Սրբ. Հովհան Ոսկեբերան (†407)
«Եվ, տուն մտնելով, տեսան Մանկանը Մարիամի` Իր մոր հետ, և գետնին ընկնելով՝ երկրպագեցին Նրան։ Եվ, բացելով իրենց գանձերը, Նրան ընծաներ մատուցեցին. ոսկի, կնդրուկ և զմուռս»։
Ղուկասն ինչո՞ւ է ասում, որ Մանուկը դրված էր մսուրի մեջ: Որովհետև Նրան ծնած մայրը` Մարիամը, անմիջապես մսուրի մեջ էր դրել Նրան: Մարդահամարի ենթարկվելու համար հավաքվածների բազմության պատճառով անհնար էր եղել իջևանատուն գտնել, ինչը և մատնանշում է Ղուկասը` ասելով. «Նրան դրեց մսուրի մեջ, որովհետև իջևանում նրանց համար տեղ չկար» (հմմտ. Ղուկ. 2։7)։ Բայց հետո Մարիամը վերցրեց Մանկանը և իր գիրկն առավ Նրան: Այսպիսով, Մարիամը Բեթղեհեմ ժամանելուն պես ծննդաբերել և հանգրվանել էր մսուրում: Այստեղ նույնպես դու կարող ես ականատես լինել աստվածային ողջ տնօրինությանը` վստահանալով, որ այս ամենը տեղի է ունեցել ոչ թե պարզ հանգամանքներում ու որպես մի պատահական երևույթ, այլ կատարվել է աստվածային նախախնամությամբ, և իրականություն է դարձել այն, ինչը կանխասացվել էր մարգարեությամբ։
Սակայն մոգերին ի՞նչը ստիպեց երկրպագել Մանկանը` այն դեպքում, երբ ո´չ Կույսն էր նշանավոր մի կին,
ո´չ նրանց օթևանն էր շքեղ մի տուն և, իսկապես, այդ ամբողջ տեսարանում չկար մի բան, որը կարող էր հիացնել ու գրավել նրանց։ Սակայն, այդուհանդերձ, նրանք ոչ միայն երկրպագում են, այլև բացելով իրենց գանձատուփերը՝ ընծաներ են մատուցում, և այդ ընծաները Հիսուսին նվիրում են ոչ թե որպես մի սովորական մարդու, այլ որպես Աստծո, որովհետև կնդրուկը և զմուռսն Աստծուն մատուցվող պաշտամունքի խորհրդանիշներն էին: Այսպիսով, մոգերին ի՞նչն էր դրդել և ստիպել հեռանալ իրենց տնից և որոշել այսքան երկար մի ճանապարհորդության մեկնել. աստղը և նրանց մտքերի աստվածային լուսավորությունը, որ նրանց հետզհետե առաջնորդում էր դեպի ամենակատարյալ իմացությանը։
Հակառակ դեպքում մոգերը նմանօրինակ պատիվ չէին մատուցի Մանկանը, Որն այդպիսի անմխիթար պայմաններում էր բնակվում: Զգացական առումով այնտեղ ոչ մի մեծախորհուրդ բան չկար. կար միայն մսուր, խրճիթ և մի խեղճուկրակ մայր: Այստեղից իսկ դու կարող ես բացահայտաբար ականատես լինել մոգերի իմաստությանը և կարող ես գիտենալ, որ նրանք Մանակնը մոտենում էին ոչ թե որպես մի պարզ մարդու, այլ որպես Աստծո և Բարերարի։ Ահա թե ինչու մոգերը տեսանելի և արտաքին բնույթ ունեցող որևէ երևույթի պատճառով չգայթակղվեցին, այլ երկրպագեցին և մատուցեցին այնպիսի ընծաներ, որոնք նման չէին հրեական կոպիտ ընծայաբերություններին. մոգերը որպես զոհաբերություն մատուցեցին ոչ թե ոչխարներ ու ցուլեր, այլ, ասես ճշմարիտ քրիստոնյաներ լինելով, Մանկանը նվիրաբերեցին իրենց գիտակցությունը, հնազանդությունն ու սերը։
Սրբ. Ներսես Շնորհալի (†1173)
Եւ երբ այն տունը մտան, տեսան մանկանը իր մօր՝ Մարիամի հետ միասին եւ ընկան ու երկրպագեցին նրան. եւ բանալով իրենց գանձատուփերը՝ նրան նուէրներ մատուցեցին՝ ոսկի, կնդրուկ եւ զմուռս:
Երբ տուն մտան, տեսան Մանկանը՝ Իր մայր Մարիամի հետ: Որտե՞ղ էր նրանց տունը. չէ՞ որ շատերն էին հավաքվել [Բեթղեհեմում] աշխարհագրի համար, և ոչ ոք չէր կարողանում տուն գտնել. ինչպես պատմում է Ղուկասը, «Իջևանատանը նրանց համար տեղ չկար» (Ղուկ. 2:7): Նաև անկարելի է կարծել, թե ծննդյան վայրից տեղափոխվել էին մի ուրիշ տուն, քանի որ մոգերը Մանկանը տեսան մսուրի մեջ 67: [Սրանից] երևում է, որ [ավետարանիչը] քարայրն է «տուն» կոչում, ինչպես որ սովոր են մարդիկ օթևանի հարկը «տուն» կոչել:
Իսկ ինչո՞ւ է Ղուկասն ասում, որ Մանուկը մսուրի մեջ էր դրված, իսկ Մատթեոսը՝ մոր մոտ: Երկուսն էլ ճիշտ են: Որովհետև երբ [Մանուկը] ծնվեց, խանձարուրներով փաթաթվելով՝ մսուրի մեջ դրվեց, իսկ երբ մոգերը մտան ու տեսան Նրան, Մարիամը Նրան իր գիրկն առավ: Այդ պատճառով էլ [ավետարանիչն] ասում է.
Ընկնելով Նրա առաջ՝ երկրպագեցին՝ ո՛չ իբրև սոսկ մարդու, այլ իբրև ճշմարիտ Աստծո, ինչը երևում է [Նրան մատուցված] խորհրդակիր ընծաներից:
Իսկ ի՞նչը [մոգերին] մղեց սա անելու: Նախ՝ աստղի երևումն ու Մանկան գլխավերևում կանգնելը, և ապա՝ այն, որ Աստվածության հուրը ճառագեց Մանկան դեմքից, որպեսզի սա տեսնելով՝ [մոգերը] չգայթակղվեին Նրա գծուծ կերպարանքից:
Եվ բացելով իրենց գանձերը, – ասում է ավետարանիչը, – Նրան մատուցեցին ընծաներ: Ո՛չ արջառ ու ոչխար՝ ըստ հրեական թանձրամտության: Հապա ի՞նչ:
Ոսկի, կնդրուկ և զմուռս: [Սրանով] կանխապես ցույց տվեցին եկեղեցական պաշտամունքը: Ոսկին ընծայեցին իբրև երկրավոր թագավորի, կնդրուկը՝ իբրև Աստծո, իսկ զմուռսը՝ իբրև մեկի, ով պատրաստվում է մեռնել: Նաև քանի որ մարդիկ, դեւերին ոսկյա պատկերների միջոցով երկրպագելով, ինչպես քաղդեացիները, ոսկին օտարացրին Աստծուց, ապա [մոգերը], հեթանոսների կողմից ոսկին երկրպագությամբ հանդերձ Նրան նվիրելով, այդ նյութի պատվականությունը վերադարձրին նրա Արարչին: Եվ կնդրուկով, որն անուշահոտ է, ցույց տվեցին, որ [Քրիստոսից] բխած անուշ հոտով խափանվելու էր մահվան հոտը, որն արձակվեց օձից 68: Իսկ զմուռսով, որը բուժիչ է, հայտնեցին, որ [Քրիստոսը] բժշկելու էր Ադամի վնասվածքը:
Ստեփանոս Սյունեցի (†735)
Եւ երբ այն տունը մտան, տեսան մանկանը իր մօր՝ Մարիամի հետ միասին եւ ընկան ու երկրպագեցին նրան. եւ բանալով իրենց գանձատուփերը՝ նրան նուէրներ մատուցեցին՝ ոսկի, կնդրուկ եւ զմուռս:
«Եվ բանալով իրենց գանձատուփերը՝ Նրան նվերներ մատուցեցին՝ ոսկի, կնդրուկ և զմուռս»:
Ոսկի էին մատուցում՝ իմանալով, որ թագավոր է, կնդրուկ, քանզի Աստված է, զմուռս՝ խորհրդանշելով մահը, որը ընդունելու էր մեր փրկության համար:
Ա. Պ. Լոպուխին (†1904)
«Երբ տեսան այն աստղը, նրանք ուրախացան մեծ ուրախությամբ»։ (Սինոդական թարգ․)[11]
«Եվ, տուն մտնելով, տեսան Մանկանը Մարիամի` Իր մոր հետ, և գետնին ընկնելով՝ երկրպագեցին Նրան։ Եվ, բացելով իրենց գանձերը, Նրան ընծաներ մատուցեցին. ոսկի, կնդրուկ և զմուռս»։
Ավետարանիչը չի նշում, թե մոգերն ինչպես են գտել այն տունը, որտեղ գտնվում էր Մանուկը: Դա, ըստ երևույթին, դժվար է բացատրել` եթե ենթադրենք, որ մոգերի առջևից ընթացող աստղը մի բնական աստղ է եղել: Սակայն այս դժվարությունը վերանում է, երբ հիշում ենք, որ Մանկան մասին խոսակցություններն արդեն իսկ սկսել էին տարածվել Բեթղեհեմում։ Հազիվ թե կարելի է կասկած ունենալ այն հարցում, որ Բեթղեհեմի հովիվների մատուցած երկրպագությունը տեղի է ունեցել ավելի վաղ, քան մոգերի մատուցած երկրպագությունը: Հովիվները պատմում էին այն մասին, թե հրեշտակներն իրենց ինչ էին ասել Մանկան մասին, «և բոլոր լսողները զարմանում էին այն բաների վրա, որ հովիվները ասացին իրենց» (Ղուկ. 2:18):
Շատ հավանական է, որ այդ լսողներն ի սկզբանե փոքրաթիվ են եղել, սակայն դա ամենևին չի քչացնում Մանկան մասին մինչև իսկ հարյուրավոր շուրթերով տարածվող ասեկոսեների հավանականությունը` առնվազն գոնե Բեթղեհեմում: Այս ամենի հավաստիքն առկա է նաև այն հանգամանքում, որ Մայրն ու Մանուկն այժմ գտնվում էին «տան» մեջ, այլ ոչ թե ինչպես նախկինում էր` հյուրանոցում կամ քարանձավում (Հուստինոս Վկա): Ռուսերեն և սլավոնական թարգմանություններում գործածվող «բացելով իրենց գանձերը» տարընթերցումը ճշգրիտ չեն: Ամենայն հավանականությամբ, այստեղ կիրառվող «գանձ» բառը ռուսերենում օգտագործվել է սլավոնական թարգմանության հետ համապատասխանությամբ, ինչպես նաև այն պատճառով, որ հունարեն «ϋησαυρός» բառը որոշ դեպքերում իսկապես էլ նշանակում է «գանձ», ինպես օրինակ՝ Մատթ. 6:19-21-րդ, Ղուկ. 12:33-րդ, Եբր. 11:26-րդ համարներում և այլ տեղիներում: Սակայն որոշ դեպքերում էլ այն նշանակում է պարզապես «թանկարժեք իրերը պահելու մի տեղ», և այստեղ հենց այս վերջին իմաստն է կիրառվում։ Հակառակ դեպքում անհասկանալի կլիներ, թե մոգերն ինչպես կարող էին «բացել» (սա հունարեն «ανοίγω» բառի ճշգրիտ իմաստն է, հմմտ. Մատթ. 17:26) իրենց գանձերը, այսինքն` ոսկին, կնդրուկը և զմուռսը: Այսպիսով, «գանձեր» բառի փոխարեն հարկ է ընդունել «գանձատուփեր» ընթերցումը, և այդժամ իմաստը լիովին հասկանալի կդառնա։
Մոգերը Քրիստոսին բերեցին ոսկի, կնդրուկ և զմուռս` համաձայն արևելյան սովորույթի, ըստ որի` այդ ընծաները մատուցվում էին նրանց պատգամավորությունների և այլոց կողմից` թագավորներին ներկայանալու ժամանակ: Իր որդիներին Եգիպտոս ուղարկելով` Հակոբը նրանց պատվիրում է «այդ մարդուն» (Հովսեփին) նվերներ տանել «մի քիչ կնդրուկ և մի քիչ մեղր, խունկ և խեժ, բևեկն և ընկույզ» (Ծննդ. 43:11):
Իր որդուն՝ Դավթին, Սավուղի մոտ ուղարկելով՝ Հեսսեն վերցրեց «մի արդու հաց, մի տիկ գինի ու մի ուլ և իր որդի Դավթի հետ ուղարկեց Սավուղին» (Ա Թագ. 16։20)։ Հիշյալ օրինակները խիստ բնութագրական են մոգերի ընծայաբերության արևելյան ավանդույթը հասկանալու համար: Նաև պարզ է դառնում, որ նվերները մատուցվել են ըստ դրանք մատուցողների կարողության չափի։ Այս դեպքում մոգերը Քրիստոսին ընծայաբերեցին իրենց երկրի արտադրանքը: Իրենց մատուցած ընծաների առնչությամբ մոգերը հազիվ թե խորհրդանշական որևէ իմաստ էին շաղկապում, սակայն այդ իմաստը հասկանալի դարձավ հետագայում` բարձրաձայնվելով մեկնիչների կողմից, որոնք Քրիստոսին ընծայաբերված ոսկու խորհրդաբանության մեջ տեսան Փրկչի թագավորական արժանիքների նախապատկերումը, կնդրուկի մեջ՝ Քրիստոսին որպես Աստծո պատվելու նշանը, իսկ զմուռսի մեջ Հիսուսի` որպես մարդ մահանալու ցուցումը:
Մաղաքիա արք. Օրմանյան (†1918)
Եւ երբ այն տունը մտան, տեսան մանկանը իր մօր՝ Մարիամի հետ միասին եւ ընկան ու երկրպագեցին նրան. եւ բանալով իրենց գանձատուփերը՝ նրան նուէրներ մատուցեցին՝ ոսկի, կնդրուկ եւ զմուռս։
Տե՛ս Մեկնություն Ավետարան ըստ Մատթեոսի գլուխ 2:1
--------------------------------
[11](Էջմիածին թարգ․) Եւ երբ այն տունը մտան, տեսան մանկանը իր մօր՝ Մարիամի հետ միասին եւ ընկան ու երկրպագեցին նրան. եւ բանալով իրենց գանձատուփերը՝ նրան նուէրներ մատուցեցին՝ ոսկի, կնդրուկ եւ զմուռս:
(Արարատ թարգ․) Երբ տուն մտան, տեսան երեխային իր մոր՝ Մարիամի հետ և գետնին ընկնելով՝ երկրպագեցին նրան։ Եվ բացեցին իրենց գանձերը, նրան ընծաներ մատուցեցին՝ ոսկի, կնդրուկ և զմուռս։
(Գրաբար) Եւ իբրեւ մտին ի տուն, տեսի՛ն զմանուկն հանդերձ Մարեմաւ մա՛րբն իւրով, եւ անկեալ երկի՛ր պագանէին նմա, եւ բացեալ զգանձս իւրեանց՝ մատուցին նմա պատարագս՝ ոսկի՛, եւ կնդրո՛ւկ, եւ զմուռս:

Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: