Սրբ. Հովհան Ոսկեբերան (†407)
1-4․ «Եվ Հիսուսի մոտ եկան փարիսեցիներն ու սադուկեցիները և Նրան փորձելու համար խնդրում էին, որ իրենց երկնային մի նշան ցույց տա»։ «Իսկ Նա պատասխանեց ու ասաց նրանց. «Երեկոյան ասում եք. «Լավ եղանակ կլինի, որովհետև երկինքը շառագունել է»»։ «Իսկ առավոտյան ասում եք. «Այսօր վատ եղանակ կլինի, որովհետև երկինքը կարմրավուն է»։ Կեղծավորնե՛ր, երկնքի նշանները քննել գիտեք, իսկ ժամանակների նշանները հասկանալ չե՞ք կարողանում»։ «Չար ու շնացող մի սերունդ նշան է փնտրում, սակայն նրան նշան չի տրվի, բացի Հովնան մարգարեի նշանից»։ Եվ թողեց նրանց ու հեռացավ»։
Իսկ Մարկոսն ասում է, որ երբ նրանք եկան Հիսուսի մոտ և հարցնում էին, Տերը «Իր հոգում զայրացավ և ասաց. «Ինչո՞ւ է այս սերունդը նշան ուզում» (Մարկ. 8:12)։ Թեև այսպիսի հարցը պետք է որ բարկություն և վրդովմունք հարուցեր, սակայն մարդասեր և ողորմած Տերը չի բարկանում, այլ խղճում և ցավում է նրանց համար, ինչպես անբուժելի հիվանդների, որոնք Փրկչի զորության վերաբերյալ այդքան վկայություններից հետո էլ դեռ փորձության էին ենթարկում Նրան։ Նրանք հարցնում էին Հիսուսին ոչ թե հավատալու, այլ թակարդում որսալու համար։ Եթե այդ մարդիկ եկած լինեին հավատալու համար, Քրիստոս նրանց նշան կտար։ Նա, Ով նախորդիվ այն կնոջն ասաց ՝ «Լավ չէ․․․» (Մատթ. 15:26), և ապա տվեց նրա խնդրածը, առավել ևս այս «հարցասերների՛ն» կտար։ Բայց քանի որ նրանք նշան չէին խնդրում հավատալու համար, ուստի Փրկիչը մեկ այլ տեղում նրանց «կեղծավորներ» է անվանում, որովհետև նրանք մի բան էին ասում, բայց մեկ այլ բան՝ մտածում։ Եթե հավատային, ապա նշան էլ չէին խնդրի։ Իսկ որ նրանք չէին հավատում, դա երևում է նաև այն իրողությունից, որ հանդիմանությունից և պախարակումից հետո այս մարդիկ այլևս չէին պնդում իրենց խնդրանքը և չէին ասում՝ մենք չգիտենք և ցանկանում ենք սովորել։ Ի՞նչ նշան էին խնդրում երկնքից։ Կանգնեցնե՞լ արեգակը, կամ պահե՞լ լուսինը, կամ կայծա՞կ իջեցնել, կամ օդում փոփոխությո՞ւն առաջացնել, կամ նման մի բա՞ն անել։ Իսկ ի՞նչ է դրան պատասխանում Քրիստոս. «Երկնքի նշանները քննել գիտեք, իսկ ժամանակների նշանները հասկանալ չե՞ք կարողանում»։ Տեսնո՞ւմ եք հեզությունը և ներողամտությունը։ Նա ոչ թե պարզապես մերժում է, ինչպես արել էր նախկինում՝ ասելով. «Նշան չի տրվի նրան» (Մատթ. 12:39), — այլև նշում է նաև պատճառը, որի համար չի տալիս, չնայած որ այդ մարդիկ ուսանելու նպատակով չէին հարցնում։ Ո՞րն է պատճառը։ Ինչպես երկնքում, - ասում է Հիսուս, - մեկ վատ եղանակի նշան է երևում, մեկ՝ պայծառ եղանակի, և ոչ ոք, տեսնելով վատ եղանակի նշանը, չի սպասում լավ եղանակի, իսկ լավ եղանակին՝ վատ եղանակի, այնպես էլ Իմ մասին պետք է դատել։ Այլ է ներկա գալստյան ժամանակը և այլ՝ ապագայի։ Այժմ երկրի վրա նշաններ են հարկավոր, իսկ երկնքի նշանները հետաձգված են ապագա ժամանակի համար։ Այժմ Ես եկել եմ որպես բժիշկ, այն ժամանակ հայտնվելու եմ որպես դատավոր. այժմ եկել եմ մոլորվածին փնտրելու, այն ժամանակ կգամ հաշիվ պահանջելու։ Այդ իսկ պատճառով էլ այժմ եկա գաղտնաբար, բայց գալիք ժամանակում հայտնվելու եմ ամբողջ հանդիսավորությամբ. կստվերեմ երկինքը, կծածկեմ արեգակը, լուսնին կզրկեմ իր լույսից. այն ժամանակ երկնքի զորությունները կսասանվեն, և Իմ գալստյան երևումը կլինի կայծակի նման, որը հանկարծակիորեն հայտնվում է բոլորին։ Բայց հիմա չէ այս նշանների ցուցադրման ժամանակը։ Ես եկել եմ մեռնելու և ամենաանպատվաբեր տառապանքները կրելու։ Չե՞ք լսել, թե մարգարեն ինչ է ասում. «Նա չի աղաղակելու եւ չի վիճելու, ոչ ոք դրսում նրա ձայնը չի լսելու» (Ես. 42:2)։ Եվ մեկ ուրիշ օրինակ՝ «Նա թող իջնի որպես անձրև հնձած խոտի վրա» (Սաղմ. 71:6)։
Եթե մատնանշեք փարավոնի ժամանակ եղած նշանները, ապա այդ նշանները տեղին էին տվյալ ժամանակահատվածում, որովհետև անհրաժեշտ էր ազատվել թշնամուց։ Իսկ ով եկել է բարեկամների մոտ, Նա այդպիսի նշանների ցուցադրության կարիք չունի։ Եվ ինչո՞ւ Ես պետք է մեծ նշաններ գործեմ, երբ նույնիսկ փոքրերի հանդեպ հավատ չկա։ «Փոքր նշաններ» եմ անվանում միայն արտաքնապես, որովհետև [ներքին] զորությամբ վերջինները շատ ավելի մեծ են առաջիններից։ Իրոք, ի՞նչը կարող է հավասարվել մեղքերին թողություն տալուն, մահացածի հարությանը, դևեր հանելուն, մարմնի բժշկությանը, մի խոսքով՝ ամեն ինչի վերականգնմանը։ Իսկ դու նկատի՛ր, թե որքան կարծրացած է հրեաների սիրտը։ Լսելով, որ իրենց նշան չի տրվելու, բացի Հովնան մարգարեի նշանից, նրանք Հիսուսին հարցուփորձ չեն անում, թեև, գիտենալով հիշատակված մարգարեին և տեղյալ լինելով վերջինիս հետ պատահածների մասին, ու Քրիստոսից մեկ անգամ ևս լսելով այդ հիշատակությունը, նրանք պետք է հարցնեին և իմանային, թե ի՛նչ էր նշանակում ասվածը։ Բայց, ինչպես ասացի, նրանք սովորելու ցանկությամբ նշան չէին խնդրում։ Ահա թե ինչու Քրիստոս էլ, թողնելով նրանց, հեռացավ։
Հովհաննես Ծործորեցի (†1338)
Փարիսեցիներն ու սադուկեցիները մօտեցան ու փորձելով՝ նրանից ուզում էին, որ ցոյց տայ իրենց երկնային մի նշան:
Փարիսեցիներն ու սադուկեցիները մոտեցան և փորձելով խնդրում էին Նրան երկնքից նշան ցույց տալ իրենց:
Սրանք թեպետ հակառակ աղանդների էին պատկանում, քանի որ փարիսեցիներն առանձնական էին 1 և հավատում էին հրեշտակներին, հոգուն ու հարությանը, իսկ սադուկեցիները սրանցից ոչ մեկն էլ չէին ընդունում, բայց Տիրոջը փորձելու համար միաբանվեցին, ինչպես որ այժմ էլ հեթանոսներն ու հերձվածողներն են, հակառակ կրոնների հետևելով հանդերձ, միաբանվում՝ ուղղափառներին խաբելու հա-մար՝ ըստ այսմ. «Ժողովվեցին Տիրոջ և Նրա Օծյալի դեմ» (Սաղմ. 2։2): Ուրեմն՝ մոտեցան [Հիսուսին], որ խնդրեն երկնքից նշան ցույց տալ իրենց, որովհետև ինչ որ երկրի վրա էր անում, ինչպես հացի և մյուս [հրաշքները], դրանց չէին հավատում, այլ թվացյալ էին կարծում, ուստի երկնքից [նշան] խնդրեցին՝ ո՛չ հավատալու նպատակով, այլ փորձելու: Նաև երկնքից էին նշան խնդրում, որովհետև Նրա մասին լսում էին, թե Քրիստոսն է, իսկ [Քրիստոսի] գալստյան մասին Դանիելից գիտեին, որ «երկնքի ամպերով Մարդու Որդու պես է գալու» (Դան. 7։13), ուստի այս առաջին գալուստը երկրորդի հետ շփոթելով՝ մոտեցան ու երկրորդի նշանը, երբ երկնքից է գալու, ա՛յժմ խնդրեցին: Իսկ ի՞նչ էր դա. կամ արևի ընթացքը կասեցնել, կամ լուսինը [խավարով] պատել, կամ երկնքից կայծակներ իջեցնել, կամ օդը փոփոխել և կամ այլ այսպիսի բան: Եվ Տերն ի՞նչ [արեց] ի պատասխան:
Ստեփանոս Սյունեցի (†735)
Փարիսեցիներն ու սադուկեցիները մօտեցան ու փորձելով՝ նրանից ուզում էին, որ ցոյց տայ իրենց երկնային մի նշան։
«Փարիսեցիներն ու սադուկեցիները մոտեցան ու փորձելով՝ նրանից ուզում էին, որ ցույց տա իրենց երկնային մի նշան»:
Փարիսեցիներն ու սադուկեցիներն զանազանվում են աղանդով և հակառակ են միմյանց, [սակայն] այժմ Քրիստոսին փորձելու համար միավորվեցին: Բազում անգամ միաբանվեցին նաև հեթանոս իմաստունները, որոնք նախապես բաժանվել էին միմյանցից հակառակության պատճառով: [Սրանք] միաբանվում են նաև ոմանց փորձելու և պարզելու համար: Նույնպես և միմյանց հակառակ զորությունները միաբանվում են՝ «Ընդդեմ Տիրոջ և Նրա Օծյալի» (տես Սղմ. 2։2):
Մաղաքիա արք. Օրմանյան (†1918)
1-4․ Փարիսեցիներն ու սադուկեցիները մօտեցան ու փորձելով՝ նրանից ուզում էին, որ ցոյց տայ իրենց երկնային մի նշան: Իսկ նա պատասխան տուեց եւ ասաց նրանց. «Չար եւ շնացող մի սերունդ նշան է ուզում, եւ սակայն նրան նշան չպիտի տրուի, բացի Յովնան մարգարէի նշանից»: Եւ նրանց թողեց ու գնաց:
Տե՛ս Մեկնություն Ավետարան ըստ Մատթեոսի գլուխ 15:39
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: