Սրբ. Հովհան Ոսկեբերան (†407)
«Հիսուս Քրիստոսի` Դավթի որդու, Աբրահամի որդու ծննդաբանությունը»։
Այդ ի՞նչ ես ասում: Չէ՞ որ դու խոստացել էիր խոսել Աստծո Միածին Որդու մասին, բայց խոսում ես Դավթի մասին, մի մարդու, որը գոյության է կոչվել հազարավոր սերունդների ծնունդից հետո, և դու նրան կոչում ես «հայր» ու «նախնի՞»: Սպասի´ր, մի փորձիր ամենը միանգամից հասկանալ, այլ ճանաչիր աստիճանաբար և քիչ-քիչ։ Դու դեռ կանգնած ես նախապատրաստության փուլում, հենց շեմքի մոտ. ինչու՞ ես այդքան շտապում սրբավայր մտնել։ Դու դեռ լավ չես դիտել ամեն բան դրսից։ Եվ ես դեռ քեզ չեմ պատմել առաջին՝ երկնային ծննդյան մասին, կամ ավելի ճիշտ՝ դեռ չեմ պատմել անգամ երկրորդ՝ երկրային ծննդյան մասին, որովհետև այն նույնպես անբացատրելի ու անճառելի է։ Այս մասին դեռ ավելի վաղ քեզ ասել էր նաև Եսայի մարգարեն, երբ, հայտարարելով Տիրոջ տառապանքների և աշխարհի նկատմամբ Նրա մեծ հոգատարության մասին ու զարմացած լինելով նրանից, թե Նա ով էր, ինչի հասավ և մինչև ուր խոնարհվեց, մարգարեն բարձրաձայն և հստակ բացականչեց. «Նրա ազգատոհմի մասին ո՞վ պիտի պատմի» (Ես. 53:8): Ուրեմն, խոսքն այժմ այդ երկնավոր ծննդյան մասին չէ, այլ այս, երաշխարհական, երկրային ծննդյան մասին, որն ունեցավ հազարավոր վկաներ։ Եվ այս մասին մենք կխոսենք այնքան, որքան դա հնարավոր է մեզ համար՝ Սուրբ Հոգուց ստացած շնորհների չափի համաձայն։ Հնարավոր չէ ամենայն հստակությամբ ներկայացնել նաև ա´յս ծնունդը, քանի որ այն նույնպես լեցուն է խորհրդավորությամբ։ Ուստի, երբ լսես այս ծննդյան մասին, մի կարծիր, թե լսում ես մի փոքր կարևորությամբ իրադարձության մասին, այլ մտքով բարձրացի´ր և սարսափի´ր, երբ լսես, որ Աստված երկիր է իջել։ Այդ էջքն այնքան զարմանալի և հրաշալի էր, որ նույնիսկ հրեշտակները, գոհաբանության համար խումբ կազմելով, փառք տվեցին Նրան ողջ աշխարհի համար, իսկ մարգարեներն էլ դեռ շատ երկար ժամանակ առաջ զարմացած էին այն բանից, որ Աստված «հայտնվեց երկրի վրա և շրջեց մարդկանց մեջ» (Բար. 3:38):
Եվ իսկապես, չափազանց զարմանալի է լսել, որ անասելի, անբացատրելի և անպատկերացնելի Աստված, Հորը հավասար լինելով հանդերձ, անցել է կույսի արգանդի միջով ու բարեհաճել է ծնվել կնոջից և Իրեն որպես նախահայրեր ունենալ Դավթին և Աբրահամին….
Այս մասին լսելով՝ միտքդ վեհացրո´ւ և որևէ նվաստացուցիչ բան մի´ կասկածիր. ընդհակառակը, հատկապես զարմացի՛ր այն բանի համար, որ անսկիզբ Հոր Որդին, Ճշմարիտ Որդին բարեհաճեց անվանվել «Դավթի որդի», որպեսզի քեզ Աստծո որդի դարձնի, բարեհաճեց Իր Հոր ծառան դառնալ, որպեսզի քեզ` ծառայիդ, Տիրոջ որդին դարձնի»։ «Տեսնում ես, թե ինչ ավետիս է հնչում հենց ամենասկզբում։ Իսկ եթե կասկածում ես քո` Աստծո որդի լինելու հարցում, համոզվա´ծ եղիր դրանում՝ լսելով, թե ինչ կատարվեց Նրա հետ։ Մարդկային դատողության համաձայն՝ Աստծո համար շատ ավելի դժվար էր մարդ դառնալը, քան թե մարդու համար՝ Աստծո որդի դառնալը։ Ուրեմն, երբ լսում ես, որ Աստծո Որդին նաև Դավթի և Աբրահամի որդին է, այդժամ մի´ կասկածիր, որ նաև դու, Ադամի´ որդի, Աստծո որդին ես դառնալու։ Նա Իրեն այս աստիճան չէր իջեցնի, եթե չցանկանար մեզ վեր բարձրացնել։
Նա ծնվեց մարմնով, որպեսզի դու ծնվես հոգով։ Ծնվեց կնոջից, որպեսզի դու դադարես կնոջ որդի լինելուց։ Ահա թե ինչու է Նրա ծնունդը երկակի՝ մի կողմից մերին նման, իսկ մյուս կողմից՝ մեր ծննդյանը գերազանցող: Կնոջից ծնվելով` Քրիստոս նմանվեց մեզ, իսկ այն, որ Նա ծնվեց ոչ արյունից, ոչ ամուսնու կամ մարմնական ցանկությունից, այլ Սուրբ Հոգուց, դա նախանշում է մեր ծննդյանը գերազանցող Իր գալիք Ծնունդը, այսինքն` Քրիստոսի Ծնունդը Սուրբ Հոգուց, որը մեզ շնորհված պարգև պետք է դառնար: Նույնը վերաբերում էր նաև մնացած ամեն ինչին։ Այդպիսին էր, օրինակ, Քրիստոսի Մկրտությունը, քանի որ այդ Մկրտության մեջ նույնպես կար թե´ ինչ-որ հնամենի մի բան, և թե´ մի նորույթ. մարգարեի կողմից մկրտվելու իրողությունը մատնացույց էր անում այդ խորհրդի հնամենիությունը (ասել է թե` խորհրդավորությունը), իսկ Հոգու էջքը մատնանշում էր նորույթը: Խորհրդանշական այս պատկերում Քրիստոս նմանվում էր մեկին, ով կանգնած էր միմյանցից հեռու գտնվող երկու մարդկանց միջև ու որպես միջնորդ իր ձեռքերը մեկնում և իրար էր միացնում այդ երկուսին. ճիշտ այդպես արեց նաև Աստծո Որդին` Հին Կտակարանը միացնելով Նոր Կտակարանին, աստվածային բնությունը միաձուլելով մարդկային բնության հետ, Իրենը՝ մերազնյայի (ասել է թե` աստվածայինը մարդկայինի) հետ։ Տեսնու՞մ ես Աստծո քաղաքի շքեղությունը: Տեսնու՞մ ես, թե Քրիստոս հենց ամենասկզբում ինչպիսի պայծառություն է շողարձակում քեզ վրա։ Տեսնու՞մ ես, թե Նա ինչպես է իսկույն մատնացույց անում Իրեն` որպես քո Արքայի, և հայտնվում է քո հայացքի կիզակետում։ Նույնիսկ այստեղ՝ երկրի վրա, թագավորը միշտ չէ, որ ներկայանում է իր ողջ վսեմությամբ, այլ հաճախ, մի կողմ դնելով իր ծիրանին և արքայական պատմուճանը, հասարակ ռազմիկի զգեստներ է հագնում։ Սակայն երկրային արքան դա անում է, որպեսզի չլինի թե` բացահայտվելով որպես թագավոր, թշնամուն դեպի իր կողմը գրավի:
Մինչդեռ երկնային Թագավորը, ընդհակառակը, այդպես վարվեց, որպեսզի չլինի թե` հայտնի դառնալով, թշնամուն փախուստի մատներ Իր դեմ մենամարտից և շփոթության մատներ Իր կողմնակիցներին, քանի որ Քրիստոս կամենում էր փրկել, ու ոչ թե սարսափ ներշնչեր: Ահա թե ինչու է ավետարանիչը Նրան անմիջապես կոչում «Հիսուս» խիստ պատշաճող անվամբ։ Այս «Հիսուս» անունը հունարեն չէ. Քրիստոս «Հիսուս» է կոչվում եբրայերենով, իսկ հունարեն թարգմանաբար այդ բառը նշանակում է Փրկիչ («Σωτηρ»): Քրիստոս կոչվում է «Փրկիչ», քանի որ Նա փրկեց Իր ժողովրդին:
Տեսնու՞մ ես, թե ավետարանիչն ինչպես է ոգեշնչում իր ունկնդրին, ինչպես է իր պարզ խոսքերով ամենքիս մեջ բացահայտում այն, ինչը վեր է ամեն տեսակի ակնկալիքից։ Այս երկու անուններն էլ («Հիսուս Քրիստոս») հրեաների շրջանում քաջ հայտնի էին։ Քանի որ մոտ ապագայում տեղի ունենալիք իրադարձությունները լեցուն էին հրաշալիությամբ, ուստի հիշյալ անուններին նույնպես նախորդում են հատուկ ընտրված պատկերներ, որպեսզի դրանց օգնությամբ նախապես իսկ վերացվեին գալիք «նորարարությանն» առնչվող հնարավոր բոլոր տրտնջոցները։ Այսպես, հրեա ժողովրդին դեպի Ավետյաց երկիր առաջնորդած Մովսեսի իրավահաջորդը` Նավեի որդի Հեսուն, նույնպես կոչվում է «Հիսուս» (եբրայերենում «Հիսուս» անունը համարժեք է «Հեսու» անվանը): Տեսնու՞մ ես նախապատկերը. տե´ս նաև իսկությունը։ Առաջինը (Հեսուն) տանում էր դեպի Ավետյաց երկիր, երկրորդը (Հիսուս)՝ դեպի երկինք և դեպի երկնային շնորհները. Հեսուն հրեաներին Ավետյաց երկիր առաջնորդեց Մովսեսի մահից հետո միայն, իսկ Հիսուս մեզ երկնային շնորհներին արժանացրեց այնժամ, երբ դադարեց գործել օրենքի տառը: Այն առաջինը (Հեսուն) ուղղորդում էր որպես առաջնորդ, իսկ այս Մեկը (Հիսուս)՝ որպես Թագավոր։ Սակայն որպեսզի դու, «Հիսուս» («Հեսու») անունը լսելով, անունների նմանության պատճառով շփոթության մեջ չընկնես, ավետարանիչն ավելացնում է. «Հիսուս Քրիստոսի…Դավթի Որդու»։ Այն Հիսուսը (Հեսուն) Դավթի որդին չէր, այլ սերում էր մեկ այլ ցեղից։
Բայց ինչո՞ւ է Մատթեոսն իր Ավետարանը սկսում «Հիսուս Քրիստոսի ծննդաբանությունը» արտահայտությամբ` այն դեպքում, երբ այն բովանդակում է ոչ միայն մեկ անձի ծննդաբանություն, այլև մի ամբողջ տոհմացեղի. քանի որ Քրիստոսի Ծնունդն աստվածային ողջ տնօրինության գլխավորագույն իրադարձությունն է, այն մեզ շնորհված բոլոր օրհնությունների սկիզբն ու արմատն է։ Ճիշտ այնպես, ինչպես Մովսեսն իր առաջին երկը (խոսքը «Ծննդոց» գրքի մասին է) անվանում է «երկնքի և երկրի ստեղծման» գիրքը` չնայած այն հանգամանքին, որ նա այնտեղ պատմում է ոչ միայն երկնքի և երկրի, այլև նրանց միջև եղած ամեն ինչի մասին, այդ նույն կերպ էլ ավետարանիչն իր գիրքն «անվանակոչում» է հանուն մեր փրկության կատարված կարևորագույն իրադարձության (Հիսուս Քրիստոսի Ծննդյան) պատվին: Ամենից զարմանալին, որը վեր է ամեն տեսակի հույսից ու ակնկալիքից, իսկապես, այն է, որ Աստված մարդացավ, իսկ դա ընկալելու դեպքում արդեն այն ամենը, ինչ հաջորդում է այդ իրադարձությանը, ճշմարտապես թե´ հասկանալի, և թե´ բնական է դառնում:
Սակայն ավետարանիչն ինչո՞ւ նախ չի ասում՝ «Աբրահամի որդու…», և ապա միայն՝ «Դավթի որդու…»։ Ոչ թե այն պատճառով, որ, ինչպես կարծում են ոմանք, Մատթեոսը ցանկանում էր Քրիստոսի ծննդաբանությունը ներկայացնել ըստ աճման կարգի, քանի որ այդ դեպքում ավետարանիչը կվարվեր ճիշտ այնպես, ինչպես անում է Ղուկասը, մինչդեռ Մատթեոսի Ավետարանում մենք տեսնում ենք հակառակ պատկերը։ Այդ դեպքում, ուրեմն, Մատթեոսն ինչո՞ւ է առաջինը հիշատակում Դավթին. պատճառն այն էր, որ հենց Դավթի´ անունն էր հնչում ամենքի շուրթերից` ինչպես իր գործերի արդյունքում ձևավորված համբավի շնորհիվ, այդպես էլ ժամանակային ընդրգրկման պատճառով, քանի որ Դավիթն Աբրահամից մահից շատ ավելի ուշ էր վախճանվել: Եվ չնայած այն հանգամանքին, որ Աստված խոստումներ էր տվել թե´ մեկին, և թե´ մյուսին, սակայն Աբրահամին տրված խոստման մասին, որպես առավել հնագույն խոստում, ավելի քիչ էր խոսվում, մինչդեռ Դավթին տրված խոստումը, որպես վերջերս տրված և համեմատաբար նոր մի խոստում, հիշատակվում էր ամենքի կողմից: Իրենք` հրեաներն էլ են ասում. «Չէ՞ որ Գիրքն ասում է, որ Քրիստոս գալու է Դավթի սերնդից ու Բեթղեհեմից` այն վայրից, որտեղից Դավիթն էր» (Հովհ. 7:42): Եվ Քրիստոսին ոչ ոք «Աբրահամի որդի» չէր կոչում, այլ Նրան ամենքը «Դավթի որդի» էին անվանում, քանի որ Դավիթը թե՛ իր ապրած ժամանակաշրջանով, ինչպես արդեն իսկ ասացի, և թե՛ իր թագավորության նշանավորության առումով Դավիթն առավել մեծ տեղ էր զբաղեցնում բոլորի հիշողության մեջ: Ահա թե ինչու Դավթից հետո ապրած բոլոր թագավորները, որոնք առանձնահատուկ հարգանք էին վայելում, հենց Դավթի անունով կոչվեցին ոչ միայն հրեաների, այլև հենց Աստծո´ կողմից։
Այսպես, Եզեկիելը և մյուս մարգարեներն ասում են, որ Դավիթը կհայտնվի իրենց և հարություն կառնի: Բնականաբար, մարգարեները նկատի ունեն ոչ թե մահացած Դավթին, այլ վերջինիս առաքինի գործերի նմանությամբ «գործողներին»: Ըստ այսմ` Աստված ասում է Եզեկիային. «Ես կպաշտպանեմ այս քաղաքը, որպեսզի այն փրկեմ Իմ և Իմ ծառա Դավթի համար» (Դ Թագ. 19:34): Դարձյալ, Տերը նաև Սողոմոնին ասաց, որ հանուն Դավթի Նա չի վերացնելու Սողոմոնի թագավորությունը վերջինիս կյանքի ընթացքում (տե´ս Գ Թագ. 11:34): Այս մարդու փառքը մեծ էր թե՛ Աստծո և թե՛ մարդկանց առջև: Ահա թե ինչու է ավետարանիչը Քրիստոսի ծննդաբանությունը սկսում անմիջապես ամենանշանավոր անձից, այնուհետև դիմում է հնագույն նախահորը՝ Աբրահամին, իսկ հետագա ծննդաբանությունը շարադրելը հրեաների համար ավելորդ է համարում։
Այս երկու մարդն առանձնահատուկ հիացմունք էին առաջացնում. մեկը (Դավիթը)՝ որպես մարգարե և թագավոր, մյուսը (Աբրահամը)՝ որպես նախահայր և մարգարե։ Սակայն ինչի՞ց է պարզ դառնում, կհարցնես դու, որ Քրիստոս հենց Դավիթից էր սերում։ Եթե Նա ծնվել է առանց տղամարդու միջամտության, այլ միայն կնոջից, իսկ Կույսի ծննդաբանության մասին էլ ավետարանիչը ոչինչ չի հաղորդում, ապա ինչպե՞ս կարող ենք եզրակացնել, որ Քրիստոս հենց Դավթի հետնորդն է։ Այստեղ երկու հարց է ծագում. նախ` ինչո՞ւ չի նշվում Քրիստոսի Մոր ծննդաբանության մասին, և ապա` ինչո՞ւ է հիշատակվում Հովսեփը, որը բնավ առնչություն չէր ունեցել Փրկչի Ծննդյան հետ։
Ըստ երևույթին, երկրորդ հարցն ավելորդ է, մինչդեռ առաջին հարցը պատասխան է պահանջում։ Նախևառաջ ի՞նչը պետք է հստակորեն սահմանել. Աստվածածնի` Դավթից սերելու հարցը: Այսպես, մենք որտեղի՞ց կարող են գիտենալ, որ Մարիամը սերում էր Դավթից: Լսի´ր. Աստված Գաբրիելին հրամայում է գնալ «մի Կույսի մոտ, որը նշանված էր Հովսեփ անունով մի մարդու հետ, որը Դավթի տնից և տոհմից էր» (հմմտ. Ղուկ. 1:27): Սրանից ավելի պարզ ի՞նչ ես կամենում իմանալ, երբ լսում ես այն մասին, որ Աստվածածինը Դավթի տնից ու տոհմից էր սերում։
Այդ ամենից պարզ է դառնում, որ Հովսեփը նույնպես ծագում էր միևնույն սերնդից, քանի որ կար այսպիսի մի օրենք, որը սահմանում էր, որ տղամարդը պետք է կին առներ միայն իր ցեղից սերող կնոջը։ Դեռ Հակոբ նահապետն էր մարգարեցել, որ Քրիստոս սերելու է Հուդայի ցեղից. «Չի պակասելու իշխանությունը Հուդայից, և ոչ էլ օրինադիրը նրա երանքից, մինչև որ գա Հաշտարարը, և Նրան հնազանդվեն ժողովուրդները» (Ծննդ. 49։10)։ Դու կասես, որ այս մարգարեությունն իսկապես ցույց է տալիս, թե Քրիստոս Հուդայի ցեղից էր, սակայն այստեղ դեռևս ոչինչ չի ասվում այն մասին, որ Նա սերում էր հենց Դավթի տոհմից: Արդյո՞ք Հուդայի ցեղում Դավթից բացի այլ տոհմ չկար։ Ո՛չ, կային շատ այլ տոհմեր, և հնարավոր էր, որ մեկը պատկաներ Հուդայի ցեղին, սակայն Դավթի տոհմից չսերեր։ Որպեսզի դու այդպես չկարծես, ավետարանիչը փարատում է քո կասկածները՝ ասելով, որ Քրիստոս Դավթի տնից ու տոհմից էր։ Եթե կամենում ես այլ կերպ համոզվել դրանում, ապա մենք չենք վարանի քեզ ներկայացնել մեկ ուրիշ ապացույց ևս։ Հրեաներին արգելված էր կին առնել ոչ միայն այլ ցեղից, այլև այլ տոհմից կամ սերնդից։ Հետևաբար, եթե նույնիսկ «Դավթի տնից և տոհմից» արտահայտությունը գործածենք Կույսի վերաբերությամբ, ասվածը դարձյալ անփոփոխ կմնա: Իսկ եթե այն կիրառենք Հովսեփի վերաբերությամբ, վերջինիս վերաբերությամբ ասվածը կվերաբերի նաև Կույսին։ Եթե Հովսեփը Դավթի տնից ու տոհմից էր, ապա նա կին առավ ոչ թե մեկ այլ սերնդից, այլ այն նույն տոհմից, որից ինքն էր սերել։ Իսկ հնարավոր չէ՞, կհարցնես դու, որ Հովսեփը խախտած լինի օրենքը։ Ավետարանիչը, կանխատեսելով նաև այս առարկությունը, վկայում է, որ Հովսեփն արդար էր: Ուստի, իմանալով նրա առաքինության մասին, դու կարող ես վստահ լինել նաև այն հարցում, որ նա չէր խախտի օրենքը: Հովսեփը, որն այնքան հեզ ու ժուժկալ էր, որ նույնիսկ Մարիամի «մեղավորության» հանդեպ կասկածանք ունենալով հանդերձ՝ չկամեցավ պատժել Կույսին, մի՞թե նա կխախտեր օրենքը՝ հանուն մարմնական ցանկության բավարարման: Օրենքի տառից էլ առավել գերակա իմաստություն ունենալով (քանի որ «օրենքից վեր իմաստություն» ունեցող մարդուն էր բնորոշ «արձակելը», և այլն էլ` «գաղտնի արձակելը»)` Հովսեփը մի՞թե օրենքին հակառակ կգործեր, ընդ որում՝ առանց որևէ տեսակի լուրջ դրդապատճառի։ Այսպիսով, ասվածից պարզ է դառնում, որ Սուրբ Կույսը սերել է Դավթի տոհմից։ Այժմ հարկ է պատասխանել այն հարցին, թե ավետարանիչն ինչու է շարադրում ոչ թե Աստվածածնի, այլ Հովսեփի ծննդաբանությունը։ Ուրեմն, ինչու՞…Հրեաները սովորություն չունեին ծննդաբանությունը ներկայացնելու իգական գծի միջոցով, ուստի միաժամանակ և´ սովորությունը պահպանելու, և´ հենց ամենասկզբում այն չխախտելու, իսկ մյուս կողմից էլ՝ մեզ նաև Կույսի ծագումնաբանությունը ցույց տալու համար, ավետարանիչը, Աստվածածնի նախնիների մասին որևէ տեղեկություն չհաղորդելով, ներկայացնում է Հովսեփի ծննդաբանությունը։ Եթե ավետարանիչը ներկայացներ Կույսի ծննդաբանությունը, դա նորամուծություն կհամարվեր, իսկ եթե նա լռեր Հովսեփի մասին, մենք չէինք ճանաչի Կույսի նախնիներին։ Այսպիսով, որպեսզի մենք իմանայինք, թե Մարիամն ով էր ու որտեղից էր ծագել, և միաժամանակ որպեսզի սովորույթը չխախտվեր, ավետարանիչը ներկայացնում է Սուրբ Կույսի նշանածի (Հովսեփի) տոհմաբանությունը և մատնանշում է, որ Հովսեփը սերում էր Դավթի տնից։ Եվ քանի որ դա ապացուցվում է փաստերով, դրա հետ մեկտեղ ապացուցվում է նաև այն, որ Կույսը նույնպես սերում էր միևնույն տոհմից, քանի որ այդ արդար մարդը (Հովսեփը), ինչպես ես ավելի վերևում ասացի, իրեն թույլ չէր տա մեկ այլ տոհմից իր համար կին առնել։
Այսուհանդերձ, կարելի է նշել մեկ այլ, ավելի խորախորհուրդ պատճառ, թե ինչու է ավետարանիչը լռում Կույսի նախնիների մասին, սակայն այժմ այն «բացահայտելու» ժամանակը չէ, քանի որ արդեն իսկ բավականին շատ բան ասվել է։ Այսպիսով, հնարավոր հարցադրումների քննությունն այստեղ ավարտելուց հետո այժմ գեթ փորձենք հստակորեն մտապահել այն, ինչ բացատրվեց մեզ, և մասնավորապես՝ թե ինչու է նախ Դավթի մասին հիշատակվում, թե ավետարանիչն ինչու է իր գիրքն անվանում «ծննդաբանության գիրք», ինչու է ավելացնում «Հիսուս Քրիստոս» բառերը, Քրիստոսի Ծնունդն ինչո՞վ էր նման մեր ծննդյանը և ինչո՞վ էր տարբեր, ինչպե՞ս է ապացուցվում Մարիամի ծագումը Դավթի տոհմից և ինչո՞ւ է ներկայացվում Հովսեփի ծննդաբանությունն ու ինչո՞ւ են լռության մատնվում Կույսի նախնիների անունները։
Սրբ. Ներսես Շնորհալի (†1173)
Գիրք ազգաբանութեան Յիսուս Քրիստոսի՝ Դաւթի որդու, Աբրահամի որդու:
Հիսուս Քրիստոսի՝ Դավթի որդու, Աբրահամի որդու, ծննդյան գիրքը:
Ի՞նչ է ասում ավետարանիչը: Պատրաստվում է խոսել Աստծո Միածին Որդու մասին և հիշատակում է Դավթին՝ մի մարդու, ով [Միածնից] շատ ժամանակներ հետո եղավ: Սակայն դու հանդա՛րտ եղիր և ամեն ինչ այժմ մի՛ կամեցիր [իմանալ]:
Ոչ թե [աստվածային] անպատմելի առաջին ծննդյան մասին է պատմում մեզ, որովհետև դրա մասին Եսային ասում է. «Նրա ազգատոհմի մասին ո՞վ կպատմի» (Ես. 53:8), այլ այն [ծննդյան], որն այս երկրի վրա տեղի ունեցավ, թեև սրա մասին ևս հնարավոր չէ լիովին պատմել, քանզի խոսքը [դրա] կարողությունը չունի: Այլ [ավետարանիչը կամենում է] միայն այնքանը ցույց տալ, որ Աստծո Որդին ճշմարտապես հանձն առավ մարդու որդի դառնալ, որպեսզի Աստծո որդի դարձնի հողեղենիդ: Երբ լսում ես, որ Աստծո Որդին մարմնով դարձավ Դավթի և Աբրահամի որդի, մի՛ կասկածիր, թե դու՝ Ադամի որդիդ, շնորհով չես դառնա Աստծո որդի, որովհետև իզուր կլիներ Նրա գալուստը, եթե մեծ գործ անելու չլիներ: Մարմնով ծնվեց, որպեսզի դու հոգով ծնվես: Կույսից ծնվեց, որպեսզի դու Ավազանից ծնվես: Այս պատճառով էլ Նրա ծնունդը և՛ նման է մեր [ծննդյանը], և՛ գերազանցում է դրան. կնոջից ծնվելը մեզ է հատուկ, իսկ կույսից և առանց տղամարդու [ծնվելը]՝ մեր բնությունը Ստեղծողին: Ինչպես որ Նա՛ հոգևորապես ծնվեց մարմնավոր ծննդյամբ, այդպես էլ մենք ենք հոգով վերստին ծնվում:
Որպեսզի ավետարանչի՝ «Հիսուս» անունը տալու պատճառով [Աստծո Որդուն] չշփոթես Նրա անվանակցի՝ [Հեսուի] հետ 1, ավելացնում է «Դավթի որդու» [բառերը], որովհետև Նավեի որդի Հեսուն Հուդայի ցեղից չէր, որից Դավիթն ու Քրիստոսն էին, այլ մի ուրիշ ցեղից:
Ինչո՞ւ է [ավետարանիչն] ասում. «Հիսուս Քրիստոսի ծննդյան գիրքը», եթե պատրաստվում է նրանում ամե՛ն ինչ պատմել: Ինչպես Մովսեսը «երկնքի և երկրի արարչության գիրք» (Ծննդ. 2։4) ասելով՝ ոչ միայն երկինքն ու երկիրը նկատի ունի, այլև սրանց մեջ գտնվող ամեն ինչ, այդպես էլ [ավետարանիչը] սրանով նկատի չունի [Քրիստոսի] միայն ծնունդը, այլ Նրա ամբո՛ղջ տնօրենությունը:
Եվ ինչո՞ւ է նախ հիշատակում Դավթին և հետո՛ Աբրահամին: Որովհետև [այդ ժամանակ Դավիթը] բոլորի բերանում էր և ժամանակի մերձավորությամբ առավել հայտնի էր: Քանզի թեպետ երկուսին էլ տրվեց Աստծո ավետիսը, Աբրահամին թե՝ «Քո Զավակով կօրհնվեն երկրի բոլոր ազգերը» (Ծննդ. 22:18), և Դավթին՝ «Քո որովայնի պտղից կնստեցնեմ քո աթոռին» (Սաղմ. 131:11), սակայն [Աբրահամը]՝ իբրև ավելի վաղնջական [նախնի], մոռացվել էր, իսկ [Դավիթը]՝ իբրև ավելի նոր մեկը, հայտնի էր: Այդպես օրենսգետներն 2 էլ [Քրիստոսի մասին] Հերովդեսին վկայություն տալիս Աբրահամի՛ն չհիշեցին, այլ [ասացին], որ Քրիստոսը պիտի գար Դավթի զավակից և Բեթղեհեմ գյուղից, որից Դավիթն էր 3: Հրեշտակը նույնպես Կույսին ավետեց, թե Տեր Աստված [ծնվելիք Մանկանը] տալու էր Նրա հայր Դավթի աթոռը 4, ինչպես որ մարգարեն [էր ասում], թե Նա «կնստի Դավթի աթոռին» (Ես. 9:7, Երեմ. 29:16): Այլև Նրան չէին կոչում «Աբրահամի որդի», այլ «Դավթի», ինչպես աղաղակում էին կույրերը 5, և ինչպես հարցրեց Տերը փարիսեցիներին. «Ո՞ւմ որդին եք համարում Քրիստոսին», և պատասխանեցին. «Դավթի» 6, քանի որ մարգարեներից էին [այդպես] սովորել, ովքեր ասում էին, թե Դավիթը գալու էր կամ հայտնվելու 7 էր: [Նկատի ունեին] ոչ թե վախճանված [Դավթին], այլ որ նրա սերնդից էր լինելու աշխարհի Փրկիչը:
Բայց որտեղի՞ց է հայտնի, ասում են, թե [Փրկիչը] Դավթի [սերնդից] էր, եթե տղամարդուց չի ծնվել, այլ [միայն] կնոջից, և կույսն էլ ազգահամարի մեջ չի մտնում: Լսիր հենց Աստծուն, Ով ասաց Գաբրիելին. «Գնա այն կույսի մոտ, ով նշանածն է Հովսեփ անունով մարդու՝ Դավթի ցեղից ու տնից» (հմմտ. Ղուկ. 1։26–27): Ուրեմն եթե Հովսեփը Դավթի ցեղից էր, նշանակում է՝ Կույսը ցեղակից էր նրան, որովհետև Օրենքը հրամայում էր ամուսնանալ նույն և ոչ թե մի ուրիշ ցեղի պատկանող կնոջ հետ: Իսկ որ [ավետարանիչը] Կույսին ազգահամարի մեջ չի հիշատակում, այլ միայն Հովսեփին, սրա պատճառով մի՛ երկմտիր, որովհետև [հրեաների] օրենքով կանայք չէին թվարկվում ազգահամարի մեջ, այլ միայն տղամարդիկ: Եվ որպեսզի հենց սկզբից Օրենքի սովորությունը չխախտի, Կույսի նախնիների մասին լռում է և Հովսեփինը հիշատակում: Նաև իսկույն չէր կամենում հրեաներին հայտնել, թե Քրիստոսը կույսից է ծնված, որպեսզի այդ խոսքին չհավատալու պատճառով Կույսին չքարկոծեն մեղքի բարուրանքով նրանք, որոնց չարությանը նաև անցած ժամանակներն էին նպաստում, քանի որ ի սկզբանե ոչ ոք չէր լսել, թե կինը [կարող] է առանց տղամարդու ծնել: Եթե Հովսեփը, ով արդար էր և [աստվածային տնօրենության] խորհրդի սպասավոր, կարիքն ունեցավ հրեշտակի երևման և մարգարեի վկայության, որպեսզի հավատար կուսական ծննդյանը, հրեաներն ինչպե՞ս կարող էին ազատվել չար կասկածներից, երբ [այսպիսի ծննդյան] իրողությունը նոր ու զարմանալի էր, և դրա մասին նույնիսկ չէին լսել երբեք:
[Ավետարանիչը] Դավթից հետո բարձրանում է դեպի օրհնության աղբյուրը՝ Աբրահամը, որովհետև սրանք երկուսն էլ զարմանալի էին հնում՝ մեկը՝ իբրև մարգարե և թագավոր, մյուսը՝ իբրև նահապետների հայր, ում՝ ամուլ Սառայից ավետիսով ծնված զավակը նախանշում էր [Աստծո] Խոսքի ծնունդը սուրբ Կույսից: Այս պատճառով էլ [ավետարանիչն] ասում է, Հիսուս Քրիստոսի՝ Դավթի որդու, Աբրահամի որդու, ծննդյան գիրքը:
Ստեփանոս Սյունեցի (†735)
Գիրք ազգաբանութեան Յիսուս Քրիստոսի՝ Դաւթի որդու, Աբրահամի որդու:
«Գիրք ազգաբանության Հիսուս Քրիստոսի՝ Դավթի որդու»:
Գիրք լինելության են ասում հերձվածողները, նրանք, ովքեր ասում են, թե Քրիստոս՝ Աստծու Որդին, գոյակցությամբ մշտնջենավորակից չէր Հորը, այլ ստեղծված է և սկիզբ է առել Մարիամից: Իսկ մենք այդպես չենք [ասում], այլ գիրք լինելության ենք ասում Լինելությանը, Նրան, Ով մեր փրկության համար մարդ եղավ և ամեն ինչով մեզ նմանվեց, բացի մեղքերից:
Ա. Պ. Լոպուխին (†1904)
Բացատրական Աստվածաշունչ
«Հիսուս Քրիստոսի` Աբրահամի որդի Դավթի որդու ծննդաբանությունը»։ (Սինոդական թարգ․)[1]
Մատթեոսի Ավետարանը սկսվում է Փրկչի ծննդաբանությամբ, որը շարադրված է 1-ից 17-րդ համարներում: Սլավոնական թարգմանության մեջ «ծննդաբանություն» բառի փոխարեն թարգմանվում է «ծննդաբանության գիրք»: Ռուսերեն և սլավոնական թարգմանությունները թեպետ ճիշտ են, սակայն բառացի չեն: Հունարենում թարգմանվում է «vivlos geneseos» («βίβλος γενέσεως») է։ «Vivlos» նշանակում է «գիրք», իսկ «geneseos» (սեռ. հոլովն է, իսկ բառի ուղիղ ձևն է` «genesis» կամ «genezis») բառն անթարգմանելի է ինչպես ռուսերեն թարգմանության մեջ, այնպես էլ մյուս լեզուներում: Ահա թե ինչու այդ բառը որոշ լեզուներում, այդ թվում՝ ռուսերենում, մնացել է առանց թարգմանության («genezis» ձևով)։ Այս « genezis » բառը նշանակում է ոչ այնքան «ծնունդ», որքան «ծագում», «առաջացում» (գերմաներենում` «Entstehung»): Առհասարակ, այս բառը նշանակում է համեմատաբար դանդաղ ընթացք ենթադրող ծնունդ` ավելի շատ բովանդակելով ծննդյան գործընթացի նկարագրությունը, քան թե` բուն ծնվելու գործողությունը, ուստի այս բառի կիրառությունը մատնանշում է «ծագում առնել», «աճել և զարգանալ» ու «լիակատար ձևով այս աշխարհի վրա հայտնվել» իմաստները: Սրանով է բացատրվում նաև եբրայերեն «sefer toledot» («ծնունդների գիրք») արտահայտության (որով Աստվածաշնչում սկսվում են մի շարք ծագումնաբանություններ - Ծննդ. 2:4-4:26, 5:1-32, 6:9-9:29, 10:1, 11:10, 11:27 ) կապը հունարեն «vivlos geneseos» արտահայտության հետ: Եբրայերենում բառը դրված է հոգնակի թվով` «ծնունդների գիրք», իսկ հունարենում՝ եզակի թվով՝ «geneseos», քանի որ այս բառը ենթադրում է ոչ թե միայն մեկ ծնունդ, այլ ծնունդների (սերունդների) մի ամբողջ շարան։ Ահա թե ինչու ծնունդների բազմազանությունը շեշտադրելու համար հունարեն «genesis» բառը գործածվում է եզակի թվով, չնայած որ այն երբեմն հանդիպում է նաև հոգնակիակերտ կիրառությամբ…
Առաջին համարում ի՞նչ իմաստով են կիրառվում «Հիսուս Քրիստոսի» բառերը: Անշուշտ, այս բառերով մատնանշվում է նշանավոր այն պատմական Անձի (18-րդ համարում նույնպես «Քրիստոս» բառը կիրառվում է առանց հոդի) հատուկ անունը, Ում կյանքն ու գործունեությունն էլ հենց ավետարանիչը մտադրված էր ներկայացնել իր ընթերցողներին։ Սակայն արդյո՞ք բավական չէր լինի այս պատմական Անձին պարզապես «Հիսուս» կոչելը։ Ոչ, քանի որ դա իր մեջ անորոշություն կպարունակեր: Ավետարանիչը ցանկանում է ներկայացնել Հիսուսի ծննդաբանությունը (այլ բառով` «ծագումնաբանությունը»), Որը թե՛ հրեաների, և թե՛ հեթանոսների համար արդեն իսկ բացայհայտվել էր որպես «Քրիստոս», և Որին ինքը` ավետարանիչն էլ ընդունում է ոչ թե պարզպես մի անձնավորություն, այլ որպես «Քրիստոս, Օծված, Մեսիա»։ «Հիսուս»-ը եբրայերեն բառ է, որն առաջացել է «Յեշուա» բառից, որ նշանակում է «Աստված Փրկիչն է»: Միևնույն պարագան է նաև 18-րդ համարում: Այդ անունը սովորական կիրառություն ուներ հրեաների մեջ։ Իսկ ահա «Քրիստոս» բառը, եբրայերենում` «Մեսիա», նշանակում է «օծյալ» կամ «օծված»։ Հին Կտակարանում այս անունը ևս հասարակ գոյականի նշանակություն ուներ: Այդպես էին կոչվում հրեա թագավորները, քահանաներն ու մարգարեները, որոնք օծվում էին սրբազան ձեթով կամ յուղով։ Արդեն Նոր Կտակարանում այս անունը վերածվում է հատուկ անվան (ինչի մասին է վկայում գրեթե միշտ հունարենում հոդի կիրառությունը), սակայն դա միանգամից տեղի չի ունենում։ Երանելի Թեոփիլակտոսի մեկնության համաձայն՝ Տերը կոչվում է «Քրիստոս», որովհետև նա որպես Թագավոր թագավորեց և թագավորում է մեղքի վրա, որպես քահանա Նա մեզ համար զոհաբերություն մատուցեց, և, վերջապես, Նա, որպես Տեր, օծվեց ճշմարիտ յուղով՝ Սուրբ Հոգով:
Պատմական նշանավոր Անձին «Քրիստոս» անվանելով՝ ավետարանիչն ասես պարտավորություն էր ստանձնում ապացուցելու, որ Նա ծագում էր թե՛ Դավթից, և թե՛ Աբրահամից: Ճշմարիտ Քրիստոսը կամ Մեսիան պետք է սերեր հրեաներից (այսինքն` պետք է լիներ Աբրահամի սերնդից), և հրեաների համար բոլորովին անհավանական կհամարվեր, եթե Մեսիան չծագեր Դավթից ու Աբրահամից: Ավետարանական մի շարք հատվածներից պարզ է դառնում, որ հրեաները ոչ միայն «ակնկալում» էին Քրիստոս-Մեսիայի ծագումը Դավթի սերնդից, այլ նաև` Նրա Ծննդյանը «սպասում» էին հենց այն քաղաքում, որտեղ ծնվել էր Դավիթը (պատմական այդպիսի ակնարկի ենք հանդիպում, օրինակ, Մատթ. 2:6-րդ համարում): Հրեաները որպես Մեսիայի չէին ճանաչի մի անձնավորության, որը չէր սերում Դավթից ու Աբրահամից: Այս նախահայրերին էին խոստումներ տրվել Մեսիայի վերաբերյալ: Իսկ Մատթեոս ավետարանիչն էլ իր Ավետարանն առաջին հերթին գրել էր, անկասկած, հենց հրեաների´ համար:
Հրեայի համար ավելի հաճելի բան չէր կարող լինել, քան այն, որ նրան ասեին, թե Հիսուս Քրիստոս Աբրահամի և Դավթի սերնդից է» (Սուրբ Հովհան Ոսկեբերան): Մարգարեներն իրենք էլ Քրիստոսի մասին մարգարեացել են որպես Դավթի որդու, ինչպես օրինակ հանդիպում ենք Եսայու (9:7, 55:3), Երեմիայի (23:5), Եզեկիելի (34:23, 37:25), Ամոսի (9:11) և այլ մարգարեություններում: Ահա թե ինչու, խոսելով Քրիստոսի կամ Մեսիայի մասին, ավետարանիչն անմիջապես հավելում է, որ Նա Դավթի Որդին և Աբրահամի Որդին էր (և այդ տեղիներում «Որդի» բառն օգտագործվում է նրանց սերնդից ծագելու իմաստով), ինչը բավականին մեծ ընդունելություն ուներ հրեաների մեջ:
«Դավթի Որդու, Աբրահամի Որդու» - այս խոսքերում (ի դեպ` թե՛ հունարեն Ավետարանում, թե՛ ռուսերեն թարգմանության մեջ) որոշակի երկիմաստություն է առկա։ Այս խոսքերը կարելի է հասկանալ հետևյալ կերպ. «Հիսուս Քրիստոսի…, Որը Դավթի Որդին (սերնդից) էր, որն էլ (այսինքն` Դավիթը) իր հերթին Աբրահամի սերնդից էր»: Սակայն հնարավոր է նաև հասկանալ այսպես. «Հիսուս Քրիստոսի` Դավթի Որդու և Աբրահամի Որդու…»։ Երկու տեսակի մեկնություններն էլ, իհարկե, ամենևին չեն փոփոխում խնդրի բուն էությունը։ Եթե Դավիթը Աբրահամի որդին (սերունդն) էր, ապա, անշուշտ, Քրիստոս նույնպես, որպես Դավթի Որդի, նաև Աբրահամի սերունդն էր։ Սակայն առաջին մեկնությունն ավելի շատ է համապատասխանում հունարեն տեքստին։
Մաղաքիա արք. Օրմանյան (†1918)
1-17․ Գիրք ազգաբանութեան Յիսուս Քրիստոսի՝ Դաւթի որդու, Աբրահամի որդու: Աբրահամը ծնեց Իսահակին. Իսահակը՝ Յակոբին. Յակոբը ծնեց Յուդային եւ նրա եղբայրներին. Յուդան ծնեց Փարեսին եւ Զարային՝ Թամարից. Փարեսը ծնեց Եզրոնին. Եզրոնը ծնեց Արամին. Արամը ծնեց Ամինադաբին. Ամինադաբը ծնեց Նաասոնին. Նաասոնը ծնեց Սաղմոնին. Սաղմոնը ծնեց Բոոսին՝ Ռաքաբից. Բոոսը ծնեց Օբէդին՝ Հռութից. Օբէդը ծնեց Յեսսէին. Յեսսէն ծնեց Դաւիթ արքային: Դաւիթը ծնեց Սողոմոնին՝ Ուրիայի կնոջից. Սողոմոնը՝ Րոբովամին. Րոբովամը ծնեց Աբիային. Աբիան ծնեց Ասափին. Ասափը ծնեց Յոսափատին. Յոսափատը ծնեց Յորամին. Յորամը ծնեց Օզիային. Օզիան ծնեց Յովաթամին. Յովաթամը ծնեց Աքազին. Աքազը ծնեց Եզեկիային. Եզեկիան ծնեց Մանասէին. Մանասէն ծնեց Ամոսին. Ամոսը ծնեց Յոսիային. Յոսիան ծնեց Յեքոնիային եւ նրա եղբայրներին՝ Բաբելոնում գերութեան ժամանակ Բաբելոնում գերութիւնից յետոյ Յեքոնիան ծնեց Սաղաթիէլին. Սաղաթիէլը ծնեց Զորոբաբէլին. Զորոբաբէլը ծնեց Աբիուդին. Աբիուդը ծնեց Եղիակիմին. Եղիակիմը ծնեց Ազորին. Ազորը ծնեց Սադոկին. Սադոկը ծնեց Աքինին. Աքինը ծնեց Եղիուդին. Եղիուդը ծնեց Եղիազարին. Եղիազարը ծնեց Մատթանին. Մատթանը ծնեց Յակոբին. Յակոբը ծնեց Յովսէփին՝ Մարիամի մարդուն, որի նշանածն էր կոյս Մարիամը, որից ծնուեց Յիսուս, որ անուանուեց Քրիստոս: Արդ, Աբրահամից մինչեւ Դաւիթը բոլոր սերունդները՝ տասնչորս սերունդ. եւ Դաւթից մինչեւ Բաբելոնի մէջ գերութիւնը՝ տասնչորս սերունդ. Բաբելոնի մէջ գերութիւնից մինչեւ Քրիստոս՝ տասնչորս սերունդ:
Հիսուս Քրիստոսի աստվածային ծագման բացատրություններից հետո, սկսում են Նրա մարդկային ծագման բացատրությունները: Մատթեոսը, դեռևս Հիսուսի պատմությունը չմատուցած, ներկայացնում է Նրա ազգաբանությունը, որպեսզի հաստատի, թե Աբրահամի զավակից և Դավթի ցեղից եկող Մեսիան Նա´ է, և այս պատճառով Աբրահամից մինչև Հիսուս ծնունդների մի շարք է առաջ բերում, որտեղ հորից որդուն անցնելով՝ հասնում է մինչև Հիսուս Քրիստոս:
Ազգաբանության մի ցուցակ ունի նաև Ղուկասը՝ տարբեր ձևով կազմված, որովհետև Հիսուսից սկսելով դեպի ետ է գնում և որդուց հորը անցնելով հասնում է մինչև Աբրահամ, իսկ այդտեղից էլ գնում է մինչև Ադամ՝ նպատակ ունենալով ցույց տալ, թե Հիսուս Քրիստոս ճշմարիտ մարդ է՝ Ադամի սերունդից:
Որքան էլ մենք նպատակ ունենք հետևել լոկ պատմական և ոչ թե քննադատական ոճին, սակայն կարևոր ենք համարում երկու ազգաբանությունների բաղդատելը, որովհետև այն ըստ էության մի պատմական բովանդակություն է, ամբողջացնողն է Հիսուսի պատմության: Արդ՝ թեպետև Մատթեոսն ու Ղուկասը հակառակ ուղղությամբ են քայլում՝ մեկը դեպի վերև, մյուսը դեպի ներքև, մենք Ղուկասի ցանկն էլ Մատթեոսի նման կվերածենք դեպի ներքև և նախապես երկու ցուցակները դեմ դիմաց շարելուց հետո կտանք անհրաժեշտ բացատրությունները տարբերությունների վերաբերյալ:
Երկու ազգաբանությունների պարզ ցուցակն իսկ ցույց է տալիս նրանց տարբերությունները, ինչը որ բազում դիտողությունների տեղիք է տվել: Մենք բավարարվում ենք հիշել գլխավորները և ամենահավանական լուծումներն առաջադրել:
Ղուկասն Ադամից վեր տալիս է նաև Աստծու անունը. «որ Ադամայն, որ Աստուծոյն», անշուշտ, առաջին մարդու աստվածաստեղծ լինելը ցույց տալու համար, որովհետև հնարավոր իսկ չէ կարծել, թե Ադամն այն կերպով է Աստծու որդին, ինչպես որ Սեթն է Ադամի որդին կամ Ենովսը Սեթի և մյուսները նույն կերպով: Ղուկասն ազգաբանական ցուցակ ունի նաև Աբրահամից մինչև Ադամ, որը չկա Մատթեոսի մոտ, և հետևաբար, համեմատելու կարիք չկա:
Աբրահամից մինչև Դավիթ երկու ցուցակներն էլ նման են իրար: Միայն մեր սովորական օրինակներում Ղուկասի ազգաբանությունը Եզրոմի և Արամի միջև երկու անուն ավելի ունի «որ Ադմեայ, որ Առնեայն», որոնք հունական և լատինական բոլոր օրինակներում էլ չկան և հատուկ են մնում միայն մեր թարգմանությանը:
Սակայն մեկնիչները ենթադրում են, որ Քարեսից մինչև Նաասովն 430 տարվա ժամանակահատվածի համար միայն երեք միջանկյալ ծնունդ՝ Եզրոմ, Արամ, Ամինադաբ, շատ քիչ է, և մյուս երկու անունները ավանդությունից վերցված լինելով են դրված ու ոմանց կողմից զեղչվել են Ծննդոց գրքում չհիշվելու պատճառով:
Դավթից մինչև վերջ երկու ազգաբանությունները բոլորովին տարբեր են, որովհետև Մատթեոսը վերցնում է Դավթի Սողոմոն զավակի ճյուղը, իսկ Ղուկասը՝ Նաթան զավակի, որը նույնպես Բերսաբեից է ծնվել Ա Մնաց. 5։5:
Քանի որ տարբեր ճյուղերի անուններ են, հաշտեցնելու կարիք չի մնում, սակայն փնտրվում է այն պատճառը, թե ինչո՞ւ են դիմել տարբեր ճյուղերի: Սովորական դարձած մեկնություն է, թե Մատթեոսը Սողոմոնով է հասնում Հովսեփին, իսկ Ղուկասը Նաթանով իջնում է դեպի Մարիամ: Այս տեսակետը պաշտպանողների կարծիքով, «Որոց որպէս կարծէր որդի Յովսեփայ» խոսքը միջանկյալ և փակագծված է, իբրև թե Ղուկասը նուրբ կերպով ուզում է Հովսեփին դուրս թողնել: Արդեն որ Յակոբայն անունն էլ հույն և լատին օրինակների մեջ չկա և առաջին անունը լինում է որ Հեղեայն: Արդ՝ Հեղի և Եղիակիմ և Հովակիմ անունները միևնույնն են, ինչպես որ Հուդիթի գրքում նույն Եղիակիմ քահանան կոչվում է նաև Հովակիմ Հուդիթ 15։5,9 ըստ լատին Զրինակի:
Մեկ ուրիշ մեկնություն, որ ավելի ևս ընդհանրացել է հների մեջ ևս հաստատված է հին ավանդությամբ, ասում է, որ Մատթեոսի ազգաբանության համաձայն, Սողոմոնից սերած Մատթանը Հակոբ անունով զավակ ունեցավ Եսթա կնոջից, իսկ Մատթանի մահից հետո Եսթան ամուսնացավ Նաթանից սերած Մատաթի հետ, որից ծնվեց Հեղի անունով զավակը և Հակոբն ու Հեղին եղան համամայր եղբայրներ: Հեղին ամուսնանալով անզավակ մեռավ և իր համամայր Հակոբ եղբայրը, ըստ Մովսիսական օրենքի, պարտավորվեց վերցնել նրա կնոջը և իր մեռած Հեղի եղբորը զավակ ու ժառանգ պարգևել Բ Օր. 25։5: Այդ զավակը եղավ Հովսեփը՝ բնական զավակը Հակոբի և օրինական զավակը Հեղիի, բնական ճյուղով Սողոմոնից և օրինական ճյուղով Նաթանից, բայց երկու կերպով էլ Դավթից և Աբրահամից սերված:
Իսկ Հովսեփի՝ Դավթի ցեղից լինելն արդյո՞ք բավարար է Քրիստոսի՝ Դավթի ցեղից լինելը հաստատել, քանի որ Քրիստոս կույս մոր զավակ է և ոչ Հովսեփից: Այս խնդրի պատասխանը այն է, թե Քրիստոս օրինական տեսակետով Հովսեփի զավակ ընդունվեց, որովհետև Հովսեփը Մարիամ օրինավոր ամուսինն էր և հայրության փաստը օրինավոր ամուսնությունն է, և կուսական ծննդյան հրաշքը չէր կարող խանգարել կենցաղային և օրինական ձևակերպություններին: Մյուս կողմից Մարիամը Հովակիմի միամոր աղջիկ զավակն էր և Մովսիսական օրենքով անհրաժեշտ էր, որ նույնիսկ իր հոր ցեղից և տնից մեկի հետ ամուսնանար, որպեսզի ժառանգությունը ցեղից ցեղ չփոխանցվեր Թիվք. 36։8: Իսկ Հովակիմն ու Հովսեփը պետք էր, որ նույն ցեղից ու տնից լինեին, որպեսզի Հովակիմի միամոր աղջիկը կարողանար Հովսեփին կնության տրվել, որով և Հովակիմի՝ Դավթի ցեղից լինելն է հաստատվում:
Երկու ազգաբանությունների մեջ միայն Սաղաթիելի և Զորաբաբելի անուններն են, որ նույն հերթականությամբ և գրեթե մոտավոր ժամանակով համաձայնվում են իրար հետ: Արդյո՞ք դրանք միևնույն ծանոթ և Բաբելոնից վերադարձող Զորաբաբելն ու իր հայրն են, թե նույն անուններով տարբեր անձնավորություններ: Կարևոր չենք համարում երկար հետազոտել, որովհետև երկու անունները բավարար փաստ չեն ընծայում տարբեր ճյուղերով կազմված և հազար տարվա ազգաբանության լուծումը տալու համար:
Ուշադրության ավելի արժանի է ազգաբանության մեջ մտնող անունների թիվը: Մատթեոսը դիտել է տալիս, թե Աբրահամից Հիսուս երեք տասնչորսներ են կազմված՝ Աբրահամից Դավիթ, Դավթից Հեքոնիա և Հեքոնիայից՝ Հիսուս: Իրոք որ Աբրահամն ու Դավիթը մեջը լինելով առաջին տասնչորսը ճշտվում է: Երկրորդը, սկսելով Սողոմոնից, հասնում է մինչև Հեքոնիա, սակայն Հովրամից Ոզիա երեք անուն զանց է առնված: Մատթեոսը գրում է, թե «Յովրամ ծնաւ զՈզիա», սակայն Սուրբ Գրքի սողոմոնյան ճյուղագրության մեջ, Հովրամի որդին Ոքոզիան է Դ Թագագ. 8։24, Ոքոզիայի որդին՝ Հովասը Դ Թագ. 11։2, Հովասի որդին՝ Ամասիան Դ Թագ. 14։1, Ամասիայի որդին՝ Ոզիան Բ Մնաց. 26։1: Այսպիսի հայտնի փաստի վերաբերյալ մոռացություն կամ անգիտություն և ոչ էլ ընդօրինակության զանցառություն չի ենթադրվում, քանի որ տասնչորսի հաշիվը կա: Հավանակագույն է կարծել, թե Մատթեոսի կողմից զանց են արված, որովհետև նախանձահույզ հրեաների մեջ սովորություն էր զանց առնել այդ երք անունները, ովքեր Աքաաբի և Հեզաբելի դստրերից էին սերվել և պիղծ էին նկատվում:
Երկրորդ և երրորդ տասնչորսերի մեջ Հեքոնիա անունը երկու անգամ է նշված, որով մեկը կամ մյուսը տասներեք է մնում, սակայն խնդիրը լուծվում է ընդունելով, որ երկու Հեքոնիաներ են եղել: Առաջինը Հովսիայի որդի Հեքոնիա կամ Եղիակիմ, և երկրորդը սույն Եղիակիմի որդի Հեքոնիա կամ Հովակիմ, ովքեր հաջորդեցին իրար Երեմ. 22։8 ու երկրորդը՝ Բաբելոն տարվեց Երեմ. 28։4, և Սաղաթիելը վերջինիս զավակն է Բ Մնաց. 26։1: Ըստ այսմ Հեքոնիաներից մեկին առաջին տասնչորսի մեջ դնելով և մյուսին՝ երկրորդ, թիվը ամբողջանում է:
Վերջին տասնչորս համար 538 տարվա հատվածը կա և թերևս տասնչորս ծնունդները քիչ են թվում, սակայն ուրիշ կողմից տրված անուններն անհնար է համեմատել: Ամեն առիթով տասնչորս թիվը խորհրդավոր կերպով վերցված է որպես կրկնակի յոթ, իսկ յոթ թիվը միշտ խորհրդավոր է եղել ամեն տեղ և ամեն ժամանակ: Ղուկասի ազգաբանությունն էլ յոթանասունյոթ անուն է պարունակում, որ նշանակում է տասնմեկ յոթնյակ, և այս էլ խորհրդավոր կերպով բաշխված՝ երեք յոթնյակ Ադամից մինչև Աբևահամ, երկու յոթնյակ՝ Աբրահամից մինչև Դավիթ, երեք յոթնյակ՝ Դավթից մինչև Զորաբաբել, և երեք յոթնյակ էլ Զորաբաբելից մինչև Հիսուս՝ թեպետ Ղուկասը Մատթեոսի նման չի ցանկացել ուշադրություն հրավիրել: Այսքանը բավարար է Հիսուսի ազգաբանության մասին, որ, ինչպես տեսանք, բավական խնդիրների առիթ է տվել Ավետարանների համաձայնության մեջ և մենք չէինք կարող բոլորովին լռությամբ անցնել:
--------------------------------
[1](Էջմիածին թարգ․) Գիրք ազգաբանութեան Յիսուս Քրիստոսի՝ Դաւթի որդու, Աբրահամի որդու:
(Արարատ թարգ․) Աբրահամի որդի Դավթի որդի Հիսուս Քրիստոսի ծննդաբանությունը։
(Գրաբար) Գիրք ծննդեան Յիսուսի Քրիստոսի որդւոյ Դաւթի որդւոյ Աբրահամու:
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: