Մեկնություն Ավետարան ըստ Մատթեոսի 20:30

Հովհաննես Ծործորեցի

Եւ ահա երկու կոյրեր նստած էին ճանապարհի եզերքին: Երբ լսեցին, թէ Յիսուս անցնում է, աղաղակեցին ու ասացին. «Ողորմի՛ր մեզ, Յիսո՛ւս, Դաւթի՛ Որդի»:

 

    Եվ ահա երկու կույր էին նստած ճանապարհի մոտ:

    Մարկոսը միայն մեկ [կույր] է նշում. «Տիմեոսի որդի կույր Բարտիմեոսը նստած էր ճանապարհի մոտ» (Մարկ. 10։46): Ինչպես ոմանք ասում են, երկուսն էին, բայց մեկն ընկերոջից ավելի կույր էր, և հենց նա էր աղաղակում, ինչպես և հիշում է Մարկոսը 1062: Իսկ Մատթեոսը երկուսին է նշում, ուստի ոմանք համարում են, որ այլ [դեպք] է սա, և այլ` այն. մի դեպքում [Հիսուսը] բժշկեց Երիքով մտնելիս, մյուսում` [այնտեղից] դուրս գալիս: Սրանք խորհրդանշում են հրեշտակներին ու մարդկանց, Երիքովը` աշխարհը, Երուսաղեմը` երկինքը: Քրիստոսը բժշկեց նրանց. երբ իջավ աշխարհ, լուսավորեց մարդկանց, որ երկուսից են կազմված` հոգուց ու մարմնից, իսկ երբ համբարձվեց, [Իր տնօրենության] խորհրդի գիտությամբ պայծառացրեց հրեշտակներին: Բայց մենք պարզեցինք, որ ասորերենով «Տիմե»ն «կույր» է նշանակում, իսկ «Բարտիմեոսը»` «կույրի որդի», որովհետև «բար»-ը «որդի» է նշանակում: Ուստի այսպես է ինում. «Ճանապարհի մոտ նստած էր մի կույր` կույրի որդի», և Մատթեոսը երկու կույր է ասում, քանի որ այդ կույրը ի ծնե կույրից էր ծնվել: Իսկ ճանապարհի մոտ էր նստել թերևս ողորմության համար, ինչպես որ այսպիսիները սովորություն ունեն քաղաքների դռների մոտ նստել: Նա խորհրդանշում է Ադամին, ով նստեց մահվան դռների մոտ, իր ծնունդներով հանդերձ, որովհետև մարդուց մարդ ծնվեցինք և ախտավորից ախտավոր դարձանք` ըստ առաքյալի. «Ինչպես հողեղենն է, այդպես էլ հողեղեններս» (Ա Կոր. 15։47), և սա է այն ճանապարհը, որով բոլորս ընթանում ենք: Եվ Տերը, մոտենալով դրան, Ադամի և նրա ծնունդների հոգին լուսավորեց` [ազատելով] մեղքից, և մարմինը փրկեց մահվանից: Սա` ըստ Մարկոսի: Իսկ ըստ Մատթեոսի` երկու կույրերը հրեաներն ու հեթանոսներն են, ովքեր չէին տեսնում բնական ու գրավոր օրենքները, այլև հոգով ու մարմնով ախտացել ու հիմարացել էին` շրջելով խավարում իբրև լույսի մեջ` ըստ այսմ. «Խավարը լույս էին կարծում» (հմմտ. Ես. 5։20), և Իմաստունն էլ ասում է. «Անմիտը խավարում է շրջում» (հմմտ. Ժող. 2։14): Ուստի [Մատթեոսն] ասում է. «Նստած էին ճանապարհի մոտ», այսինքն` հաճույքներով հղփացել էին այս կյանքի ընթացքում:

    Երբ լսեցին, որ Հիսուսն է անցնում, աղաղակեցին` ասելով. «Ողորմի՛ր մեզ, Հիսո՛ւս, Որ դի՛ Դավթի»:Պարզ է, որ ամբոխից [լսեցին], ինչպես ասում է Ղուկասը. «Լսեցին ժողովրդի անցնելն ու հարցրին, թե ինչ է դա, և պատմեցին նրանց, որ Հիսուս Նազովրեցին է անցնում: Աղաղակեցին` ասելով. «Ողորմի՛ր մեզ, Հիսո՛ւս, Որդի՛ Դավթի» (հմմտ. Ղուկ. 18։3638): Ուշադրությո՛ւն դարձրու կույրերի խոսքին. նրանք աչք ունեցողներից շատ ավելի լուսավոր էին, որովհետև ոչ առաջնորդ ունեին, ոչ Նրան տեսնել կարող էին, սակայն ջանք թափելով` փորձում էին մոտենալ Նրան, ուստիև մեծաձայն աղաղակեցին. «Ողորմի՛ր մեզ»: Ճիշտ հասկացան, որ Նա Դավթի Որդին է, նրա, ով ողորմեց հեբուսացի կույրերին 1063 : Դա հիշելով` Փրկչի գութն էին շարժում` նույն ողորմությունն Իր հոր նման գործելու նաև իրենց հանդեպ:

    Իսկ այլաբանորեն` լսեցին, որ Հիսուսն է անցնում, կամ հոգիները դժոխքում, կամ հրեաներն ու հեթանոսները: Որտեղի՞ց լսեցին: Պարզ է, որ մարգարեներից լսեցին: [Հոգիները դժոխքում լսեցին] այն խոսքը, որ [ասում է]. «Կրակ է բորբոքվել [Տիրոջ] բարկությունից, կայրի և կիջնի մինչև ներքին դժոխք» (հմմտ. Բ Օր. 32։22), և թե` «Փրկեցիր հոգիս ներքին դժոխքից» (Սաղմ. 85։13): Հրեաները [լսեցին]. «Գավազան կբխի Հեսսեից» (հմմտ. Ես. 11։1), «Դո՛ւ, Բեթղեհեմ, Հուդայի՛ երկիր, բնավ կրտսեր չես Հուդայի իշխանների մեջ» (Մատթ. 2։6, հմմտ. Միք. 2։2), և` «Կնստի Դավթի աթոռին, և նրա արքայությունը կհաջողի» (Ես. 9։7), իսկ հրեշտակն [ասաց]. «Նա կփրկի Իր ժողովրդին նրա մեղքերից» (Մատթ. 1։21): Եվ հեթանոսները [լսեցին]. «Նրան կհուսան հեթանոսները» (Ես. 11։10), «Նա է հեթանոսների հույսը» (Ծննդ. 49։10), «Հեթանոսներին Քեզ ժառանգություն կտամ» (Սաղմ. 2։8), և` «Քեզ տվեցի իբրև ուխտ` ազգի համար և լույս` հեթանոսների» (Ես. 49։6):

    Այս բաները լսեցին մարգարեներից և [հասկացան], որ Հիսուսը (Ում [անունը] «փրկիչ» է թարգմանվում) որպես մարդ անցնում է այս կյանքի միջով` ըստ այսմ. «Երկրում կհայտնվի և մարդկանց հետ կշրջի» (հմմտ. Բարուք 3։38): Արդարների բերանով աղաղակեցին հավասարապես հրեաներն ու հեթանոսները. «Ողորմի՛ր մեզ, Հիսո՛ւս, Որդի՛ Դավթի»: Բարի գործերի դիմաց վարձ չէր, որ խնդրեցին, որովհետև [դրանցից] զուրկ էին, այլ ձրի ողորմություն ու շնորհի պարգև` ըստ այսմ. «Ողորմի՛ր ինձ, Աստված, Քո մեծ ողորմությամբ» (Սաղմ. 50։3), և թե` «Ողորմի՛ր ինձ, Աստված, քանզի մարդը կոխոտեց ինձ» (Սաղմ. 55։2), որովհետև Դավթի որդի Քո լինելն ըստ այն երդման 1064 ուրիշ բան չէ, քան մեզ ողորմություն պարգևելը:
   

Մաղաքիա արք. Օրմանյան

Եւ ահա երկու կոյրեր նստած էին ճանապարհի եզերքին: Երբ լսեցին, թէ Յիսուս անցնում է, աղաղակեցին ու ասացին. «Ողորմի՛ր մեզ, Յիսո՛ւս, Դաւթի՛ Որդի»:
   
Տե՛ս Մեկնություն Ավետարան ըստ Մատթեոսի գլուխ 20:29