Եզեկիելի մարգարեության մեկնություն 40։2

Ա. Լոպուխին

«Աստծո տեսիլքներով Նա տարավ ինձ Իսրայելի երկիրը և դրեց ինձ մի շատ բարձր լեռան վրա, և դրա վրա՝ հարավային կողմում, ասես քաղաքային շինություններ լինեին»։ [2] (Սինոդական թարգ․)
   
    «Իսրայելի երկիրը» - Հուդան այդպես է կոչվել Եփրեմի և Հուդայի միավորման պատճառով, միավորո՛ւմ, որը պետք է տեղի ունենար հենց այդ ժամանակ։

    «Մի շատ բարձր լեռան վրա» - դեռևս Եսայու մարգարեության 2:2-րդ, Միքիայի մարգարեության 4:1-ին և Եզեկիելի մարգարեության 17:22-րդ համարներում այդպես էր կոչվում Սիոնը՝ ոչ թե, սակայն, իր բնական բարձրության, այլ երկրի վրա ապագայում իր ունենալիք նշանակության համար։ Այստեղ, ինչպես և հաջորդող մարգարեների պարագայում է (Դան․ 2։35, Զաք. 14։10 հմմտ․ Հայտն. 21։10), առաջ է քաշվում Սիոնի այս խորհրդանշական նշանակությունը, այնպես որ այս արտահայտությամբ հազիվ թե նկատի է առնվում զուտ լեռը. այստեղից էլ հետևում է սույն համարում լեռան անվան բացակայությունը, մի բան, ինչն այստեղ առավել անհրաժեշտ էր, քան զուգահեռ մարգարեությունների դեպքում։

    «Հարավային կողմում» - բառացիորեն՝ «դեպի հարավ», այսինքն՝ մարգարեի՛ց դեպի հարավ․ չմոռանանք, որ մարգարեն ինքը ժամանել էր հյուսիսային Բաբելոնից (հմմտ. Եզեկ․ 20:46)։ Այստեղ խոսքը տաճարի մասին է, որը, ինչպես այժմ էլ տեսնում ենք, առնվազն զուտ հիշատակության մակարդակով մատնանշվում է մարգարեի կողմից։ Եզեկիելի իդեալական տաճարը զբաղեցնում էր ոչ միայն լեռան հարավը, այլև լեռան ամբողջ տարածքը (Եզեկ․ 43:12)։ Յոթանասնից թարգմանությունը «նեգև» - «հարավ» բառի փոխարեն տարընթերցել են «գեվեդ» - «ուղիղ»՝ հավանաբար նկատի ունենալով այն իրողությունը, որ մարգարեն սկզբում հայտնվում է արևելյան դարպասի մոտ (6-րդ համար): Հնարավոր է, որ «հարավ»-ը մատնանշվում է պարզապես որպես լույսի և ջերմության խորհրդանշական մի երկիր (տե՛ս 1:4-րդ համարի բացատրությունը. «հյուսիսից»):

    «Ասես քաղաքային շինություններ լինեին» - ինչպես որ երևում է 3-րդ համարից, հենց այդպիսի տեսք ուներ տաճարի շինությունը՝ իր լայն, կրկնակի պարիսպով, վեց դարպասներով և բազմաթիվ հարակից կառույցներով։ Ինքը՝ քաղաքը (որը նույնպես պատկերվում է իդեալականացված ձևով, ինչպես տաճարը) տաճարի լեռից ավելի քան մեկ մղոն հեռավորության վրա էր գտնվում (Եզեկ․ 45:1, 48:8 և այլն)։
--------------------------------
[2](Էջմիածին թարգ․) Աստուածային տեսիլքի մէջ նա ինձ բերեց Իսրայէլի երկիրն ու դրեց մի չափազանց բարձր լերան վրայ, իսկ դրա վրայ, դէմ-յանդիման կար քաղաքի պէս մի շինուածք: Ինձ ներս տարաւ:
(Արարատ թարգ․) Աստծու տեսիլքներով ինձ տարավ Իսրայելի երկիրը և ինձ մի շատ բարձր սարի վրա դրեց. նրա վրա՝ հարավում, քաղաքի շինության պես մի բան կար։
(Գրաբար) Եւ ա՛ծ զիս 'ի տեսլեան Աստուծոյ յերիրն Իսրայէլի, դ եդ զիս' ի վերայ լերին միոյ բարձու յոյժ. և 'ի վերայ նորա իբրև զշինուած քաղաքի դէ՛մ յանդիման.