Մեկնություն Ավետարան ըստ Մատթեոսի 5:8

Սրբ. Հովհան Ոսկեբերան (†407)

«Երանի՜ սրտով մաքուրներին, որովհետև նրանք Աստծուն կտեսնեն»։
   
   խորամանկություն ոչ մի նշույլ անգամ չեն կրում, կամ նրա´նց, ովքեր իրենց կյանքն անց են կացնում մաքրակենցաղության մեջ, քանի որ Աստծուն տեսնելու համար մենք ոչնչի կարիք այնքան շատ չունենք, որքան առաքինություննե´ր ունենալու անհրաժեշտությունը: Այդ իսկ պատճառով էլ Պողոսն ասաց. «Բոլորի հետ ջանացե՛ք ապրել խաղաղությամբ և սրբությամբ, առանց որի ոչ ոք Տիրոջը չպիտի տեսնի» (Եբր. 12:14): Այստեղ նկատի է առնվում այն տեսլականը, որը մարդկայնորեն հնարավոր է իրագործել:

   Եվ քանի որ շատերն են ողորմած, չեն գողանում ուրիշի ունեցածը, արծաթասեր չեն, բայց միևնույն ժամանակ շնություն են գործում և տրվում են ցանկասիրությանը, ուստի Քրիստոս, ցույց տալով, որ միայն առաջինը (ողորմած լինելը) բավարար չէ, ավելացնում է նաև այս պատվիրանը: Այդ նույնը Պողոսը` Կորնթացիներին ուղղված իր նամակում, հաստատում է մակեդոնացիների օրինակով. վերջիններս հարուստ էին ոչ միայն ողորմած լինելու առաքինությամբ, այլ նաև ուրիշ առաքինություններով: Ցույց տալով նրանց (մակեդոնացիների) առատաձեռնությունն իրենց ունեցվածքը կարիքավորներին բաժանելու գործում` առաքյալն ասում է, որ նրանք «իրենք իրենց հանձնել էին Տիրոջը և մեզ» (հմմտ. Բ Կորնթ. 8:5):
   

Սրբ. Ներսես Շնորհալի (†1173)

Երանի՜ նրանց, որ սրտով մաքուր են, որովհետեւ նրանք Աստծուն պիտի տեսնեն:
   
   Երանի՜ սրտով մաքուրներին, քանզի նրանք Աստծուն կտեսնեն:

   Այս երանությունը գերազանցում է [մեր] մտքի ըմբռնմանը: Ինչպես երբ ծովեզրին գտնվող մի բարձր վեմից նայում են անդունդի խորքը, խորքի հատակը չտեսնելով՝ լցվում են երկյուղով, այդպես և մենք, նայելով աստվածային խոսքի խորությանը, զարհուրանքով տարակուսում ենք, թե ինչպե՛ս է տերունական այս խոսքը երանում սրբերին: Որովհետև Հովհաննես [ավետարանիչն] ասում է. «Աստծուն ոչ ոք չի տեսել» (Հովհ. 1:18, Հովհ. 4:12), [և ըստ Պողոսի]՝ նաև «չի կարող տեսնել» (Ա Տիմ. 6:16): Եվ Մովսեսին էլ էր Աստված ասել. «Մարդկանցից ոչ ոք չի կարող Իմ երեսը տեսնել և կենդանի մնալ» (Ելք 33:20): Ուրեմն ինչպե՞ս հասկանանք այս երկուսը:

   Աստվածային բնությունն այնպիսին, ինչպիսին կա, անտեսանելի է և [մեր] ըմբռնումից չափազանց վեր: Սակայն, թեպետ [Աստված] անքննելի է՝ ըստ առաքյալի  (Հռոմ. 11:33–34), Անտեսն ուրի՛շ կերպ է տեսանելի դառնում: Նախ՝ ըստ առաքյալի (Հռոմ. 1:20)՝ Արարիչը ճանաչվում է արարածների միջոցով. [տեսանելի] է դառնում ոչ թե Նրա բնությունը, այլ էությունն ու զորությունը՝ Նրա տեսանելի գործերով: Այս տեսությամբ տեսնում են նաև աշխարհի իմաստունները, բայց արժանի չեն երանության, որովհետև Տերը երանության է արժանացնում ոչ թե Աստծո մասին ինչ–որ բան գիտենալը, այլ նրանց, ովքեր իրենց մեջ Աստծուն են ընդունում. [նրանց մասին] է ասում. «Երանելի են սրտով մաքուրները», ինչպես որ այլուր ևս ասում է. «[Աստծո] արքայությունը ձեր ներսում է» (Ղուկ. 17: 21): Սրանից սովորում ենք, որ ով սիրտը մաքրում է բոլոր ախտերից, իր հոգու գեղեցկությամբ է տեսնում աստվածային պատկերը: Ինչպես որ ովքեր մաքուր հայելու մեջ տեսնում են արեգակը, թեև երկնքին չեն նայում, սակայն հայելու ճառագայթներով նշմարում են բոլորաձև լույսը, այդպես էլ մենք, թեպետ Աստծո անմերձենալի բնությանը նայել չենք կարող, բայց եթե Նրա պատկերը մեր մեջ մաքրենք ախտերից, հենց մեր մեջ կտեսնենք այն, ինչ փնտրում ենք:

   Ուստի ասենք, թե ինչպե՛ս ձեռք բերենք այն, որով երանելի և Աստծուն տեսնելուն արժանի կդառնանք: Չարությունը երկուսի է բաժանվում՝ խորհուրդներով և գործերով, և երկուսի համար էլ Աստված օրենք է սահմանել: Առաջին օրենքով արգելում է գործերով անիրավությունը, իսկ այս երկրորդով  1՝ չարության հարձակումը խորհուրդներով ու խոսքերով: Ուստի ամեն ոք, ով, ըստ այս երկու օրենքների, հեռանում է չար խոսքերից ու գործերից և չարի փոխարեն բարին գործում ու խորհում, նա՛ է սրտով մաքուր և արժանանում է աստվածային տեսության երանությանը: Եվ ինչպես որ սրտով մաքուրները երանելի են, [այդպես] աղտեղի միտք ունեցողներն էլ՝ ողորմելի: Որովհետև եթե սրտով մաքուրներն Աստծուն են տեսնելու, անմաքուրներն ու աղտեղասերները նայելու են սատանայի դեմքին: Ուրեմն՝ քանի որ Աստված լույս և կյանք է կոչվում, իսկ սատանան՝ խավար և մահ, և մեր անձնիշխան կամքից է կախված այն, թե որ [կողմն] ենք կամենում դիմել, փախչե՛նք Բանսարկուի խավարային կերպարանքից և դրոշմե՛նք մեր հոգում աստվածային լույսի պատկերը:
   

Ստեփանոս Սյունեցի (†735)

Երանի՜ նրանց, որ սրտով մաքուր են, որովհետև նրանք Աստծուն պիտի տեսնեն:
   
Տե՛ս Մեկնություն Ավետարան ըստ Մատթեոսի գլուխ 5:1
   

Մաղաքիա արք. Օրմանյան (†1918)

Երանի՜ նրանց, որ սրտով մաքուր են, որովհետեւ նրանք Աստծուն պիտի տեսնեն:
   
Տե՛ս Մեկնություն Ավետարան ըստ Մատթեոսի գլուխ 5:3