Մեկնություն Ավետարան ըստ Մատթեոսի 11:3

Սրբ. Հովհան Ոսկեբերան (†407)

«Նրան հարցնելու. «Դո՞ւ ես Նա, որ գալու էր, թե՞ ուրիշի սպասենք»»։
   
    Նա, ով Հիսուսին ճանաչում էր դեռևս Նրա գործած հրաշքներից էլ առաջ, Սուրբ Հոգուց էր տեղեկացել Նրա մասին, լսել էր Հորից և բոլորի առաջ քարոզել էր Նրա մասին, այժմ իր աշակերտներին է ուղարկում հենց Նրանից իմանալու՝ արդյո՞ք Նա Ինքն է, թե՞ ոչ։ Բայց եթե դու ինքդ չգիտես՝ հաստատ Նա՞ է, ապա ինչպե՞ս ես արժանահավատ համարում քո կարծիքն անիմանալիի մասին։
    Ով ուրիշների մասին վկայում է՝ նախ ի՛նքը պետք է արժանահավատ։ Մի՞թե դու չէիր ասում՝ «Ես արժանի չեմ Նրա կոշիկի կապերն արձակել» (հմմտ․ Ղուկ. 3:16)։ Մի՞թե դու չէիր ասում՝ «ես չէի ճանաչում Նրան, սակայն Նա, Ով ինձ ուղարկեց ջրով մկրտելու, Նա ինձ ասաց. «Ում վրա տեսնես, որ Հոգին իջնում և մնում է, Նա՛ է, որ մկրտում է Սուրբ Հոգով» (Հովհ. 1:33)։ Մի՞թե դու չտեսար աղավնու կերպարանքով իջնող Հոգին։ Մի՞թե ձայնը չլսեցիր։ Մի՞թե դու Նրան չկանխեցիր՝ ասելով․ «Ի՛նձ պետք է, որ Քեզնից մկրտվեմ (Մատթ. 3:14)։ Մի՞թե դու աշակերտներիդ չէիր ասում․ «Պետք է, որ Նա մեծանա, իսկ ես՝ նվազեմ» (Հովհ. 3:30)։ Մի՞թե դու ամբողջ ժողովրդին չէիր սովորեցնում, որ Նա Սուրբ Հոգով և կրակով է մկրտելու (Ղուկ. 3:16), և որ Նա է Աստծու Գառը, Որը վերացնում է աշխարհի մեղքը (Հովհ. 1:29)։ Մի՞թե այս ամենը դու չէիր քարոզում Նրա մասին՝ նախքան զորավոր նշաններից և հրաշքներից էլ առաջ։ Իսկ հիմա, երբ Նա բոլորին հայտնի դարձավ, Նրա մասին լուրը ամենուրեք տարածվեց, մեռելները հարություն առան, դևերը քշվեցին, այդքան հրաշքներ եղան՝ հիմա՞ ես աշակերտներիդ ուղարկում Նրա մասին հարցնելու։
    Ի՞նչ է սա նշանակում։ Մի՞թե Հովհաննեսի բոլոր խոսքերը խաբեություն էին, կեղծիք, հեքիաթ։ Սակայն ո՞ր բանական մարդն այդպիսի բան կասի։ Ես էլ դա չեմ ասում Հովհաննեսի մասին, որը դեռ իր մոր արգանդում ցնծաց, Քրիստոսին քարոզեց դեռ ծնվելուց էլ առաջ, նա՛, ով անապատի քաղաքացի էր և հրեշտակային կյանքով ապրելու օրինակ ցույց տվեց։ Հակառակը՝ եթե նա նույնիսկ սովորական և ամենաաննշան մարդկանցից մեկն էլ լիներ, այն բազմաթիվ վկայություններից հետո, որն անձամբ ինքն էր տվել կամ էլ ուրիշներն էին վկայել նրա մասին՝ որևէ կասկածանքի տեղիք նրա վերաբերյալ չէր կարող լինել։
    Այստեղից երևում է, որ Հովհաննեսն իր աշակարետներին չէր ուղարկել կասկածանքից դրդված, և ոչ էլ իր անտեղյակությունից ելնելով էր հարցրել։ Ոչ ոք էլ չի կարող ասել, թե թեկուզ և լավ էր ճանաչում Հիսուսին, սակայն բանտում լինելով՝ ավելի վախկոտ դարձավ։ Նա բանտից ազատություն չէր սպասում, իսկ եթե սպասեր էլ՝ չէր դավաճանի աստվածապաշտությանը՝ վճռականորեն պատրաստ լինելով ընդունել ցանկացած տեսակի մահ։ Իրոք որ, այդպիսի պատրաստակամությամբ հանդերձ՝ Հովհաննեսը մի՞թե այդքան քաջություն ցույց չէր տա ամբողջ ժողովրդի առաջ, որը սովոր էր մարգարեների արյուն թափել։ Մի՞թե նա նույն Հովհաննեսը չէր, որը համարձակվել էր քաղաքի և շուկայի մեջտեղում ամենայն քաջասրտությամբ բարձրաձայն հանդիմանել դաժան բռնակալին, ինչպես մի փոքր երեխայի։
   

Հովհաննես Ծործորեցի (†1338)

«Դո՞ւ ես, որ գալու էիր, թէ՞ ուրիշին սպասենք»:
   

Տե՛ս Մեկնություն Ավետարան ըստ Մատթեոսի գլուխ 11:2
   

Ստեփանոս Սյունեցի (†735)

Դո՞ւ ես, որ գալու էիր, թե՞ ուրիշին սպասենք»
   
Տե՛ս Մեկնություն Ավետարան ըստ Մատթեոսի գլուխ 11:2
   

Մաղաքիա արք. Օրմանյան (†1918)

«Դո՞ւ ես, որ գալու էիր, թէ՞ ուրիշին սպասենք»:
   
Տե՛ս Մեկնություն Ավետարան ըստ Մատթեոսի գլուխ 11:2