Բացատրական աստվածաշունչ, Ա. Պ. Լոպուխինի (†1904)
13-15. «Սակայն այդ մարդիկ սկսեցին ամբողջ ուժով թիավարել, որ հասնեն ցամաք, բայց չկարողացան, որովհետև ծովը շարունակում էր փոթորկվել նրանց դեմ»: [13] «Այնժամ նրանք աղաղակեցին Տիրոջը և ասացին. «Աղաչո՛ւմ ենք Քեզ, Տե՛ր, թույլ մի՛ տուր, որ կորչենք այս մարդու հոգու համար, և անմեղ արյուն մի՛ դիր մեզ վրա, որովհետև Դո՛ւ, Տե՛ր, արեցիր, ինչպես կամեցար»»: «Եվ վերցրին Հովնանին ու ծովը գցեցին, և ծովը հանդարտվեց իր մոլեգնությունից»։ (Սինոդական թարգ․)
Նավաստիներն անմիջապես չկատարեցին Հովնանի կողմից իր համար կայացված վճիռը: Սկզբում նրանք փորձեցին օգտագործել բոլոր միջոցները, որպեսզի փրկեն մարգարեին` նրան ափ հասցնելով: Երբ դա չհաջողվեց, այնժամ նախքան մարգարեին ծովը գցելը, նրանք սրտագին աղոթեցին Տեր Աստծուն, որպեսզի Նա չմեղադրի իրենց «անմեղ արյան» համար: Այստեղ ուշադրություն է գրավում նավի վրա գտնվողների՝ Հովնանի հանդեպ ունեցած կարեկցանքն ու խոր կրոնասիրությունը: Ոմանք ասում են, որ այս հատվածում, ինչպես նաև նինվեացիների վերաբերյալ հետագա խոսքում (Հովն. 3:5−9), հեթանոսներն իդեալականացված են:
Այն, ինչ պատմվում է նրանց մասին, ինքնին անհավանական է թվում, և դժվար է հավատալ, որ դա կարող էր գրել Հովնան մարգարեն կամ նրա ժամանակակիցներից որևէ մեկը, քանի որ քաջ հայտնի էր հեթանոսների հանդեպ նրանց բացասական մոտեցումը: Այսպիսով, փոքր հիմքի վրա կառուցվում է մի մեծ եզրակացություն՝ գրքի ոչ վավերական լինելու, դրա ուշ շրջանի ծագման և բովանդակության՝ ոչ թե պատմական, այլ առասպելական բնույթի մասին։ Իրապես, ի՞նչ անհավանական բան կա նրանում, որ նավի վրա գտնվող հեթանոսները զգացմունքներով օժտված մարդիկ էին և ունակ էին իրենց կարեկցանքը հայտնել մի մարդու, ով նրանց փրկության համար պատրաստ էր միայնակ տառապել: Ի՞նչ անհավանական բան կա այն փաստի մեջ, որ ծովի վրա վտանգավոր ճանապարհորդությունը նրանց աղոթել էր սովորեցրել:
Սակայն նշում են, որ նրանք ոչ միայն իրենց աստվածներին էին աղոթում, այլ նաև Տեր Աստծուն` հրեաների Աստծուն (տե՛ս 14−րդ համար): Եվ իրապես, Աստծու անունների գործածության մեջ Հովնանի գրքի հեղինակը բավականաչափ ճշգրտություն է ցուցաբերում. երբ խոսքը առհասարակ Աստծու` իբրև Ամենակարող Արարչի ու Տիրակալի մասին է, ապա հեղինակը գործածում է «Աստված» անունը ( Հովն. 1:5, 6, 3:5, 8, 10, 4:7, 8, 9), իսկ երբ խոսքը վերաբերում է Աստծուն՝ Հովնան մարգարեի հետ հարաբերության մեջ՝ որպես հրեա ժողովրդի Աստծու, Նա «Տեր» է կոչվում (Հովն. 1:1, 3, 4, 9 , 2:1, 3, 3:1, 3, 4:4, 6, 10): Այդ պատճառով 14−րդ համարը, որտեղ գործածված է «Տեր» անունը, պետք է հասկանալ այնպես, որ նավի վրա գտնվող մարդիկ աղոթում էին հրեաների ու Հովնանի Աստծուն, քանի որ աղաչում էին իրենց չմեղադրել Հովնանի՝ Տեր Աստծու մարգարեի մահվան համար, և տարօրինակ կլիներ, որ նրանք այդ մասին աղաչեին իրենց աստվածներին: Եվ եթե ուսումնասիրվող հատվածում չկա իդեալիզմ, այլ միայն հեթանոսների մասին ճշմարտություն, ապա այդպիսի ճշմարտությունը, բնականաբար, կարող էր գրի առնվել Հովնանի կողմից, քանի որ նա չէր վախենում խոսել այդ մասին անգամ մահվան սպառնալիքի ներքո (տե՛ս 12−րդ համար):
--------------------------------
[13](Էջմիածին թարգ․) Մարդիկ ջանում էին նաւը ցամաք վերադարձնել եւ չէին կարողանում, քանի որ ծովն աւելի ու աւելի էր ալեկոծւում ու սաստկանում նրանց դէմ:
(Արարատ թարգ․) ՏիրոջԱյնուամենայնիվ, այդ մարդիկ թիավարեցին, որ ետ հասնեն ցամաքին, բայց չկարողացան, որովհետև ծովը գնալով ալեկոծվում էր նրանց դեմ։
(Գրաբար) Եւ ջանային արքն դարձուցանել զնաւն ի ցամաք՝ եւ ոչ կարէին. զի ծովն եւս քան զեւս խռովէր եւ սաստկանայր ի վերայ նոցա։
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: