Սրբ. Հովհան Ոսկեբերան (†407)
38-39. «Այդ ժամանակ դպիրներից ու փարիսեցիներից ոմանք Հիսուսին ասացին. «Վարդապե՛տ, մենք ուզում ենք Քեզանից մի նշան տեսնել»»։ «Բայց Նա ի պատասխան նրանց ասաց. «Չար ու շնացող մի սերունդ նշան է փնտրում, բայց նշան չի տրվի նրան, բացի Հովնան մարգարեի նշանից»։
Կարո՞ղ է արդյոք սրանից ավելի՝ չեմ ասում ավելի ամբարիշտ, այլ՝ ավելի անմիտ մի ինչ-որ բան լինել։ Այդքան նշաններից հետո փարիսեցիները խոսում են այնպես, կարծես դրանցից ոչ մեկը չի կատարվել. «Ուզում ենք Քեզանից մի նշան տեսնել»։ Ինչո՞ւ են նրանք այդպես խոսում։ Այն բանի համար, որ կրկին ծուղակը գցեն Հիսուսին։ Քանի որ Նա արդեն շատ անգամներ Իր խոսքերով փակել էր նրանց բերանները և զսպել նրանց անամոթ լեզուն, ահա նրանք կրկին դիմում են գործերին։
Դրանից զարմացած լինելով՝ ավետարանիչը կրկին կրկնում է «այդ ժամանակ» խոսքը. «Այդ ժամանակ դպիրներից ու փարիսեցիներից ոմանք Հիսուսին դիմեցին»՝ նշան խնդրելով։ «Այդ ժամանակ»՝ ե՞րբ։ Ե՞րբ պետք է գլուխ խոնարհեին, երբ պետք է լցվեին զարմանքով, երբ ոչինչ չէր մնում անել, բացի զարմանալուց և հետ քայլ կատարելուց։ Իսկ ահա նրանք նույնիսկ այսժամ չեն հրաժարվում իրենց խորամանկությունից։
Եվ տե՛ս, թե նրանց խոսքերը որքան լեցուն են շողոքորթությամբ և կեղծավորությամբ։ Նրանք հույս ունեին դրանով խաբել Հիսուսին՝ իրենց որոգայթների մեջ գցելով։ Քիչ առաջ այս հրեաները նախատում էին Նրան, իսկ հիմա շողոքորթում են, քիչ առաջ Փրկչին անվանում էին «դիվահար», իսկ այժմ մեծարում են որպես «Վարդապետ», – բայց և՛ մեկը, և՛ մյուսը ասում են չար մտադրությամբ, թեև նրանց խոսքերը բոլորովին անհամապատասխան էին միմյանց։
Ահա թե ինչու Փրկիչը հիմա այդքան խստորեն հանդիմանում է նրանց։ Երբ նրանք կոպտորեն հարցեր էին առաջ քաշում և չարախոսում էին Հիսուսի դեմ, Նա հեզությամբ էր պատասխանում նրանց, իսկ երբ սկսեցին շողոքորթել Նրան, Նա դիմում է նրանց Իր ամբողջ խստությամբ և նրանց դեմ հանդիմանական խոսքեր է արտաբերում՝ այդպիսով ցույց տալով, որ Ինքը վեր է թե՛ մեկ, և թե՛ մյուս կրքից, ու որ ինչպես այն ժամանակ նրանք չկարողացան բարկացնել Իրեն, այդպես էլ այժմ իրենց հաճոյախոսությամբ չեն կարող մեղմել Իրեն։
Այնուհետև խորապես զննի՛ր Նրա հանդիմանությունների բնույթը. դրանցում դու կտեսնես ոչ թե վիրավորանք, այլ փարիսեցիների չար էության բացահայտում։ Ի՞նչ է ասում Հիսուս. «Չար ու շնացող մի սերունդ նշան է փնտրում»։ Այս խոսքերի իմաստը հետևյալն է. ի՞նչ զարմանալի բան կա, որ դուք այդպես եք վարվում Ինձ հետ, Ում մինչև հիմա դեռ չեք ճանաչում՝ այն դեպքում, որ դուք նույն կերպ էիք վարվում նաև Իմ Հոր հետ, Ում զորությունը տեսել էիք այդքան մեծ փորձառություն ունենալով։ Քանի՞ անգամ եք թողել Նրան և փախչել դևերի մոտ՝ դեպի ձեզ գրավելով այդ չար ընկերներին, ինչի համար բազմիցս մեղադրել է ձեզ նաև Եզեկիել մարգարեն։ Փրկիչը, ասելով սա, հասկացնում էր, որ Նա միակարծիք է Հոր հետ, և որ նրանք գործում են նույն կերպ, ինչ նախկինում: Միաժամանակ, Հիսուս բացահայտում էր նրանց գաղտնի մտածումները և մեղադրում այն բանի համար, որ նրանք կեղծավորաբար և որպես թշնամիներ էին նշան խնդրում Իրենից։
Ահա հենց այդ պատճառով էլ Քրիստոս անվանում է նրանց «չար սերունդ», քանի որ նրանք միշտ անշնորհակալ էին իրենց բարերարների հանդեպ և, բարերարություններն ընդունելով, դառնում էին էլ ավելի վատթար, ինչը ծայրահեղ չար էություն ունենալու նշան է։ Իսկ նրանց «շնացող սերունդ» անվանեց՝ ցույց տալով և՛ նրանց նախկին, և՛ ներկա անհավատությունը, ու դրանով իսկ առաջարկեց նոր հաստատում այն բանի, որ Նա (Հիսուս) հավասար է Հոր հետ, քանի որ հենց Աստծու հանդեպ անհավատությունն է մարդուն շնացող դարձնում։
Ապա, նախատելով նրանց, ի՞նչ է ասում հաջորդիվ. «Բայց նշան չի տրվի նրան, բացի Հովնան մարգարեի նշանից»։ Այստեղ Քրիստոս արդեն սկսում է Իր հարության մասին խոսքը և, դա հաստատելու համար, մատնանշում է դրա նախօրինակը։ Ի՞նչ կասես, մի՞թե փարիսեցիներին այլ նշան չտրվեց։ Չտրվեց այն ժամանակ, երբ նրանք դա խնդրում էին։ Փրկիչը գիտեր նրանց կուրությունը, ուստի և հրաշքներ էր գործում ոչ թե նրանց համոզելու, այլ ուրիշ մարդկանց ուղղելու համար։ Կարելի է նաև այս իմաստով հասկանալ հետևյալ խոսքերը, կամ կարելի է դրանցում տեսնել այն իմաստը, որ փարիսեցիներն այլևս հիշյալ նշանի նման նշան չեն ստանա։
Նրանց նշան տրվեց, երբ հենց իրենց պատժի մեջ ճանաչեցին Տիրոջ զորությունը։ Ուրեմն, այստեղ Հիսուս գաղտնաբար ցույց է տալիս այդ ապագա պատիժը և, սպառնալով նրանց, կարծես այսպես է ասում. «Ես ձեզ հազարավոր բարերարություններ եմ ցույց տվել. բայց դրանցից ոչ մեկը ձեզ չի գրավել դեպի Ինձ, և դուք չեք ցանկացել երկյուղածությամբ պատվել Իմ զորությունը։ Ուրեմն, դուք կճանաչեք Իմ զորությունը հակադարձ գործերից, երբ տեսնեք ձեր քաղաքը մինչև հիմքերը ավերված, երբ տեսնեք պարիսպները քանդված և տաճարը՝ ավերակների վերածված, երբ կզրկվեք նախկին ազատությունից և քաղաքացիական կարգից, ու կրկին կթափառեք ամենուրեք՝ որպես փախստականներ և անօթևաններ։ Այս ամենը կատարվեց խաչելության չարչարանքներից հետո։ Ահա թե ի՛նչ կուղարկվի ձեզ մեծ նշանների փոխարեն։
Եվ իսկապես, մի՞թե սա ամենամեծ նշանը չէ, որ հրեաների կրած աղետները մինչև այժմ նույնն են և անփոփոխ, ու չնայած բոլոր փորձերի՝ ոչ ոք չկարողացավ թեթևացնել մի ժամանակ նրանց վրա դրված պատիժը։ Ի դեպ, Փրկիչն այստեղ դեռևս ուղղակիորեն չի խոսում այս մասին՝ դրա առավել պարզ բացահայտումը թողնելով գալիք ժամանակներին։
Հովհաննես Ծործորեցի (†1338)
Այն ժամանակ օրէնսգէտներից եւ փարիսեցիներից ոմանք նրան պատասխան տուեցին ու ասացին. «Վարդապե՛տ, քեզնից մի նշան ենք կամենում տեսնել»:
Այդ ժամանակ օրենսգետներից ու փարիսեցիներից ոմանք պատասխանեցին Նրան՝ ասելով. «Ուսուցի՛չ, կամենում ենք մի նշան տեսնել Քեզնից»:
Չափազա՛նց անմիտ է նրանց խնդրանքը. այդքան հրաշքներից հետո, ասես [դրանք] բնավ չէին եղել, ասում են. «Կամենում ենք մի նշան տեսնել Քեզնից», ինչի վրա զարմանում է ավետարանիչը, [երբ ասում է]. «Այդ ժամանակ»: Ո՞ր ժամանակ: Այն ժամանակ, երբ հարկավոր էր խոնարհվե՛լ Նրա խոսքերից, երբ պետք էր սքանչանալ և հրաժարվե՛լ [չար] գործերից. այդ ժամանակ էլ չդադարեցին չարը [գործելուց]: Բայց ո՛չ ամենքը, այլ «ոմա՛նք», ասում է, ովքեր նախանձով էին լցված ու կեղծավորությամբ «ուսուցիչ» էին կոչում [Նրան], ինչպես սովորական ժողովուրդը: «Կամենում ենք,-ասում են,- մի նշան տեսնել», ինչի մասին Ղուկասն ասում է, որ երկնքից էին այն կամենում (Ղուկ. 11։16): Կամ [ուզում էին], որ հաց տար, ինչպես անապատում (Ելք 16), կամ կանգնեցներ արևն ու լուսինը, ինչպես Հեսուի ու Եզեկիայի համար (Հեսու 10։12-14, Դ Թագ. 20։8-11), կամ կարկուտով ու խավարով տանջեր այլազգիներին, ինչպես Մովսեսը՝ եգիպտացիներին (Ելք 9-10), կամ որ որոտում լիներ, ինչպես Սամվելի ժամանակ (Ա Թագ. 7։10), և այլ այսպիսի բաներ, որ պատմվում են [Սուրբ] Գրքում:
Ստեփանոս Սյունեցի (†735)
38-39․ Այն ժամանակ օրէնսգէտներից եւ փարիսեցիներից ոմանք նրան պատասխան տուեցին ու ասացին. «Վարդապե՛տ, քեզնից մի նշան ենք կամենում տեսնել»: Նա պատասխան տուեց նրանց ու ասաց. «Չար եւ շնացող ազգը նշան է փնտռում. այլ նշան չի տրուի նրան, բայց միայն Յովնան մարգարէի նշանը.
«Այն ժամանակ օրենսգետներից և փարիսեցիներից ոմանք նրան պատասխան տվեցին ու ասացին. «Վարդապե՛տ, քեզնից մի նշան ենք կամենում տեսնել [երկնքից]»: Նա պատասխանեց և ասաց. «Չար և շնացող ազգը նշան է փնտրում» և այլն:
Քանի որ չէին կամենում ուսանել, այլ՝ նենգությամբ փորձել, դրա համար փարիսեցիներին անվանեց «չար և շնացող ազգ»: Չար ազգ [անվանեց], քանի որ չար վիշապի խորհրդով մոլորվեցին, և «շնացող» քանզի թողնելով իրենց ամուսնուն՝ ճշմարտության Խոսքը, այսինքն՝ Քրիստոսին, օրինազանց եղան:
Աստվածային գրքերում «նշան» [ասելով] հասկացվում է, թե ինչ պետք է լինի ապագայում, ինչպես և պատմվում է Հին Կտակարանում Հովհաննեսի երեք օր ձկան փորում մնալը, որը խորհրդանշում է Քրիստոսի երեք օր երկրի սրտում մնալը:
Նշան կա նաև Նոր Կտակարանում, որ ակնարկում է ապագայում կատարվելիքները, ինչպես ասում է երանելի Պողոսը. «Մենք ենք [իսկական] թլպատությունը» (Փիլիպ. 3։3), որ հարության և աստվածպաշտության խորհրդանիշն է, ինչպես Աբրահամի և նրա որդիների թլպատությունը:
Մաղաքիա արք. Օրմանյան (†1918)
38-42. Այն ժամանակ օրէնսգէտներից եւ փարիսեցիներից ոմանք նրան պատասխան տուեցին ու ասացին. «Վարդապե՛տ, քեզնից մի նշան ենք կամենում տեսնել»: Նա պատասխան տուեց նրանց ու ասաց. «Չար եւ շնացող ազգը նշան է փնտռում. այլ նշան չի տրուի նրան, բայց միայն Յովնան մարգարէի նշանը. որովհետեւ, ինչպէս Յովնանը երեք օր ու երեք գիշեր կէտի փորի մէջ էր, նոյնպէս եւ մարդու Որդին երկրի ընդերքում՝ երեք օր ու երեք գիշեր: Նինուէի մարդիկ դատաստանի ժամանակ այս ազգի դէմ պիտի դուրս գան եւ պիտի դատապարտեն նրան, քանի որ նրանք Յովնանի քարոզութեամբ ապաշխարեցին. եւ ահաւասիկ այստեղ Յովնանից մեծը կայ: Հարաւի Դշխոն դատաստանի ժամանակ պիտի դուրս գայ այս ազգի դէմ եւ պիտի դատապարտի նրան, որովհետեւ նա երկրի ծագերից եկաւ լսելու Սողոմոնի իմաստութիւնը. եւ ահա այստեղ Սողոմոնից մեծը կայ»:
Հիսուսի կատարած բժշկությունները և հիմնականում դևերին հալածելը փարիսեցիներն ուզեցին ճշմարիտ հրաշքների շարքից դուրս թողնել, ինչպես որ նախընթաց հոդվածի մեջ տեսանք: Նույն հոգով միշտ ջանում են Հիսուսի վարկը գցել, և ժողովրդի խանդավառությունը մարելու նոր եղանակներ են մտածում: Հիսուսից պահանջում են, որ մի այնպիսի հրաշք գործի, որ էլ խոսելու տեղ չմնա: «Հիվանդների, դիվահարների բժշկությունները,-ասում են,- մեզ վերջնականապես համոզելու բավարար չեն, դրանց նման բաներ ուրիշներն էլ են արել և մենք տեսել ենք: Եթե ուզում ես, որ մենք քեզ կատարելապես հավատանք եւ ասածներիդ մեջ համոզվենք, պետք է այնպիսի մի հրաշք գործես, որ մենք տեսած չլինենք, օրինակ` երկնքի վրա կատարված հրաշալի փոփոխություն, նշան յերկնից» : Փարիսեցիներն, անշուշտ, ուզում էին ակնարկել Հիսուսին, որ արեւն ու լուսինն իրենց ընթացքից կասեցրել էր (Հեսու 7:13), կամ Եսային, որ արևի ստվերը ետև էր շրջել,(Դ. Թագ 20:11). և վստահ լինելով, որ Հիսուսն այսպիսի բան պիտի չկարողանա անել, որովհետև մինչև այդ չէր արել, պիտի անմիջապես ժողովրդին դիմելով ասեին. «Տեսեք այս հրաշագործ կոչված վարդապետին, ոչինչ չի կարողանում անել, արածներն էլ սովորական բժշկություններ են»:
Հիսուսը սովորություն չուներ երբեք հետաքրքրասիրություն հագեցնելու համար հրաշքներ անել, ինչպես որ նազարեթցիների համար էլ զլացավ ( Ղուկ. 4:16-30), հետևաբար այլ պիտի չլիներ այս անգամ էլ փարիսեցիներին ու դպիրներին տրվելիք պատասխանը: Մյուս կողմից պետք է նրանց բերանն էլ փակել, որպեսզի առիթ չունենան անտեղի քսություններ հերյուրելու ու ժողովրդի միտքը մոլորեցնելու: Փարիսեցիների ու դպիրների այդ չարամտությունը զայրացրեց հեզահամբույր Հիսուսի սիրտը, որ իր ցասումը կարծես չկարողացավ զսպել, հետևաբար ծանր հանդիմանությամբ ու արհամարհական բացատրությամբ է բացում իր բերանը, Ազգ չար ու շնացող խնդրէ, և նշան մի տացի նմա: Շնացող անվանումը միայն մարմնական պղծությամբ մեղանչող չի նշանակում, բոլոր անտեղի և աղտեղի գործերը շնությամբ են բացատրվում Ս. Գրքի մեջ, և նույնիսկ կռապաշտությունն էլ ` պոռնկություն ու քարի և փայտի հետ շնություն է կոչվել (Երեմ. 3:9), և այս լայն իմաստով էլ այստեղ գործածված է:
Երբ Հիսուսը հրաժարվում է փարիսեցիների և դպիրների քմահաճույքին ծառայելու նպատակով հրաշք գործել, կամ ինչպես ավետարանն է ասումէ նշան տալ, մյուս կողմից ավելացնում է, թե դարձի գալու հոժարություն ունեցողները հրաշքի չեն սպասում և դրա համար բավական է Հովնանի օրինակը, «Ահա ձեզ, ասում է, նշանն Յովնանու մարգարէի: Երբ որ Հովնանը նինվեացիներին քարոզեց , բոլորովին հրաշք չգործեց, բայց նինվեացիք Հովնանին հավատացին, քանի որ առանց հրաշքի էլ Հովնանի խոսքերի ու գործերի մեջ տեսան և ճանաչեցին աստվածառաք մարգարեի կերպարանքը (Հովհ. 3։5): Հարավից եկած Սաբայի դշխուհին էլ երբ որ այցելեց Սողոմոնին` Սողոմոնը հրաշքներ չգործեց, այլ միայն Սողոմոնի հրաշքներն ու գործերը բավական եղան իրեն համոզելու, որ Սողոմոնը աստվածային իմաստություն ունի, և խոստովանելու` որ Սողոմոնի Աստվածը ճշմարիտ է (Գ Թագ, 10:9): ՈՒստի մի կարծեք, թե ձեր ուզած հրաշքը չանելու պատճառով պիտի կարողանաք արդարանալ, այլ դատաստանի օրը պիտի դատապարտվեք, և նինվեացիների ու Սաբայի դշխոյի օրինակները ձեզ դատապարտելու օրինակներ պիտի լինեն: Առաջինները` մի Հովնանի խոսքով ու գործերով, վերջինը` մի Սողոմոնի խոսքերով ու գործերով ապաշխարություն ու ուղղություն եկան , ահա ձեր առջև կա մեկը, որ խոսքերով ու գործերով Հովնանից էլ ավել է, Սողոմոնից էլ»:
Հիսուսի պատճառաբանության այս իմաստն ուղղակի քաղում ենք Ղուկասի գրելաձևից, ինչպես նաև Մատթեոսի խոսքերից, եթե (12:40) համարը փակագծի մեջ վերցնենք, որոնք ոմանք, ի վերջո, հավելված համարեցին: Ղուկասի այդ մասին լռությունը որոշիչ համարելով, կործում եմ, որ Հիսուսի պատճառաբանության ուժը խախտված կլիներ, եթե նույն պահին որևէ հրաշալի հանգամանք հիշատակեր: Մատթեոսի (12:40) համարի մեջ հիշվում է, թե ինչպես Հովնանը երեք օր ու երեք գիշեր թաղված մնաց ու կենդանի դուրս եկավ, Մարդու Որդին էլ երկրի մեջ երեք օր ու երեք գիշեր թաղված մնալուց հետո կենդանի պիտի դուրս գա: Այդ մասին մեր նկատառումն այն է, որ ամենախիստ քննադատողներն էլ որևէ հաստատուն փաստ չեն կարողացել գտնել այս համարը որպես հետո մուծված լինելն ապացուցելու, թե Հովնանի օրինակը շատ սովորական ու գործնական է Հիսուսի երեքօրյա հարությունը ցույց տալու, թե մի ավետարանիչի լռությունը վերջնական փաստ չէ մյուս ավետարանչի գրածը հերքելու, և թե Հովնանի օրինակը վերցնելը երբեք չի ջնջում և չի տկարացնում վերոհիշյալ առումից քաղված պատճառաբանության ուժը: Հիսուսը երկու կերպ է գործածում Հովնանի օրինակը, թե՛ առանց հրաշքի հավատացող նինվեացիների օրինակը փարիսեցիներին դատապարտության փաստ ցույց տալով, եթե փարիսեցիներին մի կարևոր հրաշք ուզելուն ինչ-որ ձևով գոհացում տալով, թե նշանավոր հրաշքն էլ պիտի տեսնեն իր երեքօրյա հարության ժամանակ, բայց այդ հրաշքի դեպքում էլ իրենց համառ անհավատությունից պիտի չհեռանան: Դիվահարների բժշկությունը դիվական զորությանը վերագրելու նման, երեքօրյա հարությունն էլ ուրիշ խաբեական գործողության պիտի վերագրեն:
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: