Ա․ Լոպուխին
«Յոթանասուն յոթնյակ է վճռված քո ժողովրդի և քո սուրբ քաղաքի համար, որպեսզի հանցանքը ծածկվի, մեղքերը կնքվեն և անօրինությունները ջնջվեն, ու որպեսզի հավիտենական արդարություն բերվի և տեսիլքն ու մարգարեն կնքվեն և սրբերի Սուրբն օծվի»։ (Սինոդական թարգ․)[24]
Հայտնությունը սկսվում է այն ժամանակահատվածի տևողության որոշմամբ, որի ընթացքում պետք է տեղի ունենան հաջորդիվ հայտարարված իրադարձությունները: Այն հավասարեցվում է յոթանասուն յոթնյակի («շաբուիմ»): Շաբուան բառացիորեն նշանակում է «յոթնապատիկ ժամանակ», «յոթնյակ», այսինքն՝ ժամանակ, որը բաղկացած է յոթ մասից՝ անկախ նրանից, թե որոնք են այդ մասերը: Կախված այս տերմինի այդպիսի անորոշությունից՝ յոթնյակի տևողությունը և, հետևաբար, ամբողջ ժամանակահատվածի սահմանումը միօրինակ չեն: Նախկինում էլ Սուրբ Գրքի որոշ հատվածներում (Ծննդ. 29։27, 28, Ղևտ. 12։5, Թվեր. 28։26, Բ Օր․ 16։9, 10, 16) և հենց Դանիել մարգարեի մոտ (10։2−3) «շաբուա» արտահայտությունը ևս օգտագործվել է շաբաթվա իմաստով: Բայց այս տեղում (9։24−26) սա այսպիսի իմաստով հասկանալ հնարավոր չէ, առաջին հերթին այն պատճառով, որ արատներին առնչվող յոթանասուն յոթնյակների իրադարձությունները չեն կարող կատարվել 490 օրյա տևողություն ունեցող կարճ ժամանակահատվածում:
Երկրորդ։ Դանիելը 10−րդ գլխում յոթնյակի մասին խոսում է շաբաթի իմաստով և դրանց պարզապես «յոթնյակներ» չի անվանում, այլ «յոթնյակ օրեր»: Նա դա նույն կերպ կարտահայտեր նաև 9−րդ գլխում, եթե այստեղ էլ յոթնյակի ներքո նկատի ունենար շաբաթը: Անհնար է յոթնյակի տևողությունը ամսի մեջ սահմանափակել, քանի որ արևելքում ամիսները հաշվարկման շատ անկայուն միավորներ էին․ որոշներն ավելի կարճ էին, մյուսները՝ ավելի երկար: Բացի այդ, 490 ամիս (մոտ 41 տարի) տևողություն ունեցող ժամանակահատվածը կարճ է, որպեսզի դրա ընթացքում տեղի ունենան այնպիսի իրադարձություններ, ինչպիսիք են քաղաքի և տաճարի կառուցումը, դրանց ավերումը և այլն: Շաբաթը յոթ տարվա իմաստով հասկանալն ավելի բնական է: Այս տեսակետին են նաև հին քրիստոնյա մեկնիչներ Կղեմես Ալեքսանդրացին, Հիպոլիտոս Հռոմեացին, Տերտուղիանոսը, Կյուրեղ Երուսաղեմցին, Հովհան Ոսկեբերանը, հրեա գիտնականներ՝ Սաադիա Գաոն, Ռաշին, Իբն Եզրան, միջնադարի և նորագույն շրջանի էկզեգեթների մեծ մասը:
Յոթնյակի նման հաշվարկը չի հակասում Սուրբ Գրքին: Յոթնյակը, յոթ տարվա իմաստով, յոթներորդ հոբելյանական տարին է (Ղևտ. 25։2−4, 26։34, 35,43), որն ուղղակիորեն կոչվում էր «Յոթներորդ տարի» (Ղևտ. 25։8): Եթե յոթնյակը հավասար է յոթ տարվա, ապա յոթանասուն յոթնյակը լինում է 490 տարի: Հաջորդիվ հայտնությունն ասում է, որ դրանք սահմանված են (բառացիորեն եբրայերեն «նեհգակ»–ից՝ կտրված, հատված) ձեր ժողովրդի և ձեր սուրբ քաղաքի համար, այսինքն՝ դրանց ընթացքում տեղի ունենալիք իրադարձություններն անմիջական առնչությունն են ունենալու հրեա ժողովրդի հետ: Ժամանակահատվածի տևողությունը հստակեցնելու հետևանքով պարզվում է նաև դրա նպատակը․ նկարագրվում են այն օրհնությունները, որոնք այն բերելու է իր հետ:
Հաջորդիվ յոթանասուն յոթնյակները սահմանված են այն բանի համար, որպեսզի «մեղքերը կնքվեն»: Կնքման պատկերն օգտագործվում է Սուրբ Գրքում, նախ՝ հայտնի անձի գործունեության ազատության դադարեցումը (Հոբ․ 37։7) և հայտնի առարկայի օգտագործման ազատության սահմանափակումն արտահայտելու համար (Դան. 12։4, 9, Հոբ. 9։7, Մատթ. 27։66):
Բացի այդ, նույն պատկերը ցույց է տալիս օբյեկտի յուրացումը, այն որպես սեփականը ճանաչելը (Հովհ․ 6։27, Եփես. 1։13, Բ Կորնթ. 1։22): Բայց այս դեպքում սա չի կարող նման իմաստ ունենալ. դա հակասում է նախորդ՝ «ավարտվեն անօրենությունները» արտահայտությանը: «Կնքում»−ը գործունեության ազատության դադարեցման իմաստով հասկանալն ավելի բնական է: Մեղքերը կնքելը նշանակում է վերջ տալ մարդկանց վրա դրանց (ունեցած) իշխանությանը, զսպել դրանց զորությունը: Քրիստոսի գալուստով ոչնչացվեց նախնական մեղքը, և դրանով իսկ զսպվեցին մարդու մեղավոր հակումները (Ա Հովհ․ 3։9, Հռոմ. 6։1): Մեղքերը կնքվել, թուլացել են, բայց չեն ոչնչացվել, ինչպես սկզբնական մեղքը, քանի որ մարդուն տրվել է միայն շնորհ, որն էլ նրան օգնում է պայքարելու իր մեջ ապրող և գործող մեղավոր հակումների դեմ: Սինոդալ ընթերցման հաջորդ՝ «ջնջվեն անիրավությունները» արտահայտությունը եբրայերեն «Lecapper Avon»−ի թարգմանությունն է։ «Lecapper»−ը ծագում է «kafar» բառից, որը նշանակում է ծածկել, իսկ մեղքերի առնչությամբ` դրանք զոհաբերության միջոցով մաքրել, քավել: «Avon»−ը նշանակում է «անիրավություն», «մեղավորություն», ապա նաև «մեղքերի համար մեղավորություն»: Ըստ այդմ, «lecapper avon»−ը նշանակում է մեղքը քավել: Ըստ եկեղեցու հայրերի և ուսուցիչների՝ այս արտահայտությունը հենց քավության ակտի՝ Քրիստոսի զոհաբերության մասին է, որի արդյունքը եղան նախնական մեղքի ոչնչացումը և մարդու անհատական մեղավոր հակումների զսպումը:
Բացասական կողմով յոթանասուն յոթնյակների ժամանակահատվածը բնութագրվում է սկզբնական մեղքի ոչնչացմամբ և մեղավոր հակումների զորության թուլացմամբ, իսկ դրական կողմով` «հավիտենական ճշմարտության գալստյամբ»: Դատելով համատեքստից ՝ «հավիտենական ճշմարտությունը» պետք է փոխի մարդկանց մեղավոր վիճակը: Ըստ այդմ, դրա ներքո ակնարկվում են «արդարացված» մարդու վիճակը, շնորհի մեջ գտնվելու վիճակը, մեղքից զերծ՝ Աստծո օրենքների և պատվիրանների համաձայն կյանքը, որը պահանջում է Աստծո արդարությունը (Ա Պետ. 2։24, Հռոմ. 5։1, 9, 18−21, 6։18−20): Այսպիսին է Նոր կտակարանի «δικαιοσυνη»−«ճշմարտության» իմաստը, նույնպիսին է նաև Հին Կտակարանի «ցեդեկ»−ի իմաստը, որը կիրառվել է մեսիական ժամանակաշրջանի համար (Սաղմ. 84։11−12, 14, Ես. 53։11, Երեմ. 23։6 և այլն): Ճշմարտությունը կոչվում է «հավիտենական»՝ ըստ իր Սկիզբ և Աղբյուր Աստծու հավիտենականության, ինչպես նաև այն պատճառով, որ երկրի վրա էլ է այն հավիտենական մնալու: «Հավիտենական ճշմարտության» հաստատումն ուղեկցվելու է տեսիլքների և մարգարեության վրա կնիքի դրմամբ. «Տեսիլքն ու մարգարեն կնքվեցին», այսինքն՝ Հին Կտակարանի մարգարեական շնորհի, Հին Կտակարանի մարգարեական կանխատեսումների և տեսիլքների հետագա շարունակության դադարեցումը, որի թեմաներն էին երկրի վրա չարիքի ոչնչացումը և ճշմարտության հաստատումը:
Հին Կտակարանի հայտնության կրողները և ավետաբերները (այսինքն՝ մարգարեները) օծյալներ էին: Բայց մարգարեությունների ավարտմամբ դադարում է նաև դրանք հռչակողների օծումը. այն կփոխարինվի «Սրբություն սրբոցի» օծմամբ. «և Սրբություն սրբոցն օծվեց»: Հայրաբանական ժամանակաշրջանի մեկնիչների մեծ մասը «Սրբություն սրբոցի» ներքո նկատի ունի Մեսիային, իսկ օծման ներքո՝ կա՛մ Նրա Աստվածությունը (Եվսեբիոս Կեսարացի, Աթանաս Մեծ), կա՛մ Նրա մարդկության օծումը Սուրբ Հոգով (Կղեմես Ալեքսանդրացի, Երանելի Թեոդորիտ և Ամոննոս):
Քննարկվող արտահայտությունը Մեսիային են առնչում նաև հրեա մեկնաբանները՝ Իբն Եզրան և Աբարբանելը: Ժամանակակից հեղինակները նման ըմբռնման հետ համաձայնելը հնարավոր չեն համարում, քանի որ այն անհամատեղելի է եբրայերեն «kodesh kodashim» («Սրբություն Սրբոց») արտահայտության իմաստի հետ: Սուրբ Գրքում այս անունով գրեթե բացառապես կոչվում են առարկաները, բայց ոչ անձերը: Ամենից առաջ այսպես էր կոչվում խորանի և տաճարի առանձնացված մասը, որտեղ Ուխտի տապանակն էր (Ելք․ 26։33, 34, Գ Թագ․ 6։16, 7։50, 8։6, Ա Մնաց. 6։49 և այլն), ապա՝ ողջակեզի (Ելք. 29։37, 40։10) և խնկարկության (Ելք. 30։10) զոհասեղանը, հետո՝ խորանի բոլոր անոթներն ու պարագաները (Ելք․ 30։28, 29), դրանում մատուցվող բոլոր զոհերը (Ղևտ. 2։3, 10, 6։17, 25, 29, 7։1, 6): Եզեկիել մարգարեի մոտ «կոդեշ կոդաշիմ» անունով կոչվում է սրբավայրը (Եզեկ. 45․3) և լեռան գագաթին՝ նոր տաճարի շուրջը գտնվող ամբողջ տարածությունը (Եզեկ. 43։12): Միակ տեղին, որտեղ, ըստ երևույթին, «կոդեշ կոդոշիմ»−ն օգտագործվում է անձանց վերաբերյալ, Ա Մնաց․ 23։13 համարն է. «Ահարոնը առանձնացվեց, որպեսզի օծվի Սրբություն Սրբոցին ծառայելու համար»: Բայց Յոթանասնիցն այլ կերպ է ընթերցում այս հատվածը. «Օծվի Սրբություն Սրբոցը»: Իսկ էկզեգետիկ գրականության մեջ հունական ընթերցմանն ավելի նախապատվություն է տրվում, քան եբրայերենին:
Հաշվի առնելով «կոդեշ կոդաշիմ» եզրույթի այսպիսի իմաստը՝ նորագույն շրջանի մեկնաբանները քննարկվող արտահայտությունն առնչում են Հիսուս Քրիստոսի հիմնադրած Եկեղեցուն։ Ի դեպ, որպես դրա ապացույց նրանք վկայակոչում են այն, որ տաճարի պատկերը միշտ օգտագործվում է Եկեղեցու գաղափարը արտահայտելու համար և երբեք չի մատնանշում Մեսիայի անձը (Սաղմ. 14։1, 22։6, 62։3 և այլն)։ Բայց քանի որ Եկեղեցին՝ Քրիստոսի մարմինը (Հռոմ. 12։5, Ա Կորնթ. 6։15, 12։12, 13, 27, Եփես. 4։4, 5։30), անբաժան է Իր Գլխից՝ Հիսուս Քրիստոսից, ուստի ավելի բնական է «կոդեշ կոդիշիմ» արտահայտությունն առնչել ինչպես Քրիստոսին, այնպես էլ Նրա Եկեղեցուն (Ա. Ռոժդեստվենսկի): Սրբություն Սրբոցի օծումը Աստծո Հոգու հաղորդումն է՝ Աստվածայինի հետ հաղորդակցությունը (Ա Թագ. 10։1−6, 16։13, 14, Գործք․ 10։38, Ա Հովհ․ 2։20, Բ Կորնթ. 1։21, 22)։ Եկեղեցու ղեկավար Քրիստոսը Աստծու այս օծումը կրեց Իր մարմնավորման մեջ և մկրտության միջոցով կրկնակի օծում ստացավ: Որպես Գլխի՝ Նրա միջոցով Եկեղեցին հաղորդակից է դառնում աստվածայինին, իսկ դրա առանձին անդամները օծվում են խորհուրդների մեջ:
--------------------------------
[24](Էջմիածին թարգ․) Մէկ եօթանասունեօթնեակ է սահմանուած քո ժողովրդի եւ սուրբ քաղաքի վրայ, որպէսզի վերջ գտնեն մեղքերը, աւարտուեն անօրէնութիւնները, ջնջուեն անիրաւութիւնները, ներուեն ամբարշտութիւնները, եւ գայ յաւիտենական արդարութիւնը, որպէսզի իրականանայ տեսիլքն ու մարգարէութիւնը, օծուի Սրբութիւն սրբոցը,
(Արարատ թարգ․ 9։24) Յոթանասուն յոթնյակ է վճռված քո ժողովրդի և քո սուրբ քաղաքի համար՝ հանցանքը ավարտելու և մեղքերը վերացնելու, անօրենությունը քավելու և հավիտենական արդարություն բերելու և տեսիլքն ու մարգարեությունը կնքելու և Ամենասուրբն օծելու։
(Գրաբար) Եւթանասուն եւթներորդք համառօտեցան ի վերայ ժողովրդեան քոյ, և ի վերայ քաղաքին սրբոյ. ի վախճանել մեղաց, և ի կնքել անօրէնութեանց, և ի ջնջել անիրաւութեանց, և ի քաւել ամպարշտութեանց, և ի գա՛լ յաւիտենական արդարութեանն. և ի կնքել տեսլեան և մարգարէի. և յօծանել սրբութեան սրբութեանցն։
Պատմամշակութային մեկնություն
Յոթանասուն յոթնյակ: Յոթնամյա ժամանակահատվածը կազմում է «Յոթնյակների» ցիկլը (այս մասին ընթերցի՛ր, օրինակ, Ղևտ. 26։34, 35, Բ Մնաց. 36։21 համարների մեկնաբանությունները): Յոթն անգամ յոթ տարիները կազմում էին «հոբելյանական» ցիկլը, որի ավարտին ստրուկներն ազատվում էին, իսկ հողը վերադարձվում էր իր նախկին տիրոջը (Ղևտ, գլուխ 25): Յոթանասուն յոթնյակների ցիկլը հավասար է տասը հոբելյանական ցիկլի: Այստեղ խոսվում է առաջին հոբելյանական ցիկլի (25−րդ համարի յոթ յոթնյակները) և վերջին յոթնամյա ցիկլի (յոթանասուներորդ յոթնյակ) մասին: Միանգամայն ակնհայտ է, որ այս թվերը աստվածաբանական իմաստ ունեն, ինչն էլ դրանց հաղորդում է խորհրդանշական բնույթ։ Միջագետքում «յոթ» և «յոթանասուն» թվերը ժամանակի որոշակի ամբողջական չափում էին նշանակում: «Յոթնյակ» հասկացությունը օգտագործվում է նաև Ենոքի գրքում (այսպես կոչված՝ «Յոթնյակի ապոկալիպսիսի» մեջ), իսկ Քումրանի ձեռագրերում հիշատակվում է նաև յոթանասուն յոթնյակների ժամանակահատվածը: Ժամանակի խորհրդանշական մեկնաբանությունը կոչվում է «ժամանակաբանություն», որը պետք է տարբերել «ժամանակագրությունից»:
Կնքված տեսիլք և մարգարեություն: Այս մասին ընթերցի՛ր նաև 12։4 համարի մեկնաբանությունը: Կնիքը հավաստում է փաստաթղթի իսկությունը: Երեմիայի մարգարեության և Դանիելի տեսիլքի հավաստիությանը կարելի է համոզվել միայն դրանցում նշված ժամկետների ավարտից հետո:
Սրբություն սրբոցի օծումը: Ելք գրքի 29−րդ գլխի նվիրագործման արարողության նկարագրությունը, որը ներառում է սրբություն սրբոցի օծումը և նվիրագործումը (ընթերցի՛ր նաև 36−37 համարները), բավականին հստակ բացատրում է այս հայտարարության իմաստը: Սուրբ վայրը պղծելուց հետո այն պետք է մաքրվի: Ասորական արձանագրությունները նույնպես խոսում են տաճարի օծման մասին, որը պետք է վերականգնի ապագա իշխանը:
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: