սահմանեցիր այս կամ մյուս օրենքը», այլ, կարծես ոչ մի օրենքի մասին էլ նախորդիվ խոսված չլիներ, հարցրին. «Արդյոք թույլատրվո՞ւմ է․․․»։ Փարիսեցիները մտածում էին, թե Հիսուս մոռացել է Ինքն Իր խոսքերը և մտադիր էին Քրիստոսին հակադրել Իր իսկ խոսքերով, եթե Նա ասեր՝ «պետք է արձակել»։ Նրանք Փրկչի այդ պատասխանին սպասելով՝ պատրաստվում էին հակադարձել, թե՝ «ուրեմն ինչո՞ւ էիր Դու ավելի վաղ ասում, որ չի թույլատրվում», իսկ եթե Հիսուս կրկներ Իր նախկին խոսքերը, ապա Նրան էին հակադրելու Մովսեսի օրենքը։
Հովհաննես Ծործորեցի (†1338)
Եւ երբ Յիսուս աւարտեց այս խօսքերը, Գալիլիայից տեղափոխուեց եւ եկաւ Հրէաստանի սահմանները, Յորդանան միւս կողմը:
Երբ Հիսուսն այս խոսքը վերջացրեց, ելավ Գալիլեայից և եկավ Հրեաստանի սահմանները` Հորդանանից այն կողմ:
[Հրեաների] հաճախ նախանձելու պատճառով ստեպ խույս էր տալիս Հրեաստանից և Գալիլեայի կողմերում շրջում, բայց հիմա մոտեցավ [Հրեաստանին], որովհետև չարչարանքի ժամանակը մոտեցել էր: Եվ դեռ Երուսաղեմ չի գնում, այլ Հրեաստանի սահմանները` Երուսաղեմին մոտ, ուր Հովհաննես [Մկրտիչն] էր քարոզում, որպեսզի Հովհաննեսի վկայությունը հիշեցնի:
Մաղաքիա արք. Օրմանյան (†1918)
Եւ երբ Յիսուս աւարտեց այս խօսքերը, Գալիլիայից տեղափոխուեց եւ եկաւ Հրէաստանի սահմանները, Յորդանանի միւս կողմը:
Գալիլիայի քարոզության շրջանը ավարտվեց Հռոմի 782 թվականի սեպտեմբերին, որ է Հիսուսի հրապարակային գործունեության երրորդ տարվա Տչրին ամիսը, որի 10-ին կատարվում էր Քավության տոնը, 15-ին Տաղավարահարաց տոնը, իսկ 21-ին լրանում էր սույն տոնի Յոթնօրեքը: Հիսուս սույն տարվա Զատկին Երուսաղեմ չէր գնացել, նաև չէր ընդունել հանդիսավորապես և պաշտոնապես Երուսաղեմ գնալու Տյառնեղբայրների հրավերը, սակայն Երուսաղեմ գնալու մտադրությունը չէր թողել և Պաղեստինի հարավակողմը, Հրեաստանի և Բերեայի քրոզությանն անցնելու որոշումը հաստատուն էր: Գալիլիացի ուխտավորների քարավանները վերջանալուց հետո Հիսուսն էլ հանդարտորեն և առանց աղմուկի մեկնեց Գալիլիայից՝ Իր հետ ունենալով Տասներկուսին, որովհետև Յոթանասուներկուսն արդեն ցրվել էին: Անհավանական չէ, որ Տասներկուսից զատ ուրիշ հետևորդներ էլ ունեցած լինի: Ուխտավոր քարավանները չանապարհին չպղծվելու համար Սամարիայով չէին անցնում և նախընտրում էին Բերեայի ճսանապարհը, [Իսկ նա] անծանոթների մոկ երթալու նպատակով Սամարիայի ճանապարհը բռնեց: Ճանապարհորդության ժամանակ գիշերները պետք է օթևանեին, հետևաբար, նախօրոք օթևանի պատրաստությունը անհրաժեշտ էր և այս պատրաստության համար երկու հոգի առջևից էին հնում և օթևանի կարիքներն էին հոգում: Այս ճանապարհին էլ Հիսուս Սամարիայով անցած ժամանակ, մի գյուղում գիշերելու կարիք զգաց և աշակերտներից երկուսին ուղարկեց անհրաժեշտը հոգալու: Թե որ գյուղն էր, Ավետարանը չի նշում: Անշուշտ Սյուքարը չէր, որտեղ Հիսուս մի ժամանակ պատվի էր արժանացել (Հովհ. 4:4-43) և ոչ էլ մի նշանավոր քաղաք, քանզի Ավետարանը պարզապես «գիւղ մի Սամարացւոյ» է ասում, որ մի աննշան վայր լինելու մասին է խոսում: Սամարացիք հրեաներին օթևան տալու և հյուրանոցի առևտրից օգտվելու մեջ անփորձ չէին, բայց այս անգամ մոլեռանդությունները բռնում է և զլանում են հյուրասիրությունը: Ավետարանը, որպես պատճառ, բերում է հետևյալը. «Զի դեմ երթալ էր նորա յՈրուսաղէմ»: Հիսուսի ուղարկած պատվիրակները հայտնած են լինում, թե գնում են Երուսաղեմ՝ Տաղավարահարաց ուխտին, որոնք Երուսաղեմի և Գալիլիայի հարցը արծարծած և սամարացիների համոզումներին դեմ գնացած են նկատվում: Մինև պատվիրակները վեճի էին բռնվել գյուղացիների հետ, ահա Հիսուս Իր խմբով ժամանում և օթևան չի գտնում: Զեբեդեոսի որդիներ Հակոբոսն ու Հովհաննեսը, ովքեր թվում է, թե առջևից գնացող երկու պատվիրակներն էին և իրենց պաշտոնում ձախողվելուց ցավ էին զգում, ամբողջովին զայրացած և Հիսուսի հրաշագործ զորության վրա վստահ, առաջարկում են երկնքից կրակ իջեցնել և անհյուրասեր գյուղը բնաջինջ անելով՝ նրանց հակառակության և հրեական կրոնի դեմ գործած անարգանքի վրեժը լուծել: Անձնական զգացումների վիրավորանքին կրոնական գույն տալով՝ այս երկու աշակերտները վրեժխնդրությունն արդարացնելու նպատակն են ցույց տալիս, որ զայրացկոտ գոռում-գոչյուններով և հախուռն վրեժխնդրությամբ իրավացիորեն արդարացնում են իրենց տրված Որդիք Որոտման անունը:
Հիսուս չէր կարող այդպիսի մի առաջարկության համաձայնել: Ինքը բարություն և աղբյուր բարության լինելով, չէր կարող ներել, որ վրեժխնդրության գործեր կատարվեին, որտեղ մանավանդ կրոնամոլության զգացումները դժվարությամբ էին ծածկում անձնասիրությունից առաջացած ցասումը: Հիսուս սաստիկ հանդիմանեց Հակոբոսի և Հովհաննեսին՝ ասելով. «Չգիտե՞ք, դեռ չեք հասկացել իմ հոգին: Մարդու Որդին չի եկել մարդկանց հոգիները կորստյան մատնելու համար: Իմ նպատակը մեղավորներին ու հանցավորներին պատժելը չէ: Ես աշխարհ եմ եկել՝ մեղավորներին խրատելու, քաղցրությամբ ուղղելու և մինչև իսկ իմ կյանքով նրանց փրկելու համար: Որտեղի՜ց ձեզ այդ հոգին՝ ձեր դեմ գործողների վրա աստվածային վրռժխնդրություն հրավիրելու բաղձանքը, դուք որտեղի՜ց ստացաք այդ հոգին: Քայլեցե՛ք, - ասաց Հիսուս իրեն հետևողներին, - եթե սրանք չեն ընդունում, մերժում են իրենց վրա եկող օրհնությունը, մեզ ընդունողները չեն պակասի»: Եվ մեկնեց այնտեղից և մի քիչ ևս առաջանալով, Իր քաղցր կերպարանքի շնորհիվ սիրով ընդունվեց մոտակա սամարացիների մի գյուղում և գիշերային հանգիստը ավարտելով, առավոտյան շարունակեց իր ճանապարհը:
Ճանապարհին յուրայինների հետ խոսակցությունից հասկացվում է, որ Նա վերջնականապես հեռացել է Գալիլիայից և վերստին այնտեղ վերադառնալու մտադրություն չունի, սակայն Նրան հետևողներից ոչ բոլորը տներից վերջ հեռանալու էին պատրաստվել և սրան ու նրան իրենց վիճակը բացատրելով՝ սկսեցին խորհուրդ հարցնել, կամ գործերն ավարտելու թույլտվություն խնդրել: Հետևողներից մեկը, որ Մատթեոսի Ավետարանում հանդես է գալիս որպես դպիր, սկսում է Հիսուսին հայտնել, թե ինքը պատրաստ է Հիսուսի հետ լինել ուր էլ որ Նա գնա, Նրա հետ ապրել, Նրա կերածով սնվել: Բայց այս անձը, երբ մեկ կողմից խոստանում էր անբաժան հետևել Հիսուսին, մյուս կողմից Հիսուսի շնորհիվ ուզում էր ապահովել իր ապագան: Հիսուս նկատում է այդ երկդիմի նպատակը և պատասխանում է նրան. «Ինձ վրա հույս մի՛ դիր և մի՛ փորձիր իմ կյանքով ապահովել քո կյանքը: Ես ո՛չ տուն, ո՛չ տեղ, ո՛չ էլ մթերած պաշար ունեմ: Աղվեսներն իրենց որջն ունեն, թռչուններն էլ իրենց բույնը, բայց Մարդու Որդին գլուխը դնելու համար մի ափ տեղ չունի: Եթե դու էլ՝ անշուշտ, - ավելացրեց Հիսուս,- այդ կերպով հանձնառու կլինես, հետևիր ինձ, եթե ոչ, ապա այժմվանից գլխիդ ճարը տես»: Թե ինչ արեց նա, Ավետարանը չի նշում, այլ բավարարվում է խրատն ավանդելով:
Հիսուսին հետևողներից մի երկրորդն է մոտենում Նրան և թույլատվություն խնդրում, որ տուն վերադառնա, քանզի հորը վտանգավոր վիճակում է թողել և մեկ օրից մյուս օրը միգուցե մահանա: «Գնամ, - ասում է, - հորս թաղումն էլ կատարելուց հետո՝ ամբողջությամբ ազատ քո հետ կշրջեմ»: Հիսուս ավելորդ է նկատում աշակերտի մտածմունքը. «Երբ հայրդ մեռնի, - ասում է, - նրա կողքինները իրեն կթաղեն: Նրանք, ովքեր մեռելին մոտենալով և դիպչելով պղծված են համարվում, նրանք պետք է թաղումն էլ կատարեն: Մի՞թե ուխտավորներին արգելված չէ, որ մեռելների հետ գործ ունենան (Թիվ. 6:6): Դուք էլ Աստծուն նվիրված Նազովրեցու ուխտավորներն եք, մեռելներով զբաղվելու կարիք չունեք: Ձեր պաշտոնը Աստծո Արքայությունը քարոզելն է, ա՛յն թող լինի քո հոգսն ու նպատակը»:
Մի երրորդն էլ մոտենում է Հիսուսին ու թույլտվություն խնդրում, որպեսզի տուն վերադառնա, տան կարգադրություններն ավարտի, գործերը հանձնի և ինքն էլ ամեն գործից ազատ վերջնական հրաժեշտ տա և այնուհետև հետ գա:
Հիսուս սրան էլ հավանություն չի տալիս, չուզելով, որ Իրեն հետևելով, Իր հետ եկողները կրկին Գալիլիա վերադառնան և զանազան զրույցների առիթ տան: «Դու, - ասում է, - մի անգամ ճանապարհ ելար, այլևս հետ մի՛ դարձիր: Աստուծո գործի համար ելողն առաջ պիտի նայի, ետ նայողը հաջողություն չի գտնում: Ձեռքը մաճին ու ոտքն արորին դրած հող հերկողը, եթե առջևը նայելու փոխարեն սկսի դեպի ետ նայել, հանկարծ կսահի, կգլորվի և կընկնի: Աստուծո Արքայության արտի վրա իրենց ձեռքերով մեկ անգամ մաճը բռնած և գործի դուրս եկողները այլևս ետ՝ աշխարհի գործին չպետք է վերադառնան, ապա թե ոչ, կսայթաքեն և հաջողությունը կկորցնեն»:
Ավետարանիչները բավարարվում են այս փոքրիկ միջադեպի պատմությամբ Գալիլիայից Երուսաղեմ Հիսուսի ճանապարհորդության պատմությունը եզրափակել, որ միայն երկու-երեք օրվա ժամանակամիջոց է ընդգրկում և համապատասխանում է Տաղավարահարաց տոնի առաջին մեկ երկու օրերին:
1-2. Եւ երբ Յիսուս աւարտեց այս խօսքերը, Գալիլիայից տեղափոխուեց եւ եկաւ Հրէաստանի սահմանները, Յորդանանի միւս կողմը: Եւ նրա յետեւից բազում ժողովուրդ գնաց, եւ այնտեղ նրանց բժշկեց:
Ասացինք, թե Հիսուսի տված մեկնությունը և Սուրբ Գրքից բերված վկայությունը չբավարարեցին՝ հանդարտեցնելու Հրեաների հակառակությունը, որ եթե մի պահ քարերը ցած նետեցին և քարկոծելու գաղափարը չգործադրեցին, սակայն միևնույն ժամանակ հակառակությունը չդադարեցրին: Հիսուսի խոսակցությունները Սողոմոնի Սրահում բացահայտ էին, իշխանությունն այնտեղ մոտ էր, փարիսեցիներն ու դպիրները տեղյակ էին, ուզում էին Հիսուսի խոսքերը հիմք ընդունելով, Նրան օրինական ճանապարհով ձերբակալել և դատել: Բայց դեռ տնօրինական ժամը չէր հասել, պետք չէ կանխել և աստվածային կարգադրությունները խաթարել, հետևաբար, Հիսուս, տեսնելով, թե մեկ կողմից հրեաներին համոզելու և հակառակորդներին հաղթելու հույս չկա, մյուս կողմից Իր մահվամբ ավետարանական առաքման լուծումը արագացնելու ժամանակը չէ, անհրաժեշտ համարեց մի քանի օր Երուսաղեմում մնալուց հետո, դարձյալ հեռանալ այնտեղից և գնալ Հորդանանի մյուս կողմը կամ Բերեա գավառը, ուր նվազ էր այն հակառակության բորբոքումը, որի պատճառով թողել էր Գալիլիան և Երուսաղեմում մնալը գրեթե անհնար դարձրել:
Հովհաննես ավետարանիչը ճշտում էր նույնիսկ Հիսուսի ժամանած վայրը, ասելով, թե իբր Իր համար հաստատուն կենտրոնատեղի ստեղծեց, «անդ լինէր» այն տեղը, ուր Հովհաննես Մկրտիչը սկսել էր իր քարոզությունները և ուր իր մկրտություններն էր կատարում: Այս տեղը Բեթաբրա կոչված գյուղի մոտակայքում էր, Հորդանանի արևելյան եզերքում, Մեռյալ ծովից ոչ շատ հեռու, որտեղ գետն էլ մի հուն ուներ (Մատթ. 3:1-3): Այս տեղը ոչ միայն իր բնական և կենտրոնական դիրքով, Հրեաստանի, Գալիլիայի և Բերեայի բնակիչների համախմբության հարմար տեղ էր, այլև հռչակված էր Հովհաննես Մկրտիչի քարոզություններով: Հիսուս էլ Իր հրապարակային գործունեության սկզբնավորությունը նվիրագործել էր այնտեղ Իր մկրտությամբ, Իր քարոզություններով և Իր առաջին աշակերտներով: Հիսուս մի տեսակ ուզում էր Իր հրապարակային գործունեությունն ավարտել նույն տեղում, որտեղից սկսել էր:
Բեթաբրայի կողմերում Հիսուսի քարոզելու ձայնը հազիվ լսվեց, անմիջապես հեռվից և մոտիկից, բոլոր կողմերից ժողովուրդը սկսեց այնտեղ դիմել և Հռոմի 780 թվականի հունվարից մինչև 783 թվականի հունվարը անցած երեք տարիների հիշատակը արծարծելով, համեմատություններ դնելով Հովհաննեսի և Հիսուսի միջև, և նույնիսկ Հիսուսի առաջին և երկրորդ տարիների միջև և հիացումով շեշտել այն առավելությունները, որոնք Հիսուս հետզհետե ձեռք էր բերել Իր առաքելական, վարդապետական և հրաշագործական գործունեության մեջ:
Գոհունակությամբ էին հիշում, թե Հովհաննես Մկրտիչը, ում անունը միշտ պաշտելի էր մնացել այդ կողմերում, գուշակել էր Հիսուսի մեծությունը, փառավորությունը և աստվածությունը և համոզված մի շեշտով կրկնում էին. «Ճշմարիտ է, որ Հովհաննեսը հրաշագործ չեղավ և երբեք որևէ հրաշք չգործեց, սակայն Հովհաննեսը մեծ մարգարե եղավ, որովհետև այդ Նազովրեցի Հիսուսի մկրտված օրը եղած տեսիլքների մասին տված մեկնություննեը և շարունակ Նրա առավելությունների վերաբերյալ տված վկայությունները, բոլորն էլ ճշգրտորեն իրականացան և Հիսուսին էլ տեսնում ենք մեծ ու փառավոր, քարոզիչ ու հրաշագործ, ինչպես գուշակեց Հովհաննեսը»: Այս խորհրդածությունները բավական եղան շատերի մտքում համոզում առաջացնելու, թե Հիսուս է ճշմարիտ Մեսիան և «բազումք հաւատացին ի նա անդ» Հորդանանի եզերքներում հավաքված ժողովրդի միջից:
Չորս ավետարանիչներն էլ համաձայնված կերպով հիշատակում են, թե այստեղ մեծ բազմություն էր հավաքված ամեն կողմից: Եվ Հիսուս թե՛ շարունակ քարոզում ու մխիթարում էր այդ բազմությանը և թե՛ Իրեն դիմող ախտաժետների ու դիվահարների վրա բժշկություններ կատարում: Սակայն հրաշքներից ոչ մեկը պատմված չենք տեսնում, իսկ քարոզների մասին միայն Ղուկասն է, որ մի ընդարձակ քաղվածք ունի այստեղ և 14 գլխի կեսից մինչև 18 գլխի կեսը, մի ընդարձակ հատված ունի, նման այն ծավալուն քաղվածքին, որը Մատթեոսն էր տվել և որը Լեռան քարոզի անվան տակ բացատրեցինք իր տեղում (Հովհ. 5:19-47)(Մատթ. 7:1-27): Ղուկասի քաղվածն էլ պատշաճ է Բերեայի քարոզ անվանել, որովհետև ոչ նվազ կարևոր ու շահեկան է և հատուկ կետեր է պարունակում իր մեջ: Քաղվածք անունը տալիս ենք այն պատճառով, որ երբեք անհրաժեշտություն չենք զգում անբողջն էլ միահյուս կերպով Հիսուսի կողմից ասված ենթադրել, մյուս կողմից բավական կարևոր ընդմիջումներ էլ կան խառնված, որոնք հայտնի են դարձնում, թե ավետարանիչը իրար մոտ է բերել զանազան առիթներով խոսված քարոզները:
Որպես Բերեայի քարոզի առանձնահատկություն, պետք է դիտել տանք, թե այն մեծավ մասամբ առակներից է կազմված և թե այդ հատվածում են գտնվում «Մոլորյալ ոչխարի», «Կորցրած դրամի», «Անառակ որդու», «Անիրավ տնտեսի», «Մեծատան և աղքատր», «Այրի կնոջ», «Փարիսեցու և մաքսավորի» նշանավոր առակները, որոնք այնքան ազդեցիկ իմաստ են պարունակում և որոնք գեղեցիկ խորհրդով ու մեր Սուրբ Եկեղեցու կարգավորությամբ Մեծ Պահքի կիրակիների Ավետարանի ընթերցվածքներն են կազմում և որոնք մենք հետզհետե պիտի բացատրենք՝ հետևելով մեր ավետարանական «Համապատումի» կարգին:
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: