Հովհաննես Ծործորեցի
Յիսուս նրանց ասաց. «Իմ բաժակը կը խմէք, եւ այն մկրտութեամբ, որով ես մկրտւում եմ, կը մկրտուէք, բայց նստեցնել իմ աջ եւ ձախ կողմերում՝ ես չէ, որ կը տամ, այլ այդ նրանց համար է, որոնց տրուած է իմ Հօրից»:
Հիսուսն ասաց նրանց. «Իմ բաժակը կխմեք և այն մկրտությամբ, որով Ես մկրտվելու եմ, կմկրտվեք, բայց Իմ աջ ու ձախ կողմերում նստելը Իմ տալիքը չէ, այլ [նրանցն է], ում տրված է Իմ Հորից»:
Կամ ասում է` թեկուզ խմեք ու մկրտվեք, սակայն Ես չեմ տվողը, այլ տրվելու է Իմ Հորից, կամ էլ` մեծ բարիքներ մարգարեացավ նրանց համար, թե` մարտիրոսության եք արժանանալու և նույնը կրելու, ինչ որ Ես, բայց նստեցնողը Ես չեմ, այլ [նստելու են] նրանք, ում տրված է: Ի՞նչ է այն, որ ոչ թե Նա է տալու, այլ Հայրը. այդ դեպքում ինչպե՞ս տվեց Պետրոսին ոչ միայն աթոռի [իշխանություն], այլև բանալիները, և Պողոսն էլ ասում է. «Ինձ սպասում է արդարության պսակը, որը կհատուցի ինձ Տերը» (Բ Տիմ. 4։8), իսկ այս [առաքյալներին] մերժում է: Նախ` Պետրոսը ոչ թե իր անձի, այլ ամենքի համար խնդրեց, ինչը երևում է նրանից, որ ասաց. «Ի՞նչ կլինի մեզ» (Մատթ. 19։27) և ոչ թե` ինձ, և նրա խնդրանքից ոչ ոք չտրտմեց, այլ բոլորն ուրախացան: Քանի որ ընդհանուրի համար էր, [Տերը] չմերժեց այն, իսկ սրանցը, քանի որ միայն իրենց համար խնդրեցին, չտվեց, որովհետև սովորեցրեց աղոթելիս այսպես ասել. «Հայր մե՛ր», և ոչ թե` «Հայր ի՛մ»: Երկրորդ` քանի որ լսեցին. «Գնում ենք Երուսաղեմ, և Մարդու Որդին մատնվելու և խաչվելու է», նրանք թողեցին այն սերը, որ ունեին Նրա հանդեպ` Նրա հետ անարգվելու և մեռնելու աստիճան, և սկսեցին ցույց տալ այն սերը, որն ունեին իրենց անձերի նկատմամբ: Երրորդ` քանի որ անձնապաստան եղան` [ասելով] թե` կարո՛ղ ենք, այդ իսկ պատճառով [Տերը] մերժեց [նրանց խնդրանքը]: Չորրորդ` քանի որ կամեցան ընտրությամբ և առանց գործերի ժառանգել Նրան, Տերը նրանց մերժեց Իրենից, բայց որպեսզի չտրտմեցներ նրանց, ցույց տվեց, թե իշխանություն չունի [նրանց խնդրանքը կատարելու], ինչպես որ [Իր երկրորդ գալստյան] ժամանակի մասին էլ ասում է, որ «ոչ ոք չգիտի, ոչ հրեշտակները և ոչ Որդին, այլ միայն Հայրը» (Մատթ. 24։36): Որովհետև սովորեցրեց, որ Ինքը գնով է գնվում և գործերով ձեռք բերվում, ինչպես ասում է [առաքյալը]. «Ուստի Աստված բարձրացրեց Նրան ու շնորհեց մի անուն, որ վեր է ամեն անունից» (Փիլպ. 2։9): Թեպետ Իմ աշակերտները եղաք, [ասում է Տերը], սակայն դա պատճառ չէ, որ գլխավոր պատիվը վայելեք. թերևս ձեզնից գերազանց [անձինք] գտնվեն, որ առաքինությամբ ընթացան կամ ընթանալու են ու կատարյալ դառնալու, ձեզնից առավել լինելու, և դա նկարված է Հոր մտքում, ուստի [այդ պատիվը] նրանց համար է պատրաստված: Սա ասելով` [Տերը] դեպի դա է հորդորում նաև [առաքյալներին]` նրանց խնդրանքն իբրև պսակ դնելով նրանց առաջ և [ասելով], թե առաքինացողներն են պսակվում դրանով: Հինգերորդ` հայտնում է, որ չկա մեկը, որ այնտեղ նստի, անհպելի է այդ աթոռն ամենքի համար, քանզի Հայրն ու Հոգին են Նրա աջ կողմում, և նրանք, ում [այդ տեղը] տրված է Հորից, Որդին ու Հոգին են, և ոչ թե կան անձինք, որ նստելու են [այդտեղ]: [Տերը] պատասխանն այդպես ձևակերպեց ըստ [Հակոբոսի ու Հովհաննեսի] հարցի ու կարծիքի` իջնելով նրանց մտքի [մակարդակին], որովհետև նրանք չգիտեին այդ բարձրագույն պատվի մասին, այլ միայն նստելն էին խնդրում: Վեսսցերորդ` հասկացվում է նաև այսպես. «Ես չեմ տալիս այլ մեկի, քան նրանց, ում Հայրն է շնորհում», [ասում է Տերը]. բայց այդ ժամանակ չտվեց [Հակոբոսին ու Հովհաննեսին], որպեսզի մյուսները չզայրանային, թեպետ զայրացան, ինչպես ասում է [ավետարանիչը]: Եվ յոթերորդ` այս խնդրանքը միայն նրանցը չէր, այլ այն ամենքինը, որ մինչև աշխարհի վախճան այդ մտքին են հանգելու, ուստի [Տերն] ասում է «Իմ բաժակից կխմեք, այն մկրտությամբ, որով մկրտվելու եմ, կմկրտվեք, սակայն փառք չեմ տալիս», այսինքն` թեկուզ պատահի, որ շատերը մարտիրոսանան, փառք չեն ժառանգի: Այս մասին նաև Պողոսն է գրում թե` «[Եթե] մարմինս մատնեմ կրակով այրման, բայց սեր չունենամ, ոչ մի օգուտ չեմ ունենա» (հմմտ. Ա Կոր. 13։3): Որովհետև ոչ թե սիրուց, այլ մարդկանց փառքի համար են դիմում դրան, ինչպես որ [Տերը] ողորմություն գործողների մասին էր ասում, թե ցուցադրելու համար են անում. «Ճշմարիտ եմ ասում, հենց դա էլ նրանց վարձն է» (Մատթ. 6։2):
Մաղաքիա արք. Օրմանյան
Յիսուս նրանց ասաց. «Իմ բաժակը կը խմէք, եւ այն մկրտութեամբ, որով ես մկրտւում եմ, կը մկրտուէք, բայց նստեցնել իմ աջ եւ ձախ կողմերում՝ ես չէ, որ կը տամ, այլ այդ նրանց համար է, որոնց տրուած է իմ Հօրից»:
Տե՛ս Մեկնություն Ավետարան ըստ Մատթեոսի գլուխ 20:20

Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: