Ա. Լոպուխին
«Նրա ձիերի շատությունից փոշին պիտի ծածկի քեզ, ձիավորների և անիվների ու մարտակառքերի աղմուկից պիտի սասանվեն քո պարիսպները, երբ որ նա մտնի քո դարպասներով, ինչպես որ մտնում են գրավված քաղաք»։[10] (Սինոդական թարգ․)
Հեծելազորի հարձակումը Տյուրոս կղզու համար չլսված մի բան էր և, հավանաբար, այդ հարձակումը կարող էր տեղի ունենալ ծովային նեղուցի միջոցով՝ պատնեշի կամ կամրջի վրայով: Մինչ այս կամրջակը կառուցվում էր, Տյուրոսը կարող էր երկար ժամանակ լսել ափի վրա գտնվող թշնամու հեծելազորի և մարտակառքերի չարագուշակ աղմուկը (հմմտ․ Երեմ․ 8:16), ինչի հետևանքով քաղաքի պարիսպները ցնցվում էին։ Այնքան շատ հեծելազոր կար, որ քաղաքի վրա փոշու մի ամբողջ շերտ էր դիզվել (հմմտ. Նավում 1։3)։
«Երբ որ նա մտնի քո դարպասներով, ինչպես որ մտնում են գրավված քաղաք» - սլավոներենում՝ «․․․գրավված քաղաք՝ դաշտից»։ Այս համեմատությունը, հատկապես այն տեսքով, որով մեզ փոխանցում է սլավոներեն թարգմանությունը, բացատրվում է Տյուրոսի կղզային տեղադիրքով. թշնամիներն այնտեղ կներխուժեն նույնքան դյուրությամբ, որքան դյուրությամբ որ մայրցամաքային քաղաք են մտնում կործանված պարիսպը հաղթահարելով միջոցով (սլավոներենում՝ «դաշտից»)։ Սա ենթադրում է պատնեշի կամ կամուրջի «օգնությունը»՝ նեղուցն անցնելու համար: Նաբուգոդոնոսորը իր տրամադրության տակ նավատորմ չուներ։ Տյուրոսի մասին հիշատակած հին շրջանի պատմիչները (Բերոսոս, Փիլոստրատոս, Մենանդր) չեն խոսում Նաբուգոդոնոսորի կողմից Տյուրոսը պաշարելու մասին։ Իսկ Եզեկիելի մարգարեության 28։19-րդ համարը, ըստ երևույթին, կարող է վկայել այն մասին, որ Նաբուգոդոնոսորի պաշարումն անհաջողությամբ ավարտվեց, և Տյուրոսը չգրավվեց։ Նկատի ունենալով այս հանգամանքը՝ ոչ միայն նորագույն շրջանի ռացիոնալիստներն (բանապաշտները) են համարում, որ սույն մարգարեությունը չի կատարվել, այլև այդպես են կարծում նաև հնագույն շրջանի մեկնիչները՝ իրենց թույլ տալով նմանօրինակ մի ենթադրություն կատարել՝ սակայն մարգարեին «պաշտպանելով» այն փաստի օգնությամբ, համաձայն որի՝ Աստված չեղյալ է համարել իր ահասարսուռ հրամանը՝ տեսնելով Տյուրոսի ապաշխարության իրողությունը, ինչպես որ մի ժամանակ տեղի էր ունեցել Նինվեի պարագայում (Սկալիգեր): Սակայն Տյուրոսի պաշարման մասին պատմիչների լռությունը չի հերքում դրա հնարավոր լինելիության հանգամանքը. պատմիչներն օգտվել են փյունիկյան աղբյուրներից (Բերոսոս), որոնք, հասկանալի պատճառներով, կարող էին բաց թողնել իրենց պատմության այդ տխրահռչակ էջը: Փյունիկյան աղբյուրներից ելնելով՝ Հովսեփոս Փլաբիոսն (S. Arr 1, 21) ասում է, որ Եզեկիելի ապրած ժամանակաշրջանում Տյուրոսի արքայազներից երկուսը՝ Մերբահը և Էյրոմն ապրում էին Բաբելոնիայում, որտեղից էլ նրանց հրավիրեցին Տյուրոս՝ տեղի գահը զբաղեցնելու համար: Բնականաբար կարող ենք ենթադրել, որ նրանք այնտեղ տարվեցին, ինչպես Հեքոնիան, կամ էլ գուցե՝ որպես պատանդներ։ Սա վկայում է, որ Տյուրոսի պաշարման արդյունքը եղել է, նվազագույն դեպքում, նրա վասալացումը Բաբելոնի կողմից, իսկ վատագույն դեպքում՝ Տյուրոսի ոչնչացումը։ Այն, որ Տյուրոսը չի ավերվել Նաբուգոդոնոսորի կողմից, դա կարելի է ապացուցել Ալեքսանդր Մակեդոնացու և Անտիպատրոսի (315-313) կողմից Տյուրոսը պաշարման ենթարկելու իրողությամբ։ Բայց Եզեկիելն այսպես թե այնպես չի էլ խոսում քաղաքի կործանման մասին, այլ միայն խոսում է Նաբուգոդոնոսորի կողմից Տյուրոսի գրավման մասին (հատկապես 14-րդ համարը)։
--------------------------------
[10](Էջմիածին թարգ․) Նրա հեծեալների բազմութիւնից դրանց փոշին ծածկելու է քեզ. հեծեալների եւ նրանց անիւների ու կառքերի ձայնից դղրդալու են պարիսպներդ, երբ նա ներս մտնի քո դարպասներից, ինչպէս որ մէկը դաշտից քաղաք կը մտնի:
(Արարատ թարգ․) Նրա ձիերի շատությունից քեզ պիտի ծածկի նրանց փոշին, ձիավորների, կառքերի և մարտակառքերի դղրդյունից պիտի սասանվեն քո պարիսպները, երբ որ նա մտնի քո դռներով, ինչպես որ մտնում են գրավված քաղաք։
(Գրաբար) Եւ ‘ի բազմութենէ հեծելոց նորա՝ ծածկեսցէ՛ զքեզ փոշի նոցա. ‘ի ձայնէ հեծելոց՝ և յանուոց կառաց նոցա շարժեսցին պարիսպք քո ‘ի մտանելն նորա ‘ի դրունս քո, որպէս որ մտանիցէ ‘ի դաշտէ ‘ի քաղաք:

Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: