Սրբ. Հովհան Ոսկեբերան (†407)
1-4․ «Վեց օր հետո Հիսուս Իր հետ վերցրեց Պետրոսին, Հակոբոսին ու նրա եղբայր Հովհաննեսին և նրանց առանձին մի բարձր լեռ հանեց»։ «Եվ նրանց առաջ այլակերպվեց. ու Նրա դեմքն արեգակի պես փայլեց, իսկ զգեստները լույսի պես սպիտակ դարձան»։ «Եվ ահա նրանց երևացին Մովսեսն ու Եղիան, որոնք խոսում էին Հիսուսի հետ»։ «Պետրոսը Հիսուսին ասաց. «Տե՛ր, լավ է, որ մենք այստեղ մնանք։ Եթե կամենաս, այստեղ երեք տաղավարներ կպատրաստենք. մեկը՝ քեզ համար, մեկը՝ Մովսեսի, և մեկն էլ՝ Եղիայի»»։
«Վեց օր անց Հիսուս Իր հետ վերցրեց Պետրոսին, Հակոբոսին և Հովհաննեսին» (Մատթ. 17:1)։ Այն, որ մեկ այլ ավետարանիչ ասում է՝ «ութ օր անց» (Ղուկ. 9:28), դրանում որևէ հակասություն չկա, այլ ընդհակառակը՝ համաձայնություն է առկա։ Մեկը նկատի ուներ և՛ այն օրը, երբ Հիսուս խոսում էր, և՛ այն օրը, երբ Նա Իր աշակերտներին բարձրացրեց լեռը։ Իսկ մյուս ավետարանիչը հաշվում է միայն ա՛յն օրերը, որոնք անցել էին այդ օրերի միջև։ Տե՛ս ուրեմն, թե որքան անաչառ է Մատթեոսը. նա չի թաքցնում նրանց, ովքեր իր նախապատվությանն էին արժանացել։ Հաճախ նույն է անում նաև Հովհաննեսը՝ ամբողջ ճշգրտությամբ նկարագրելով Պետրոսին տրված առանձնահատուկ գովեստները։ Այսպես, այս բոլոր սուրբ մարդիկ մշտապես հեռու էին ամեն տեսակի նախանձից ու սնափառությունից։
Այսպիսով, վերցնելով գլխավոր առաքյալներին, «նրանց առանձին մի բարձր լեռ հանեց։ Եվ նրանց առաջ այլակերպվեց. ու Նրա դեմքն արեգակի պես փայլեց, իսկ զգեստները լույսի պես սպիտակ դարձան։ Եվ ահա նրանց երևացին Մովսեսն ու Եղիան, որոնք խոսում էին Հիսուսի հետ» (Մատթ. 17:1-3)։ Ինչո՞ւ է Քրիստոս Իր հետ վերցնում միայն այս աշակերտներին։ Որովհետև նրանք գերազանցում էին մյուսներին. Պետրոսը՝ Հիսուսի հանդեպ ուժգին սիրով, Հովհաննեսը՝ Հիսուսի կողմից նրա հանդեպ տածած յուրահատուկ սիրով, իսկ Հակոբոսը՝ իր եղբոր հետ համախորհոիրդ տված ա՛յն պատասխանով, թե՝ «կարող ենք այդ բաժակը խմել․․․» (Մատթ. 20:22), և ոչ միայն պատասխանով, այլև իր բոլոր գործերով՝ այդ թվում նրանցով, որոնցով նա արդարացրեց իր խոսքերը։ Եվ իրոք, նա հրեաների համար այնքան հակառակորդ ու ատելի էր, որ Հերովդեսն էլ, նրան սպանելով, կարծում էր, թե մեծ նվեր է անում հրեաներին։ Ուրեմն Հիսուս ինչո՞ւ նրանց անմիջապես չի հարուցանում։ Նրա՛ համար, որպեսզի մյուս աշակերտները վրդովմունքի մեջ չընկնեն։ Այս իսկ պատճառով էլ Նա նույնիսկ չի ասում այդ առաքյալների անունները, որոնք Իր հետ պիտի բարձրանային լեռը։ Հակառակ դեպքում մյուս աշակերտները նույնպես ուժգնորեն կցանկանային հետևել Նրան՝ գալիք փառքին ականատես լինելու համար, և խիստ կվշտանային՝ իրենց արհամարհված զգալով։ Թեև Քրիստոս մտադիր էր ցույց տալ Իր փառքը նաև զգայական ձևով, սակայն սա նույնպես նրանց համար մեծապես ցանկալի էր։ Բայց ինչո՞ւ, ուրեմն, Հիսուս նախապես ասաց այդ մասին։ Նրա՛ համար, որպեսզի այս երեք առաքյալները, այդ մասին ավելի վաղ լսած լինելով, էլ առավել ընդունակ դառնային իմաստությամբ խորհրդածելու, և որպեսզի օրերի թիվը նրանց մեջ ավելի ուժգին ցանկություն բորբոքելով՝ մղեր արթուն ու հոգածու մտքով հաղորդակցվելու խորհրդին։ Իսկ ինչո՞ւ են, ուրեմն, այստեղ հայտնվում Մովսեսը և Եղիան։ Այդ մասին կարելի է շատ պատճառներ ներկայացնել։ Եվ դրանցից առաջինն այն է, որ ժողովրդից ոմանք Քրիստոսին համարում էին Եղիան, ուրիշները՝ Երեմիան, ոմանք՝ հին մարգարեներից մեկը։ Այս իսկ պատճառով էլ հայտնվում են գլխավոր մարգարեները, որպեսզի երևա ծառաների տարբերությունը Տիրոջից։ Նաև որպեսզի մատնանշվի, թե Պետրոսը որքան արդարացիորեն գովեստի արժանացավ Քրիստոսին Աստծու Որդի դավանելու համար։ Կարելի է նշել նաև երկրորդ պատճառը․ հրեաները հաճախ մեղադրում էին Քրիստոսին օրենքի խախտման և աստվածհայհոյության մեջ՝ իբր թե Հիսուս հափշտակում էր Հորը պատկանող փառքը, որը Իրենը չէր։ Հրեաներն ասում էին. «Այդ մարդը Աստծուց չէ, քանի որ շաբաթ օրը չի պահում» (Հովհ. 9:16)։ Եվ դարձյալ. «Քեզ բարի գործի համար չենք քարկոծում, այլ հայհոյութեան համար և նրա համար, որ Դու մարդ ես, բայց Ինքդ Քեզ Աստծու տեղ ես դնում» (Հովհ. 10:33)։ Ուստի Քրիստոս, որպեսզի ցույց տա, թե երկու մեղադրանքն էլ նախանձից են ծագել, և Ինքը ազատ է թե՛ մեկից, թե՛ մյուսից, այսինքն՝ Նա ո՛չ օրենքն է խախտել, ո՛չ Իրեն չպատկանող փառքը յուրացրել՝ Ինքն Իրեն Հորը հավասար վանկարկելով, Հիսուս նրանց առջև ներկայացնում է ա՛յն մարդկանց, որոնք փառավորվել են և՛ օրենքի կատարմամբ, և՛ Աստծու փառքի հանդեպ նախանձախնդրությամբ։ Եթե Մովսեսն ինքն էր փոխանցել օրենքը, ապա հրեաները դրանից կարող էին եզրակացնել, որ նա անձամբ իսկ չէր հանդուրժի այդ օրենքի արհամարհումը, ինչպես որ հրեաները կարծում էլ էին, և չէր ծառայի օրենքը խախտողին ու օրենքին հակառակվողին։ Այդպես նաև Եղիան Աստծու փառքի հանդեպ իր ունեցած նախանձախնդրության պատճառով չէր հայտնվի ու չէր հնազանդվի Քրիստոսին, եթե Քրիստոս Աստծու հակառակորդւ լիներ ու Ինքն Իրեն կոչեր Աստված և Հորը հավասար՝ առանց իրականում այդպիսին լինելու։
Նշված պատճառաբանությունների կողքին կարելի է բերել նաև մեկ այլ պատճառ։ Ո՞րն է դա․ Հիսուս Քրիստոս Իր այս հայտնությամբ ցանկանում էր աշակերտներին ուսուցանել, որ Ինքն իշխանություն ունի կյանքի ու մահվան վրա և տիրում է երկնքին ու երկրին։ Դրա համար էլ այստեղ հայտնվում են և՛ մեռածը, և՛ դեռ մահ չտեսածը։ Իսկ հինգերորդ պատճառը (և սա, իրոք, հինգերորդն է) ներկայացնում է ինքը՝ ավետարանիչը։ Այսպես․ Քրիստոս այս հաղթահանդեսով կամենում է ցույց տալ Իր խաչի փառքը, մխիթարել Պետրոսին և մյուս աշակերտներին, որոնք վախենում էին տառապանքից, և բերկրանքով լցնել նրանց սրտերը։ Իրոք որ, լեռան վրա հայտնված այդ երկու մարդիկ չէին լռում, այլ խոսում էին Երուսաղեմում Քրիստոսի գալիք փառքի հայտնության, այսինքն՝ տառապանքի ու խաչի մասին, որովհետև տառապանքն ու խաչը միշտ «փառք» են կոչվում։ Դարձյալ նաև, ճիշտ այս մարդկանց (Մովսեսի և Եղիայի) ընտրության պատճառը հենց նրանց առաքինությունն էր, որը Քրիստոս հատկապես պահանջում էր Իր աշակերտներից։ Քանի որ Քրիստոս մշտապես ուսուցանում էր. «Եթե մեկը կամենում է Իմ հետևից գալ․․․թող վերցնի իր խաչն ու գա Իմ հետևից», ուստի Նա այժմ էլ ամենքի առջև է բերում նրա՛նց օրինակը, ովքեր հազարավոր անգամ մահացան Աստծու փառքի և իրենց վստահված ժողովրդի համար։ Իրապես, նրանցից յուրաքանչյուրը, կորցնելով իր հոգին, վերագտավ այն։ Նրանք երկուսն էլ համարձակորեն խոսում էին բռնակալների դեմ, մեկը՝ փարավոնի դեմ, մյուսը՝ Աքաաբի դեմ, և դեռ դա անում էին երախտամոռ ու անհնազանդ մարդկանց համար, որոնք իրենց փրկության համար հատուցում էին թե՛ Մովսեսի ու թե՛ Եղիայի հանդեպ ցուցաբերվող երախտամոռությամբ՝ նրանց ծայրահեղ վտանգների մատնելով։ Թե՛ Մովսեսը, և թե՛ Եղիան ցանկանում էին ժողովրդին հեռացնել կռապաշտությունից։ Նրանք երկուսն էլ պարզ մարդիկ էին, և մասնավորապես, մեկի լեզուն ասես կապված լիներ և ինքը՝ ոչ ճարտարախոս, իսկ մյուսն էլ խստակենցաղ կյանք էր վարում։ Երկուսն էլ աչքի էին ընկնում ագահության բացակայությամբ, որովհետև ո՛չ Մովսեսը որևէ բան ուներ, ո՛չ էլ Եղիան՝ բացի իր մորթուց։ Եվ, ընդ որում, այս գիտակցությանը նրանք «հասել» էին դեռևս հին ուխտում, երբ հրաշքների այդպիսի առատ պարգևը դեռ չկար։ Ճիշտ է, Մովսեսը բացեց ծովը, բայց Պետրոսն էլ քայլում էր ջրերի վրայով, կարող էր լեռներ տեղափոխել, բուժում էր տարբեր մարմնական հիվանդություններ, հանում էր դաժան դևերին, միայն իր ստվերով իսկ մեծ հրաշքներ էր գործում, և իր քարոզությամբ ի վերջո ողջ տիեզերքին դարձի բերեց։ Այդպես նաև, թեև Եղիան հարություն տվեց մեռածին, բայց Քրիստոսի աշակերտները հազարավորներին հարուցանեցին, և դա էլ այն ժամանակ, երբ դեռևս չէին արժանացել Սուրբ Հոգին իրենց մեջ ընդունելուն։ Քրիստոս խոսում է Մովսեսի ու Եղիայի հետ նաև ա՛յն բանի համար, որպեսզի Իր աշակերտներին մղի ընդօրինակելու նրանց սերն իրենց ժողովրդի հանդեպ, նրանց հաստատակամությունն ու ամրությունը, որպեսզի աշակերտները նույնպես լինեին հեզ, ինչպես Մովսեսը, նախանձախնդիր՝ ինչպես Եղիան, և հավասարապես հոգածու իրենց վստահված հոտի նկատմամբ։ Իսկապես, նրանցից մեկը երեք տարի դիմացավ քաղցին հրեա ժողովրդի համար, իսկ մյուսն ասում է. «Արդ, եթե ներելու ես իրենց մեղքերը, ների՛ր, իսկ եթե չես ներելու, ուրեմն իմ անունը ջնջի՛ր Քո մատյանից, ուր գրել ես ինձ» (Ելք 32:32)։ Մովսեսի ու Եղիայի հայտնվելով Քրիստոս այս ամենի մասին էր հիշեցնում Իր աշակերտներին։ Եվ Հիսուս նրանց փառքով ցուցադրեց ո՛չ միայն այն բանի համար, որ աշակերտները նույնպես այդպիսին լինեին, այլև որպեսզի գերազանցեին նրանց։ Ահա թե ինչու, երբ մի անգամ նրանք ասացին. «․․․ասենք, և երկնքից կրակ իջնի» (Ղուկ. 9:54), և հիշատակեցին Եղիային, որը նման բան էր արել, այդժամ Հիսուս ասաց նրանց. «Չգիտեք ի՛նչ հոգուց եք դուք»՝ այդպիսով գալիք պարգևների գերազանցությամբ իսկ աշակերտներին համոզելով կրել վիրավորանքները։ Բայց թող ոչ ոք չմտածի, թե մենք դատապարտում ենք Եղիային որպես անկատար մեկի. մենք դա չենք ասում։ Եղիան շատ կատարյալ էր, բայց միայն իր ժամանակի համար, երբ մարդկանց միտքը դեռևս մանկության շրջափուլում էր, և երբ նրանք կարիք ունեին այդպիսի առաջնորդության։ Հավասարապես նաև Մովսեսը կատարյալ էր, բայց Քրիստոսի աշակերտներից առավել գերազանց կատարելություն է պահանջվում. «Եթե ձեր արդարությունը ավելի չլինի, քան օրենսգետներինը և փարիսեցիներինը, Երկնքի արքայությունը չեք մտնի» (Մատթ. 5:20)։ Եվ սա ա՛յն պատճառով, որ աշակերտները քարոզության ուղարկվեցին ոչ թե միայն Եգիպտոս, այլև ողջ աշխարհով մեկ, աշխա՛րհ, որը Եգիպտոսից ավելի վատ վիճակում էր, և նրանք ո՛չ թե փարավոնի հետ պիտի խոսեին, այլ պիտի կռվեին հենց չարիքի առաջնորդի՝ սատանայի՛ հետ։ Աշակերտների սխրանքն այն պիտի լիներ, որ նրանք շղթայակապ անեին սատանային և հափշտակեին նրա բոլոր անոթները։ Եվ առաքյալները սա կատարեցին ոչ թե ծովը բաժանելով, այլ Հեսսեի գավազանով խորտակելով ամբարշտության անդունդը, որը փոթորկուն ալիքներ էր բարձրացնում։ Պատկերացրո՛ւ, թե ինչերից ասես որ չէին վախենում այս մարդիկ. մահը, աղքատությունը, անփառունակությունը, անթիվ տառապանքները։ Այս ամենը նրանց համար ավելի սարսափելի էր, քան այն ժամանակ ծովը՝ հրեաների համար։ Եվ, այնուամենայնիվ, Քրիստոս համոզեց նրանց ամբողջովին արհամարհել այդ ամենը և գնալ լիակատար ապահովության զգացումով՝ փոթորկի միջով ընթանալով այնպես, ասես քայլում էին ցամաքի ճանապարհով։ Աշակերտներին այս ամենին պատրաստելով՝ Հիսուս նրանց առջև դրեց հին ուխտում փառավորված մարդկանց օրինակները։ Իսկ ի՞նչ է անում այս ընթացքում բոցաշունչ Պետրոսը։ «Լավ է, որ մենք այստեղ մնանք» (Մատթ. 17:4), - ասում է նա։ Քանի որ նա լսել էր, թե Քրիստոս պիտի գնա Երուսաղեմ և տառապի, ուստի և, վախենալով ու դողալով Նրա համար, Պետրոսը, նախորդիվ կրած հանդիմանությունից հետո այժմ այլևս չի համարձակվում մոտենալ և կրկնել նույնը, թե՝ «Քա՛վ լիցի․․․թող Քեզ այդպիսի բան չպատահի» (Մատթ. 16:22)։ Սակայն երկյուղով լցված՝ նույն միտքն արտահայտում է մեկ այլ, արդեն ոչ այնքան պարզ խոսքերով։ Այժմ, տեսնելով լեռն ու առանձնացած անմարդաբնակ միջավայրը, Պետրոսը մտածում է, թե հենց այդ վայրն է ապահովության զգացումի «պատճառը», և ոչ միայն իր հույսը դրել էր այդ տեղի անվտանգության վրա, այլև կարծում էր, թե Հիսուս նույնպես, այդտեղ մնալով, այլևս Երուսաղեմ չի գնա։ Պետրոսը ցանկանում է, որ Քրիստոս այդտեղ մնա հավիտյան, դրա համար էլ հիշատակում է վրանների մասին։ «Եթե, - կարծում էր նա, - սա եղավ, ապա մենք Երուսաղեմ չենք գնա. իսկ եթե չգնանք, ապա Քրիստոս էլ չի մեռնի, որովհետև այնտեղ, ինպես Ինքը՝ Հիսուս էր ասում, օրենսգետները հարձակվելու էին Իր վրա»։ Բայց չհամարձակվելով այսպես ասել, սակայն, այդուհանդերձ, ցանկանալով, որ սա լինի, Պետրոսն առանց որևէ վախի ասում է հետևյալը. «Լավ է, որ մենք այստեղ մնանք»։ Այստեղ են գտնվում Մովսեսը և Եղիան, Եղիան՝ լեռան վրա երկնքից կրակ իջեցնողը, Մովսեսը՝ խավարի մեջ մուտք գործածն ու Աստծու հետ խոսակցածը. և ոչ ոք չի իմանա, որ մենք այստեղ ենք։
Տեսնո՞ւմ ես, թե որքան բոցաշունչ սիրով է Պետրոսը սիրում Քրիստոսին։ Մի՛ մտածիր, թե նրա առաջարկած համոզումը ոչ մտածված էր, այլ դատողությունդ կառուցիր ա՛յն կետի շուրջ, թե որքա՜ն բոցաշունչ էր նա, և թե ինչպե՜ս էր Քրիստոսի հանդեպ սերն այրում նրան։ Իսկ որ Պետրոսը սա ասում էր ոչ թե իր անձի համար վախից, երևում է նրա այն խոսքերից, որոնք նա արտաբերեց, երբ Քրիստոս կանխագուշակում էր Իր ապագա մահն ու Իր հեռացումը․ այդ ժամանակ էր, որ Պետրոսն ասաց․ «Իմ հոգին կտամ Քեզ համար. թե Քեզ հետ մեռնել իսկ հարկ լինի, Քեզ չեմ ուրանա» (Մարկ. 14:31)։ Նկատի՛ր, թե Պետրոսն ինչպիսի վտանգների ենթարկվեց հանուն Քրիստոսի, երբ ոչ միայն չփախավ Քրիստոսի վրա հարձակված ժողովրդի բազմությունից, այլ, դեռ ավելին, սուր հանելով, կտրեց քահանայապետի ծառայի ականջը։ Այսպիսով, նա ոչ թե իր մասին էր հոգում, այլ դողում էր իր Ուսուցչի՛ համար։ Ուստի, քանի որ նա վճռական էր իր խոսքերում, և այժմ էլ նույն կերպ էր խորհում, սակայն որպեսզի կրկին իր վրա հանդիմանություն չբերեր, շարունակում է՝ ասելով. «Եթե կամենաս, այստեղ երեք տաղավարներ կպատրաստենք. մեկը՝ քեզ համար, մեկը՝ Մովսեսի, և մեկն էլ՝ Եղիայի»։ Ի՞նչ ես ասում, Պետրո՛ս։ Չէ՞ որ դու քիչ առաջ Նրան առանձնացնում էիր ծառաներից, իսկ այժմ կրկին ծառաների հե՞տ ես խառնում։ Ահա՛ թե որքան անկատար էին աշակերտները մինչև Խաչի խորհրդի լրումը։ Թեև Պետրոսը Հայր Աստծուց ստացած հայտնություն ուներ, բայց նա այն մշտապես չէր պահում իր մեջ, այլ վրդովվում էր վախից․ ո՛չ միայն այն վախից, որի մասին ասացի, այլև հենց Պայծառակերպության տեսարանի ժամանակ իր մեջ ծնված վախից։ Դրա համար էլ մյուս ավետարանիչները, խոսելով այս մասին և ցույց տալով, որ առաքյալի վրդովմունքը, որով նա արտասանում էր այդ խոսքերը, պայմանավորված էին հենց այդ նույն վախոց, ասում են հետևյալը. Մարկոսն ասում է՝ «սակայն չգիտեր, թե ինչ էր խոսում, որովհետև զարհուրած էին: (Մարկ. 9:5)։ Իսկ Ղուկասի Ավետարանում Պետրոսը, ասելով՝ «երեք տաղավար շինենք», այնուհետև ավելացնում է. «Եվ չէր իմանում, թե ինչ էր խոսում» (Ղուկ. 9:33)։ Ի դեպ, ցույց տալով, որ ինչպես Պետրոսը, այնպես էլ մյուս աշակերտները մեծ վախով էին համակված, Ղուկասը նրանց մասին ասում է. «Քնի ծանրության տակ՝ արթնացան ու տեսան Նրա փառքը» (Ղուկ. 9:32)։ «Քուն» եզրույթի ներքո այստեղ ավետարանիչը նկատի ունի մեծ ծանրաբեռնվածությունը, որը ծագել էր նրանց մեջ այդ տեսարանի պատճառով։ Ինչպես չափազանց ուժեղ փայլն է կուրացնում աչքերը, այնպես էլ այս երեք աշակերտներն էին շլացած այդ ծագած լույսից։ Այս լույսը հայտնվեց ոչ թե գիշերով, այլ ցերեկով, և նրանց տկար տեսողությունը ծանրաբեռնվում էր հայտնված լույսի մեծապայծառությունից։ Իսկ ի՞նչ է լինում հետո։ Ոչ Ինքը՝ Քրիստոս է որևէ բան ասում, ո՛չ Մովսեսը, ո՛չ Եղիան. այլ ամպի միջից խոսում է ամենքից մեծը և ամենքից ավելի արժանահավատ Հայրը։ Իսկ ինչո՞ւ ամպի միջից։ Աստված միշտ այդ կերպ է հայտնվում․ «Ամպ և մեգ է շուրջը Նրա» (Սաղմ. 96:2)։ Եվ դարձյալ. «Բազմած թեթևասահ ամպերի վրա» (Ես. 19:1)։ Նաև. «Ամպերը դարձնում ես Քո կառքը» (հմմտ․ Սաղմ. 103:3)։ Այլև. «Ամպը Նրան ծածկեց նրանց աչքերից» (Գործք 1:9)։ Դարձյալ. «Երկնքի ամպերի միջից գալիս էր մեկը մարդու Որդու նման» (Դան․ 7:13)։ Ահա՛ թե ինչու, որպեսզի աշակերտները հավատային, որ այդ ձայնը հենց Աստծու ձայնն է, նրանց առջև հայտնվում է ամպ, և այն էլ՝ լուսավոր մի ամպ։
Հովհաննես Ծործորեցի (†1338)
Եւ վեց օր յետոյ Յիսուս իր հետ վերցրեց Պետրոսին, Յակոբոսին եւ նրա եղբօրը՝ Յովհաննէսին եւ նրանց հանեց, առանձին, մի բարձր լեռ
Եվ վեց օրից Հիսուսն Իր հետ վերցրեց Պետրոսին, Հակոբոսին և նրա եղբայր Հովհաննեսին:
Հարկ է պարզել, թե եթե [Հիսուսը] վեց օրից էր պատրաստվում Իր փառքը ցույց տալ, ապա ինչո՞ւ [այդքան] վաղ ասաց. «Այստեղ կանգնածներից ոմանք մահ չեն ճաշակի, մինչև չտեսնեն Մարդու Որդուն [Իր արքայությամբ] եկած»: Կանուխ ասաց, որպեսզի դրանով ավելի տեղյակ ու պատրաստված լինեին այդ երևմանը, այդքան օրերի ընթացքում ավելի բուռն կերպով ցանկանային այն և նրանով մտազբաղ լինեին: Եվ հենց նույն՝ առաջին օրը չհանեց [Պետրոսին, Հակոբոսին ու Հովհաննեսին լեռը], որպեսզի մյուս աշակերտները մարդկորեն չմեղանչեին, քանի որ բոլորն էին ուզում Նրա հետևից գնալ՝ տեսնելու փառքի կերպը: Այս պատճառով էլ վեց օր սպասեց, մինչև մյուսները հանդարտվեցին, և ապա՝ «վեց օրից, Հիսուսն Իր հետ վերցրեց Պետրոսին, [Հակոբոսին և նրա եղբայր Հովհաննեսին]»: Մյուս ավետարանիչը՝ [Ղուկասը], ասում է՝ ութ օրից (Ղուկ. 9։28): Չի հակասում սրան, այլ հույժ համաձայն է, որովհետև մեկը հաշվում է [նաև] այն օրը, երբ [Հիսուսը] խոսեց [այս մասին], և այն, որում նրանց հանեց լեռը, իսկ մյուսը նշում է այդ երկուսի միջև եղած վեց օրը միայն: Թեպետ սա այսպես է, սակայն ո՛չ առանց խորհրդի է մեկը՝ վեց, մյուսը ութ օր գրում: [Մատթեոսը] վեցով ցույց է տալիս [Քրիստոսի] առաջին գալստյան վեց ժամանակաշրջանների խորհուրդը, որով մարդկային մեր բնությանը՝ վեցերորդ օրը Տիրոջ կերպարանքով ստեղծված ու վեց շարժմամբ 1 մեղանչած, [Տերը] դարձյալ նորոգեց վեցերորդ Օրվա 2 վեցերորդ ժամի Իր այցելությամբ: Իսկ ութը խորհրդանշում է ութերորդ ժամանակաշրջանը 3, երբ [Տերը] բոլոր աշխատածներին հանգիստ է պարգևելու հավիտենական միաշաբաթին 4՝ [այն օրը], որում Ինքը հարություն առավ:
«Վեց օրից Հիսուսն Իր հետ վերցրեց Պետրոսին, [Հակոբոսին և նրա եղբայր Հովհաննեսին]»:
Ուշադրությո՛ւն դարձրու այս ավետարանչի խոնարհությանը, թե ինչպես է, որ չի լռում նրանց մասին՝ Պետրոսի, Հակոբոսի և Հովհաննեսի, ովքեր շատ անգամ իրենից ավելի մեծարվեցին Քրիստոսի կողմից: Որովհետև սրբերի գունդն այդպես ազատ էր նախանձից, սնապարծությունից ու փառասիրությունից:
Բայց ինչո՞ւ է [Հիսուսը] միայն [այդ երեքին Իր հետ վերցնում]: Եթե ամենքին վերցներ, Հուդան էլ նրանց հետ կլիներ՝ Աստծո շնորհից ու փառքից հեռացածը, ով արժանի չէր Նրա արքայությունը վայելելու: Իսկ եթե մեկն ասի. «Դեռ մատնիչ չէր», [կպատասխանենք], որ թեպետ նրա սրտի չարությունը ծածկված էր բոլորից, սակայն Տիրոջը հայտնի էր, այդ պատճառով էլ տասներկուսին չտարավ Իր հետ: Իսկ եթե մյուսներին տաներ և նրան անարժանության պատճառով թողներ, սա նրա համար բավարար պատճառ կլիներ [Հիսուսին] մատնելու, ուստի մյուսներին պահապան թողնելով նրան՝ իբրև գազանի՝ «Հիսուսն Իր հետ վերցրեց Պետրոսին, Հակոբոսին ու Հովհաննեսին»: Բայց սրանց անընտրողաբար չէ՛, որ [վերցրեց], այլ որովհետև բոլորից առավել էին. Պետրոսը՝ Նրա հանդեպ սիրով ու ջերմ հավատով, որը հայտնի է շատ դեպքերից, Հովհաննեսը՝ Նրանից շատ սիրվելով, որ նաև Նրա կրծքին ընկավ (Հովհ. 13։25), և Հակոբոսը՝ այս պատասխանով. «Կարո՛ղ ենք խմել բաժակը» (հմմտ. Մատթ. 20։22), ով [իր եղբայր Հովհաննեսի հետ] ոչ միայն խոսքով, այլև գործով կատարեց այն, ինչ նախապես հանձն առավ: Այս պատճառով էլ խաչելությունից առաջ նույնպես սրանք էին [Հիսուսի մոտ], երբ Նա առանձնացած աղոթում էր, որ չգայթակղվեին Նրա չարչարանքներից նրանք, որ տեսել էին Նրա փառքը, այլև հիշեին մարգարեների խոսքերը, որ ասում էին Երուսաղեմ Նրա գնալու մասին, և հասկանային, որ Նա կամավորաբա՛ր եկավ չարչարվելու և ոչ թե հարկադրաբար:
Նաև միայն երեքին հանեց [լեռը], որպեսզի ցույց տար, որ Ինքը Նա է, Ով, երկնքում լինելով, արարչության խորհուրդներն ու անճառելի նախախնամության պարգևները [տալիս է] առաջին քահանայապետության երեք դասապետությունների միջոցով՝ սերովբեների, քերովբեների և աթոռների, ովքեր անընդմիջաբար են հաղորդվում [աստվածային] լուսափայլության բխմանը և բարի բաշխումով շարժվելով՝ [աստվածային պարգևները] փոխանցում ներքևի [դասերին], նրանց միջոցով էլ՝ բոլոր արարածներին: Ճիշտ այդպես էլ, երբ [Տերը] մարմնացավ երկրում, նույն կարգն անխախտ պահեց՝ Իր մարդեղության խորհուրդն ու Երկրորդ գալստյան կերպը հայտնելով Պետրոսին, Հովհաննեսին և Հակոբոսին՝ իբրև վերինների մաքրությանը շատ մոտ գտնվողների, և նրանց միջոցով էլ՝ նրանց հետևորդներին և Քրիստոսին հավատացած սրբերին:
Նրանց առանձին հանեց մի բարձր լեռ:
Ոմանք «բարձր լեռ» են համարում դրախտը, քանի որ աշխարհից բարձր է՝ հասնելով լուսնի գնդին, շրջապատված է քերովբեներով և հողեղեններիս բնությունից զատված է բոցեղեն սրով: Սրան ես էլ եմ համամիտ: Որովհետև այդ երևումը հարությունն էր խորհրդանշում, իսկ հարությունն այլ բան չէ, քան առաջին փառքի 5 վերականգնումը, ուստի [Հիսուսն] այնտեղ տանելո՛վ էր, որ ցույց տվեց աշակերտներին հարության խորհուրդը: Ոմանք էլ լեռը Սիոնն են համարում, որում Դավիթն ամրոցը շինեց (Բ Թագ. 5։7-10), և որը Պետրոսն այս երևման մասին պատմելիս «սուրբ լեռ» է անվանում. «Նրա հետ էինք սուրբ լեռան վրա» (Բ Պետ. 1։18), ըստ Դավթի՝ «Նրա հիմքերը Նրա սուրբ լեռան վրա են» (Սաղմ. 86։2), և նրա վրա էր [Տերը] հաստատելու Վերին Սիոնի խորհուրդը: Ուրիշներ էլ ասում են՝ Սինայի գագաթի մասին է խոսվում, որը բարձր ու առանձնացած է, և որում Օրենքն ընդունեցին ու Մովսեսի դեմքը լուսավորվեց (Ելք 34։29), ինչը հայտնապես խորհրդանշում էր այս [լեռան վրա ծագած] պայծառ [լույսը]: Նաև այդ վայրում թաղվեց Մովսեսը1 6, և այնտեղ փախավ գնաց Եղիան (Գ Թագ. 19։3-8), որոնց էլ [Հիսուսը] դարձյալ կանչեց և ցույց տվեց Իր աստվածության փառքը:
Բայց ընդհանրապես Թաբորն են համարում [այդ լեռը], և Պետրոսն էլ, վկայաբերելով մարգարեի խոսքը. «Թաբորն ու Հերմոնը կցնծան Քո անվամբ» (Սաղմ. 88։13), ասում է. «Ունենք մարգարեական ճշմարտագույն խոսքը, որին եթե անսում եք, լավ եք անում» (Բ Պետ. 1։19):
Ուրեմն՝ [Հիսուսը] մարմնով հանում է նրանց լեռը և մտքով բարձրացնում դեպի գիտության անճառելի խորհուրդները. ինչո՞ւ: Նախ՝ որպեսզի հրեաների հանդեպ աներկյուղ դարձնի և տեսածները չմոռանան, մեկուսացնում է ապահով տեղում:
Երկրորդ՝ հանում է լեռը, որպեսզի ինչ որ Պետրոսը վերին ներշնչմամբ դա վանեց և Որդին հայտնեց թե՝ «Ոչ թե մարմինն ու արյունը, այլ Իմ երկնավոր Հայրը քեզ հայտնեց» (հմմտ. Մատթ. 16։17), [Պետրոսը] նաև իր ականջներով լսի Հորից՝ այն, ինչ իր բերանով վկայեց:
Երրորդ՝ որպեսզի [Հիսուսն] Իր աստվածության փառքը ցույց տա հարությունից առաջ և երբ մեռելների միջից հարություն առնի, հասկանան, որ փառք ստացավ ոչ թե վաստակի դիմաց, այսինքն՝ խաչի [չարչարանքների], այլ այն ուներ նաև խաչելությունից առաջ՝ ըստ այսմ. «Հա՛յր, փառավորի՛ր Ինձ Քեզնից եղած փառքով, որն ունեի աշխարհի գոյությունից առաջ» (Հովհ. 15։5):
Չորրորդ՝ որպեսզի տեսնեն այն փառքի գեղեցկությունը, որի համար հրամայեց նրանց նահատակվել: Հինգերորդ՝ [աշակերտներին] հավասարեցնում է Մովսեսին, որովհետև ինչպես որ նրան հանեց Սինա լեռը և քարե տախտակների վրա տվեց գրավոր Օրենքը՝ պատժականը, այդպես էլ Նոր Կտակարանի սպասավորներին Թաբոր լեռան վրա երևալով ոչ թե մեգով շրջապատված, այլ փառքով՝ նրանց սրտում գրեց Հոգու օրենքը՝ շնորհականը:
Իսկ «առանձին» [բառով ավետարանիչը] ցույց է տալիս, որ կամ տեղն էր անքույթ 7, որտեղ պիտի ուշադրություն դարձնեին [միայն] երևմանը, կամ էլ՝ որ [Տերն այս երեք աշակերտներին] մյուսներից առանձին [հանեց լեռ]:
--------------------------------
2 Այստեղ «վեցերորդ օրեը կարող է երկու իմաստ արտահայտել: Առաջինը շաբաթվա օրն է, և շաբաթվա վեցերորդ օրն ուրբաթն է, որում շուրջ վեցերորդ ժամին Տերը խաչվեց՝ ըստ Հովհ. 19։14-ի: Երկրորդ իմաստը վեցերորդ ժամանակաշրջանն է, որովհետև «օրեն ունի նաև ժամանակաշրջանի՝ դարաշրջա նի, հազարամյակի, իմաստ: Ըստ Եկեղեցու հայրերի՝ մարդկության պատմությունը բաժանվում է ութ ժամանակաշրջանի («դարիե, «օրվաե, հազարամյակի): Այս տեսության հեղինակը, հավանաբար, առաքելական շրջանի հայրերից Բառնաբասն է, ով իր թղթում (գլուխ 15) խոսում է այս մասին՝ հիմնվելով արարչագործության 6 օրերի և հաջորդող յոթերորդ օր վա հանգստի մա սին աստվածաշնչյան ուսմունքի վրա: Ըստ Եկեղեցու հայրերի՝ վեցերորդ ժամանակաշրջանում կամ «օրումե է Տերը մարդացել, և այժմ մենք նույնպես գտնվում ենք վեցերորդ ժամանակաշրջանում, որը տևելու է մինչև աշխարհի վերջը: Յոթերորդ ժամանակաշրջանը համարվում է ննջեցյալներինը, իսկ ութերորդը՝ հետհարութենական հավիտենական կյան քի նը (ութը խորհրդանշում է հարությունը):
Ստեփանոս Սյունեցի (†735)
1-2․ Եւ վեց օր յետոյ Յիսուս իր հետ վերցրեց Պետրոսին, Յակոբոսին եւ նրա եղբօրը՝ Յովհաննէսին եւ նրանց հանեց, առանձին, մի բարձր լեռ եւ նրանց առաջ պայծառակերպուեց. եւ նրա դէմքը փայլեց ինչպէս արեգակը. եւ նրա զգեստները դարձան սպիտակ ինչպէս լոյսը:
«Եվ վեց օր հետո Հիսուս Իր հետ վերցրեց Պետրոսին, Հակոբոսին և ևնրա եղբորը՝ Հովհաննեսին և նրանց հանեց առանձին մի բարձր լեռ և նրանց առաջ պայծառակերպվեց»:
Ճշմարիտ եմ ասում ձեզ, որ այստեղ գտնվողների մեջ կան ոմանք, որոնք մահը չեն ճաշակի» խոսքն ասելուց հետո անցնում է վեց օր: Եվ վեց օրից հետո ելնում է լեռ և պայծառակերպվում նրանց առջև: Պատմությանը հարազատ մնալով, [այն] առակով այսպես է մատուցվում. վեց օրում ստեղծվեց աշխարհը, և քանի որ Պետրոսը, Հակոբոսը և Հովհաննեսը արհամարհում էին տեսանելի [աշխարհը, ուստի վեց օրում] անցնելով աշխարհով՝ Քրիստոսի հետ ելնում են լեռան վրա և Բանին տեսնում հրաշափառագույն և պատվականագույն:
«Նրանց առաջ պայծառակերպվեց»
Նա ո՛չ տեսք ուներ և ո՛չ էլ գեղեցկություն (Եսեյի 83։2): Ահավոր էր փառավոր տեսքը և սոսկալի:
Մաղաքիա արք. Օրմանյան (†1918)
Եւ վեց օր յետոյ Յիսուս իր հետ վերցրեց Պետրոսին, Յակոբոսին եւ նրա եղբօրը՝ Յովհաննէսին եւ նրանց հանեց, առանձին, մի բարձր լեռ
Դեռ Հիսուսի այլակերպության պատմությունը չսկսած` ավելի օգտակար ենք համարում նախընթացաբար ուսումնասիրել երկու հանգամանքները, որպեսզի բավականին հստակ ու լավ իմանանք բուն պատմությունը: Այդ երկուսն են` ե՞րբ և ո՞ւր տեղի ունեցավ այլակերպությունը:
Ժամանակի մասին ասենք, որ ավետարանիչները բացառապես այդ եղելությունը օրերի հաշվով կցում են նախընթացին, որ էր Փիլիպպյան Կեսարիայի կողմերում առաքյալների ուղղած հարցը, նրանց պատասխանը, Իր մահվան նախագուշակ գույժը և այդ առիթով տեղի ունեցած խոսակցությունը, որոնք բոլորն էլ մի քանի ժամում ամբողջապես կատարվելիք ղելություններ են և, ի վերջո` որոշակի մեկ օրվա գործողություն: Այս գործողությունից անմիջապես հետո երեք ավետարանիչներն էլ պատմում են այլակերպությունը` երեքն էլ երկու եղելությունների միմյանցից հեռու օրերը նշանակելով: Մատթեոսն գրում է. «Եւ յետ վեց աւուր», Մարկոսը` «Եւ յետ վեց աւուր», Ղուկասը` «Եւ եղեւ յետ այսց բանից իբրեւ աւուրք ութ»: Օրինակի կամ գրության շփոթություն ենթադրելու պատճառ չկա: Բոլոր թարգմանություններն ու օրինակներն նույն են գրում: Մնում է, ուրեմն, երկու բացատրությունների և երկու թվերի իրար հետ համաձայնության կերպը որոշել, որը դժվար չէ:
Երկու եղելության օրերը համեմատում են կա՛մ եղելության օրերը հաշվելով, կա՛մ հաշվից դուրս թողնելով: Օրինակ` երբ մի որևէ կիրակի օր դեպք է պատահել, մի դեպք էլ` հաջորդ կիրակի, երկու դեպքերից մեկը մյուսից վեց օր հետո է ասվում, եթե երկու կիրակիները չհաշվվեն: Կարելի է նաև ասել ութ օր հետո, եթե երկու կիրակիներն էլ մեկտեղ հաշվվեն, և կարելի է նաև յոթ օր ասել, եթե միայն վերջին դեպքի կիրակի օրը հաշվվի: Այսպես` ենթադրելով, որ Կեսարիայում տրված հարցը միաշաբթի օրով էր, իսկ այլակերպությունը` մյուս միաշաբթին, ապա Մատթեոսն ու Մարկոսը կարող էին ասել` վեց օր հետո, հաշվելով մեջտեղում ընկած օրերը, իսկ Ղուկասը` ութ օր հետո, հաշվելով եղելության օրերը ևս: Մանավանդ, որ Ղուկասն ավելացնում է նաև իբր բառը, որն օրերի թիվը ոչ ճիշտ ու կատարյալ, այլ մոտավոր հաշվարկած լինելն է հաստատում:
Եղելության ժամանակի մասին հարկ է նկատել, որ հույներն ու լատինները, իրենց տոները նշելով արեգակնային օրերի հաշվով, այլակերպությունն ավանդաբար հիշատակում են օգոստոսի վեցին, որովհետև Հիսուսի քարոզչության երկրորդ տարում ենք, ապա կարող են ենթադրել, թե հռոմեական 782 ,մեր թվականի 29 և Հիսուսի կենաց 33 տարվա հուլիսի 30 -ին տեղի ունեցավ Կեսարիայի հարցումն իր հանգամանքներով, իսկ օգոստոսի 6 -ին` այլակերպությունը:
Այլակերպության տեղի մասին խոսելիս` Մատթեոսը նշում է. «Լեառն մի բարձր», Մարկոսը` «Լեառն մի բարձր», իսկ Ղուկասը` լոկ «Լեառն»: Խնդրո առարկա է նաև դարձել երեք ավետարանիչների լեռան անունը չտալը: Անգամ Պետրոսը, որ գրում է, թե ինքը գտնվում էր «Ի սուրբ լերինն» (Բ Պետ. 1:18) ավելին չի լուսաբանում: Ըստ Եկեղեցու հնավանդ, տարածված, ընդհանուր և հաստատուն ավանդության, այլակերպությունը տեղի ունեցավ Գալիլիայի Թաբոր, այժմ Ճեպել Էլ-Թուր լեռան վրա, որին կարող է համապատասխանել Պետրոսի տված սուրբ անվանումը:
Եթե խնդիրը պիտի վճռվի միայն ավանդության փաստով, ապա, Թաբորից բացի, հին դարերում ուրիշ լեռ երբեք չի հիշատակվել: Ուրեմն սկսած առաջին դարի վերջերից` նույն ավանդույթը հաստատուն կերպով կրկնվել է: Իսկ Ավետարանի նոր մեկնիչներից ոմանք, գլխավորապես բողոքականները, պնդում են, թե անհնար է Թաբորն ընդունել որպես այլակերպության լեռ: Ահա նրանց փաստերը. Հիսուս յոթ օր առաջ էր գտնվում Փիլիպպյան Կեսարիայի կողմերում, Գալիլիայի ամենահյուսիսային ծայրում: Մինչդեռ Թաբորը Գալիլիայի հարավում է: Ավետարանիչները Կեսարիայի խոսակցությունը պատմելուց հետո, բնավ չեն ակնարկում Հիսուսի այնտեղից մեկնելու մասին: Թաբոր լեռան գագաթին ամրոց էր կառուցված, հետևաբար այսպիսի փառավոր ու հրաշալի տեսարանը նույն տեղին չէր կարող համապատասխանել: Մարկոսը այլակերպությունը և լեռան ստորոտում դիվահարի բժշկությունը պատմելուց հետո է միայն ասում. «Եւ անտի ելեալ անցանէին առ Գալիլիացւովք» (Մարկ. 9:29): Այս փաստերին հիմնվելով` ցանկանում ենք եզրակացնել, թե այլակերպությունը տեղի ունեցավ Անտի-Լիբանանի շղթայի հարավային ծայրում, Հերմոն լեռների գագաթներից մեկի վրա, Փիլիպպյան Կեսարիա քաղաքր շրջանում:
Սակայն, մեր կարծիքով, այս փաստերը բավական չեն, որպեսզի ստիպեն հեռանալ նախնական, հնադարյան և ընդհանուր ավանդությունից: Փիլիպպյան Կեսարիան ու Թաբորը, Գալիլիայի հյուսիսաըին և հարավային կողմերն իրարից այնքան էլ հեռու չեն, մի քանի օրվա ճանապարհ է, որ մի շաբաթվա մեջ շատ հեշտությամբ կարելի է անցնել: Ավետարանիչները երբեք ճշտությամբ չեն նկարագրում Հիսուսի բոլոր ճամփորդությունները: Զանազան վայրերում կատարված գործերը, առանց դիտողության, գրում են միմյանց հետևից: Թաբորի գագաթի ամրոցը շատ հետո է կառուցվել, Հովսեփոսի ժամանակ, ինչպես վկայում է նույն պատմիչը: Պետք չէ մտածել, թե դիվահարի բժշկությունից հետո այնտեղից մեկնելու, «Եւ ելեալ անտի» հիշատակությունը պետք չէ Կեսարիան հասկանալ, այլ` այլակերպության լեռը: Եթե հին ու ընդհանուր ավանդությանն ավելացնենք Պետրոսի տված սուրբ անվանումը, որ երբեք չի կարող պատշաճել Հերմոնի նման հեթանոսական բագին ունեցող լեռանը և անդրադառնանք այլակերպությունից հետո կատարված հրաշքներին, որոնց կատարման տեղը ենթադրում է հրեական հայտնի կենտրոն, և ոչ թե օտար և հեթանոս երկիր, հետևաբար, ոչ միայն Հերմոնը Թաբորի փոխարեն ընդունել չենք կարող, այլ, ընդհակառակը, Թաբորի նկատմամբ եղած հնավանդ տեսակետն ավելի ենք հաստատում:
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: