Մեկնություն Ավետարան ըստ Մատթեոսի 20:17

Սրբ. Հովհան Ոսկեբերան (†407)

17-19․ «Եվ, երբ Հիսուս Երուսաղեմ էր բարձրանում, տասներկու աշակերտներին ճանապարհին առանձնացրեց և նրանց ասաց»։ Ահա, մենք Երուսաղեմ ենք բարձրանում, և Մարդու Որդին մատնվելու է քահանայապետներին ու դպիրներին, և Նրան մահվան են դատապարտելու»։ «Եվ Նրան հեթանոսներին են մատնելու՝ ծաղրվելու և գանահարվելու և խաչվելու, սակայն երրորդ օրը հարություն է առնելու»։ «Այդ ժամանակ Հիսուսին մոտեցավ Զեբեդեոսի որդիների մայրն իր որդիների հետ, երկրպագեց ու Նրանից մի բան խնդրեց»։
   
   Հիսուս Գալիլեայից դուրս գալուց հետո անմիջապես Երուսաղեմ չգնաց։ Իր ճանապարհորդության ընթացքում Նա կատարեց բազում հրաշքներ, ամոթի մատնեց փարիսեցիներին և աշակերտների հետ քննարկեց անընչաքաղցության թեման՝ «Եթե կամենում ես կատարյալ լինել, գնա վաճառի՛ր քո ունեցվածքը» (Մատթ. 19:21), խոսեց կուսության մասին՝ «ով կարող է տանել, թող տանի» (Մատթ. 19:12), Իր դատողությունը ներկայացրեց խոնարհամտության մասին՝ «եթե չդառնաք ու չլինեք մանուկների պես, Երկնքի արքայությունը չեք մտնի» (Մատթ. 18:3)։ Հիսուս խոսեց արդեն իսկ ներկա կյանքում փոխհատուցման մասին՝ «ամեն ոք, որ թողել է տուն կամ եղբայրներ, կամ քույրեր․․․հարյուրապատիկ պիտի ստանա» (Մատթ. 19:29)՝ ներկա ժամանակաշրջանում, ինչպես նաև՝ ապագայում պարգևների շնորհման մասին. «և հավիտենական կյանքը պիտի ժառանգի» (Մատթ. 19:29

   Այնուհետև ապա արդեն Հիսուս մոտենում է այս քաղաքին (Երուսաղեմին), և այնտեղ մտնելուց առաջ առաքյալների հետ կրկին խոսում է Իր տառապանքի մասին։ Չցանկանալով, որ այս տառապանքը տեղի ունենա՝ աշակերտները հեշտությամբ կարող էին մոռացության մատնել դա։ Դրա համար էլ Քրիստոս նրանց անդադար հիշեցնում է, որպեսզի այդ հաճախակի հիշեցման շնորհիվ նրանց միտքը վարժեցնի այդ մասին խորհելուն և մեղմացնի նրանց վիշտը։ Առանց պատճառի չէ, որ Քրիստոս Իր աշակերտների հետ նաև առանձնաբար է խոսում այդ մասին։ Կարիք չկար այդ մասին խոսակցությունը տարածել ժողովրդի մեջ և բացահայտորեն ասել դա, որովհետև դրանից ոչ մի օգուտ չէր բխի։ Եթե աշակերտները, տառապանքների մասին լսելով, խռովվեցին, ապա շատ ավելի կխռովվեր հասարակ ժողովուրդը։ Այդ դեպքում ուրեմն ի՞նչ, - կհարցնես դու, - մի՞թե դա բացահայտված չէր ժողովրդին։ Բացահայտված էր նաև ժողովրդին, բայց ոչ այդքան հստակորեն։ «Քանդեցե՛ք այդ տաճարը, - ասում էր Հիսուս ժողովրդին, - և Ես երեք օրվա ընթացքում այն կվերականգնեմ» (Հովհ. 2:19)։ Կամ, դարձյալ. «Չար և շնացող ազգը նշան է փնտրում. այլ նշան չի տրվի նրան, բայց միայն Հովնան մարգարեի նշանը» (Մատթ. 12:39)։ Ու նաև. «Մի փոքր ժամանակ էլ ձեզ հետ եմ․․․Ինձ կփնտրեք և չեք գտնի» (Հովհ. 7:33-34

   Մինչդեռ Հիսուս Իր աշակերտների հետ այդ կերպ չէր խոսում, այլ ինչպես այս, այնպես էլ շատ ուրիշ ճշմարտություններ շատ ավելի հստակորեն բացահայտեց։ Այդ դեպքում ուրեմն Տերն ինչո՞ւ էր ասում, որ ժողովուրդը չի հասկանում Իր խոսքերի ուժը։ Ա՛յն բանի համար, որպեսզի մարդիկ հետագայում գիտենան, որ Հիսուս Քրիստոս կանխատեսում էր Իր տառապանքը և կամովին էր գնում դրան, այլ ոչ թե՝ առանց նախիմացության կամ ակամա։ Իսկ ահա  աշակերտներին Հիսուս Իր տառապանքի մասին կանխագուշակում էր ոչ միայն այս նպատակով, այլև, ինչպես վերևում ասացի, նաև ա՛յն նպատակով, որպեսզի աշակերտները, գալիքի ակնկալիքով ամրապնդված, առավել դյուրությամբ համակերպվեին Հիսուսի տառապանքի հետ, և որպեսզի այդ տառապանքի անսպասելի գալուստը նրանց ծայրահեղ խռովության մեջ չգցեր։ Ահա թե ինչու Քրիստոս առաքյալների հետ սկզբում խոսում էր միայն Իր մահվան մասին, իսկ երբ նրանք սկսեցին խորհել այդ մասին և իրենց պատրաստել դրան, այդժամ արդեն Հիսուս նրանց բացահայտում է նաև մյուս բոլոր հանգամանքները, ինչպես, օրինակ, ա՛յն, որ Իրեն մատնելու են հեթանոսներին, ծաղրելու և ծեծելու են Իրեն։ Քրիստոս այս կերպ է վարվում, որպեսզի Իր աշակերտները, տեսնելով տխրահռչակ կանխագուշակումների իրականացումը, դրա ուժով սպասեին նաև Հարությանը։ Եթե Քրիստոս չթաքցրեց վշտալի և, ըստ երևույթին, Իր պատվի համար նվաստացուցիչ հանգամանքները, ապա բնականաբար հարկավոր էր Նրան հավատալ նաև բարենպաստ կանխագուշակումների վերաբերությամբ։ Բայց տե՛ս նաև, թե Հիսուս որքան իմաստնաբար է ընտրում պատշաճ ժամանակն այդպիսի զրույցի համար։ Նա առաքյալներին հենց սկզբից չհայտարարեց Իր տառապանքների մասին, որպեսզի չխռովի նրանց, բայց ոչ էլ հենց իրողության ժամանակ ծանուցեց, որպեսզի դրանով էլ խռովության մեջ չգցի։ Բայց երբ նրանք արդեն բավականաչափ ականատես էին եղել Հիսուսի ամենազորության մասին վկայություններին, երբ Քրիստոս նրանց մեծամեծ խոստումներ էր տվել հավիտենական կյանքի մասին՝ ճիշտ ա՛յդ ժամանակ, և ընդ որում, ոչ թե մեկ կամ երկու անգամ, այլ հաճախ՝ հրաշքների ու խրատների միջոցով, աշակերտների հետ խոսում է նաև Իր տառապանքների մասին։ Ավետարանիչներից մեկն ասում է, որ Հիսուս որպես վկայություն մեջբերում էր նաև մարգարեներին, իսկ մյուս ավետարանիչը հաստատում է, որ աշակերտները չէին հասկանում ասվածը՝ «Խոսքը նրանցից ծածկված էր» (Ղուկ. 18:34), և նրանք սարսափի մեջ լինելով էին հետևում Փրկչին։ Այսպիսով, ոմանք գուցե ասեն, թե Հիսուսի կանխագուշակումներից առաքյալները ոչ մի օգուտ չունեցան. եթե աշակերտները չէին հասկանում իրենց լսածը, ապա չէին էլ կարող սպասել, իսկ եթե չէին սպասում, ապա և՝ չէին ամրապնդվում հույսով։ Իսկ ես իմ կողմից կներկայացնեմ ևս մեկ, շատ ավելի դժվարին կասկած, այն է՝ եթե նրանք չէին հասկանում, ապա ուրեմն ինչո՞ւ էին տրտմում։ Չէ՞ որ ավետարանիչներից մյուսն էլ ասում է, որ նրանք տրտմում էին։ Այսպիսով, եթե նրանք չէին հասկանում, ապա ինչպե՞ս էին տրտմում։ Ինչպես Պետրոսն էր ասում. «Քա՛վ լիցի Քեզ, Տե՛ր, այդ Քեզ չի պատահի» (Մատթ. 16:22)։ Իսկ ի՞նչ կարող ենք ասել այս մասին։ Ա՛յն, որ թեև աշակերտները հստակորեն չգիտեին աստվածային տնօրինության խորհուրդը, հստակ գիտելիք չունեին ո՛չ Հիսուսի Հարության, ո՛չ էլ այն գործողությունների մասին, որոնք Նա մտադիր էր կատարել դրանից հետո, - սա ծածուկ էր նրանցից, - բայց ա՛յն, որ Հիսուս մեռնելու էր, սա առաքյալները լավ գիտեին, և դրա համար էլ տրտմում էին։ Այն, որ մեկը հարություն էր տալիս ուրիշներին, սա նրանք տեսել էին, բայց որ մեկն ինքն իրեն հարություն տար, և այնպե՛ս հարություն առներ, որ այնուհետև երբեք չմեռներ, այսպիսի հրաշք երբեք չէին տեսել։ Հենց սա էր, որ առաքյալները չէին հասկանում, թեև Հիսուս հաճախ էր խոսում այդ մասին։ Հավասարապես նաև, նրանք հստակորեն չգիտեին բուն մահվան մասին, թե այն ինչպիսի՞ն կլինի և ինչպե՞ս կպատահի, ու դրա համար էլ վախենում էին, երբ հետևում էին Փրկչին։ Եվ ոչ միայն սա էր նրանց սարսափի մեջ գցում, այլև, ինձ թվում է, Տերն Ինքը նրանց մեջ վախ առաջացրեց Իր տառապանքի մասին զրույցով։

   Ի դեպ, այս ամենն առաքյալների վրա այնպիսի ազդեցություն չունեցավ, որպեսզի արիացներ նրանց, թեև նրանք հաճախ էին լսում Հիսուսի Հարության մասին։ Փրկչի մահվանից բացի՝ աշակերտներին հատկապես սարսափեցնում էր նաև այն, որ Հիսուսին ծաղրելու են, Նրան ծեծելու են և նմանօրինակ հալածանքների են ենթարկելու։ Իրենց մտքում պատկերացնելով Քրիստոսի հրաշքները՝ դիվահարների բժշկումը, մեռելների հարությունը և Նրա մյուս բոլոր հրաշքները, այնուհետև այսպիսի կանխագուշակումներ լսելով՝ աշակերտներն ապշում ու տարակուսում էին. մի՞թե Նա, Ով այս ամենն արեց, պիտի ենթարկվի այսպիսի տանջանքների։ Դրա համար էլ նրանք տարակուսում էին, ու մե՛կ հավատում, մե՛կ չէին հավատում Նրա խոսքերին, և չէին կարողանում հասկանալ դրանք։ Նրանց հասկացողության մեջ այս խավարն այնքան մեծ էր, որ Զեբեդեոսի որդիները հենց այդ ժամանակ մոտեցան Հիսուսին ու Նրա հետ խոսում էին առաջին տեղը զբաղեցնելու մասին։ «Կամենում ենք, - ասում էին նրանք, - որ նստենք մեկս՝ քո աջում, և մյուսս՝ ձախում, քո փառքի մեջ» (Մարկ. 10:35-36)։ Ուրեմն, կասես դու, ինչպե՞ս է մյուս ավետարանիչն ասում է, թե Հիսուսին մոտեցավ նրանց մայրը։ Երկուսն էլ ճշմարիտ են։ Նրանք իրենց հետ վերցրին նաև մորը, որպեսզի ավելի մեծ ուժ հաղորդեն իրենց խնդրանքին և դրանով արժանանան Քրիստոսի բարեհաճությանը։ Իսկ որ իմ ասածը ճշմարիտ է, այսինքն՝ որ այս խնդրանքն ավելի շատ Զեբեդեոսի որդիներինն էր, և որ նրանք ամոթից իրենց հետ վերցրին մորը, սա երևում է ա՛յն բանից, որ Քրիստոս հենց նրա՛նց է ուղղում Իր խոսքը։
   

Հովհաննես Ծործորեցի (†1338)

17-19. Երբ Յիսուս Երուսաղէմ էր բարձրանում, Տասներկուսին առանձին իր հետ վերցրեց եւ ճանապարհին ասաց նրանց. «Ահաւասիկ Երուսաղէմ ենք բարձրանում, եւ մարդու Որդին պիտի մատնուի քահանայապետերին ու օրէնսգէտներին. եւ նրան մահուան պիտի դատապարտեն  ու նրան հեթանոսներին պիտի մատնեն՝ ծաղրուելու, ծեծուելու եւ խաչը հանուելու համար, սակայն նա երրորդ օրը յարութիւն պիտի առնի»:
   
   Երբ Հիսուսը Երուսաղեմ էր գնում, տասներկուսին առանձին վերցրեց և ճանապարհին ասաց նրանց. «Ահա ելնում ենք Երուսաղեմ, և Մարդու Որդին կմատնվի քահանայապետերին ու օրենսգետներին, և մահվան կդատապարտեն Նրան: Կմատնեն Նրան հեթանոսներին, որ ծաղրեն, ծեծեն ու խաչը հանեն, բայց երրորդ օրը հարություն կառնի»:

   [Հիսուսն] անմիջապե՛ս չի գնում [Երուսաղեմ], այլ նախ հրաշքներ է գործում, փարիսեցիներին ըմբերանում և աշակերտների հետ անընչության մասին խոսում, նաև կուսության, այստեղի վարձատրության ու այնտեղի հատուցումների մասին և ապա գնում Երուսաղեմ: Ճանապարհին խոսում է Իր չարչարանքների մասին` մշտական հիշեցմամբ առանձին կրթելով [առաքյալների] միտքը, որպեսզի միաժամանակ և [նրանց] տրտմությունը փարատի, և ցույց տա, որ կամավորաբար է [չարչարանքը] կրելու: Եվ դու տես իրերի ստուգությունը. որովհետև [Տերը] սկզբում միայն մահվան մասին էր խոսում, և երբ դրան վարժվեցին, ավելացրեց նաև մյուսները` Աննա և Կայիափա քահանայապետերին [Իր] մատնվելը, անիրավությամբ նրանց դատապարտելը [Հիսուսին] մահվան, որին Իշխանն արժանի չէր, այլև [Նրան] Պիղատոսի ձեռքը հանձնելը` [ասելով], թե [Հիսուսն] Իրեն թագավոր է անվանում և հակառակ է Հռոմեական տերությանը, զինվորների` [Նրան] ծեծելը, ծաղրելը, խաչելը: Այնուհետև ասում է .«Բայց երրորդ օրը հարություն կառնի», որպեսզի, երբ կատարված տեսնեին այս ամենը, որի մասին Նա նախապես ասաց, և հավատային տրտմական բաներին, [հավատային] նաև հարությանը, որի մասին հետո ավետեց: Որ մեռնելու էր, գիտեին, թեպետ այդ խորհրդի [աստվածային] տնօրինությանը տեղյակ չէին, սակայն հարությունը բնավ չէին հասկանում, ուստի [Տերն առաքյալներին] դրան էլ է պատրաստում:
   

Մաղաքիա արք. Օրմանյան (†1918)

17-19. Երբ Յիսուս Երուսաղէմ էր բարձրանում, Տասներկուսին առանձին իր հետ վերցրեց եւ ճանապարհին ասաց նրանց. «Ահաւասիկ Երուսաղէմ ենք բարձրանում, եւ մարդու Որդին պիտի մատնուի քահանայապետերին ու օրէնսգէտներին. եւ նրան մահուան պիտի դատապարտեն ու նրան հեթանոսներին պիտի մատնեն՝ ծաղրուելու, ծեծուելու եւ խաչը հանուելու համար, սակայն նա երրորդ օրը յարութիւն պիտի առնի»:
   
   Եփրայիմից դուրս գալիս Հիսուս ընթացավ երկար ճանապարհով, հուդայի անապատի շուրջը պտտելով, Հռեմոնի և Դովրի կամ Դովկի ճանապարհով իջավ Երիքով և այնտեղից ուղևորվեց դեպի Բեթանիա և Երուսաղեմ: Այդ պատճառով հազիվ 4-5 օրից կարող էր հասնել Բեթանիա: Ավետարաններն ամենօրյս մանրամասները չեն հաղորդում, բայց կարելի է ամենայն հավանականությամբ կատարել համեմատական բաշխում:
   Առաջին օրն անցավ վերը նշված տրամադրությամբ, որ վերը բացատրեցինք (Մարկ. 10:32): Շփոթված և հուզված հավանաբար գիշերը անցկացրին Հռեմոնում (այժմ՝ Ռամմուն): Մյուս օրը՝ երկուշաբթի նիսան 4 կամ մարտի 27-ին նորից ճանապարհ ելնելիս, առաքյալները դարձրյալ թախանձեցին՝ փորձելով Հիսուսին ետ կանգնեցնել Երուսաղեմ գնալու վտանգավոր մտադրությունից: Ուրեմն, անհրաժեշտ էր առաքյալների այդ առաջարկներին վերջ դնել և մեկընդմիշտ հասկացնել նրանց, որ դա Աստծո կամքով սահմանված նպատակը, որ այսօես պիտի ավարտվի Հիսուսի աստվածային գործունեության արդյունքը, այդպես պիտի կատարվի մարդկության հոգևոր փրկագործությունը, և պետք է համակերպվել և իրենց կոչմանը հավատարիմ մնալ և գործակցել աստվածային կամքին: «Երուսաղեմ գնալ պարտավոր ենք,- ասում է Հիսուս,- ոչ մի պատճառով դրանից խուսափել չենք կարող»: Ղուկաս ավետարանիչն այստեղ հիշում է, որ Նա սկսեց բացատրել Մեսիական մարգարեությունների ներքին և իրական իմաստը և հաղորդեց, որ անհրաժեշտ է, որ «Կատարսեցին ամենայն գրեալքն մարգարէիւք վասն Որդւոյ Մարդոյ»: Եվ անդրադառնալով սպասվող դեպքերի մանրամասներին՝ մեկ առ մեկ հիշատակեց, թե «Որդի Մարդոյ մատնեսցի քահանայապետիցն եւ դպրաց», որ նրանք նախ պիտի դատեն Իրեն և մահվան դատապարտեն, հետո հանձնեն հեթանոսներին, այսինքն՝ հռոմեական իշխանության դատարանին և երկու դատարանի վճռով ծաղր ու ծանակի, թուք ու նախատինքի ենթարկեն, խայտառակեն, ծեծեն, սպանեն և խաչը հանեն: Իր դեմ ծայր առած հակառակությունը վերջապես այս անգամ նպատակին պիտի հասնի, Իր անձի դեմ ուղղված բոլոր սպառնալիքներն իրականություն պիտի դառնան և կոպտորեն,անգթորեն չարչարելուց հետո, խաչի վրա պիտի մեռցնեն:
   Հավանաբար, այդ կանխագուշակությունն առաքյալներին քաջալերելու փոխարեն էլ ավելի պիտի վհատեցներ, որովհետև հատատում էր իրենց վախի արդարացի լինելը, քանի որ Հիսուս համամիտ էր իրենց կասկածներին, միայն թե պետք չէր վհատվել, ալյ արիաբար հնազանդվել աստվածային կամքին, որը հայտնի էր իրենց մարգարեությունների մեկնությունից: Այսքանն անշուշտ բավական չէր առաքյալներին լիովին քաջալերելու համար, քանի դեռ չէին ստացել Երկնային զորություն և Սուրբ Հոգու շնորհների լիությունը և չէին սովորել դժվարություններից արիություն քաղելը: Հետևաբար, Հիսուս մի նոր փաստ է ավելացնում՝ նրանց քաջալերելու համար, վստահեցնելով, որ հակառակորդների հաջողությամբ և իր մահով չի վերջանալու, այլ «Յերիր աւուր յարիցէ», մեռնելու երրորդ օրը նորից պիտի կենդանանա, որով իր գործը նոր ուժ ու զորություն կստանա:
   Սակայն «յերիր աւուր յառնել» բացատրությունը հստակորեն չընկալվեց առաքյալների կողմից: Ի՞նչ էր հարությունը, ինչպե՞ս պիտի կատարվի, ի՞նչ արդյունք պիտի ունենա: Հիսուս մանրամասնությունները չի հայտնում: Այդ պատճառով «նոքա ոչինչ իմացան յայնցանէ, այլ էր բանն ծածկեալ ի նոցանէ եւ ոչ գիտէին զասացեալսն», ինչի մասին հիշում է Ղուկասը և խոստովանում Հովհաննեսը, որը Տասներկուսից էր, Հիսուսի հարության մսին պատմելուց հետո էլ ասում է, թե «չեւ եւս գիտէին զգիրս, թէ պարտ է նմա ի մեռելոց յառնել» (Հովհ. 20:9):