Մեկնություն Ավետարան ըստ Մատթեոսի 12:1

Հովհաննես Ծործորեցի

Յիսուս, շաբաթ օրով, անցաւ արտերի միջով. նրա աշակերտները քաղցած էին եւ սկսեցին հասկ պոկել եւ ուտել:

   

   Այդ ժամանակ Հիսուսը շաբաթ օրը գնաց նրանց արտերի միջով, և Նրա աշակերտները քաղցեցին և սկսեցին հասկ պոկել ու ուտել:

   Ղուկասն ասում է՝ «առաջինի երկրորդ շաբաթ [օրը]» (Ղուկ. 6։1), որովհետև [հրեաները] երկու տեսակ հանգիստ ունեին, երբ բուն շաբաթի մեջ էին մտնում. և ամբողջ տարին էր, ըստ Օրենքի, շաբաթ 628, և օրը՝ շաբաթ: Կամ էլ [այստեղ խոսվում է Զատկի] տոնի և [դրա] շաբաթ [օրվա] մասին: Եվ կամ՝ [Հիսուսը] եկավ առաջին շաբաթից հետո, որը Պասեքն էր, երկրորդ շաբաթ [օրը], որը մենք այժմ Նոր կիրակի ենք անվանում 629:

   Բայց ինչո՞ւ էր [առաքյալներին] արտերի միջով անցկացնում: Որովհետև կամենում էր խափանել շաբաթվա [օրենքը], բայց ո՛չ առանց պատճառի, որպեսզի և օրենքը դադարեցներ, և [հրեաներին] չզայրացներ: Եվ ինչպես որ մի ուրիշ տեղ, երբ Ինքն էր [շաբաթը] խախտում, Հորն էր իբրև պատճառ ցույց տալիս թե՝ «Հայրս մինչև այժմ գործում է, Ես էլ եմ գործում» (Հովհ. 5։17), որովհետև վայել չէր արարածներից՝ հրեշտակներից կամ մարդկանցից ապացույց բերել, այստեղ էլ [պատճառ] է դնում աշակերտների քաղցը և Դավթի [օրինակը] բերում 630՝ մարդկանց համար մարդ վկա կանգնեցնելով, որպեսզի մեղադրանքից ազատի նրանց:

   «Եվ սկսեցին,- ասում է,- հասկ պոկել ու ուտել»:

   Սրանով ցույց է տալիս, որ աշակերտները հրաժարվել էին կենցաղային բոլոր զբաղմունքներից և շարունակ սովամահ լինելով՝ Ուսուցչից չէին հեռանում, որովհետև սովից սաստիկ պարտադրված էր, որ մտածեցին այդպես [վարվել]: Տես նաև այն, թե որքան տեղյակ ու հնազանդ էին Օրենքին, որն ասում էր. «Երբ մեկի արտը մտնես, մանգաղ մի՛ գցիր բերքին, այլ [ձեռքով] հա՛սկ պոկիր» (հմմտ. Բ Օր. 23։25):

   Իսկ այլաբանորեն՝ քանի որ «շաբաթ»-ը «հանգիստ» է նշանակում, ինչպես որ սրանից առաջ [Տերն] ասաց. «Եկեք, հոգնածներ, և Ես ձեզ կհանգստացնեմ» (հմմտ. Մատթ. 11։28), ապա այժմ նույնը տնօրինում է [աշակերտների]՝ արտերի միջով անցնելու միջոցով, որոնք խորհրդանշում են փրկված հոգիներին՝ ըստ այսմ. «Բարձրացրե՛ք ձեր աչքերն ու տեսե՛ք արտերը, որ սպիտակացել են և հունձին հասել» (Հովհ. 4։35), և թե՝ «Հունձն առատ է» (Մատթ. 9։37): Եվ նրանց փրկությունը բաղձալով՝ աշակերտները Տիրոջ նման սկսեցին [նրանց] պոկել մեղքերից, հանգստացնել հանցանքներից և իբրև ախորժելի ու հաճելի կերակուր ընծայել սեփական անձերին և իրենց Տիրոջը՝ երիտասարդների ցորենը հավաքելով երկնքի շտեմարաններում:

   

Մաղաքիա արք. Օրմանյան

1-8․ Յիսուս, շաբաթ օրով, անցաւ արտերի միջով. նրա աշակերտները քաղցած էին եւ սկսեցին հասկ պոկել եւ ուտել: Փարիսեցիները երբ այս տեսան, Յիսուսին ասացին. «Ահա քո աշակերտները անում են մի բան, որ շաբաթ օրն անել օրինաւոր չէ»: Եւ նա նրանց ասաց. «Դուք չէ՞ք կարդացել, թէ ինչ արեց Դաւիթը, երբ քաղց զգաց նա եւ նրանք, որ նրա հետ էին: Թէ ինչպէս մտաւ Աստծու տունը եւ կերաւ առաջաւորութեան հացը, որն ուտել օրէնք չէր ո՛չ նրա եւ ո՛չ էլ նրա հետ եղողների համար, այլ միայն՝ քահանաների համար: Կամ թէ Օրէնքում չէ՞ք կարդացել, որ շաբաթ օրերը տաճարում քահանաները պղծում են շաբաթը եւ անմեղ են: Բայց ասում եմ ձեզ, որ այստեղ տաճարից մեծ մէկը կայ: Եւ եթէ իմանայիք, թէ ի՛նչ է՝ ողորմութիւն եմ կամենում եւ ոչ՝ զոհ, ապա դուք անպարտներին չէիք դատապարտի. ուրեմն մարդու Որդին շաբաթ օրուայ տէրն է»:
   
   Զատիկը լրացավ և Հիսուս վերադարձավ Գալիլիա ուղիղ Կափառնայում գալով, որտեղ Իր մշտական բնակարանն էր գտնվում: Շաբաթ օր էր, որը Ղուկասը ճշտում է ասելով. «Ի շաբաթու յերկրորդում առաջնոյն»: Սրա վերաբերյալ թեպետ զանազան մեկնություններ կան, սակայն Ղուկասի բացատրությունը բավականին հստակ է, որը խոսում է Զատկի ութօրեքին հաջորդող առաջին շաբաթից հետո հանդիպող երկրորդ շաբաթի մասին: Տոմարական հաշիվների շփոթության պատճառով Զատկի որ օրը լինելը ճշտելը դժվար է, բայց ամեն դեպքում Շաբաթ օրը պետք է դնել Զատկի ութօրեքից երկու յոթնյակ հետո`Հիսուսի Երուսաղեմից Գալիլիա հասնելուց սկսյալ:
   Հիսուս և Իր աշակերտները անցնում էին քաղաքին մոտիկ արտերի միջով, հավանաբար պտույտի համար, որովհետև Շաբաթ օրով ճամփորդության դուրս գալը ենթադրելի չէ: Աշակերտները քաղց զգացին և անցնելու ժամանակ ճանապարհի եզերքին գտնվող և արդեն հասունացած արտերից մի քանի հասկեր պոկեցին, ձեռքերի մեջ շփեցին, հատիկնրը ափերի մեջ լցրեցին և սկսեցին ուտել: Այնտեղ էին գտնվում Հիսուսի հետևից շրջող և Նրան մեղադրելու պատճառներ փնտրող փարիսեցիներից մի քանիսը և մոտենալով դիտողություն արեցին. «Օրվա Շաբաթ լինելը չգիտե՞ք, ինչու՞ եք հանգստի օրերը խախտում և կերակուր պատրաստելու աշխատանք կատարում»: Այնուհետև, դառնալով Հիսուսին` ավելացնում են. «Աշակերտներիդ արածը չե՞ս տեսնում, ինչպե՞ս ես ներում, որ Քո աչքի առջև Շաբաթի օրենքը ոտնակոխ են անում»:
   Հիսուս փութաց պաշտպանել Իր աշակերտների արարքը: Անշուշտ, աշակերտները գործում էին Հիսուսի խրատներից և հրահանգներից քաջալերված, ինչը որ հստակ երևում է նաև Հիսուսի նրանց պաշտպանելու ջանքից: Իսկ պաշտպանելու փաստը ո’չ թե Շաբաթի օրենքը հերքելուց է և ո’չ էլ կատարվածի աննշան բան լինելուց, այլ ուղղակի օրենքի ոգու մեջ թափանցելով նրա գործադրության պայմաններն է բացատրում: Հիսուսի խոսքերի միջից ավետարանիչների կողմից իբրև եզրակացություն բերված նախադասությունը «ապա ուրեմն Տերն է Որդի Մարդոյ եւ Շաբաթու» նույն հիմնական փաստի մասին է վկայում: Շաբաթ օրվա հանգստի օրենքը դրվեց որպես մարդու կարիքները լրացնելու մի դադար և ոչ թե մարդուն զրկելու և նրան վնասելու համար: Շաբաթը պետք է ծառայի մարդու օգտին և ոչ թե մարդը` Շաբաթի «Շաբաթ վասն մարդոյ եղեւ, եւ ոչ եթէ մարդ վասն Շաբաթու»: Հետևաբար, երբ այսպիսի մի դեպք հանդիպի, որի ժամանակ Շաբաթը մարդուն պիտի վնաս պատճառի, ուրեմն Շաբաթը պետք է տեղի տա մարդու օգտին և ոչ թե մարդը վնասվի Շաբաթի պատճառով: Այս սկզբունքը Հիսուսի տեսությամբ ընդհանրացած է և պատշաճում է բոլոր դրական օրենքներին, որոնք այսպիսի արգելքներ և զրկումներ են թելադրում:
   Այս հաստատելու համար Հիսուսը առաջ է քաշում մեկ այլ օրենք և դրա արդարացված բացառությունը: Օրենք էր, որ խորանում կամ տաճարում Առաջավորաց կոչված սեղանի վրա տասներկու հացեր կամ պաներ շարունակ պիտի մնային, որպես նվեր Աստծուն, որոնք յուրաքանչյուր Շաբաթ օր թարմ հացերով պիտի փոխարինվեին, իսկ վերցվածները պետք է ուտեին միայն Ահարոնյան քահանայության տնից եղողները` առանց խորանից կամ տաճարից դուրս հանելու (Ղրտ. 24։5-9): Արդ` Սուրբ Գիրքը պատմում է, թե երբ Դավիթը փախչում էր Սավուղից, իր մարդկանցից բաժանված մի քանի ընկերներով եկավ Նոմբա, որտեղ էին խորանն ու տապանակը և շատ քաղցած լինելով հաց խնդրեց Աբիմելեք քահանայապետից: Սա պատրաստ հասարակ հաց չուներ, այլ միայն Առաջավորաց սեղանից նոր վերցված հացերը: Աբիմելեքը չկարողանալով հանդուրժել, որ Դավիթն ու յուրայինները սովից նեղվեն ու վնասվեն, նաև ապահովություն ստանալով, որ օրենքի պղծություն էլ չունեն` առանց նայելու, որ Դավիթն ու իր մարդիկ Ահարոնի քահանայական տնից չեն Առաջավորաց հացից տվեց նրանց (Ա Թագ. 21։1-6): Օրենքի բացառությունը օրինավոր համարվեց, քանզի Սուրբ Գիրքը ևս նրան չի մեղադրել: Դրական մի օրենք էր, որ հարկավորության առջև տեղի էր տալիս: Նույն օրինավորությամբ էլ այս դեպքում աշակերտների քաղցը և քաղցի վնասները, հասկ քաղելը, շփելը և ցորենահատիկներն ուտելը բացարձակապես արդարացվում էր, հակառակ Շաբաթի օրենքին:
   Թե ինչ էր պատահել, որ աշակերտներն այդպիսի անօթության էին մատնվել, Ավետարանը չի բացատրում: Թերևս նոր հասած լինելով կամ թե քարոզության աշխատանքով տարված Ուրբաթ օրվանից կերակուր չէին պատրաստել: Ամեն դեպքում փարիսեցիները չկարողացան Հիսուսի խոսքերին ընդդիմանալ և ոչ էլ ասել, թե անշուշտ, պիտի սնվեին առավոտյան պտույտի դուրս գալուց առաջ:
   Այստեղ դժվարություն է առաջանում Մարկոսի Ավետարանում հիշատակված «Առ Աբիաթարու քահանայապետիւ» անունը Մարկ. 2։26, որը չեն հիշում Մատթեոսն ու Ղուկասը, իսկ Սուրբ Գիրքը հայտնապես տալիս է Աբիմելեքի անունը, որ Դավթին օգնելու համար Սավուղի հրամանով սպանվեց Ա Թագ. 22։16: Իսկ Աբիաթարը Աբիմելեքի որդին էր, որ իր հոր և նրա զավակների սպանությունից ազատվելով Դավթի մոտ ապաստանեց և իր հոր տեղը գրավեց Ա Թագ. 22։20: Ավետարանից և ամբողջ Սուրբ Գրքից որոշակի փաստ չենք գտնում այս դժվարությունը լուծելու համար: Ամենայն հավանականությամբ Մարկոսն էլ, Մատթեոսի և Ղուկասի նման, ոչ մի անուն չի հիշել և այն պատահաբար ներմուծվել է հետագայում: Կամ թե Աբիմելեք անունը ընդօրինակությունների սխալով փոխվել է Աբիաթարի, մանավանդ որ, նման փոփոխության ուրիշ տեղ էլ ենք հանդիպում, որտեղ փոխանակ ասելու «Աբիաթար որդի Աբիմելեքայ, գրված է Աբիմելեք որդի Աբիաթարայ» Բ Թագ. 8։17: Այլ մեկնություններ էլ կան, ըստ որոնց երկուսն էլ զույգ անուն են ունեցել, կամ Աբիաթարը իր հոր կենդանության օրոք նրան պաշտոնակից է եղել, բայց սրանք բոլորն էլ ենթադրությունից այն կողմ չեն անցնում:
   Հիսուս Շաբաթի հանգստի բացառությունը արդարացնելու մեկ ուրշ փաստ էլ է բերում Մատթ. 12։5-7: Ասում է. «Չե՞ք կարդացել, որ քահանաները Շաբաթ օրերը տաճարում աշխատանքներ են կատարում, հանգիստը խախտում, բայց հանցավոր չեն դիտվում»: Եվ իրոք էլ Մովսեսի օրենքով նույնիսկ Շաբաթ օրով տաճարում զոհեր էին մատուցվում և քահանաները կենդանիներ մորթելու, ողջակիզելու, նաև նաշիհն ու յուղը շաղելու աշխատանքներ կարող էին կատարել Թիվք. 28։9: Այս պատճառաբանության դեմ փարիսեցիները, անշուշտ պիտի ասեին, թե քահանաները Շաբաթը խախտում են, որովհետև Աստված զոհ ու պատարագ է պահանջում: Հիսուս այս բացատրությանն ընդդեմ մեջ է բերում Ովսեի բերանով ասված Աստուծո խոսքը «Զվողորմութիւն կամիմ և ոչ զզոհ» Ովս. 6։6, որից հետևում էր, որ եթե զոհի և պատարագի համար Շաբաթը լուծվում է, ապա առավել ևս կարող է լուծվել գթության և սիրո համար, որովհետև Աստված սերն ու գթությունը գերադասում է զոհից ու պատարագից: Եթե տաճարի և Աստծու պաշտամունքի մեծության առջև Շաբաթի օրենքը տեղի է տալիս, առավել ևս պիտի զիջի, երբ տաճարից և Աստուծո պաշտամունքից ավելի բարձր և նույնիսկ Աստուծո կողմից գերադասված այնպիսի գործ պատահի ինչպիսին են սիրո և գթության գործը: Հիսուսի այդ պատճառաբանությունը ավելի ընդհանուր կերպով նպատակ ունի Շաբաթի օրենքի ոգին ու եղանակը բացատրել աշակերտների մասնավոր արարքի առիթից օգտվելով, ինչպես ուրիշ առիթներով էլ տեսանք, որ մասնավոր պարագայից օգտվելով ընդհանուր վարդապետություններ է բացատրում: Բայց հասկերի մասնավոր պարագային էլ պատշաճեցնելով, դյուրին է սիրո և գթության հանգամանքը նկատել Հիսուսի ներողամտության մեջ, որ գթալով աշակերտներին ներում էր նրանց Շաբաթ օրով նրանց քաղցը հագեցնելու չափով աշխատանք կատարել: Փարիսեցիները հավասարապես մեղադրում էին աշակերտների օրինազնցություններն ու Հիսուսի թույլտվությունը:
   Ովսեի խոսքից քաղված վկայությունը Հիսուսի համար շատ սովորական մի փաստ է, որ և ուրիշ առիթով էլ նրանից օգտվելու մասին արդեն խոսել ենք (Մատթ. 9։9-17):